Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Պոեմ՝ ժամանակի



Մտածում եմ էս քաղաքից թռնելու մասին

ու տեղումս քարանում եմ

մի, երկու, երեք… Մի ամբողջ կյանք:

հիմա քսանչորսում, քսանհինգում մեռնելը դժվար չի,

ապրելու մեջ էլ ոնց որ բան չկա:

Երեկ Չայկովսկուն տասը անգամ լսել եմ

ու տասն էլ նույն փողոցում՝

երկորդ հարկի պատուհանս բաց:

Ընթացքում հարազատս, ընկերս գրում է.

«Մտածածիցդ հեռու չես փախչի »…

Ասում եմ՝ հա, բայց վախենում եմ մտածել

«Ուրեմն շատ բան ընթացքի մեջ է»…

Ընթացքը հիմա վերացող բան է,

անտենայով հեռարձակվող երկու րոպեանոց ռեպորտաժ,

երկու հարյուրի չճշտված կորուստ,

աղոթք՝ Ծիծեռնակաբերդում,

ժամով՝ պատարագ,

հիվանդանոցի՝ պատուհանագոգին

ու մեկ էլ մերս՝ Մարիամ Աստվածածնում.

Միաժամանակ ծաղրելու բան է,

բայց ես լացում եմ:

Կամ ինքս էլ մի տեղ իրար հետեւից բառեր եմ շարում

ու աչքիս առաջ քաղաքի սարսափելի թաղումներն են՝

մարդաշատ, ոռնացող մի ալիքով

ու չմշակված, տնկված գերեզմանները:

Մտածում եմ էս քաղաքից թռնելու մասին

ու ինձ հանգստացնելու համար

ասում եմ՝ զիլ է, մի ժամով կարելի է դեռ

մտնել Կետիկնոց, կամ վերացող մի ուրիշ տեղ

կամ վերացած մի ուրիշ տեղ

ու ոչ թե պոեզիա փնտրելու համար,

ոչ թե քաղաք կուլ տալու համար,

այլ պարզապես,

որովհետեւ էս պարզության մեջ պարզապեսը

լուրջ կատեգորիա է,

լուրջ միտում

լրջացնելու տկարությունն ու դատարկությունը,

որով մինչեւ խորքը կոկորդիս

թաղված եմ քաղաքիս  հետ:

Էս զգացումները ինձ ցերեկները ստոր են թվում

ու որքան հնարավոր է ինձնով բնակեցնում եմ բոլորին՝

հորս, մորս, ընկերներիս,

ակցիաները՝ քաղաքական,

պողոտան,

պապիս,

լավ ու վատ ժամագործներին,

տաքսու լարված վարորդներին

ու ուզում եմ մաշվել,

որ ինձ տեսնելուց փախչելու տեղ ունենամ էս քաղաքից:

Վիրավորվում եմ բոլոր հնարավորներից

Ու անհնարներին էլ լարել իմ դեմ…

Հ.Գ.

Ասում եմ ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները պիտի կանխեն ձեզ

և ձեզնից առաջ մտնեն Աստծու արքայությունը.

որովհետև Հովհաննեսը եկավ

և ձեզ ցույց տվեց մի արդար կյանքի ճանապարհ,

բայց դուք չհավատացիք նրան,

իսկ մաքսավորներն ու պոռնիկները հավատացին:

Դուք նույնիսկ այդ բանը տեսնելուց հետո չզղջացիք ու չհավատացիք նրան:
Մատթեոսն ասում էր,

Եվ, այո, արքայությունն այդ երկրային է:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. George15:59 - 12 ապրիլի, 2014
(y) I like it,............carry on
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ