HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Համաշխարհային բանկը լավատես է Հայաստանի հարցում

Համաշխարհային բանկը 2014 թ. Հայաստանում կանխատեսոմ է ՀՆԱ 5 % աճ և 2.4 % գնաճ: Այդ մասին նշված է ՀԲ այսօր՝ ապրիլի 9-ին հրապարակած «Հայաստան. տնտեսության ավելի դինամիկ աճի սպասումով» զեկույցում: Սա բավական ուշագրավ կանխատեսում է, քանի որ անցյալ տարվա նոյեմբերին, երբ դեռ ուկրաինական ճգնաժամը բռնկված չէր, ՀԲ-ն Հայաստանում 2014 թ. կանխատեսում էր 4-5% աճ: Իր նոր զեկույցով, փաստորեն, ՀԲ-ն Հայաստանի համար ընտրել է իր նախորդ կանխատեսման առավելագույն մակարդակը;

Ինչո՞վ է պայմանավորված ՀԲ լավատեսությունը: Հիմնական շեշտը դրվել է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության վրա, իսկ այդպիսի քաղաքականություն վարելու հնարավորություն ծագում է ցածր գնաճի հետևանքով: Այսինքն՝ ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կխթանի ներքին պահանջարկը, դրա արդյունքում մասնավոր հատվածը կաշխուժանա և կնպաստի տնտեսական աճին: Սա ՀԲ լավատեսության առանցքն է: Ի դեպ՝ ՀՀ կառավարությունն արդեն մի քանի անգամ առիթ ունեցել է շեշտելու, որ 2014 թ. իրականացնելու է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն, ու ամենայն հավանականությամբ՝ այդ քաղաքականության սկիզբը կլինի մայիսին կամ հունիսին:

Բնականաբար՝ ՀԲ-ն չի շրջանցել այն ռիսկերը, որ ի հայտ են եկել ուկրաինական ճգնաժամի արդյունքով: Սակայն ՀԲ-ն բավականաչափ հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել՝ նշելով, որ ռիսկերը գալիս են և Ռուսաստանի թույլ տնտեսությունից, և ռեցեսիան չհաղթահարած Եվրոյի գոտուց: Սակայն, ըստ ՀԲ գնահատականի,  Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղումը Հայաստանի համար ռիսկի հիմնական աղբյուրն է, քանի որ չափից ավելի կախվածություն ունենք դեպի Ռուսաստան արտահանումից, Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներից, ռուսական ընկերությունների ներդրումներից:

«Ուկրաինայի ճգնաժամը, ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասական հետևանքներ թողնել Հայաստանի տնտեսության վրա՝ արտահանման կրճատում, մասնավոր փոխանցումների նվազում, Ռուսաստանից հայ աշխատանքային միգրանտների վերադարձ»,- նշված է զեկույցում։

ՀԲ-ն նշել է, որ Հայաստանի արտաքին առևտրի մեկ երրորդը բաժին է ընկնում Եվրոյի գոտուն, իսկ այնտեղ ձգձգվող ռեցեսիա է: Դա ևս մատնանշվել է որպես ռիսկ Հայաստանի համար, քանի որ միջազգային շուկաներում հնարավոր են մետաղների գների անկում և տոկոսադրույքների բարձրացում: Հիշեցնենք, որ Հայաստանը դեպի Եվրոպա արտահանում է հիմնականում մետաղներ, իսկ Հայաստանի արտաքին պարտքերի մի մասը փոխկապված է Libor տոկոսադրույքի հետ (Լոնդոնի միջբանկային շուկայի վարկերի տոկոսադրույքն է, որը լայնորեն կիրառվում է միջազգային հաշվարկներում): Ներկայում Libor-ը բավական ցածր է՝ մոտ կես տոկոս, իսկ դրա աճի դեպքում Հայաստանը լրացուցիչ ֆինանսական կորուստներ կունենա:

ՀԲ գնահատականների համաձայն՝ միջնաժամկետ հեռանկարում համաշխարհային տնտեսության աստիճանական վերականգնումը կնպաստի Հայաստանի ՀՆԱ-ի աճին։ Ըստ այդ կանխատեսումների՝ Հայաստանի տնտեսական աճը 2014-2017 թթ. կգտնվի 5-5,5% միջակայքում։ Ընդ որում՝ այդ աճը տեղի է ունենալու հիմնականում արդյունաբերության ու ծառայությունների ոլորտների հաշվին: Այս կանխատեսումը համահունչ է ՀՀ կառավարության վերջերս հրապարակած «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» հիմնական կանխատեսումների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter