HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի վաղաժամկետ հրաժարականի առեղծվածը, կամ ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը շտապում մտնել Մաքսային միություն

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը 

Նախորդ վերլուծության մեջ հանգամանորեն անդրադարձել էինք այն խնդրին, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի չսպասված հրաժարականը հենց այս շրջանում լրջագույն ֆորս-մաժոր է ստեղծում առաջիկայում Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցում, քանզի սահմանադրական ընթացակարգերի համաձայն ավելի քան 1,5 ամիս, եթե ոչ ավելի կպահանջվի, որպեսզի Հայաստանն ունենա լիազորությունների մեջ մտած (Ազգային ժողովի կողմից հաստատված գործունեության ծրագրով) նոր կառավարություն: 

Մինչդեռ դա ժամանակային առումով հասնում է առնվազն մայիսի երրորդ տասնօրյակ, երբ տեղի ունեցած կլինի կամ տեղի կունենա (դեռեւս օրը հստակ չէ) Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, կամ ինչպես ընդունված է ասել՝ Տրոյկայի (ՌԴ նախագահ Վ.Պուտին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւ + Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգայի նախագահ Վիկտոր Խրիստենկո) նիստը: Այդ նիստի օրակարգից ինքնաբերաբար դուրս է մնում Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջազգային պայմանագրի ստորագրման հարցը, ինչը հետագայում պետք է վավերացվեր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի խորհրդարանների կողմից: Ինչեւէ, Հայաստանում ստեղծված ֆորս-մաժորի հաղթահարման համար կպահանջվի առնվազն մեկուկես կամ երկու ամիս:

Առաջ քաշված վարկածը սխալական կլինի բացառապես հետեւյալ դեպքերում. 1) եթե խաղի կանոններն այլեւս այնպիսին են, որ պայմանագրի մշակման հարցում Հայաստանին որեւէ դեր վերապահված չէ, իսկ Երեւանում կառավարության, այսինքն՝ Եվրասիական հանձնաժողովի հետ օրինակարգ բանակցորդի առակայություն հարկավոր չէ: Սակայն եթե Մոսկվան փորձելու է պահել անդամակցության գործընթացի ձեւական կողմը, այն է՝ հաշվի է առնելու «ճանապարհային քարտեզով» հաստատված միջոցառումների 100 տոկոսով կատարումը (որի պահանջ դրել է Բելառուսը), ինչպես նաեւ՝ Երեւանի հետ պատշաճ բանակցություններ է վարելու պայմանագրի մշակման ուղղութամբ, ինչի համար հարկավոր է սահմանադրականորեն ուժի մեջ մտած լիազորություններով հիմնական կառավարություն, այլ ոչ թե դրա ձեւավորման հաջորդ օրը սեղանին է դնելու իր գրած տեքստը, ապա այդ դեպքում հարկադրված է սպասել:  2) Այլեւս ժամանակավրեպ համարվի նման պայմանագրով Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալը, ինչպես որ հայտարարվել ու ամրագրվել է հաստատված «ճանապարհային քարտեզով», եւ արդեն դիտարկվի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Երեւանի ուղղակի միանալը: Սա էլ հնարավոր տարբերակ է թվում, հատկապես երբ նոր պայմանագրով ուժի մեջ են մտնելու վերպետական նոր ինստիտուտներ, իսկ նախկինները լուծարվելու են: Սակայն, դրան Հայաստանի մինալը նույնպես խնդրահարույց է, քանի որ նշված հիմնադիր պայմանագիրը ստորագրվելու է Մաքսային միության եռյակի՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի կողմից (այդպես ամրագրված է նաեւ ընդունված որոշումներով), իսկ Հայաստանը դրա անդամ չէ:

Վարչապետի հանկարծակի հրաժարականի առաջ քաշված վարկածը, այդուհանդերձ, հարկադրում է պատասխանել ոչ պակաս կարեւոր մի հարցի:  Եթե այդ քայլի մտահղացումը Սերժ Սարգսյանինն է (իսկ ամենայն հավանականությամբ դա այդպես է), ապա ինչո՞ւ է հենց այս պահին, երբ նա 2013թ. սեպտեմբերի 3-ին, գիտակցելով իր որոշման բոլոր ռիսկերն ու հետեւանքները, հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին, իսկ դրանից հետո էլ որոշեց արագացնել անդամակցության գործընթացը: Եւ բացի թայմ-աութն ու ժամանակը, ուրիշ ի՞նչ է նա շահում, կամ ինչի՞ց է փորձում խուսափել: Իսկ եթե այս անակնկալ քայլի հեղինակը Տիգրան Սարգսյանն է (ինչը քիչ հավանական եմ համարում), այդ դեպքում նշանակում է քննարկել ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ ընդհուպ Վլադիմիր Պուտինի ծրագրերի դեմ նրա (միջոցով) դավադրության մասին:

Այն, որ տնտեսական անկման ու վարվող քաղաքականության համար Սերժ Սարգսյանը կարող էր վարչապետին ազատել դեռեւս անցած տարվա վերջին, քանի որ չէր կատարվել 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու իր պահանջը, կասկածից վեր է: Դա ավելի հասկանալի կլիներ հանրության համար, մանավանդ որ ընդդիմությունն էլ պահանջում էր կառավարության փոփոխություն, իսկ քաղաքական որոշ ուժերի (ՀՅԴ, ԲՀԿ) համար հաստատ դա բավարար կլիներ, ինչպես այժմ: Բայց անգամ դրանից ամիսներ հետո էլ` փետրվարի 15-ին Սերժ Սարգսյանը վարչապետին ու նրա կառավարության կենսաթոշակային ռեֆորմը վերցրեց հրապարակային պաշտպանության տակ՝ իր բացահայտ համախոհությունը հայտնելով: Սակայն, ոչ տարեվերջին, ոչ էլ տարեսկզբին նա չազատեց վարչապետին:  

Արագ հերքվում է նաեւ այն վարկածը, որի համաձայն Սերժ Սարգսյանը վարչապետին ազատել է Մոսկվայի պահանջով, քանի որ Տիգրան Սարգսյանը եվրոպամետ էր: Եթե դա լիներ պատճառը, ապա Կրեմլը շատ ավելի վաղ դրած կլիներ նման պահանջ: Մի կողմ եմ թողնում այն, որ Հայաստանի ներկայիս կառավարման համակարգի եւ խաղի կանոնների շրջանակներում երբեք վարչապետները չեն որոշում՝ իրենք եվրոպամե՞տ, թե՞ եվրասիամետ քաղաքականություն պետք է վարեն: Հայացքներով նրանք կարող են համակրել այս կամ այն արժեհամակարգին: Սակայն, երկրի արտաքին քաղաքական ուղղությունը որոշում են ոչ թե իրենք, այլ երկրի նախագահը, եւ դա Մոսկվայում էլ գիտեն. ասվածի վառ ապացույցն է բոլորին որպես եվրաինտեգրատոր հայտնի Տիգրան Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ից հետո ակնթարթային կերպափոխումը եվրասիամետ վարչապետի: Ճիշտ հակառակը, Մոսկվայի ու Մաքսային միության բարձրաստիճան պաշտոնյաները այս ամիսների ընթացքում ոչ միայն Հայաստանում, այլեւ դրում են գոհունակություն հայտնել Եվրասիական միության հանդեպ Հայաստանի մեծացող հետաքրքրության եւ ինտեգրման արագընթաց քայլերի, այդ ամենում՝ Տիգրան Սարգսյանի «պրոֆեսիոնալ թիմի» (Վ.Պուտինի բնորոշումն է) կատարած աշխատանքի կապակցությամբ: Ավելին, մարտի վերջի դրությամբ անդամակցության ճանապարհային քարտեզի միջոցառումների մեծ մասն արդեն արվել էր նրա կառավարության կողմից:

Ներքաղաքական վարկածին, որն ամենաանհուսալին է ( ընդդիմությունն ինքն անակնկալի եկավ այդ որոշումից եւ պայքարի հաջորդ հանգրվանին նրա անպատրաստ լինելը չափազանց տեսանելի է) կանդրադառնանք այլ տեսնանկունից, քանի որ այդտեղ էլ հիմնական հարցը այն է, թե ի՞նչ խնդիր է լուծում Սերժ Սարգսյանը այս ամենին անուղղակի հաղորդելով ներքաղաքական զարգացումների շղարշ եւ շահագրգռված լինելով, որ ընդդիմությունը «հաղթանակի վերմակն» իր վրա քաշի փոքր, բայց ոչ մեծ չափով: Ավելի ուշագրավ է քննարկել վերլուծության ամենասկզբում առաջադրված հարցին՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանը թայմ-աութ վերցրեցին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ավարտական փուլում կամ «Ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների ամենավերջին ամսում՝ ապրիլին:    

Գերշտապողականություն ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերջնաժամկետ սահմանելիս

Հետադարձ հայացք նետելով անցած սեպտեմբերից այս կողմ տեղի ունեցածին, պարզվում է, Սերժ Սարգսյանն ինքն է չափազանց շտապել Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական տարածքին անդամակցելու հարցում, քան դրան նույնիսկ պատրաստ է եղել Ռուսաստանը (Բելառուսի եւ Ղազախստանի մասին խոսելն ավելորդ է, նրանք հավանաբար շոկ են ունեցել նման գերշահագրգռությունից): Ըստ որում, նա տեսանելիորեն շտապել է ոչ միայն վերջին ամիսներին «Ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումները կատարելիս, այլեւ սեպտեմբերից հետո անդամակցության ժամկետները սահմանելիս, որը շատ հարցերի պատասխան է տալիս: 

Ինչպես կհամոզվենք քիչ անց, սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հայտարարությունն ընթերցելուց հետո Սերժ Սարգսյանի համար առաջին անցանկալի հայտարարությունն այն էր, որ սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը (ռուսական կողմից նա է մասնակցում Եվրասիական միության պայմանագրի աշխատանքներին) տեղեկացրեց, թե «Հայաստանի Մաքսային միություն մտնելու համար փաստաթղթերը պատրաստ կլինեն 2014թ. մայիսի դրությամբ, երբ պլանավորվում է կնքել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը»:

Պաշտոնական Երեւանի երկրորդ շոկը վստահաբար 2013թ. հոկտեմբերի 24-ին Մինսկում գումարված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից էր: Դրա ժամանակ որքան էլ հայտարարություն ընդունվեց Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալը ողջունելու մասին, սակայն Բելառուսի նախագահը մշուշոտ համարեց անդամակցության գործընթացի հեռանկարը:  Ա.Լուկաշենկոն ողջունելով Հայաստանի ցանկությունը, զգուշացրեց. «Պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանն ու մյուսները պետք է անցնեն ինտեգրման նույն ուղին, որ արդեն անցել են Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը, եւ ամբողջ ծավալով ու առանց բացառությունների ստանձնեն բոլոր պարտավորությունները»: Ապա թեւաթափ արեց իր հետեւյալ նախադասությամբ. «Մաքսային միությանը Հայաստանը չի կարող անդամակցել ոչ վաղը, ոչ վաղը չէ մյուս օրը, ոչ այս տարի եւ ոչ էլ նույնիսկ հաջորդ տարի»: Նա նաեւ փոխանցեց, որ թեեւ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը նույնպես դեմ չէ Հայաստանի անդամակցությանը, բայց զգուշանում է` հաշվի առնելով, որ «Հայաստանը չլուծված տարածքային խնդիրներ ունի Ադրբեջանի հետ»:

Չնայած Մաքսային միության երկու երկրների նման դիրքորոշումներին, այդուհանդերձ, ի կատարումն Մինսկում Տրոյկայի ընդունած հայտարարության, նոյեմբերի 6-ին Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ստորագրեց  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ փոխգործակցության խորացման հուշագիրը, իսկ հաջորդ օրը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն ձեռքբերեց սկսելու «Ճանապարհային քարտեզի» մշակման աշխատանքները:

«Ճանապարհային քարտեզի» մեկնարկած աշխատանքների շրջանում, նոյեմբերի 19-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետդումայի` ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի ընթացքում հայկական կողմը ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի շուրթերով հենց ռուսական կողմի առջեւ հնչեցրեց ցանկություն, թե «կարծում եմ, որ մինչեւ փետրվար Հայաստանը գործնականում պատրաստ կլինի ստորագրելու Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն, ինչպես նաեւ` ձեւավորվող Եվրասիական տնտեսական միությանն անմիջական ներգրավվածության վերաբերյալ պայմանագիրը»:

Այսինքն, Հայաստանը ցանկություն հայտնեց ոչ միայն արագ միանալ Մաքսային միությանը, այլեւ դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ հիմնադիրներից մեկը: Ոչ միայն այդ, այլ հաջորդած հայտարարություններից երեւում էր, որ Տրոյկայի դեկտեմբերյան հանդիպման ընդառաջ հեռակա բանավեճ է գնում Հայաստանի անդամակցության ժամկետի սահմանման շուրջ:

Դեկտեմբերի 2-ին այդ ամենից գոհ ու տնտեսական հարցերում Հայաստանին խեղճացրած Ռուսաստանի նախագահ Պուտինը ՀՀ իշխանությունների մեկտարյա սպասումներից հետո վերջապես այցելեց Հայաստան: Այդ օրը կնքված գազային ու այլ պայմանագրերի մասին շատ է խոսվել ու գրվել: Սակայն քննարկվող խնդրի առումով հետաքրքիր են Երեւանում Վ.Պուտինի ու Ս.Սարգսյանի արած որոշ հայտարարություններ:  Դրանք օգնում են հասկանալ Սերժ Սարգսյանի շտապողականության պատճառները:

Հայաստանի տնտեսական հարցերի հանդեպ «զգայունության», «անվտանգության բարձիկի» եւ ռուսական ներդրումների խոստումներն ու ակնկալիքները

Դեկտեմբերի 2-ի համատեղ ասուլիսի ժամանակ Ս.Սարգսյանը «մի փոքր առաջ անցնելով» շնորհակալություն հայտնեց ստորագրվելիք միջպետական պայմանագրերի համար, «որոնք հանում են անցումային շրջանի զգայուն պահերը» (ստորեւ պարզ կլինի, թե ինչի մասին է խոսքը) եւ «թույլ կտան նորմալ զարգանալ հայաստանյան տնտեսությանը»: Դրան ի պատասխան Վ.Պուտինը հակադարձեց, որ Մաքսային միություն եւ Միասնական տնտեսական տարածք մտնելու որոշումն է «հնարավորություն տվել նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր այսօր ստորագրելու նպատակով», որոնք «զգայուն որակվեցին Հայաստանի տնտեսության համար», եւ որ դա «բարի կամք» չէ, այլ «ընդհանուր պայմանավորվածություններ»: Ապա Պուտինը ավելի հստակ հասկացրեց, որ «դեպի համատեղ տնտեսական տարածք շարժվելն» է Ռուսաստանի համար շարժառիթ հանդիսանում ընդունելու այդ որոշումները, «քանի որ դա միշտ էլ պայմանավորվածությունների եւ փոխզիջումների հարց է: Մենք հասկանում ենք տնտեսության վիճակը, հասկանում ենք, որ միանալով Մաքսային միությանը՝ Հայաստանը պետք է վստահություն զգա իր սեփական ուժերի նկատմամբ: Պետք է ստեղծել «անվտանգության անհրաժեշտ բարձիկ» Հայաստանի տնտեսության համար, եւ մեր այսօրվա պայմանավորվածությունները, որոնք նախապատրաստված են, որոնք պետք է ստորագրվեն, հենց դրան են նվիրված»:

Այլ կերպ ասած, Վ.Պուտինը հասկացնում է, որ Հայաստանի տնտեսության համար զգայուն պահերը հարգվել են բացառապես Մաքսային միություն մտնելու նրա որոշման դիմաց եւ ստորագրված գազային ու մյուս պայմանագրերը, ձեռբերված համաձայնությունները հենց այդ փոխզիջումն ու փոխհատուցումն են: Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց. «Մենք պայմանավորվել ենք շարունակել առեւտրի եւ Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կայուն ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գիտատեխնիկական համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերը»:

Թերես Հայաստանի տնտեսության «զգայուն պահերի» տակ թաքնված էր գազի ու էլեկտրաքներգիայի գնի բարձրացման՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած բացասական հետեւանքները, որոնք թույլ չտվեցին արձանագրել խոստացված ու կանխատեսված 7 տոկոս տնտեսական աճը: Մյուս «զգայուն հարցը» Հայաստանյան տնտեսության մեջ օտարեկրյա ուղիղ ներդրումների անկումն էր, ինչի մասին անուղղակի ակնարկեց Սերժ Սարգսյանը:   Ըստ այդմ, այդ առումով «անվտանգության բարձիկ» ձեւավորելու համար էլ դեկտեմբերի 2-ին համաձայնություններ ձեռքբերվեցին մի շարք ռազմավարական ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը վերացնելու, ինչպես նաեւ Հայաստանում ռուսական ներդրումներ կատարելու եւ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու վերաբերյալ: Դրա առաջին ծիծեռնակը 500 մլն դոլարի ներդրումներ ենթադրող «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» եւ «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների համագործակցության պայմանագիրն էր Հայաստանում սինթետիկ կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման վերաբերյալ, որը Սերժ Սարգսյանի ներկայությամբ կնքվեց դեկտեմբերի 25-ին, ինչի մասին նախնական պայմանավորվածություներ ձեռք էին բերվել սեպտեմբերի 3-ին՝ Մաքսային միություն մտնելու մասին Հայաստանի հայտարարության հրապարակման օրը:

Սակայն Հայաստանի տնտեսության համար «անվտանգության բարձիկ» անհրաժեշտ էր նաեւ Մաքսային միությանը միանալու փուլում, երբ օբյեկտիվ պատճառներով հարյուրավոր ապրանքատեսակների համար կբարձրանային մաաքսատուրքերը դրանից բխող հետեւանքներով: Հետեւաբար, Սերժ Սարգսյնաին ոչ միայն պետք էին կոնկրետ երաշխիքներ այդ կապակցությամբ, այլեւ կարճ անցումային փուլ:

Տեղեկացնելով, որ «ներկայումս ընթանում է Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ-իրավական բազային Հայաստանի օրենսդրության ներդաշանկեցման «ճանապարհային քարտեզի» նախապատրաստումը», եւ որ Ռուսաստանը «մտադիր է հետագայում եւս նպաստել Մաքսային միության մեջ Հայաստանի մտնելու բոլոր անհրաժեշտ ընթացակարգերին», Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցի, թե երբ տեղի կունենա Հայաստանի անդամակցությունը, ժամկետ չնշեց. «ի զարմանս մեզ, հնարավոր է դա նաեւ բնական է, հայկական կողմը շատ եռանդուն է գործում եւ ցուցաբերում է պրոֆեսիոնալության բարձր մակարդակ, ինչը, անկեղծ ասած, մեզ նույնիսկ բարդ վիճակում է դնում, մենք չենք հասնում մեր հայկական գործընկերների հետեւից: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ իրադարձությունը (լայնմասշտաբ ձեւաչափով Մաքսային միությանը Հայաստանի միանալը) որքան հնարավոր է շուտ կայանա: Ես հիմա վախենում եմ որոշակի ժամկետներ նշել, քանի որ դա կախված է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այն կախված է նաեւ մեր գործընկերներից՝ եւ՛ Ղազախստանից, եւ՛ Բելառուսից, բայց Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը կայանա հնարավորինս արագ»:

Որքան էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 10-ին հաստատեց, թե «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» նախագիծն արդեն պատրաստ է», եւ «աշխատանքային խումբը դեկտեմբերի 11-12-ին պիտի վերջնական քննարկի եւ եզրակացություն տա, թե ինչ խնդիրներ կան լուծված, չլուծված», որից հետո «խումբը կվերադառնա, եւ մենք ամբողջական պատկեր կունենանք ճանապարհային քարտեզի վերաբերյալ», այդուհանդերձ  պաշտոնական Երեւանը վստահ չէր, թե արդյո՞ք այն կհաստատվի դեկտեմբերի 19-ին կառավարությունների ղեկավարների, ապա 24-ին Տրոյկայի մակարդակով, եւ եթե կհաստատվի, ապա, դրանում ի՞նչ վերջնաժամկետ կամրագրվի Հայաստանի անդամակցության համար: Այս առումով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտնեց, որ «չորս երկրների փորձագետների կողմից Հայաստանի «ճանապարհային քարտեզի» քննարկումից հետո միայն պարզ կլինի, թե արդյոք Մաքսային միության անդամ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի ղեկավարների կողմից փաստաթուղթը հաստատվելու է դեկտեմբերին, թե` ոչ»: 

Հետաքրքիր է, որ դեկտեմբերի 11-ին «Իրավունք» թերթում «ճանապարհային քարտեզի» մշակմանը մոտ կանգնած եւ ինքնությունը չբացահայտած աղբյուրի կողմից հետաքրքիր արտահոսք տրվեց, որը թույլ է տալիս հասկանալ Երեւանի մտադրությունների մասին. ««Ճանապարհային քարտեզը» նախատեսում է բավականին երկարատեւ աշխատանք, հատկապես` ՀՀ օրենսդրությունը եւ համապատասխան նորմատիվային ակտերը ՄՄ չափորոշիչներին համապատասխանեցնելու առումով: Դա ամբողջական տեսքի բերելու համար կարող է ամիսներ, եթե ոչ` տարի պահանջել»: Այդ արձանագրման վրա էլ «աղբյուրը» հայտնել էր, թե «այս այս առումով, ժամանակին էլ էր խոսվում այն մասին, որ կարող է կիրառվել մի փոքր այլ ընթացակարգ: Այսինքն` Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը, իսկ նորմատիվային համապատասխանեցման գործընթացը իրականացվի դրանից հետո»: Աղբյուրի հավաստիացմամբ, մոտավորապես հենց այդ սկզբունքով էլ վերջանական տեսքը կստանա ու կհաստատվի «ճանապարհային քարտեզը», իսկ այդ տարբերակը ՄՄ մյուս երկու անդամների ղեկավարների հետ կփորձի համաձայնեցնել ռուսական կողմը, եւ այս օրերին հենց այդ կարգի դետալային հարցեր էլ պետք է իրենց վերջնական ճշգրտումները ստանան:

Եւ, վերջապես, որ ամենակարեւորն է, այն հարցի կապակցությամբ, թե կոնկրետ երբ տեղի կունենա Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին, ապա «աղբյուրը» կարծիք էր հայտնել, որ «այդ հարցում դեռ վերջնական որոշում չկա», «քննարկվում են ժամկետների հետ կապված այն երկու վարկածները, որ նախկինում շրջանառության մեջ էին, այսինքն` որ Հայաստանի անդամակցությունը տեղի կունենա կամ փետրվարի վերջերին-մարտի սկզբներին, կամ մայիսին նախատեսված ՄՄ ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ, երբ նախատեսվում է հաստատել նաեւ Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը», եւ «ամեն դեպքում անդամակցությունը կնախորդի այդ փաստաթղթի ստորագրմանը, որին այդ դեպքում Հայաստանը եւս կմասնակցի» (ինչպես կնկատենք քիչ անց, նույն այս տարբերակները տարեվերջին հաստատեց նաեւ Տիգրան Սարգսյանը): 

Հայաստանը շտապում էր օր առաջ մտնել Մաքսային միություն, անգամ՝ ոչ բոլոր հարցերը համաձայնեցված, ոչ բոլոր պարտավորությունները կատարած: Թերես առանցքային է պարզել՝ ինչո՞ւ: Ինչ էր շահում դրանից Սերժ Սարգսյանը, եւ ինչի կհանգեցներ դա, եթե դա տեղի չունենար փետրվարի վերջին եւ մարտի սկզբին. մի կարճ ժամնակահատված, որտեղ թաքնված է Տիգրան Սարգսյնաի հրաժարական ներկայացնելու դիմումը (ըստ Տիգրան Սարգսյանի՝ փետրվարի վերջին, ըստ Սերժ Սարգսյանի «ուղղման»՝ մարտի 3-ին):

(Շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter