HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ խնդիրներ չլուծեց Տիգրան Սարգսյանը մինչեւ մարտ, եւ ի՞նչ է ակնկալում Սերժ Սարգսյանը նոր վարչապետից ու կառավարությունից

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը

Մինչ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները տարեվերջին գրոհ էին սկսել Տիգրան Սարգսյանի կառավարության վրա, վերջինս էլ իր մի քանի նախարարներով «մասնագիտորեն» փորձում էր բանավիճել ու պատասխանել նրանց քննադատություններին` վարչապետի պաշտոնում մնալու հավելյալ շանս, զորակցություն եւ մինչեւ մարտ ամիս փորձաշրջան ստանալով Սերժ Սարգսյանից, նա պետք է հունվար-փետրվար ամիսներին.

  1. ապահովեր «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների զգալի մասի կատարումը, որոնք Ռուսաստանի ինսպեկցիայից հետո գոհացուցիչ կգնահատվեին եւ հնարավոր կդարձնեին մարտի սկզբին Տրոյկայի որոշմամբ Մաքսային միությանը Հայաստանի միանալը,
  2. ռուսական, բելառուսական եւ ղազախական կողմերի ու եվրասիական հանձնաժողովի հետ պայմանավորվածություն ձեռք բերեր Հայաստանի համար զգայուն որակված հարյուրավոր ապրանքատեսակների մաքսադրույքների մասով՝ 1) կամ դրանք բարձացնելու (մինչեւ 7 տոկոս) դեպքում տնտեսվարողներին պատճառվելիք վնասների փոխհատուցման ֆինանսական օժանդակություն ստանալու եղանակով, կամ մաքսատուրքերի բարձրացումը թողնել ապագային՝ դա ամրագրելով հիմնական պայմանագրի հավելվածում,
  3. ապահովեր տնտեսության ոլորտում խոստացված մեծածավալ ռուսական ներդրումները,
  4. Սերժ Սարգսյանի ու հանրության սեղանին դներ տնտեսական աճի կամ դրա նախադրյալների վերաբերյալ հաշվետվություն: 

 Եվրասիական ինտեգրման «խնդրահարույց հարցերը» եւ Ռուսաստանի ինսպեկցիան

Ամանորի տոներից անմիջապես հետո Տիգրան Սարգսյանի կառավարությունը լայն թափով ձեռնամուխ եղավ «Ճանապարհային քարտեզի» միջոցառումների կատարմանը: Հունվարի 14-ին կառավարությունում Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ անցկացված խորհրդակցության ժամանակ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց «պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որեւէ շեղում սահմանված ժամանակացույցից, եւ խնդիրների ի հայտ գալու դեպքում դրանք ներկայացնել պարբերաբար անցկացվելիք խորհրդակցությունների ժամանակ»: Փետրվարի 13-ին աշխատանքային խմբի ղեկավարները նրան զեկուցեցին աշխատանքների ընթացքի մասին` ստանալով հիշեցում՝ «խստորեն պահպանել աշխատանքների իրականացման նախանշված ժամանակացույցը»: Դա պահպանելը Տիգրան Սարգսյանի համար կենաց-մահու խնդիր էր, ինչի համար էլ խորհրդակցությունները ստացան շաբաթական պարբերականություն:

Փետրվարի 21-ին Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան Հայաստան եկավ «առաջընթացի» առաջին ինսպեկցիայի նպատակով՝ «քննարկելու Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը»: Տիգրան Սարգսյանը «ինսպեկտորին» տեղեկացրեց միջոցառումների կատարման ամենշաբաթյա հսկողության մասին. «Ես հանձնարարել եմ աշխատանքային խմբերի ղեկավարներին ամփոփ հաշվետվություն ներկայացնել եւ առանձնացնել քննարկման ենթակա հարցերը: Այսօրվա հանդիպումը լավ առիթ է կենդանի երկխոսության միջոցով պարզաբանելու գոյություն ունեցող խնդիրները»: Ստեղծված 22 աշխատանքային խմբի ղեկավարներն էլ Վալովայային ըստ ոլորտների զեկուցեցին՝ ներկայացնելով «խնդրահարույց հարցերը»:  Հայտարարվեց, որ այդ օրվա դրությամբ «ընդհանուր առմամբ իրականացվել է «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների շուրջ 30 տոկոսը»: «Գոհունակություն հայտնելով համատեղ աշխատանքի արդյունքներից» Տատյանա Վալովայան նշեց, «որ այն ընթանում է սահմանված ժամանակացույցին համապատասխան» եւ բարձր գնահատեց «աշխատանքային խմբերում ներգրավված պաշտոնատար անձանց մասնագիտական բարձր պատրաստվածությունը»:

Նշված հանդիպմանն անդրադարձ կատարելն էական է այն առումով, որ օրեր անց Սոչիում կայանալու էր Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, իսկ վերջինս պետք է կանխավ լավագույնս տեղեկացված լիներ ինսպեկցիայի արդյունքների մասին եւ համարժեք արձագանքեր Երեւանի ակնկալիքներին: Ոչ պակաս կարեւոր էր, որ Տատյանա Վալովայան Տիգրան Սարգսյանին տեղեկացրեց , թե «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջանկյալ զեկույց է պատրաստելու «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքի վերաբերյալ, որը կքննարկվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում»: Այսինքն, այն ներկայացվելու էր մինչեւ Տրոյկայի մարտյան գագաթաժողովը, որտեղ պարզ կլիներ՝ Հայաստանի անդամակցություն տեղի ունենո՞ւմ է, թե՞ ոչ:

Իսկ Տիգրան Սարգսյանի ակնարկած «խնդրահարույց հարցերը» վերաբերում էին 400 ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացման վերաբերյալ Երեւանի՝ «լրացուցիչ օժանդակություն» կամ «անվտանգության բարձիկ» ստանալուն: Ոչ միայն այդ պահին, այլ նաեւ հետագայում Հայաստանի իշխանությունները չէին կարող ինքնասպանություն գործել եւ առաջ շարժվել «ճանապարհային քարտեզով», եթե երաշխիքներ չստանային թե' ՄՄ-ին արագ անդամակցելու, թե' «անցումային շրջանում» տնտեսության կատարյալ կոլապսը բացառելու կապակցությամբ:     

Մեդվեդեւը մերժում է. Утром деньги, вечером стулья

Փետրվարի 24-ին Տիգրան Սարգսյանը մեկնեց օլիմպիական Սոչի՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ աշխատանքային հանդիպում ունենալու եւ «խնդրահարույց հարցերը» քննարկելու: Վալովայայի ինսպեկցիայից քաջատեղյակ ՌԴ վարչապետը Տիգրան Սարգսյանին առաջարկել էր «անդրադառնալ ռուս-հայկական համագործակցությանը, դիտարկել, թե ինչպես են ընթանում աշխատանքները Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու, ինչպես նաեւ երկկողմ առեւտրաշրջանառության հետագա զարգացման ուղղությամբ»: Երկու երկրների «առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական եւ ենթակառուցվածքների բնագավառների համատեղ ծրագրերը» քննարկելիս Տիգրան Սարգսյանը հույս էր հայտնել, թե «առաջիկայում եւս այդ ներդրումները կշարունակվեն մեր երկրի տարբեր ոլորտներում»:

Իր հերթին «բարձր գնահատելով Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը», Մեդվեդեւը հասկացրել էր, որ «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջեւ տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանը», եւ որ «երկկողմ առեւտրաշրջանառության աճող ծավալների մակարդակը <...> կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալուց հետո»: Ասել է թե՝ նախ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, հետո նոր ներդրումների ավելացում: Ճիշտ եւ ճիշտ «12 աթոռ» հանրահայատ ստեղծագործության թեւավոր խոսքի նման՝ “Утром деньги, вечером стулья”:

Թերեւս, Հայաստանի համար զգայուն ապրանքատեսակների մաքսադրույքներին առնչվող տարբեր սխեմաների քննարկման վերաբերյալ ՀՀ կառավարությունը ոչինչ չհայտնեց իր հաղորդագրության մեջ: Եթե այն անգամ քննարկման առարկա եղել էլ է, ապա Ռուսաստանը միակողմանիորեն չէր կարող ոչինչ խոստանալ Երեւանին: Ղազախստանի ու Բելառուսի հետ Մաքսային նոր օրենսգրքի եւ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի քննարկումների դժվարին աշխատանքներում Մոսկվան անգամ Տրոյկայի իր գործընկերների հետ չէր կարողանում պայմանավորվածություններ ձեռքբերել իրենց տնտեսությունների համար զգայուն ապրանքատեսակների միասնական մաքսադրույք սահմանելու հարցում, էլ ուր մնաց Հայաստանի տնտեսության զգայունակությունների համար երաշխիքներ տային:

Սակայն «ճանապարհային քարտեզով» սահմանված միջոցառումների կապակցությամբ ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանը գոնե դրամաշնորհներ է խնդրել Մեդվեդեւից. «Քննարկվեցին նաեւ հարցեր, թե ինչպես Ռուսաստանը մեզ պետք է օժանդակի, որպեսզի «ճանապարհային քարտեզ»-ն ավելի արդյունավետ ներդրվի, որովհետեւ անհրաժեշտ են նաեւ գրանտային միջոցներ, որոնք տրամադրվելու են ենթակառուցվածքների ձեւավորմանը, տվյալների միասնական բազայի ստեղծմանը, ինչպես նաեւ, որպեսզի ունենանք միասնական ցանցեր: Այդտեղ մենք ակնկալում ենք մեր գործընկերների օժանդակությունը»: Թե ի՞նչ է պատասխանել Մեդվեդեւը Երեւանի այս խնդրանքին, նույնպես բացակայում է կառավարության մամլո հաղորդագրությունում: Թերեւս՝ մերժում:

Տիգրան Սարգսյանը ինչպես որ չէր կարող գոհ լինել ապագա ներդրումներին վերաբերող ոչ հուսադրող պատասխանից, նույնքան եւ դեկտեմբերի 25-ին Երեւանում խոստացված 500 մլն դոլար (մարտի վերջին Տիգրան Սարգսյանն արդեն խոսում էր 400 միլիոնից) ներդրումների ուշանալու կապակցությամբ. «Մենք լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների եւ իրենց ծրագրերի մասին: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները» :Փաստացի, Ռուսաստանը նաեւ չէր շտապում հայտարարված ներդրումները կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ինչը Երեւանին անհրաժեշտ էր առաջին եռամսյակում տնտեսության զարգացմանը խթան հաղորդելու եւ հաշվետվություն ներկայացնելու համար:

Ակնհայտ էր, որ Տիգրան Սարգսյանը Սոչիից Հայաստան է վերադառնում իր առջեւ դրված խնդիրները չլուծած եւ ձեռնունայն՝ առանց խոստացված ներդրումների վերաբերյալ հստակության, առանց մաքսադրույքների բարձրացման դեպքում վնասների փոխհատուցման համար «լրացուցիչ օժանդակության» եւ անվտանգության բարձիկի» երաշխիքի եւ առանց Մաքսային միությանը առաջիկայում անդամակցելու խոստման: 

Հատկանշական է, որ դա տեղի էր ունենում մի շրջանում, երբ Կիեւում մոլեգնող Մայդանին զուգընթաց Ռուսաստանը շարունակում էր Ուկրաինային գայթակղելու իր փորձերը՝  նրան տրանշների տեսքով խոստանալով 15 մլրդ դոլար, որից 1 մլրդը արդեն փոխանցել էր պետության սննկացումը կանխելու համար: Մինչդեռ ստացվում էր, որ Ռուսաստանը Հայաստանին Մաքսային միություն է մտցնում ձրի, առանց նրա տնտեսությանը պատճառվելիք վնասները փոխհատուցելու ու տնտեսական աճի երաշխիքներ ստեղծելու: Իսկ երկրի ներսում տնտեսական վիճակը ծայրահեղ անմխիթար էր. տնտեսական աճի որեւէ հույս ունենալ հնարավոր չէր, եթե դրսից մեծածավալ ներդրումներ կամ ֆինանսական օժանադակություն չլիներ: Այս առումով, թերեւս, միակ բանը, որ կարողացել էր Տիգրան Սարգսյանը տարեվերջին անել, մի շարք ռեֆորմներ իրականացնելու համար ԱՄՀ-ի 120-150 մլն դոլարի «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագիրն էր , ինչը ոչ միայն կոնկրետ թիրախավորված է, այլեւ բավարար չէ տնտեսական վիճակը փրկելու համար:

Այդ պահին նաեւ հստակ էր, որ առաջիկա օրերին Հայաստանը Մաքսային միության անդամ չի դառնում, ինչի ապացույցը դարձավ մարտի 4-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մաքսային եռյակի փոխվարչապետներից ու Եվրասիական տնտեսական հանձնաժոովի կոլեգայի նախագահից եւ նախարարներից զատ, մասնակցեց նաեւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչը: Բացի առանցքային խնդրից՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից, նիստի օրակարգային մյուս հարցն էլ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալն էր, որը սահմանափակվեց սոսկ քննարկումով: Արդյունքում, հարցը չընդգրկվեց հաջորդ օրը՝ մարտի 5-ին տեղի ունենալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի օրակարգում, քանի որ Հայաստանը 100 տոկոսով չէր կատարել իր պարտականությունները, ինչպես ժամանակին զգուշացրել էր Բելառուսի նախագահը: Տրոյկայի նիստում վերստին բուռն քննարկման առարկա դարձավ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հարցը, որտեղ երեք նախագահները որոշում կայացրին այն ավարտել մայիսի դրությամբ, ինչպես նաեւ՝ պարզապես քննարկեցին «ապագա միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը մշակելու հնարավորությունը»: 

Թերեւս չլուծելով իր առջեւ դրված եւ ոչ մի գլոբալ խնդիր, չհաղթահարելով իրեն տրված վերջին փորձաշրջանը` Տիգրան Սարգսյանին ոչինչ չէր մնում անել, քան իր վկայությամբ փետրվարի վերջին, իսկ Սերժ Սարգսյանի «ուղղումով»` մարտի 3-ին ներկայացնել հրաժարականի դիմում: Դժվար է ասել, թե այդ հրաժարականի մասին, բացի Սերժ Սարգսյանից, ուրիշ էլ ով էր տեղյակ: Բացառել չի կարելի, որ ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերում կամ դրանց հարող ազդեցիկ դերակատարների մեջ կային քաջատեղյակներ, քանի որ այս անգամ ընդդիմության՝ կառավարության հրաժարականը պահանջելու հարցում անպայման հաջողության հասնելու վստահությունը շատերի մոտ կասկածի տեղիք էր տալիս: Իսկ եթե նրանք անգամ ուղղակիորեն Սերժ Սարգսյանից չէին տեղեկացվել այդ մասին, ապա վերջին ամիսների գործընթացներին ու հնչած ելույթներին հետեւելը կարող էր երեւան հանել Տիգրան Սարգսյանի համար փետրվար-մարտ սահմանագծի կարեւոր լինելու հանգամանքը:  

Հետահայաց նկատելի է, որ ինչ-որ իմաստով իշխանության շահերից էր բխում անցնող ամիսներին կառավարության հրաժարականի շուրջ ընդդիմադիր ու ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան. իշխող ՀՀԿ-ը դա չէր էլ թաքցնում իր հրապարակային գնահատականներում: Որքան էլ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառները թաղված էին արտաքին ֆինանսական եւ ներքին սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու անկարողության մեջ, Սերժ Սարգսյանի համար նախընտրելի էր, որպեսզի արտաքին միջավայրին թվա, թե կառավարությունը փոխվում է ոչ թե Մաքսային/Եվրասիական միության հետ կապված անորոշությունների ու չլուծված մարտահրավերների պատճառով, այլ ներքաղաքական զարգացումների խորապատկերին: Այս առումով կառավարության պաշտոնանկության «հաղթանակը» մասամբ սեփականելը ընդդիմադիրների, այն էլ՝ Հայաստանի եվրասիականացման դեմ չընդվզողների կողմից շահեկան էր Սերժ Սարգսյանի համար: Դրա հետ մեկտեղ, նա Մաքսային միությանը միանալու իր փութաջանությամբ առավելություն էր ստանում Ռոբերտ Քոչարյանի համեմատությամբ, ով հորդորում էր չշտապել, նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համեմետությամբ, ով պնդում էր, որ Մաքսային միությունում արժանապատիվ ներկայանալու համար գործընթացը պետք է ընդհատել ֆորս-մաժորով՝ արտահերթ նախագահական ընտրություններով:

Իսկ Սերժ Սարգսյանի համար եթե մարտին չկար Հայաստանի միացումը Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին, բնականաբար չէին կարող սպասվել նաեւ ռուսական ներդրումները: Տրոյկայի մարտյան նիստից հետո Հայաստանը նաեւ չէր միանում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի բանակցություններին: Այդ պարագայում ռիսկային էր դառնում մինչեւ մայիս «ճանապարհային քարտեզի» հատկապես այն միջոցառումների կատարումը, որոնք ենթադրում էին Հայաստանի օրենսդրության մեջ փոփոխություններ մաքսադրույքների մեծացման տեսքով: Սերժ Սարգսյանի համար դա նշանակում էր ական տեղադրել սեփական իշխանության տակ, երբ զանգվածային գնաճի ու տնտեսական ինստիտուտների վերակազմավորման արդյունքում ուղղակի անհնար կլիներ ոչ միայն զսպել տնտեսական խոր անկումը, այլեւ հասարակական-քաղաքական դժգոհությունը, որին վստահաբար կմիանային գնաճից տուժած բոլոր տնտեսվարողները: Հետեւաբար, Սերժ Սարգսյանին այլեւս Տիգրան Սարգսյանը ոչ միայն պետք չէր որպես առաջադրանքը չկատարած վարչապետ, այլեւ նրան պետք չէր նաեւ «ճանապարհային քարտեզի» այն պարտավորությունների կատարումը, որոնք դրամատիկ ազդեցություն կունենային Հայաստանի տնտեսության վրա: Հետեւաբար, ապրիլ-մայիսի թայմաութը նրան պետք էր այդ եւ այլ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:

 

Շարունակելի

Հ.Գ. Ապրիլի 4-ին հանդիպելով Կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի հետ` Սերժ Սարգսյանն առաջադրեց վարչապետի թեկնածուին ներկայացվող պահանջները. «նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաեւ նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»:

Դժվար չէ նկատել, որ Սերժ Սարգսյանը վերստին դնում է այն խնդիրները, ինչ նա դրել էր Տիգրան Սարգսյանի առջեւ. բերել ներդրումներ բարեփոխումների ու տնտեսության զարգացման համար, ապահովել տնտեսական աճ, վերացնել ու լիցքաթափել կառավարության բարեփոխումների հանդեպ հասարակության՝ թշնամանքի հասած մթնոլորտը: Պատահական չէ, որ այդ հայտարարության հետքերով ԲՀԿ-ի լրատվամիջոցներում (հեռուստատեսությամբ եւ կայքերում) առավել հաճախ են ցուցադրվում կամ տեղադրվում տեսանյութեր, որտեղ խոսվում է ԲՀԿ առաջնորդի հանդեպ օտարեկրյա ներդրողների բարձր վստահության եւ նրա երաշխավորությամբ Հայաստանում ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին: Իր վերջին հարցազրույցում ԲՀԿ առաջնորդը խոսում է նաեւ քաղաքացիական շարժումների ու քաղաքական ուժերի հետ առաջիկայում ու մշտապես աշխատելու պատրաստակամության մասին: Թերեւս, ԲՀԿ-ը ամենալավն է հասկացել, թե ինչ պահանջներ է դրել Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնի հավակնորդների առջեւ: Սակայն, թվարկվածները տակավին վարչապետի թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են: Առավելագույն պահանջների մասին, որին ցանկանում է հասնել Սերժ Սարգսյանը, կխոսենք հաջորդիվ:   

  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter