HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եգիպտոսում ռուսական մշակույթ քարոզողը՝ ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն

Եգիպտոսում ռուսական գիտությունը, կրթությունն ու լեզուն քարոզող Անդրանիկ Արզումանյանն արդեն երկու օր է՝ ղեկավարում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Նա եղել է եգիպտական Ալեքսանդրիայում Ռուսաստանի փոխհյուպատոս, միաժամանակ՝ Գիտության և կրթության ռուսական կենտրոնի ղեկավար: Արզումանյանը ՌԴ և ՀՀ քաղաքացիություն ունի:

Ռուսական տեղական հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում (2011 թ. մայիսի 16) նա նշել է, որ այդ կենտրոնն իր համար, կարծես, հարազատ տուն լինի: «2005 թ.-ից ղեկավարում եմ այս կենտրոնը, մինչ այդ ես այստեղ աշխատում էի ուրիշ պոստերում, և ընդհանրապես, կարելի է ասել, որ այս կենտրոնի հետ է կապված իմ կյանքի կեսը»,- ասել է Ա. Արզումանյանը: Հարցազրույցում նա նաև նշել է, որ կենտրոնի նպատակն է զբաղվել ռուսական գիտության, կրթության քարոզչությամբ, ռուսերենի ուսուցմամբ: Բացի դրանից՝ Եգիպտոսում գործող ռուսական տան կայքն է գործում, որտեղ առաջարկում են գրանցվել, մասնակցել քննարկումներին: Իսկ այդ կայքն առաջարկում է  բիզնեսի, սպորտի, առողջապահության, նույնիսկ կանանց ուղղված խորհուրդներ և տեղեկատվություն:

Օպերայի և բալետի թատրոնի ներկայիս տնօրենը 2009-ի հունվարից մինչ Հայաստան գալը եղել է «Россотрудничество» ֆեդերալ գործակալության ներկայացուցչի տեղակալը Ալեքսանդրիայում: Նրա հայրը 1985 թ. ՀԿԿ Կենտկոմի գաղափարական հարցերով քարտուղարն էր:

Մշակույթի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինչով էր պայմանավորված Արզումանյանին տնօրենի պաշտոնում նշանակելը:

«Օրենքով սահմանված կարգով տնօրենների ընտրության և նշանակման համար մրցույթ է տեղի ունենում: Դա երկփուլանի մրցույթ է՝ գրավոր քննություն, այնուհետ բանավոր քննություն: Այնուհետ մրցույթում անցած թեկնածությունները ներկայացնում են նախարարին, և նախարարն իր հրամանով մեկն ու մեկին ընտրում և նշանակում է տնօրեն»,- ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Հարցին, թե արդյոք մտավախություն չի առաջացնում այն հանգամանքը, որ Անդրանիկ Արզումանյանը Եգիպտոսում իրականացնում էր ռուսական կրթության, գիտության, լեզվի քարոզչության աշխատանքներ, իսկ այժմ ղեկավարում է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Ինչո՞ւ միայն գիտության, կրթության, առաջինը՝ հենց մշակույթի քարոզով: Այո, ռուսական մշակույթի»: «Այսինքն՝ ընդունելի՞ է ազգային թատրոն ղեկավարելու համար»,- հետաքրքրվեցինք մենք: «Համենայն դեպս, ոչ մի բանի չի հակասում: Թատրոնի տնօրեն լինելը մենեջմենթի գործառույթներ է պահանջում, տնտեսագիտական, մենեջմենթի գիտելիքներ, իսկ ստեղծագործական, գեղարվեստական խնդիրները միշտ ցանկացած թատրոնում դրված են լինում այլ պատասխանատուների վրա, մասնավորապես՝ գեղարվեստական խորհուրդների, դիրիժորների, բալետ-մայստերների վրա: Այո՛, տնօրենը մեծ դերակատարություն է ունենում խաղացանկը որոշելիս, բայց դրա համար էլ ստեղծված են այն մասնագիտական կառույցները, որոնք իրենց խորհուրդներով, խաղացանկային մոտեցումներով ձևավորում են հենց այդ  քաղաքականությունը՝ օպերայի ազգային ուղղվածության կամ մշակութային քաղաքականությունը»,- ասաց նա:

Մենք փորձեցինք խոսել նաև Անդրանիկ Արզումանյանի հետ, սակայն թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցն ասաց, որ նա շատ զբաղված է, ապա խոստացավ առաջիկայում կազմակերպել լրագրողների հետ հանդիպում:

Նշենք նաև, որ մրցույթի մասնակիցներից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն Գագիկ Մանասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր, որ Անդրանիկ Արզումանյանը մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի և ԱՊՀ միջպետական մշակույթի հիմնադրամի նախկին տնօրեն Արմեն Սմբատյանի (ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան) թեկնածուն է եղել, և ինքը մրցույթից 15 օր առաջ գիտեր, թե ով է նշանակվելու տնօրենի պաշտոնում: 

Լուսանկարը՝ «Россотрудничество»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter