HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆերմերը ցրտահարությունից եւ այլ վտանգներից խուսափելը հնարավոր է համարում

Մեղրեցի Իշխան Ասլանյանի 8 հա այգին, ինչպես ինքն է ասում, գտնվում է ջրային խաչմերուկում. մի կողմից` Արաքսը, մյուս կողմերից` Մեղրու լիճն /Շամբ/ ու գետը, բնական պաշտպանիչ միջոցներ են այգին ցրտահարությունից պաշտպանելու համար: Հենց այս պատճառով մարտի ամսվա ցրտահարությունից այն գրեթե չի տուժել: «Ծիրանենիները վնասվել են 10-15%-ով, բայց որոշ միջոցառումների արդյունքում հնարավոր կլինի կրճատել այդ թիվը»,- ասում է Իշխանը:

Իշխանը կարծում է, որ օթերեւութաբանների նախազգուշացումների դեպքում ցրտահարության ազդեցությունը կարելի է մեղմել ընդամենը 2 աստիճանով: Ծխահարելով եւ միայն վտանգի օրերին ոռոգելու միջոցով հնարավոր չէ ցրտահարությունից խուսափել: «Մանավանդ գլոբալ տաքացման պայմաններում, գյուղատնտեսության ռիսկայնությունն ավելի է աճում: Ոչ միայն ցրտահարությանը, այլեւ երաշտին դիմագրավելու ամենաարդյունավետ միջոցն ագրոտեխնիկական բոլոր կանոնների պահպանումն է»,- նշում է ֆերմերը:

Նա ասում է, որ դեռեւս աշնանը այգու բոլոր ծառերի տակ բաժակափոր է արել, ծառերի բները սպիտակեցրել, այգին ոռոգել, որպեսզի հնարավորինս ծառերն ուշ ծաղկեն: Իշխանը կարեւորում է նաեւ ինֆորմացիոն աջակցությունը: «Ի՞նչ տարբերություն, բժիշկ թե՞այգեպան, հող մշակելը պետք է սովորել»: Այս առումով Իշխանը գնահատում է Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման հիմնադրամի /CARD/, Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի դերը, ովքեր խորհրդատվության, տեղեկատվական աջակցության, նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով աջակցում են ֆերմերներին` մեղմացնելու ցրտահարությունից տուժած այգիների վնասը, եկող տարվա բերքի երաշխքիներ ապահովելու համար:

Նրա կարծիքով` անիմաստ է բնական աղետների դեպքում կառավարությունից աջակցություն ակնկալելը, ասելով, թե այգին 80%-ով վնասվելու դեպքում որքան պիտի փոխհատուցեն, որ վերականգնվի վնասը: «Երբ մտածում ես, թե ինչ որ մեկը քեզ պիտի օգնի, նմանվում ես դասը չսովորած աշակերտի, ով հույսը դնում է հուշելու վրա: Դրանով գործին չես օգնի, նա, ով գյուղատնտեսությամբ է զբաղվում, պիտի պատրաստ լինի ռիսկերը դիմագրավելուն»,- համոզված է Իշխանը:

Մեղրեցի ֆերմեր Ալիկ Հովհաննիսյանը նշում է, որ ցրտահարության պատճառով իր տնտեսությունը մոտ 30 հազար ԱՄՆ դոլարի վնաս է կրել, այգու 1100 ծիրանենին ցրտահարվել է: «Ցրտահարության մասին օթերեւութաբանների եւ գյուղնախարարության զգուշացումները լսելուց հետո իմ այգում 83 տեղ կրակ եմ վառել, փորձելով ծխահարելու միջոցով վնասը մեղմել, բայց անարդյունք»,- ասում է Ա. Հովհաննիսյանը, ով նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետն է: Նա նաեւ տեղեկացնում է, որ Մեղրիի Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր համայնքներում ցրտահարվել են ծիրանենիները, մասամբ վնասվել են արքայախնձորի ծառերը: Դեռեւս դեկտեմբերին ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով ցրտահարվել էին թզենիներն ու ձիթենիները: Մարտին Մեղրիում ցրտահարության թիրախ են դարձել նաեւ ընկուզենիները: Նախնական տվյալներով ցրտահարվել է մոտ 3 հա ընկուզենի:

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ մարտի վերջին ցրտահարությունները հիմնականում վնասել են Մեղրիի  այգիներն ու Կապանի տնամերձերի, ինչպես նաեւ Սիսիանի ցածրադիր գոտու կորիզավոր պտղատեսակների այգիները: «Առայժմ վնասի չափերը հստակ չեն նշվում, որովհետեւ փորձում ենք պարզել, թե համայնք առ համայնք, ըստ ֆերմերների, ինչպիսի՞ վնաս է պատճառել ցրտահարությունը, քանի որ դրանք անգամ նույն տարածաշրջանի տարբեր համայնքներում նույնը չեն»,- ասաց Սամվել Թանգյանը: Նրա խոսքով` նախնական տվյալներով ցրտահարությունից վնասվել է կորիզավորների մոտ 50-60%-ը:

Դժվար է ասել, թե վնասի շոշափելի հատուցում կլինի, քանի որ Սյունիքն ընդգրկված չէ այն մարզերի ցանկում, որոնց ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողների համար, Կառավարության որոշմամբ, նախատեսվել է տարբեր սերմացու ձեռք բերելու համար հատկացնել 85 մլն դրամ: Սամվել Թանգյանի խոսքով` Սյունիքի հացահատիկային մշակաբույսերի ցանքերը ցրտահարության պատճառով չեն տուժել: Մարզում շարունակվում է սերմերի, շուկայականից ցածր գնով դիզվառելիքի ներկրումը: Ընդհանուր հաշվով, մարզի համար նախատեսված է 1500 տոննա դիզվառելիք, 200տ գարու, 60տ կորնգանի եւ 6տ առվույտի սերմ: Արդեն իրացվել է սերմացուի 55 %-ը, ինչպես նաեւ` 1 լիտրը 350 դրամով ֆերմերներին հատկացվել մոտ 1300 լիտր վառելիք:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ֆերմերների դժգոհությունները հիմնականում կապված են գարու սերմի բարձր գնի հետ, եւ այդ պատճառով Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը խոստացել է մասնակի փոխհատուցել: Եվ չնայած 2014թ. ապրիլի 10-ին ՀՀ կառավարության որոշմամբ գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման ծրագրով հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի, այնուամենայնիվ, ըստ վարչության պետի, մարզպետի կողմից համաֆինանսավորումը կապահովվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter