HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրաքննադատ. «Այսօրվա գրականությանը պակասում է լավատեսությունը»

Հարցազրույց գրականագետ, գրաքննադատ Անի Փաշայանի հետ

-Անի, այսօր վիրտուալ հարթակում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում, յուրաքանչյուրը կարող է կարծիք հայտնել, համոզմունք՝ անուղղակի գրաքննադատ դառնալով: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին: Որքանո՞վ է արդիական այսօր գրաքննադատի աշխատանքը:

-Վիրտուալ դաշտը գրաքննադատի համար հսկա լաբորատորիա է: Նա կարդում է, հասկանում է, վերլուծում է: Այս ամենը կատարվում է շատ արագ, որովհետև վիրտուալ տարածքում ակնթարթների մեջ կատարվում են փաստերի բազմաթիվ արձանագրումներ: Սա հրաշալի հնարավորություն է՝ ավելի խորաքնին հասկանալու ժամանակի ողջ բովանդակությունը: Նաև այս ամենից հետո իր ձայնը հնչեցնելու, ներկայացնելու, արտահայտվելու, փոխելու շատ բաներ, նաև, ինչու ոչ, ջարդելու հին, հնամաշ շրջանակներ:

-Երբեմն գրական ստեղծագործության մասին կարող է համոզմունք ձևավորվել հենց հաջողված PR-ի միջոցով: Իսկ արդյո՞ք գրականագետի կամ գրաքննադատի խոսքը չի կորում, նա չի՞ դառնում է շարքային կարծիք արտահայտող:

-Հարցը տեղին է: Կարելի է նաև վատ, անարժեք գործը գովազդել: Բայց այն երկար կյանք չի ունենա: Ամեն ինչ պարզ կդառնա, որովհետև բարձրանալու է ընթերցողի ճաշակը, և բուլվարային գրականությունն իր տեղը զիջելու է բարձրորակ գրականությանը: Լավ գրականագետի խոսքի միջոցով, նրա մեկնաբանության, համոզիչ վերլուծության շնորհիվ: Ես փորձում եմ դա անել հենց իմ նորաբաց «Գրականություն» էջում:

Պիտի հստակ տարբերակում լինի բարձր և «իմիջիայլոց» գործերի միջև: Եվ դա, առաջին հերթին, գրաքննադատի միջոցով:

-Վերացական է հնչում Ձեր ասածը: Օրինակ, ինչպե՞ս եք փորձում համոզել ընթերցողին, որ սա բարձրարժեք գործ է, մյուսը՝ բուլվարային:

-Ցանկացած գիտության մեջ կարգ կոչվում են այն տեսակները, որոնք առանձին չեն, այլ՝ համակարգի մեջ, ինչպես ասենք, բայի քերականական կարգերն են` դեմքը, թիվը, ժամանակը, եղանակը, խոնարհումը, սեռը: Նույնը և գրականության մեջ է: Կայացած, արվեստի կանոններով գրված գործերի համադրման միջոցով, լավ ներկայացնելու պայմանով միայն պարզ է դառնում գրեթե ամեն ինչ, և ջրի երես է դուրս գալիս թափոնը, որն արտադրվել է ինքնանպատակ: Սա գործընթաց է և մեկ օրում կամ մեկ ամսում չի կարող երևալ: Եվ հենց հմուտ գիտակների շնորհիվ է, որ հնարավոր կլինի այս ծանր սայլը շարժել շատ հմտորեն և երկարաժամկետ:

-Այսօր ստեղծված գրականության և գրաքննադատի միջև կապն ինչպիսի՞ն է:

-Դա շատ հետաքրքիր և ամուր կապ է, որ արտաքուստ չի երևում. խորհրդավոր է, որովհետև գրողներին, ըստ էության, չպիտի հետաքրքրի գրելուց առաջ գրաքննադատի կարծիքը: Նա պիտի գրի, անի իր գործը` լսելով իրեն: Բայց, առահասարակ, պիտի որ հետաքրքրի գրաքննադատի խոսքը, պիտի նաև երկխոսություն ունենան, պարզեն գրականության համար շատ կարևոր հարցեր: Աշխարհի ամենալավ գրականությունները կայացել են մի պատճառով, որովհետև ունեցել են կայացած գրաքննադատներ և գրականագիտական դպրոցներ: Այս ամենը, իհարկե, մեկի համար է արվում` ընթերցողի:

Այսօր հետաքրիր պատկեր ունենք. շատ գրողներ և քիչ գրաքննադատներ: Երկուսի միջև այսօր հետաքրքիր երկխոսություն կա` և՛ ներքին, և՛ ակնհայտ: Այդ երկխոսությունների շնորհիվ հնարավոր է, որ լավ գործեր ստեղծվեն:

-Ի՞նչ է անհրաժեշտ այսօրվա ընթերցողին: Փոխվե՞լ են պահանջները:

-Մի տարօրինակ վիճակ է ստեղծվել այսօրվա ընթերցողի համար: Տարբեր պատճառներով հետ ընկնելով ստեղծվող արժեքներից` իր համար դժվարացել է տեքստի հետ հարաբերվելը: Սա խնդիր է: Եվ այս փուլում, իրոք, բարդ է ռեալ եզրակացություններ անելը: Մենք ունենք ներկա-բացակա ընթերցող, որը նույնիսկ չի ենթադրում, որ լավ գրականություն ունենք, ունենք ընթերցող, ով կարդում է, բայց դժվարանում է, ասում է` սա՞ է մեր գրականությունը: Եվ նորից, խիստ հիասթափված, վերադառնում է դասականներին, իր ամենօրյա բանաստեղծություններին, որոնք գիտի տող առ տող: Եվ ունենք, իհարկե, այն ընթերցողը, ում մասին կարելի է երազել: Վերջիններն, իհարկե, անհամեմատ քիչ են: Ինչ խոսք, դժվար է այս ամենը տոկոսային պատկերով ներկայացնել:

-Իսկ ո՞րն է ներկա-բացակա ընթերցող ունենալու խնդիրը. գուցե իրեն չի՞ գտնում ներկայի մեջ, իսկ անցյալն ավելի «տաքուկ» է, ապահով:

-Դարձյալ հետաքրքիր և կարևոր հարց է: Գուցե ավելի լավ գործերի ծնունդն է առջևում. գործեր, որոնք իրենց հետևից կտանեն շատերին: Կգրվեն գործեր, որոնք ոչ միայն սյուժեով, այլև իրենց լուծումներով նորը կբերեն, և այսօր տեսնում եմ այդ պատկերը: Դրանք ոչ միայն հեղինակներ են, ստեղծագործություններ, այլև` մոտեցումներ, ներկայացումեր, արժեքավոր հանդիպում-ընթերցումներ:

-Օրինակ, Դուք ումի՞ց սպասելիքներ ունեք:

-Որպես գրականագետ` բոլոր մեր լավագույն գրողներից: Բայց կան արդեն այնպիսի ստեղծագործողներ, ովքեր առանձնապես հետաքրքում են արդեն իսկ իրենց գործերով: Այսինքն` ոչ թե մյուսները լավ չեն գրում, այլ այսօրվա ընթերցողը հայացք է ուղղում հենց իրենց վրա:

-Անուններ կնշե՞ք:

- Իհարկե: Դա շատ կարևոր է... Արամ Պաչյան, Սոնա Վան, Անուշ Ասլիբեկյան... Ես շատ ուշադիր հայացք եմ ներկայացնում. այն, ինչ իմ աչքի առաջ է կատարվում, առանց անորոշության... Սա իմ այսօրվա դիտարկումն է: Շատ շատերն են հրաշալի գրում, բայց ընթերցողը գրավվում է անմիջապես նրանց գրածով: Ուզում է կարդալ, ունենալ գրքերը: Սա լուրջ է շատ:

-Ի՞նչ չունի այսօրվա գրականությունը:

-Լավատեսություն... Այս առանցքային ու կարևորագույն տարրը բացակա է` իր բոլոր պատճառներով:

-Լավատեսության պակասը գուցե իրականությունի՞ց է բխում:

-Այո, բայց մի ներքին ջերմություն, լույսի վետվետում պիտի լինի: Այլ ջերմության խնդիր կա. ոչ թե ցնծության, կեղծ ուրախության ու պաթոսի, այլ իր իրականության մեջ անգամ` ցասումի, թախծի, տրտմության մի ուրիշ հոսանք, մի այլ գույն պիտի տեսնի կարդացողը, որ հոգում տեղավորի… Եվ որսում են իրենցը, գտնում են, ապրում են գտածով ու լավ են զգում: Այս դեպքում դա տեսնողը կգնա գրքի հետևից ու կթարմացնի իր կյանքն ու հետագիծը...

-Անի, իսկ արդյոք գրաքննությունը չի խանգարում ստեղծագործության շնչելուն: Ժամանակակից աշխարհում արդյոք այն պարտադրված չէ: Գոյություն ունի՞ ստեղծագործության ազատության և գրաքննության սահմանագիծ:

-Գրաքննությունը գործընթաց է: Գրաքննադատի աշխատանքն է, և նա պիտի հետևի գրական ընթացքին: Եվ կարող է ունենալ իր սիրելի գրողը կամ գրողները, սակայն ներկայացնելիս պիտի չխառնի այդ սահմանները, ասպես կոչված, իր գրականության և ներկայացվող գրականության: Ամենակարևորը՝ ոչ միայն լավ տիրապետի իր մասնագիտությանը, այլև սիրի այն: Ինձ համար սա չափազանց կարևոր է… Մեր գրականության պատմության ընթացքում լավագույն գրականագետներ ունենալով՝ ճիշտ չի կայացել գրաքննադատությունը, որի պատճառով ընթացային խախտումներ ենք ունեցել և այսօր էլ ունենք: Ահա թե որքան արժևորված պիտի լինի այս աշխատանքը մեր այսօրվա գրականության համար և ապագայի համար ևս: Գրականության շուրջ հետաքրքրություն ստեղծում են գրաքննադատները:

Լուսանկարը՝ Ա. Փաշայանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter