HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Եթե իմ երեխան սոված է, պարզ է, չէ՞, որ կգնամ հաց կգողանամ»

Ժորա Օրդոյանը փետրվարից ընտանիքով աշխատել է իր 4000քմ ծիրանի այգում: Նախ հողն է փխրեցրել, հետո պարարտացրել է՝ հույս ունենալով, որ առատ բերք կստանա: Սակայն, մարտի վերջի ցրտահարությունից հետո կորցրել է հույսը: Նա հիմա էլ է այգի գնում, բայց արդեն` վնասները հաշվելու համար:

Արարատի մարզի Նարեկ գյուղում վնասները հաշվում են միլիոններով: 100 տոկոսով ցրտահարվել են ծիրանի, դեղձի, սալորի այգիները, խաղողի բերք եւս չեն ակնկալում: Նարեկցիները դեռ սպասում են, որ պաշտոնյաներ կգան իրենց գյուղ, խնդրի լուծում կառաջարկեն:

«Հիմա նկարում եք, լավ եք անում, որ սա կառավարությունը տեսավ, ի՞նչ պիտի անի: Մի անգամ էլ նման բան եղավ` սելավից տուժեցինք, պաշտոնյաները եկան, նայեցին, գնացին ու գնացին»,- կորացած մեջքն ուղղելով` ասում է Ժորան:

Ըստ նրա՝ բնական աղետների դեպքում կաառավարությունը պետք է առաջնահերթ գյուղացու մասին մտածի, բայց չի մտածում: «Մեր վնասները հատուցելու մեխանիզմ պիտի մշակեն: Չենք ասում 100 տոկոսով ու կոպեկ-կոպեկ հատուցեն, բայց այնպես անեն,  որ ես էլ չսկեմ, հացի կարոտ չմնամ: Կյանքից հետ ենք ընկնում, իհարկե՝ սոված չենք մնա, մի ուրիշ բան կցանենք, գոնե ուտելիք կունենանք, բայց սա հարցի լուծում չի»,- ավելացնում է Ժորա Օրդոյանը:

Ինչպես բոլոր գյուղերում, Նարեկում էլ գյուղացիական տնտեսությունները պահում են վարկերով: Վերջին տարիներին միայն Նարեկ գյուղում 3 ընտանիք է զրկվել սեփական տնից՝ վարկի մարումները ժամանակին չկատարելու համար:

Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանը մտավախություն ունի, որ այս տարի էլ, հնարավոր է, մի քանի ընտանիք զրկվի տնից, քանի որ ցրտահարությունից հետո վարկը մարելու միջոց գյուղացին չունի:

Բանկ-գյուղացի չլուծվող խնդիրը տագնապի մեջ է պահում նաեւ ցրտահարությունից տուժածներին:

«Բանկից վարկեր ենք վերցրել, գոնե չգան խեղդեն: Ես տոկոսներն եմ փակում, բայց մարդ կա մայր գումարն է փակում, ուտելու հաց չունեն այդ մարդիկ, որտեղի՞ց գումարը փակեն»,- նշում է Ժորա Օրդոյանը:

Նարեկի ավագանու անդամ Սմբատ Վարդանյանը, շարունակելով համագյուղացու խոսքը, նշեց, թե ցրտահարությունը հանգեցնելու է արտագաղթի մեծացման, ինչպես նաեւ` հանցագործությունների թվի աճին: «Եթե իմ երեխան սոված է, պարզ է, չէ՞, որ կգնամ Ժորայի տնից հաց կգողանամ, որ երեխաս ուտի: Բացի այդ, արտագաղթն է ավելանալու: Ձեզ պարզ ասեմ` 25 տարեկան տղա ունեմ, այս տարի ուզում էի ամուսնացնել, բայց այս վիճակից հետո տղաս փոշմանեց եւ ուզում է գնալ արտագնա աշխատանքի, որ կարողանանք այս ճգնաժամը հաղթահարել»,- ասում է Ս. Վարդանյանը:

Նրա խոսքով` գյուղացու միակ հույսը աշնան պոմիդորն է, սակայն ոռոգման ջրի խնդիր կա, եւ գյուղացին մի անգամ էլ այդ ժամանակ է վնաս կրում:

«Կառավարությանը խնդրանքով եմ դիմում, որ գոնե հաշվի առնեն ժողովրդի տանջանքը, բանկի գումարները սառեցնեն: Հողի հարկը զիջելով օգուտ չեն տալիս: Ճիշտ է, չեղածից էլի մի բան է, բայց ժողովուրդը գույություն պահելու խնդրի առաջ է կանգնած»,- ավելացրեց Սմբատ Վարդանյանը:

Մեկնաբանություններ (1)

ominac
Քաջ գիտէք որ հայաստանի պետութիւնը գողերը կ վառէն, Ամեն մարդ իր գլխուն ճարը պէտք է նայի, այս պետութեան վրայ յոյս դնելը ժամանակի կորուստ է, Միւս կողմէն, ազատ շուկայական պայմաններում, ի՞նչ պետութիւն․ Պէտք է գիւղացին իր դիրքը շուկային մէջ հաշուէ, վնասը գուշակէ, ատոր համեմատ ապահովութիւն գնէ, ժողովուրդին մէջ յաճախ պետութիւն հասկացութիւնը կօգտագործուի որպէս անճառ մարդու ապահովող կազմակերպութիւն․ Եւ որեւէ մէկ որ գիտէ այսօրուայ նախագահին, կաթողիկոսին կամ դատաւորին կեանքը, այս տեսակ սպասումներ երբեք չունենար․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter