HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավոր Կուբանյանը՝ «Նաիրիտի» գործի մասին. «Ինչ-որ շատ ենք ձգձգում էս նիստը»

«Նաիրիտ գործարանի» դեմ իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերության դատական նիստը այսօր կրկին հետաձգվեց: «Նաիրիտ գործարանի» ներկայացուցիչ Նելլի Թովմասյանը դատարանին հայտնեց, որ Իրանի հետ առնչվող հարաբերությունները կարգավորող ստորաբաժանումը ստուգել է ընկերության ներկայացրած փաստաթղթերը, սակայն դրանց վերաբերյալ դիրքորոշմում կարտահայտի դատաքննության ընթացքում: Իսկ մինչ այդ գործարանի ներկայացուցիչը նորից ժամանակ խնդրեց՝ Իրանի Իսլամական Հանրապետության պետռեգիստրին պաշտոնապես դիմելու և իրանական ընկերության վերաբերյալ որոշոակի տեղեկություններ ստանալու նպատակով:

SandbadTir INTL Transport Co.LTD ընկերության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վրեժ Խաչիկյանն էլ նշեց, որ շուտով ընկերության տնօրենը Հայաստան է ժամանելու և ներկայացնելու է գործին առնչվող այլ փաստաթղթեր, ըստ այդմ՝ խնդրեց նիստը նշանակել մապրիլի վերջին՝ այնպես, որ հասցնի այդ փաստաթղթերը ևս ներկայացնել դատարանին:

Դատավոր Արա Կուբանյանը հետաքրքրվեց, թե ինչ է տալու նոր տնօրենի՝ Հայաստան ժամանելը կամ ինչ հավելյալ փաստաթղղթեր նա պետք է ներկայացնի: Վ. Խաչիկյանը նշեց, որ ուզում է ներկայացնել նախկին տնօրենի հետ նամակագրությունը և այլ փաստաթղթեր: «Քանի որ 10 տարվա գործարք է, ինչ-որ պահանջում են, տնօրենը պետք է իր հետ բերի նախկին նամակագրության տվյալներից»,- իր միջնորդության վերաբերյալ «Հետքի» հետ զրույցում ասաց Վրեժ Խաչիկյանը:

«Ինչ-որ շատ ենք ձգձգում էս նիստը: Ես չհասկացա, վերջիվերջո, ոչ տնօրենն է գալիս, ոչ դուք եք պատրաստ, ոչ էլ դուք եք հարցում անում: Վերջիվերջո չե՞ք կարող ընդհանուր հայտարարի գալ, որ իմանանք ու ավարտենք էս նիստը»,- դիմեց դատավոր Արա Կուբանյանը կողմերին: Այնուհանդերձ,  հարգելով կողմերի միջնորդությունները, դատական նիստը հետաձգեց մինչև ապրիլի 26-ը:

Դատական նիստից հետո «Հետքի» հարցին, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել դիմել Իրանի պետռեգիստրին, Նելլի Թովմասյանը չցանկացավ բացատրություն տալ. «Ես լիազորված չեմ լրագրողների հարցերին պատասխանել»:

Ըստ փաստաբան Խաչիկյանին, գուցե պատճառն այն է, որ հայցվոր կողմի հասցեն փոխվել է և իրենք ներկայացրել են Արդյունաբերողների պալատի տեղեկանքը՝ նոր հասցեով, սակայն չեն ներկայացրել պետռեգիստրի վկայականը: Եվ քանի որ գործարանը նախկին հասցեով հարցում էր կատարել և այն հետ էր վերադարձել, ուզում են պաշտոնապես ճշտել: 

Հիշեցնենք, որ իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունը պահանջում է սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարանը», քանի որ, ըստ հայցվորի, «Նաիրիտ գործարանը» իրենց պարտք է շուրջ 27 հազար դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter