HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես Ավետիսին ընկալում եմ որպես ամբողջ Հայաստան»

«Հետքը» շարունակում է ներկայացնել անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված ու արդեն 5 ամիս կալանքի տակ գտնվող 13 տղաների մասին հոդվածներ: Առաջադրված մեղադրանքների հետևում պարզ մարդկային ճակատագրեր են, որոնք հաճախ մնում են չլուսաբանված: Ովքե՞ր են նրանք, ի՞նչ գաղափարներով, արժեքներով են ապրել ու ապրում: Այս անգամ կպատմենք 26-ամյա Ավետիս Ավետիսյանի մասին:

Փոքրիկ Արմենին՝ որդուն, ծննդատնից տուն բերելուց հետո հայրը՝ Ավետիսը, տեսել է ընդամենը 2 օր: «Մեր որդին ծնվեց հոկտեմբերի 31-ին, 6 օրական էր նոյեմբերի 5-ին, երբ Ավետիսին ձերբակալեցին»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Ավետիսի կինը՝ Արմինե Զաքարյանը, ով ստիպված հետծննդյան արձակուրդից հետո շուտ է վերադարձել աշխատանքի:

Ավետիսի և Արմինեի որդին` Արմենը

«Ծրագրել էի ավելի երկար մնալ տանը, փոքրիկին խնամել: Բայց քանի որ մեր ընտանիքի կերակրողը՝ Ավետիսը, 5 ամիս է, կալանքի մեջ է, ստիպված էի վերադառնալ աշխատանքի: Տանը Ավետիսի մայրն է, մեր ծեր պապիկը, ես և փոքրիկը: Կարոտը խեղդում է, շատ դժվար է, ես կիսատ եմ ինձ զգում, իմ կեսը կողքիս չէ: Լիարժեքության զգացում չկա: Չգիտեմ՝ արդյոք նորածինները բնազդով զգում են, որ իրենց հարազատը տանը չէ, իրենց կարևոր մասնիկը կողքին չէ: Չեմ կարող ասել, բայց ուզում եմ, որ դեռ ոչինչ չզգա, մինչև որ հայրիկը վերադառնա»,- ասում է Արմինեն:

Նա պատմեց, որ Ավետիսը նույնպես, ինչպես և ձերբակալվածներից շատերը, հացադուլի մեջ է եղել 5 օր, որպեսզի հանվեր տեսակցությունների արգելանքը: Հունվարի վերջին փոքրիկի ու Ավետիսի մայրիկի հետ գնացել են Ավետիսին տեսակցելու: «Նուբարաշենի» բանտում ապակիների հետևից թույլատրել են տեսնել իրար: «Եվ միայն մի քանի րոպե դռները բացեցին, որ Ավետիսը կարողանա գրկել երեխային»,-ասաց Արմինեն:   

Ավետիս Ավետիսյանն ավարտել է Տերնոպոլի պետական համալսարանը, սովորել նաև Երևանի կառավարման ակադեմիայում:

Կնոջ՝ Արմինե Զաքարյանի հետ ծանոթացել է 4 տարի առաջ, երբ կազմակերպվել էր գիտաճանաչողական արշավ դեպի Սմբատաբերդ՝ Մոզրովի քարանձավ: «Կարճ ժամանակ էր պետք, որ երկուսս էլ հասկանայինք՝ նույն արժեքների, նույն գաղափարների, մտահոգությունների կրողն ենք: Իմ մայրիկը «Ակունք» համույթում է երգել ու պարել, շատ ձայնագրություններ չուներ: Ավետիսն ասաց, որ կարող է ինձ օգնել, գտավ այդ ձայնագրություններն ու նվիրեց ինձ:

Կամ այնպիսի հազվագյուտ գրքեր էի ուզում գտնել, բայց չէր ստացում, իսկ Ավետիսը գտնում էր ինձ համար: Այսինքն՝ գտանք նուրբ, շատ խորը թելեր, որոնք և մեզ միավորեցին»,- ամուսնու մասին հպարտությամբ պատմում էր Արմինեն:  

 «Ուզում եմ Ավետիսի մասին անընդհատ պատմել, այնքան շատ բան կա իրականում ասելու նրա մասին: Նա հրաշալի գիտի Հայաստանի պատմությունը, ամեն քար ու թուփ: Գիտաճանաչողական արշավներ կազմակերպելու նպատակն էլ հենց այդ ամենի մասին երիտասարդներին պատմել էր: Հայդուկների, ֆիդայիների մասին այնպիսի ուսումնասիրություններ է կատարել, որ զարմանալ կարելի է: Ժամերով նստում էր, պեղում արխիվային նյութեր, ինքն էլ, կարծես, մի հայդուկ էր իրեն պատկերացնում: Ես Ավետիսին ընկալում եմ որպես ամբողջ Հայաստան: Հայրենիք գաղափարն այնքան ուժեղ եմ իր մեջ զգացել: Երբ այս ամենը տեսա ու զգացի, միանգամից հասկացա, որ կուզեմ ամբողջ կյանքս նման մարդու կողքին լինել: Նա շատ ազնիվ, մաքուր տեսակ է, երևի հենց այդ մաքրությունն էր, որ նրան տարավ Ազատության հրապարակ: Նա ցույց տվեց, որ հանուն հայի կարելի է դուրս գալ պայքարի: Մենք՝ երկուսս էլ ապրել ու ապրում ենք նույն խոհերով, մտահոգություններով՝ կապված մեր պետության վաղվա օրվա հետ»,- «Հետքին» պատմեց Արմինեն՝ ընդգծելով, որ նոյեմբերի 5-ին ամուսինն իրեն ասել է՝ խաղաղ երթ է լինելու, աշխարհի տարբեր երկրներում այդպիսի երթեր են լինում, սիմվոլիկ բողոքի ակցիա է:

Արմինե Զաքարյան. «Մեզ համար շոկ էր, երբ համացանցում տեսանք տեղի ունեցածը: Սկսեցի զանգել իրեն, բջջայինն անհասանելի էր: Իմացանք, որ տարել են ոստիկանություն: Ես էլ փոքրիկով էի զբաղվում, ամեն ինչին տնից էի հետևում: Մեզ ասացին՝ մինչև առավոտ Ավոն տանը կլինի, հաջորդ առավոտյան շատ շուտ դուռը զանգեցին, մտածեցինք՝ ինքն է: Բայց պարզվեց եկել էին խուզարկելու մեր բնակարանը: Հարևաններին կանչել էին որպես վկա: Տեսնեիք՝ հարևանները ինչպես էին Ավետիսի մասին գովասանքի խոսքեր ասում խուզարկողներին: Ձրբակալված մյուս տղաներն էլ, որքանով տեղյակ եմ,  մեկը մյուսից վեհ հայրենասիրական գաղափարներով ապրող մարդիկ են, ովքեր պարզապես ուզում էին իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել անարդարության դեմ: Ուզում էին ոգեշնչել ժողովրդին, ցանկանում էին պայքարի խորհրդանիշ հանդես գալ: Հետևանքը եղավ այն, որ խեղդեցին այդ ճիչը»:

Ինչպես հայտնի է՝ առաջադրված մեղադրանքները փոխվել են՝ 316-ի 2-րդ մասը փոխարինվել է խուլիգանության հոդվածով: Արմինեն տարակուսած է. «Զավեշտալի է այդ մարդկանց խուլիգան որակելը: Նրանք խուլիգան ու հանցագործ չեն, ազնիվ մղումներով տոգորված հայորդիներ են: Այս մեղադրանքները, հետապնդումները, 5 ամիս շարունակ կալանքի տակ պահելը, անկեղծ ասած, չեմ հասկանում»:

Արմինեն ասաց, որ հիմա բանտ՝ ամուսնուն ուղարկում են շատ գրքեր, երաժշտություն, ֆիլմեր, «բայց նա այնքան ակտիվ ու նախաձեռնող մարդ է, դժվար եմ Ավոյին պատկերացնում 4 պատի մեջ փակված»:

 «Հետքը» ներկայացնում է Ավետիս Ավետիսյանի ընկերների պատրաստած «Շղթայված հայորդին» տեսանյութը, որը պատմում է նրա մասին: 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Մեկի հոգում հայրենիք, ազատություն, եռագույն դրոշ, սեր, …, իսկ մյուսի գլխում Ալիև, Կևորկով, սպանություն, թալան, ……….:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter