HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ և ո՞ւմ ցանկությամբ ՄՄ-ին Հայաստանի միանալու «Ճանապարհային քարտեզը» հաստատվեց առանց անդամակցության վերջնաժամկետի

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբ

2013թ. դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի սպասված նիստը, որի ընդլայնված հատվածին մասնակցեց նաեւ Սերժ Սարգսյանը: Թերեւս ընդունված որոշումներից երկուսն առանձնացնենք որպես քննվող հարցի կապակցությամբ խիստ կարեւոր նշանակություն ունեցող.

1.«Որոշում Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագծի վրա աշխատանքների ընթացքի մասին՝ ինտեգրացիայի հետագա զարգացմանն ուղղված դրույթների հաշվառմամբ», որով ամրագրվեց, որ պետք է աշխատանքները շարունակել հիշյալ պայմանագրի մշակման ուղղությամբ՝ «ելնելով պետության ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012թ. դեկտեմբերի 19-ի N21 «Ինտեգրացիայի հիմնական ուղղությունների իրականացման մասին» որոշման կատարման անհրաժեշտությունից»: Իսկ հիշատակված որոշման մեջ էլ, թվարկելով ինտեգրացիայի տարբեր ուղղություններ ու սկզբունքներ, հանձնարարվում էր «Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի կառավարություններին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ 2014թ. մայիսի 1-ի դրությամբ ավարտել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախապատրաստումը»: Ըստ այդ որոշման, այն պետք է հաստատվի պետության ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մայիսյան նիստում, որպեսզի 2015թ. հունվարի 1-ից արդեն գործի Եվրասիական տնտեսական միությունը:

2. «Որոշում Բելառուսի հանրապետության, Ղազախստանի Հնարապետության եւ Ռուսաստանի դաշնության Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզ») մասին», որով երեք նախագահները «հաստատեցին Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագիրը» եւ «կողմ արտահայտվեցին «ճանապարհային քարտեզի» իրականացմանը եվրասիական ինտեգրացիոն նախագծին Հայաստանի միանալու նպատակով»: Ուշագրավ է, որ «ճանապարհային քարտեզի»՝ հունվարից մեկնարկող միջոցառումների ծրագրով Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման հստակ ժամկետ չսահմանվեց, ի հակառակ հայկական կողմի շտապողականության եւ ի հաստատումն Վ.Պուտինի դիրքորոշման.. 

Ըստ որում, մինչեւ Տրոյկայի նիստը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը սպառնաց, թե իր երկիրը հարկադրված է հատուկ կարծիք կցել ՀՀ-ի հետ ստորագրվելիք «ճանապարհային քարտեզին», որի պատճառը Հայաստանի հետ ապագա հարաբերությունների անորոշությունն է՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: «Ընդհանուր առմամբ, Հայաստանի վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» համաձայնեցված է: Կարծում եմ, որ հնարավոր է այն ընդունել: Դրա հետ մեկտեղ բաց է մնում այն հարցը, թե Հայաստանում որտեղ է անցնելու Մաքսային միության սահմանը` կապված Ղարաբաղյան հակամարտության հետ: Դրա համար էլ մենք մեր գործընկերների հետ համատեղ կստորագրենք «ճանապարհային քարտեզները»` սակայն հատուկ կարծիքով» (: Սակայն, Նազարբաեւի կողմից նիստում բարձացված այդ հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետեր չկան եւ չեն լինելու, ինչից հետո Ղազախստանի նախագահը հուշագիրը ստորագրեց առանց հատուկ կարծիքի:

Կրկին դառնանք անդամակցության վերժնաժամկետի խնդրին, որի առեղծվածի վրա Դեկտեմբերի 24-ին լույս սփռեց ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Դա թույլ է տալիս հասկանալ, թե ինչո՞ւ «ճանապարհային քարտեզում» հստակ ժամկետ ամրագրված չէ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջազգային պայմանագրի համար. «Նախագահները ստորագրել են «Ճանապարհային քարտեզը» եւ սամանվել են ժամկետներ, ըստ որում Հայաստանը հայտարարել է, թե իրենք կձգտեն կրճատել այդ ժամկետները: Մենք ի նկատի ենք առնում, որ շուրջ կես տարի կպահանջվի մեզանից, որպեսզի կատարենք բոլոր ստուգումները (ինսպեկցիաները), թե որքանով են Հայաստանի ինստիտուտները պատրաստ կատարելու այդ վերակազմավորումը, եւ երաշխիքներ ստանանք, որ դրանք Մաքսային միության ադեկվատ գործիքներ են»:

Դեկտեմբերի 27-ին տարեվերջյան ասուլիսի ժամանակ նույն հարցով Վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձրաձայնումը ավելի է հստակեցնում իրավիճակը. «Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը, որը հաստատվեց նախագահների կողմից ենթադրում է, որ արդեն մայիսին պետք է ունենանք Մաքսային միությանը միանալու պայմանագիրն իր հավելվածներով: Սա այն խնդիրն է, որ դրված է 22 աշխատանքային խմբերի առջեւ, որոնք մեր երկրի լավագույն մասնագետներն են, բանիմաց եւ գիտակ, եւ պատահական չէ, որ ՄՄ մեր գործընկերները բարձր գնահատեցին մեր թիմի աշխատանքը»: Ապա, քիչ անց խոսում անդամակցության մի քանի տարբերակներից. «Կա մի քանի տարբերակ. ենթադրվում է, որ մենք մայիս ամսին պատրաստ ունենանք Մաքսային միության անդամակցության պայմանագիրը: Այդ պայմանագիրն ունենալու է հավելվածներ, որտեղ նկարագրված են լինելու անցումային դրույթները, այդ թվում նաեւ հստակ պատասխաններ են տրվելու զգայուն ապրանքատեսակների վերաբերյալ, թե ինչ մոտեցումներ ենք որդեգրելու: Մոտեցումներից մեկը կարող է լինել այն, որ ասենք մի քանի տարիների ընթացքում կիրառվելու են հին դրույքաչափերը, որոնք ապագայում սահուն ձեւով բարձրացվելու են: Կարող են առաջարկվել այլ լուծումներ»:

Այդպիսով, Տիգրան Սարգսյանի ու Իգոր Շուվալովի հայտարարությունների համադրությունը վկայում է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը «ենթադրվում է», որ տեղի կունենա մայիսին, սակայն եթե Հայաստանը կրճատի ժամկետները եւ Ռուսաստանի «ինսպեկցիան» դրական գնահատական տա, ապա չի բացառվում անդամակցությունը մարտի սկզբին, ինչում մեծագույն շահագրգռություն ուներ Երեւանը: Հետեւաբար, հենց Երեւանի խնդրանքով ու Մոսկվայի համաձայնությամբ է «ճանապարհային»բաց թողնվել անդամակցության վերժնաժամկետի ամրագրումը, հատկապե երբ Ղազախստանն ու Բելառուսը ամեն մեկը յուրովի առարկություններ ունեին: Երեւանը հաշվարկել էր, որ անգամ եթե մարտի դրությամբ ամբողջովին կատարած չլինի «ճանապարհային քարտեզի» միջոցառումները կամ մաքսային եռյակի հետ համաձայնություններ ձեռբերած չլինի իր համար զգայուն ապրաքատեսակների մաքսադրույքների ամրագրման հարցում, ապա անդամակցությունը անումանեայնիվ տեղի կունենա (Մոսկվան կօգնի), իսկ չլուծված խնդիրները կփոխանցվեն պայմանագրին կից անցումային դրույթների մեջ:  

Գլոբալ խնդիր Տիգրան Սարգսյանի առջեւ. ներդրումներ եւ «լրացուցիչ օժանդակություն», տնտեսական աճի նախադրյալներ եւ հասնել ՄՄ-ին անդամակցության մինչեւ մարտ

Տարեվերջյան ասուլիսի ընթացքում Տիգրան Սարգսյանը բացեց շատ կարեւոր փակագծեր, որոնք ոչ ինչ են, քան իր առջեւ Սերժ Սարգսյանի դրած գլոբալ խնդիրները: Խոսելով Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման հիմնավորումների մասին, նա նշում է, թե այն «ընդունելիս մենք քաջ գիտակցում ենք, որ սա բազմագործոն երեւույթ է: Այսինքն՝ կան բազմաթիվ գործոններ, որոնք կունենան դրական ազդեցություն մեր տնտեսության վրա, սոցիալական, մշակութային կյանքի, կենսամակարդակի վրա», որի արդյունքում «հնարավորություն ենք ունենում մուտք գործել մի մեծ շուկա, որտեղ հայկական ապրանքները եւ ծառայությունները կարող ենք իրացնել», «տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվում են նոր հնարավորություններ՝ ավելացնելու իրենց հզորությունները եւ վստահ լինելու, որ վաղը-մյուս օրը իրենք խոչընդոտ չեն ունենալու այդ շուկայից օգտվելու համար», հայաստանյան «ձեռնարկությունները, արտադրողները կարող են իրենց ապրանքը առանց մաքսատուրքի արտահանել Եվրամիության շուկա», քանի որ «մաքսատուրքերը նվազեցված են կամ զրոյացված», կամ որ Հայաստանում էլ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կհասնի այդ տարածքի երկրների ցուցանիշներին:

Սակայն, երկարաժամկետ դրական ակնկալիքների հետ մեկտեղ Տիգրան Սարգսյանը չշրջանցեց նաեւ բացասական գործոնները. «Կան գործոններ, որոնք կունենան բացասական ազդեցություն, եւ բնականաբար, կառավարությունն իրականացրել է այդպիսի մեծածավալ վերլուծական աշխատանք»: Իսկ դրանք թերեւս առաջին հերթին կապված են Մաքսային միություն մտնելու անցումային շրջանի ու Հայաստանի տնտեսության ադապտացիոն շրջանի հետ: Մասնավորապես, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը հարկադրված կլինի բարձրացնել որոշ ապրանքատեսակների մաքսատուրքեր (2.5%-ից մինչեւ 7%), «իսկ դա նշանակում է գնաճային ճնշումներ, իսկ գնաճային ճնշումները զսպում են տնտեսական աճը», «եւ սա թիվ մեկ պրոբլեմն էր, որը մենք քննարկում էինք մեր գործընկերների հետ, որ եթե մենք գնանք այդ ճանապարհով, ապա մեզ անհրաժեշտ է լինելու լրացուցիչ օժանդակություն, որպեսզի այդ անցումն այդ միասնական կանոններին քիչ ցավ պատճառի մեր տնտեսությանը եւ տնտեսական անկման չհանգեցնի»:

Վկայակոչելով 2013թ. ընթացքում ընդամենը երկու ապրանքատեսակների՝ գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացման՝ Հայաստանի տնտեսության վրա թողած շուրջ 1 տոկոսանոց զսպումն ու դրա բացասական արդյունքները, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե «սա ցավոտ կետերից էր, որ մենք պետք է բանակցեինք մեր գործընկերների հետ: Փառք Աստծո, մեր բանակցությունների ընթացքում գտանք ընդհանուր եզրեր, թե ինչպես մեր գործընկերները կարող են մեզ օժանդակել այս խնդիրը լուծելու հարցում»: Հասկանալիորեն, խոսքը վերաբերում է գազային պայմանագրերով սահմանված «ընդհանուր» եզրերի մասին: Ինչպես մեկ այլ հարցի պատասխանելիս բարձրաձայնեց Տիգրան Սարգսյանը, «մոտավորապես այս պահին կա 400 ապրանքատեսակ, որոնք մենք անվանում ենք զգայուն»: Եթե վերոնշյալ երկու ապրաքատեսակի գնի բարձրացումը Հայաստանի տնտեսությանը պատճառել էր շուրջ մեկ տոսոկասանոց գնաճային զսպում եւ կանխել տնտեսական աճը, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ կսպասվեր/կսպասվի 400 «զգայուն» ապրանքնատեսակների պարագայում՝ «20 տարի լիբերալ տնտեսական եւ ցածր մաքսատուրքերի քաղաքականություն» վարած  Հայաստանին՝ Մաքսային միության ավելի պրոտեկցիոնիստական եւ բարձր մաքսատուրքերով շուկա մտնելով:  

Ներկայացնելով ռուսական կողմի հետ այդ եւ այլ խնդիրներով տեւական բանակցությունների նախապատմությունը, ընթացքը, խնդիրների բարդությունն (ընդհանուր սամանի բացակայություն, Միասնական տնտեսական տարածք տարանցիկ մուտքի եւ մաքսային տրանզիտի սխեմաների մշակում, մաքսային վարչարարության փակուղային խնդիրների լուծում եւ այլն) ու դրանց հաղթահարման ուղղությամբ կատարված աշխատանքը, Տիգրան Սարգսյանը շարադրում է հիմնական ակնկալիքը, որի համար էլ Սերժ Սարգսյանը շտապում է Մաքսային միություն. «Մեր քաղաքացիների համար դա առաջին հերթին պետք է զգացվի նրանով, որ Մաքսային միությանն անդամակցելն ստեղծում է կայուն տնտեսական աճի հիմքեր, երկրորդը՝ որ ըստ մեր պայմանավորվածությունների՝ մեծածավալ ուղղակի ներդրումներ են լինելու, եւ դուք երեւի տեղյակ եք, որ ընդամենը օրերս ստորագրվեց մի կարեւորագույն համաձայնագիր «Ռոսնեֆտ»-ի հետ, որը ենթադրում է մեծածավալ ներդրումներ Հայաստանում, եւ դա էլ հենց Մաքսային միությանն անդամակցելու արդեն առաջին արդյունքն է, որովհետեւ այդ նախագիծը չէր կարող իրականություն դառնալ առանց Մաքսային միությանն անդամակցելու, որովհետեւ հիմնական շուկան, որտեղ իրացվելու է արտադրանքը, որն արտադրվելու է Հայաստանում, հենց Մաքսային միության տարածքն է: Բնականաբար, նման մեծածավալ ներդրումները, որոնց կարիքը Հայաստանի Հանրապետությունն ունի, շարունակվելու են: Բնականաբար, դա աշխատատեղերի ստեղծում է, տնտեսական աճն է, սոցիալական վիճակի բարելավում է նշանակելու մեր քաղաքացիների համար»:

Այդպիսով, ՄՄ-ին շուտափույթ անդամակցությունից ակնկալվող օգուտներից մեկն էլ այն է, որպեսզի խոստացված մեծածավալ ռուսական ներդրումները հոսեն Հայաստան՝ կոլապսից փրկելով անմխիթար վիճակում գտնվող տնտեսությունը եւ ապահովելով տնտեսական աճի նախադրյալներ, աշխատատեղեղ եւ այլն: Ի դեպ, խոսելով 2013թ. սկզբին կառավարության առջեւ Սերժ Սարգսյանի առաջադրած 7% տնտեսական աճ ապահովելու «հրահանգի» մասին, Տիգրան Սարգսյանը եւս մեկ առումով է ակնարկում փետրվարի-մարտ սահմանագծի կարեւորությունը. «Մենք պլանավորում ենք փետրվար-մարտ ամիսներին հանդես գալ հաշվետվությամբ տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, հետո կստանանք ձեռնարկությունների հաշվետվությունները, ինչպես նաեւ Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի 2013 թվականի տնտեսական աճի ցուցանիշները: Դա հնարավորություն կտա մեր մասնագետներին ներկայացնել հաշվետվություններ տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, եւ բնականաբար, քաղաքական գնահատականները կտրվեն հենց այդ ժամանակ, երբ մենք կարողանանք գնահատել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնները, որ ազդել են տնտեսական աճի ցուցանիշների վրա: Եվ կհասկանանք, թե արդյոք կառավարությունն արել է առավելագույնն այդ քաղաքական թիրախը ապահովելու համար»:

Սակայն փետրվար-մարտ սահմանգիծը կարեւոր էր նաեւ Մաքսային միության առումով եւս մեկ գլոբալ խնդիր լուծելու առումով, ինչի մասին հենց խոսել է Տիգրան Սարգսյանը վերոնշյալ հարցի պատասխանի շարունակության մեջ. «...արդեն Մաքսային միության բանակցությունների շրջանակներում, քանի որ մաքսատուրքերի խնդիր գոյություն ունի, եւ իսկապես այդ խնդիրն առնչվելու է նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների հետ, <...> այս պահին կա 400 ապրանքատեսակ, որոնք մենք անվանում ենք զգայուն, <...> մենք պետք է Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Եվրասիական հանձնաժողովի հետ ավարտենք բանակցությունները այդ զգայուն ապրանքատեսակների շուրջ եւ գանք համաձայնության, թե ինչ ռեժիմներ ենք սահմանում: <...> մենք պետք է հունվար-փետրվար ամիսներին բանակցությունների շնորհիվ գանք եզրակացման եւ ներկայացնենք մեր տնտեսվարող սուբյեկտներին, թե ինչ լուծումներ են հնարավոր»:

Այսպիսով, ակնհայտ է դառնում ոչ միայն Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին արագ` մարտին անդամակցելու հարցում Երեւանի շահագրգռության պատճառները, այլ նաեւ Սերժ Սարգսյանի կողմից Տիգրան Սարգսյանի առջեւ դրված խնդիրը, որոնք նա պետք է լուծեր մինչեւ մարտ ամիսը, ինչից եւ կախված էր նրա վարչապետական ապագան.

 1.Որքան էլ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու ժամկետ բանավոր հայտարարություններով (ոչ թե Տրոյկայի ընդունած փաստաթղթերով) նշվել էր մայիսը, Սերժ Սարգսյանը հավաստացրել էր, թե «կձգտեն կրճատել այդ ժամկետները». ըստ որում հենց Երեւանն է խոսել փետրվարի վերջին-մարտի սկզբին պատրաստ լինելու մասին, երբ պետք է տեղի ունենար Տրոյկայի հաջորդ նիստը եւ հնարավոր կլիներ կայացած փաստ համարել Մաքսային միությանն ու Միասնական տարածքին Հայաստանի անդամակցությունը, ինչի հարցով Ռուսաստանը պատրաստակամություն էր հայտնել համոզել նաեւ դրան առարկող Բելառուսին ու Ղազախստանին: Այդ պատճառով էլ «ճանապարհային քարտեզում» ժամկետը բաց էր թողնվել ճկունություն ապահեվոլու համար:

2.Սերժ Սարգսյանը ակնհայտորեն որոշել էր անդամակցության ավելի կարճ «անցումային փուլ» ունենալ, որպեսզի տնտեսության վրա դրա կարճաժամկետ բացասական ազդեցությունները հնարավորինս կարճ տեւեին, այլ ոչ թե ձգվեին մինչեւ մայիս եւ դրանից հետո: Ռուսաստանը խոստացել էր «զգայուն» լինել Հայաստանի տնտեսության այդ հարցերի հանդեպ եւ ապահովել «անվտանգության բարձիկներ» ոչ միայն գազի ու էլեկտրաէներգիայի հարցում, ինչը արեց դեկտեմբերի 2-ի պայմանագրերով, այլեւ մաքսային ընթացակարգերը քննարկելու ու համաձայնեցնելու փուլում Հայաստանի համար կարեւոր հարյուրավոր ապրանքատեսակաների համար:

3.Կենտրոնանալով փետրվարի վերջ-մարտի սկիզբ ժամկետի վրա, Սերժ Սարգսյանը ակնկալում էր հնարավորինս շուտ տեսնել Մաքսային միությանն անդամակցելու բարեբեր արդյունքները՝ վնասների համար «լրացուցիչ օժանդակությունը»,  մեծածավալ ռուսական ներդրումները եւ տնտեսական աճի նախադրյալները, որոնց ստանալը Վ.Պուտինը բառացի պայմանավորվել էր Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցությամբ: 

4.Սերժ Սարգսյանը ցանկանում էր, որպեսզի մարտին միանալով Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին, արագ ներգրավվի նաեւ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի պատրաստման աշխատանքներում եւ դառնա այդ միության համահիմնադիր, այլ ոչ թե հետագայում դրան միացած կցորդ: Այս առումով պահը հարմար էր, քանզի ընթանում էին պայմանագրի մշակման բանակցությունները, հընթացս՝ նաեւ Մաքսային միության նոր Մաքսային օրենսգրքի մշակման աշխատանքները: Անդամակցության ակնլավող ժամկետը հարմար պահն էր մասնակցելու ապագա Եվրասիական տնտեսական միության տարածքում Հայաստանի տնտեսության համար զգայուն ապրաքատեսակների համար խաղի կանոնների մշակման վրա:

Ահա թե ինչու նման գլոբալ խնդիրներ ունենալով Սերժ Սարգսյանը տարեվերջին չէր ազատելու վարչապետին ու նրան իր հովանավորության տակ էր վերցնելու մինչեւ մարտ, որքան էլ ներքին ընդդիմախոսները պնդեին: Սերժ Սարգսյանը ներքաղաքական ավելի բարդ պահեր է անցել՝ 2008թ. նախագահական ընտրություններic, մարտի 1-ին հաջորդած տեւական քաղաքական ճգնաժամից սկսած, վերջացրած 2013թ. նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական ռիսկային զարգացումները: Վերջապես, Սերժ Սարգսյանը այն գործիչն է, ով երբեք «գետանցի ժամանակ ձիեր չի փոխում»: 

Եթե փետրվար-մարտ սահմանագծին ոչ միայն այս հարցերով, այլեւ տնտեսության մեջ աճի միտումներ չլինեին, ինչի մասին կառավարությունը պետք է ոչ միայն հանրությանը, այլեւ Սերժ Սարգսյանին հաշվետվություն ներկայացներ, ապա աննպատակահարմար էր դառնում Հայաստանի սրընթաց եվրասիական ինտեգրացիան շատ հասկանալի պատճառներով: Ի մասնավորի, եթե Հայաստանն մարտին չէր դառնում Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ, ապա

1) այլեւս չէր հասցնում դառնալ Եվրասիական տնտեսական միության համահիմանդիր՝ չմասնակցելով նաեւ Մաքսային նոր օրենսգրքի մշակմանը,

2) Հայաստանի անդամակցության անցումային շրջանը երկարում ու ձգվում էր մինչեւ խոր աշուն, իսկ 400 ապրանքատեսակների վրա բարձրացված մաքսատուրքերի ազդեցությունը Հայաստանի տնտեսությանը կհասցներ կատարյալ կոլապսի,

3) խոստացված ռուսական ներդրումները եւ «լրացուցիչ օժանդակությունը» չէին գա Հայաստան, քանի որ դրա պայմանը Մաքսային միության անդամակցությունն  էր:

Ահա թե ինչու Տիգրան Սարգսյնանն ու իր կառավարությունը պետք է շտապեին մինչեւ մարտ անել առավալեագույնը՝ լուծելու համար թե իրենց իշխանության մնալու, թե Սերժ Սարգսյանի առաջադրած խնդիրները: Սակայն, ինչպես կնկատենք հաջորդիվ, ապարդյուն:

(Շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter