HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շամլուղում ջրի ծորակներից ցեխաջուր է հոսում

Շամլուղում վերջին շաբաթը ջրի ծորակներից ցեխաջուր է հոսում: Շամլուղցիները դժգոհում են ջրի որակից: Շամլուղի 10-րդ շենքի բնակիչ Անահիտ Ղորխմազյանը հայտնեց, որ մի շաբաթից ավելի է խմելու ջրի փոխարեն ցեխաջուր են ստանում: Նույն շենքի բնակիչ Արեւ Աբելյանը հայտնեց, որ խմելու եւ ճաշի համար ջուրը հարեւան գյուղերից են բերում: Անուշի բնակարանի լոգարանում սեւ ցեխաջուր էր լցված: Շամլուղի 9-րդ շենքի բնակչուհի Սեդա Բդոյանը նույնպես դժգոհեց ջրի վիճակից: Նույն շենքի բնակիչներից մի երիտասարդ ասաց, որ ծորակներից հոսող ցեխաջրի պատճառով խանութից են խմելու ջուր առնում:

«Քաղաքապետ ա, թե համայնքապետ ա, ինքն էլ ա էդ ջրից օգտվում, ի՞նչ ասենք իրան, կամ ի՞նչը պետք ա փոխվի, որ ասենք»,- ասաց շամլուղցի Վենուշը: «Մեր ջրի գործը լավ չի, շատ պղտոր ա, հետո էլ շատ բարակ ա գալի: Որ բողոքում ենք, ի՞նչ ա փոխվում: Քաղաքի վիճակն էլ էն ա տեսնում ես էլի, բրախած ա: Սադը մտիկ արա, բրախած խոզանոց ա,- ասաց շամլուղցի Ժորիկը: «Ջրի ծորակը բացում ենք, կոկա-կոլա է գալիս,- կատակեց Շամլուղի նախկին քաղաքապետ Սամվել Շախկյանը: Վերջինս նաեւ հավելեց, որ միշտ տարվա այս եղանակին շամլուղցիների ջրի ծորակներից ցեխաջուր է հոսել: Քաղաքի հրապարակում հավաքված տղամարդկանցից Վոլոդյա Թումանյանի կարծիքով մինչեւ մաքրման կայան չկառուցվի՝ Շամլուղի ջրամատակարարման խնդիրը չի լուծվի:

«Իրենք դրան էլ արժանի են, սկի ջրի վարձ չեն տալիս»-, ի պատասխան բնակիչների բողոքի, ասաց «Շամլուղջուր» ՍՊԸ-ի հաշվապահ Անուշ Շախկյանը: Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը աշխատավայրում չէր: Աշխատակազմի քարտուղար Սեդա Բարսեղյանը նույնպես հաստատեց, որ տարիներ շարունակ տարվա այս եղանակին Շամլուղում խմելու ջուրը միշտ էլ պղտոր է լինում: Ջրի մաքրման կայան կառուցելու մասին Ս. Բարսեղյանն ասաց, որ 2005 թվականից մաքրման կայանի կառուցման հարցը միշտ քննարկվել է:

Շամլուղի երեք ջրամբարները գտնվում են դպրոցի երկու շենքերից 150 մետր վերեւ` սարի լանջին: Ջրամբարը ցանցապատված էր, սակայն մուտքի դռան կողպեքը ձեւական էր: Անարգել մոտեցա ջրամբարներին: Երեք ջրամբարների վրա կողպեքներ չկային: Ջրամբարներից մեկում էր ցեխաջուր կուտակվում: Մյուս երկուսում ջրի հոսք չկար: Դպրոցի տնօրեն Հովհաննես Սոխակյանն ջրամբարների անվերահսկողության վերաբերյալ ասաց, որ մի ժամանակ ջրամբարներում պահակ կար, անկախությունից հետո դա էլ վերացվեց:

Քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը հեռախոսով մեզ հայտնեց, որ ձնհալի պատճատով է խմելու ջուրը դարձել ցեխաջուր: «Ամեն տարի մի 2-3 օր այդպես է լինում, ջուրն ինքնահոս է, գալիս է Լալվարի ստորոտից: Տեղում եղել եմ, վթարային վիճակ չկա»,- ասաց քաղաքապետը: Վերջինս չընդունեց շամլուղցիների ջրի մաքրման կայան կառուցելու գաղափարը:

Լենդրուշ Բեժանյանը 2002թ.-ից Շամլուղի քաղաքապետն է: Անցած 12 տարիներին նրան չի հաջողվել վերաբացել Շամլուղի մանկապարտեզը: Հովհաննես Սոխակյանն ասաց, որ այս պահին Շամլուղում 3-6 տարեկան շուրջ 60 երեխ կա: Դպրոցի տնօրենը կարծում է, որ դպրոցի երկու մասնաշենքերը վերանորոգելուց հետո կարելի է Շամլուղում բացել նախակրթարան:

Շամլուղը չունի մշակույթի տուն, գրադարան: Մանկապարտեզի եւ մշակույթի տան շենքերը «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի սեփականությունն են: Համայնքը գազիֆիկացված չէ, չունի ոռոգման ջուր, ներհամայնքային ճանապարհներն ու թաղամասերը լուսավորված չեն: «Կան թաղամասեր, որտեղ նույնիսկ երեկոյան վտանգավոր է դուրս գալ փողոց, այդտեղ կարող են հանդիպել թափառող շներ եւ վնասել մարդկանց»,- համայնքի զարգացման 2013-2016թթ.-ի քառամյա ծրագրում հայտնում է քաղաքապետ Լ. Բեժանյանը: Անբարեկարգ են նաեւ Շամլուղի մինչհամայնքային ճանապարհները, շենքերի բակերը, կենտրոնում գտնվող զբոսայգին ու հրապարակը: Քաղաքը չունի մարզադահլիճ եւ սպորտային հրապարակ: Համայնքի զարգացման 2013-2016թթ.-ի քառամյա ծրագրում նախատեսվել է վերանորոգել 15 կմ միջհամայնքային ճանապարհի 5 կմ-ը, Բենդիկ թաղամասի ակումբն ու գրադարանը, մանկապարտեզ կառուցել, լուսավորել քաղաքի փողոցները: 

Ծրագրավորված որեւէ աշխատանք Շամլուղում դեռեւս չի սկսվել, սակայն 2013թ.-ին ՀՀ կառավարության հրատապ ծրագրով վերանորոգվել են Շամլուղի բնակելի մի քանի շենքերի տանիքներ: Համայնքի 2014թ. բյուջեի եկամուտները կազմում է 15,9 մլն դրամ, որից 10 մլն դրամը քաղաքապետը հատկացրել է համայնքապետարանի վարչական ծախսերին: Դպրոցի տնօրեն Հովհանես Սոխակյանը դժգոհեց քաղաքի հոգսերի նկատմամբ շամլուղցիների անտարբերությունից: «Չեն բողոքում, մի տեսակ ճամպրուկային տրամադրություն է տիրում Շամլուղում»,- ասաց տնօրենը:

Մինչ շամլուղցիները դժգոհում են քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանի աշխատանքից, համայնքի ավագանիներ Արթուր Աղաբաբյանը, Սամվել Շադինյանը, Հարություն Ռեյզյանը եւ Հակոբ Քոչարյանը ավագանու 2013թ.-ի դեկտեմբերի 13-ի N25-Ա որոշմամբ, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար 2013թ.-ի բյուջեից նրան տրամադրել են դրամական պարգեւատրում` մեկ ամսվա աշխատավարձի չափով: Վերջինիս ամսական աշխատավարձը կազմում է 174,000 դրամ:

Ավագանիները քաղաքապետին պարգեւատրելու մասին որոշում կայացնելիս տեղյակ չեն եղել, որ ՏԻՄ օրենքի 16 հոդվածի 20-րդ կետը որեւէ առանչություն չունի համայնքի ղեկավարին պարգեւատրելու հետ: Այն սահմանում է համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության հանձնելու եւ օտարելու կարգը: «Էսքան դես-դեն վազելու հետ ավագանու կողմից ինձ պարգեւատրելը այդքան էլ տնաքանդություն չէ»,- իրեն պարգեւատրելու մասին ասաց Լենդրուշ Բեժանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter