Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ի՞նչ էր անում հայկական EK-76592 ինքնաթիռը Դարֆուրի կոնֆլիկտային գոտում



Հայկական ավիացիայի վերջին հայտնի վթարի (Կոնգոյի Բրազավիլ քաղաքում կործանված EK-76300-ի դեպքը) մասին հետաքննության մեջ առիթ ունեցել ենք նշելու, որ այսօր հայաստանյան քաղաքացիական ավիաընկերությունները, հատկապես՝ բեռնափոխադրողները, բազմաթիվ մութ գործերում են ներքաշված: Նման գործարքները կատարվում են գլխավորապես Աֆրիկայի եւ Ասիայի «երրորդ աշխարհի» երկրներում, որտեղ ամեն ինչ որոշում է փողը: Ստորեւ ներկայացվող պատմությունը մեկն է այդ մութ գործերից, սակայն մյուսներից տարբերվում է նրանով, որ արժանացել է ՄԱԿ-ի փորձագետների ուշադրությանը եւ զեկույցին:

Հայկական ավիափոխադրողի անունը հայտնվել է Միջազգային քրեական դատարանի գործերից մեկում

2005-ի մարտի 29-ին, համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1591 բանաձեւի, ստեղծվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Սուդանի հարցով պատժամիջոցների հանձնաժողովը: Վերջինիս աշխատանքներին իր ուսումնասիրություններով աջակցում է փորձագետների հարթակը, որի ժամանակավոր նշանակվող անդամները պարբերաբար հանդես են գալիս զեկույցներով: Դրանց հիման վրա հանձնաժողովը կազմում է տարեկան զեկույցներ, նաեւ պատրաստում պատժամիջոցների ցանկ, ինչը հաստատվում է Անվտանգության խորհրդի կողմից:

2012-ի հունվարի 24-ին 3 փորձագետ՝ Կլաուդիո Գրամիցին (Claudio Gramizzi, Իտալիա, սպառազինության փորձագետ), Մայքլ Լյուիսը (Michael Lewis, Մեծ Բրիտանիա, ավիացայի փորձագետ) եւ Ժերոմ Տուբիանան (Jerome Tubiana, Ֆրանսիա, ռեգիոնալ փորձագետ), նամակ են հղել հանձնաժողովի նախագահին: Նրանք եղել են հարթակի անդամներ 2011-ի հունվար-փետրվարից, սակայն նույն տարվա օգոստոս-սեպտեմբերին ինքնակամ դուրս են եկել այնտեղից՝ խմբի ներսում ծագած տարաձայնությունների պատճառով: 6 հոգուց բաղկացած խմբի կեսը, այդ թվում՝ համակարգողը, վերոնշյալ երեքի փոխանցմամբ, դեմ են եղել համատեղ աշխատանքին՝ պնդելով, որ ամեն մեկը պետք է առանձին զբաղվի իր ոլորտով, այնինչ Գրամիցին, Լյուիսը եւ Տուբիանան արտահայտվել են ի օգուտ համակարգված աշխատանքի, այդ թվում՝ հավաքած փաստերի փոխանակման:

2012-ի հունվարի 24-ին Սուդանի հարցով հանձնաժողովի նախագահին իր աշխատանքները ներկայացրել է նաեւ փորձագետների հարթակը: Սակայն վերջինիս պաշտոնական զեկույցում խոսք չկա հայկական ավիափոխադրողների մասին: Իսկ ահա պաշտոնաթող անդամների ոչ պաշտոնական նամակն այսօր հասանելի է Միջազգային քրեական դատարանի կայքում՝ Դարֆուրին առնչվող գործերից մեկին կից:   

Հավելենք, որ նախկին անդամների զեկույց-նամակում տեղ գտած փաստերը հիմնված են հարցազրույցների, ականատեսների վկայությունների, սեփական գաղտնի աղբյուրների տրամադրած տեղեկությունների վրա:

Դարֆուրի կոնֆլիկտը

Հայկական ավիացիայի այս մութ պատմությունը կապված է Դարֆուրի կոնֆլիկտի հետ: Սուդանի արեւմտյան մասի այս տարածաշրջանը, ըստ «Վիքիպեդիա» հանրագիտարանի, 13-րդ դարից բնակեցված է եղել սեւամորթ աֆրիկացիներով եւ արաբական ցեղերով: Չնայած այս երկու կողմերն էլ իսլամադավան են, սակայն մշտապես մարտնչել են հողային եւ ջրային սակավ ռեսուրսների համար: 20-րդ դարավերջին անապատի ընդլայման պատճառով բնական ռեսուրսներն ավելի նվազեցին, ինչը քոչվոր արաբներին ստիպեց գաղթել հարավ՝ հողագործ սեւամորթների տարածքներ, ինչն էլ հանգեցրեց նոր կոնֆլիկտի: Իսկ երբ Դարֆուրում նավթի պաշարներ հայտնաբերվեցին, առճակատումը լայն թափ ստացավ: Դրա մի կողմում Սուդանի կառավարությունն ու զինված ուժերն են պրոիշխանական «Ջանջավիդ» միավորման հետ, մյուսում՝ Դարֆուրի ապստամբ խմբավորումները: 2003-ին բռնկված կոնֆլիկտը մինչ օրս չի լուծվել, դրա ընթացքում, ըստ ՄԱԿ-ի, զոհվել է շուրջ 300.000 մարդ, չնայած Սուդանի իշխանությունները խոսում են միայն մի քանի հազարի մասին: Կառավարական ուժերի եւ «Ջանջավիդի» գործողությունները միջազգային հանրությունը որակել է իբրեւ ցեղասպանություն: Այսօր Դարֆուրում միացյալ խաղաղապահ առաքելություն են իրականացնում ՄԱԿ-ը եւ Աֆրիկյան միությունը: Դարֆուր ռեգիոնը ներկայում բաժանված է 5 նահանգի. Հյուսիսային, Հարավային, Արեւելյան, Արեւմտյան, Կենտրոնական Դարֆուր, որոնք միավորված են Դարֆուրի ժամանակավոր կառավարությամբ:  

Հայկական ինքնաթիռը՝ սուդանական օդուժի ազդականչով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1591 (2005 թ.) բանաձեւով Դարֆուրում սպառազինության էմբարգո եւ գրոհային ռազմական թռիչքների արգելանք է դրել: Սակայն վերոնշյալ 3 փորձագետները հայտարարել են, որ ՄԱԿ-ի սանկցիան խախտվել է: «Թե ուղղակի դիտարկումը, թե հարթակի անդամների ձեռք բերած թռիչքային արձանագրությունները ցույց են տալիս, որ Դարֆուրում հարթակի ներկայության ժամանակ Սուդանի ռազմաօդային ուժերը շարունակել են կանոնավոր թռիչքները «Իլյուշին-76», «Անտոնով-26» եւ «Անտոնով-32» բեռնատար ինքնաթիռներով Խարթումի եւ Դարֆուրի միջեւ, ինչպես նաեւ հենց Դարֆուրի ներսում: Ստորեւ ներկայացվող աղյուսակը ցույց է տալիս ընդամենը 2011-ի ապրիլ-հունիս հատվածի թռիչքները, որոնք հարթակի անդամները կարողացել են ստուգել փաստաթղթային արձանագրություններով: Սա ցույց է տալիս տրանսպորտային ինքնաթիռներով ռազմական թռիչքների ընդհանուր թվի միայն մի փոքր մասը, այն էլ այս կարճ ժամանակահատվածում»,- իրենց զեկույցում գրել են նախկին փորձագետները:

Հեղինակները շեշտել են, որ այնպես չէ, թե դեպի Դարֆուր կամ դրա ներսում ռազմական թռիչքները անպայման խախտում են ՄԱԿ-ի ԱԽ-ի 1556 (2004 թ.) եւ 1591 (2005 թ.) բանաձեւերով հաստատված էմբարգոները: Սակայն փորձագետների հավաքած տվյալները նրանց թույլ են տվել եզրահանգել, որ հենց այդպես էլ կա:

Ոչ պաշտոնական զեկույցի հեղինակները նշել են, որ հարթակի նախկին փորձագետները նույնպես անդրադարձել են այն խնդրին, ըստ որի՝ մասնավոր ավիաընկերությունները եւ քաղաքացիական գրանցումով ինքնաթիռները սպառազինություն եւ արգելված բեռ են տեղափոխում Դարֆուր: Սակայն միայն երկու դեպք է արձանագրվել, երբ փոխադրողները եղել են ոչ սուդանական գրանցումով (առաջինը՝ Բուրկինա Ֆասոյի XT-FCB գրանցումով «Իլ-76ՏԴ»-ն, որը, ըստ փաստաթղթերի, շահագործվել է սուդանական «Azza Transport» ընկերության կողմից, երկրորդը՝ ՀՀ-ի EK-76705 համարով «Իլ-76ՏԴ»-ն, որը գնվել էր սուդանական «Trans Aticco»-ի կողմից եւ լիզինգով տրվել էր «Azza Transport»-ին, սակայն ժամանակավորապես գործում էր հայկական գրանցման համարով, մինչեւ ստացել է սուդանական ST-ATH համարը): EK-76705 համարը ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը 2006-ի սեպտեմբերին տվել էր «Ուրարտու-Էյր» ՍՊԸ-ին, սակայն նույն տարվա նոյեմբերին սեփականատիրոջ (Արթուր Իսրայելյան) հայտի հիման վրա համարն ապագրանցվել է:   

ST-ATH գրանցումով (Almajara Aviation) նախկին հայկական ինքնաթիռն այժմ կանգնած է Կրիվոյ Ռոգի օդանավակայանում 

Ինչպես երեւում է աղյուսակում, մայրաքաղաք Խարթումից Դարֆուր թռիչքներ է կատարել EK-76592 հայաստանյան գրանցման համարով ինքնաթիռը: Փորձագետների փոխանցմամբ՝ 2011-ի ապրիլի 5-ից մինչեւ հունիսի 10-ը այս «Իլ-76ՏԴ»-ն առնվազն 17 անգամ թռել է կոնֆլիկտի գոտի: Նկատենք նաեւ, որ ցուցակի բոլոր ինքնաթիռներն էլ կրել են Սուդանի ռազմաօդային ուժերի «Գադիր» («Gadir») ազդականչը (հայկական ինքնաթիռը՝ «Գադիր 101»), այսինքն՝ շահագործվել են այս երկրի զինված ուժերի համար:   

EK-76592-ին դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ նշենք, որ Սուդանի օդուժի համար կիրառվել են ՀՀ գրանցումով այլ օդանավեր եւս: Մասնավորապես, Բրազավիլում կործանված EK-76300-ը («Իլ-76Տ», պատկանում էր հայկական «Ռիջ Էյրվեյս»-ին, շահագործվում «Էյր Հայնեսսես»-ի կողմից) 2010-ի հուլիսից մինչեւ 2011-ի հուլիս լիզինգով տրվել էր Սուդանի ՌՕՈւ-ին, սակայն թե անձնակազմը, թե տեխնիկական սպասարկումը, թե ապահովագրությունը, ըստ «wet-lease» վարձակալման տարբերակի, եղել են հայկական կողմի պատասխանատվության ներքո: 

EK-76592 համարով ինքնաթիռը

Ըստ aerotransport.org տեղեկատվական բազայի՝ այս «Իլ-76ՏԴ»-ն պատրաստվել է 1988-ի փետրվարին Տաշքենդի գործարանում (գործարանային համարը՝ 0083483502): Այն կառուցվել էր որպես այլ մոդել՝ «Իլ-76ՄԴ» («Իլ-76»-երը նախագծվել են իբրեւ ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, ՄԴ-ն (модернизированный дальний) դրա արդիականացված տարբերակներից մեկն է): Օդանավն ամենասկզբում կրել է CCCP-76778 համարը, գրանցված է եղել «Աէրոֆլոտի» հաշվեկշռում, սակայն շահագործվել է ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի կողմից մինչեւ 1993-ի ապրիլ: Այդ ընթացքում օդանավը լիզինգով մի որոշ ժամանակով տրվել է հարավաֆրիկյան «South African Airways» ընկերությանը: 1993-1995 թթ. ինքնաթիռի տերը ուկրաինական «ANTAU»-ն էր (UR-76778): Սրա օրոք էլ հարավաֆրիկացիները վարձակալել են այն: 1995-ի հունիսին «Իլ-76ՄԴ»-ն փոխանցվել է «Air Ukraine»-ին՝ նույն համարով, սակայն շահագործվել է վերջինիս հիմնադրած «Lviv Airlines»-ի կողմից: 1995-ի օգոստոսին արդեն անցել է լվովյան ընկերության հաշվեկշիռ, որում մնացել է մինչեւ 2009 թ.: Այդ ընթացքում էլ՝ 2006-07 թթ., ինքնաթիռը ձեւափոխվել է «Իլ-76ՏԴ»-ի (транспортный дальний, որը ՄԴ-ի քաղաքացիական տարբերակն է):

UR-76778-ը՝ Լվովում. 11.05.2007

2009-ի մայիսին «Իլ-76ՏԴ»-ն արդեն Հայաստանում էր: Այն այլեւս պատկանում էր հայկական «South Airlines» ընկերությանը՝ EK-76737 համարով:

EK-76737-ը՝ Շարժայում. 19.11.2009

2010-ի հունվարի 20-ին ինքնաթիռը փոխանցվել է «Air Highnesses»-ին եւ ստացել EK-76502 համարը: Նույն տարվա մայիսի 7-ին օդանավն անցել է նույնպես հայկական «V-Berd Avia» ընկերությանը՝ իբրեւ EK-76592:

EK-76592-ը՝ Աֆղանստանի Կանդահար քաղաքում. 09.06.2010

Վերջինս մի որոշ հատված լիզինգով շահագործվել է տեղական «Easyfreight»-ի կողմից: 2011-ի օգոստոսին «Իլ-76ՏԴ»-ն արդեն «Skiva Air»-ի կազմում էր եւ կրում էր EK-76599 համարը:

EK-76599-ը՝ Շարժայում. 16.11.2011

Իսկ 2012-ի հունիսից, ըստ russianplanes.net-ի, ինքնաթիռը շահագործում է տաջիկական «Khatlon Air»-ը (EY-627):  

EY-627-ը՝ ԱՄԷ-ում. 19.06.2012     

Ո՞վ էր EK-76592-ի տերը

«V-Berd Avia» ՍՊԸ-ն, որի ինքնաթիռին քաղավիացիայի գլխավոր վարչությունը տվել է EK-76592 համարը, հիմնվել է 2006-ի հունվարի 16-ին՝ 50.000 դրամ կապիտալով: ՍՊԸ-ի միակ փայատերը մեկ այլ հայկական ընկերություն է՝ «South Airlines» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2000-ին):

2009-2010 թթ. հենց վերջինիս էր պատկանում այս ինքնաթիռը, երբ գրանցված էր EK-76737 համարով: 1,7 մլն դրամ կապիտալով «South Airlines»-ի տերերն էլ Ջանիկ (41,74 %), Դանուտե (29,13 %) եւ Կարինե (29,13 %) Սիմոնյաններն են: Առաջին երկուսն ամուսիններ են, Կարինեն էլ նրանց դուստրն է: Թե «V-Berd Avia»-ն, թե «South Airlines»-ը գրանցված են նրանց երեւանյան տան հասցեում: «V-Berd Avia»-ի տնօրենը 72-ամյա Ջանիկ Սիմոնյանն է, իսկ «South Airlines»-ինը՝ Բալահովիտի բնակիչ Սամվել Հարությունյանը:

Սիմոնյաններին է պատկանում նաեւ «Skiva Air» ՍՊԸ-ն, որը գրանցված է ընկերության նախկին տնօրեն Հարությունյանի տան հասցեում, իսկ ներկայիս տնօրենը Գեւորգ Վարդանյանն է: Այս պատմության հերոս «Իլ-76ՏԴ»-ն «V-Berd Avia»-ից 2011-ին փոխանցվել է հենց «Skiva Air»-ին (EK-76599): «Skiva Air»-ի (ստեղծվել է 2011-ին) կապիտալը նույնպես 50.000 դրամ է: Փայատերերը երկուսն են. Ջանիկի եղբայր Վանիկ Սիմոնյանի որդին՝ Վահրամը (49 %), եւ Լուսինե Խաչատրյանը (51 %): 33-ամյա Լուսինեն Ջանիկի եւ Վանիկի հորեղբոր որդու հարսն է, ապրում է Սիմոնյանների հայրենի գյուղում՝ Վահրամաբերդում (Շիրակի մարզ, այստեղ է ապրում նաեւ Վանիկ Սիմոնյանի ընտանիքը): Վահրամաբերդից էլ առաջացել է «V-Berd Avia»-ի անվանումը:

Շեշտենք, որ Սիմոնյանների 3 ընկերություններից այսօր ՔԱԳՎ-ի կողմից տրվող օդանավ շահագործողի վկայական ունեն «South Airlines»-ն ու «Skiva Air»-ը: Մյուս կողմից՝ բոլոր 3-ի համար բազա է ծառայում Շարժայի օդանավակայանը:     

Փորձագետներ Գրամիցին, Լյուիսը եւ Տուբիանան իրենց զեկույցում գրել են, որ հանդիպել են Շարժայում գործող «V-Berd Avia»-ի եւ դրա քույր կազմակերպություն «South Airlines»-ի տնօրենին: Խոսքը Վահրամ Սիմոնյանի մասին է: Այո, իրականում ավիացիոն այս ամբողջ բիզնեսը հենց Վահրամինն է: Նա նույն անունով ընկերություններ է բացել թե Հայաստանում, թե արտերկրում: ՀՀ-ում գրանցված «V-Berd Avia»-ն եւ «South Airlines»-ը, ըստ տրամաբանության, ստեղծվել են ՀՀ-ում շահագործողի վկայական ստանալու համար (սրա համար պետտուրք չի մուծվում Հայաստանում), իսկ իրական գործունեությունը ծավալում են դրսի նույնանուն ընկերությունները (2009-ին Վերահսկիչ պալատը ստուգել էր նույն «South Airlines»-ին. պարզվել էր, որ 2007-ին ՍՊԸ-ն շահագործել է 22 ինքնաթիռ, բայց պետբյուջե շահութահարկ չի մուծել, իսկ 2008-ին շահագործել է 20 ինքնաթիռ եւ մուծել ընդամենը 1.120.000 դրամ շահութահարկ: Նույն տարում ՔԱԳՎ-ում եւ մի շարք ավիաընկերություններում աղաղակող խախտումներ էր գտել նաեւ նախագահի վերահսկողական ծառայությունը):

Այսպես՝ 2006-ի հունվարի 16-ին Երեւանում «V-Berd Avia» անունով ընկերություն բացելուց եւ ծնողների ու քրոջ անունով գրանցելուց հետո Վահրամը փետրվարի 20-ին օֆշորային գոտի հանդիսացող Բրիտանական Վիրջինյան կղզիների մայրաքաղաք Ռոդ Թաունում իր անունով եւ 50.000 դոլար կապիտալով գրանցել է «V-Berd Avia» ընկերությունը, որի տնօրենը, գլխավոր կառավարիչն ու քարտուղարը հենց ինքն է: Նույն տարում Սիմոնյանը օֆշորային ընկերության նույնանուն մասնաճյուղ է բացել Շարժայի միջազգային օդանավակայանի ազատ գոտում, իրեն նշանակել մասնաճյուղի տնօրեն, գլխավոր կառավարիչ ու քարտուղար եւ լիազորել հանդես գալ ընկերության անունից: Բայց քանի որ թե կղզիներում, թե ԱՄԷ-ում օրենքների հետ առնչվելու խնդիր կա, նա օգտվում է տեղական միջնորդ ընկերությունների ծառայություններից (ԲՎԿ-ում՝ «Commonwealth Trust Limited», Ռոդ Թաուն, ԱՄԷ-ում՝ «Business Service Koncepts», Դուբայ):         

Վահրամ Սիմոնյան. զբաղված մարդը

50-ամյա Վ. Սիմոնյանը ծնվել է Հայաստանում: Ներկայում Ռուսաստանի քաղաքացի է, գրանցված է Կրասնոդարի Արմավիր քաղաքում (պետռեգիստրի տվյալներում սխալմամբ գրված է Հայաստան): ԱՄԷ-ի կացության թույլտվություն ունի: Ըստ «Հետքի» աղբյուրի՝ 2011-ի Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի թողտվությամբ Սիմոնյանը Ալբանիայից ինքնաթիռով զենք է տեղափոխել լիբիական Բենղազի, որը Քադաֆիի հակառակորդ ապստամբների ձեռքում էր՝ այդպիսով խախտելով ՄԱԿ-ի հայտարարած զենքի էմբարգոն: «Զբաղված մարդ է»,- կատակով ասում է մեր աղբյուրն ու հավելում, որ Սիմոնյանը նաեւ զենք է տեղափոխել Սոմալիի՝ ինքնավարություն հռչակած Պունտլենդ շրջան՝ կրկին խախտելով ՄԱԿ-ի էմբարգոն:  

Forumavia.ru ավիացիոն հարթակում Սիմոնյանից դժգոհողները բավականին շատ են: Նրա մոտ աշխատած օդաչուներն ասում են, որ գործատուն ուշացնում է աշխատավարձը մի քանի ամիս, երկար է աշխատեցնում, բայց վճարում է ավելի քիչ թռիչքային ժամերի դիմաց, ըմբոստներին սպառնում է թողնել առանց փողի, ինչը դժվար դրության մեջ է դնում օդաչուներին, քանի որ Աֆրիկայից հետ գնալը թանկ է, ըստ այդմ, օդաչուների խոսքերով, ստացվում է, որ գերի ես ընկնում: ԱՄԷ-ում գործող «South Airlines»-ի մասին ծավալված քննարկման մեջ օդաչուները գրել են. «Հարցրեք Աֆրիկայում աշխատած ցանկացածի, թե ով է Սիմոնյանը… Եվ կտեսնեք արձագանքը», «[Վահրամի մոտ] ամենացածր գներն են (թռիչքային ժամի, օրապահիկի, վայրէջքների համար, տնտեսումների դիմաց ընդհանրապես այլեւս չեն վճարում): Տուգանքների համակարգը գործում է անխափան: Առանց իմանալու գնում են [Վահրամի մոտ աշխատանքի] նրանք, ովքեր դեռ չեն ընկել այդ կեղտի մեջ: Գալով՝ պարզվում է, որ քաշվել ես: Այս բանի համար չեն վճարում, այն բանի համար կրկնակի քիչ են տալիս, տուն գնալը՝ քո հաշվին: Դուրս գցելիս հարեւաններից մեկուկես-երկու անգամ քիչ են աշխատավարձ տալիս: Վարաբերմունքը՝ ինչպես ստրուկների հանդեպ: Եկել ես 6 ամսով, աշխատեցնում են՝ 10, նորմալ է: Գործուղման վերջում աշխատավարձիդ սպասում ես մի, մեկուկես ամիս, առավել համբերատարներին հաջողվել է սպասել 3,5: Ադրենալի՞ն ես ցանկանում: Թռչել մետաղաջարդոնո՞վ: Մարտական գործողություններով ռեգիոնու՞մ: 50 աստիճան տաքության մե՞ջ, հանգած շարժիչներո՞վ: Մտքով, որ բախտդ կբերի, քեզ չեն հայհոյի ու տուն կուղարկեն փողո՞վ: Ուրեմն եկ այստեղ: Բարի գալուստ «South Airlines»»…

Վահրամ Վանիկի Սիմոնյանի ռուսական հին անձնագիրը՝ ԱՄԷ-ում կացության թույլտվությամբ

Սիմոնյանը պատասխանել է քննադատողներին. «Ավիաընկերության գոյության ողջ ընթացքում շատ «մասնագետների» ենք տեսել՝ ալկոհոլի եւ ոչինչ չանելու սիրահարների, որ վնաս են տվել օդանավի խափանումների ու վթարների տեսքով, գողության սիրահարների, որ թռցրել են վառելիք, տեխմասեր, վաճառել են ընկերության ունեցվածքը, անգամ «Jeppessen»-ի (ավիացիոն ձեռնարկ է- հեղ.) հատորներ են գողացել, փախել են աշխատատեղից ու հետո թաքնվել: «Մասնագետներ», որոնց հազիվ են ուշքի բերում ալկոհոլային թունավորումից առաջացած սրտխառնոցից, որոնք աշխատանքային կարգապահությունը խախտելու պատճառով հեռացվելուց հետո իրենց արդարացնելու համար ցեխ են շպրտում ինքնաթիռի տերերի վրա»: Վահրամին ի պատասխան՝ մի օդաչու էլ գրել է. «Հարգելի Վահրամ, հերիք է գլուխ արդուկեք: Բոլորին է հայտնի անձնակազմի հանդեպ Ձեր վերաբերմունքը: Դուք նստում եք զով գրասենյակում, իսկ մարդկանց ուղարկում եք այնպիսի տեղեր, որ փորձիր գոյատեւել՝ առանց որեւէ բանով ապահովվելու: Նույնը վերաբերում է նյութական մասին: Ահա եւ ի պատասխան ստանում եք թալանված, խափանված օդանավեր: Մարդ եղեք, ահա այս դեպքում խնդիրներն էլ քիչ կլինեն»:   

Ո՞վ էր Վահրամ Սիմոնյանի գործընկերը

Ինչպես արդեն նշեցինք, 3 նախկին փորձագետները զեկույցը պատրաստելու ժամանակ Շարժայում հանդիպել են Վահրամ Սիմոնյանին: Վերջինս հայտնել է, որ EK-76592-ը «wet-lease» տարբերակով վարձակալել է սուդանական «Azza Transport»-ը: Այնինչ, հետագայում Սիմոնյանի կողմից տրամադրված No. SA/AZ/KRT/2 պայմանագրում հստակ նշված է եղել, որ վարձակալը Սուդանի ՊՆ-ն է, տվողը՝ «V-Berd Avia»-ն: ՊՆ-ի կողմից փաստաթուղթը ստորագրել է բրիգադիր Դաֆալլա Խամիսը (Dafalla Khamis): Հետաքրքիր է, որ այս պաշտոնյայի բանկային հաշվից 2004-ին վճարում է կատարվել ռուսական մի ընկերության, որն «Azza Transport»-ին ավիացիոն տեխնիկա էր վաճառել: aerotransport.org բազայի տվյալներից երեւում է, որ այս ընկերությունը սերտ համագործակցության մեջ է Սուդանի ՊՆ-ի հետ, ինչը հատկապես արտահայտվում է զինված ուժերին ինքնաթիռ փոխանցելով: 

Փորձագետները նշել են, որ իրենց հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանն ասել է, թե միայն օդաչուներից է հեռախոսով բանավոր տեղեկացվել EK-76592-ի գործողությունների մասին, իսկ զրույցից հետո նա վարձակալից խնդրել եւ փորձագետներին է փոխանցել ստացած բեռնագրերը, որոնք եղել են մեկ այլ սուդանական ընկերության՝ «Attico Airlines»-ի (նախկին «Trans Attico») անունով: Նամակագրության ժամանակ Սիմոնյանն ասել է, թե վարձակալը պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, սակայն «Attico Airlines»-ի ներկայացուցիչները հերքել են, որ իրենք աշխատում են «Azza Transport»-ի հետ կամ նրա ենթավարձակալն են: Սիմոնյանի ներկայացրած բեռնագրերն էլ նույն անձինք համարել են կեղծ, չնայած որ «Attico Airlines»-ի նմուշը համապատասխանել է դրանց:

Թե «Azza Transport»-ը, թե «Attico Airlines»-ը 2010-ին 3 տարով մտցվել են ԵՄ-ի «սեւ ցուցակ», այսինքն՝ նրանց արգելվել է թռչել Եվրամիության տարածքում: Սակայն երկուսն էլ դադարեցրել են գործունեությունը 2013-ին: Ընդ որում՝ այսօր ԵՄ «սեւ ցուցակում» են սուդանական բոլոր ավիափոխադրողները:

Փորձագետներին արգելել են ստուգել EK-76592-ը

«V-Berd Avia»-ի եւ Սուդանի ՊՆ-ի միջեւ պայմանագիրը կնքվել է 2011-ի մարտի 22-ին, նախնական 2 ամսով, գործարքի գինը՝ 300.000 դոլար: Սիմոնյանի ընկերությունը պարտավորվել է ՊՆ-ին ապահովել ինքնաթիռով, 4-հոգանոց թռիչքային եւ 2-հոգանոց տեխնիկական անձնակազմով, որոնք պետք է բազավորվեին Խարթումում: Փորձագետները Սիմոնյանից հետագայում ստացել են նաեւ EK-76592-ի 15 թռիչքների բեռնագրեր, ըստ որոնց՝ բեռ ուղարկողն ու ստացողը եղել է ՊՆ-ն: Վերեւում արդեն նշել ենք, որ ինքնաթիռը կրել է «GAD101» («Gadir») ռազմական ազդականչը: Փորձագետներն անմիջականորեն չեն կարողացել ստուգել, թե ինչ բեռ է դա: Նրանք Խարթումի, Էլ Ֆաշերի (Հս. Դարֆուր) եւ Նյալայի (Հվ. Դարֆուր) օդանավակայաններում փորձել են մոտիկից տեսնել, թե արդյոք քաղաքացիական կամ ռազմական օդանավերը չեն խախտում ՄԱԿ-ի էմբարգոն, Սուդանի քաղավիացիայի ղեկավարությունը խոստացել է թույլտվություն տալ դրա համար, սակայն հետո անտեսել կամ մերժել է դիմում-խնդրանքները: Սուդանի կառավարությունն էլ արգելել է ստուգել որեւէ ռազմական ինքնաթիռ Էլ Ֆաշերում, Նյալայում կամ Էլ Գենեինայում (Արմ. Դարֆուր)՝ հիմք բերելով երկրի սուվերենությունն ու անվտանգությունը:

Ի՞նչ եւ ու՞մ էր տեղափոխում հայկական ինքնաթիռը Խարթումից Դարֆուր

Նյալայում ականատեսը պատմել է, որ EK-76592-ը բեռնել եւ բեռնաթափել է զինվորական անձնակազմը, իսկ դուրս են եկել թե մարդիկ, թե մեքենաներ: Վահրամ Սիմոնյանն էլ հավաստիացրել է, թե ինքնաթիռը Սուդանում աշխատելիս փոխադրել է ոչ թե ռազմական, այլ ընդհանուր բեռ:  Սիմոնյանի տրամադրած թղթերում իբրեւ բեռ նշված է եղել՝ «F[ood] staff» (սնունդ)՝ ամեն թռիչքի համար 35.000 կգ քաշով: Սեփականատիրոջ տրամադրած բեռնագրերից պարզ է դարձել նաեւ, որ մայիսի 5-ին ու հունիսի 10-ին նույնպես EK-76592-ը թռիչքներ է կատարել Խարթումից, սակայն ոչ թե դեպի Դարֆուր, այլ Հյուսիսային Կուրդուֆան նահանգի մայրաքաղաք Էլ Օբեիդ: Ըստ այդմ՝ ինքնաթիռը առաջին դեպքում տեղափոխել է սնունդ, երկրորդում՝ ինչպես նշված է եղել փաստաթղթում, ընդհանուր բեռ՝ կրկին 35.000-ական կգ քաշով: Սեփականատերը, սակայն, որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, թե մայիսի 4-ին եւ 12-ին Խարթումից Էլ Գենեինա, իսկ մայիսի 23-ին՝ անհայտ ուղղությամբ թռչելիս ինչ բեռ են տարել իր օդաչուները: Փորձագետները զեկույցում շեշտել են, որ «Իլ-76ՏԴ»-ի մաքսիմալ բեռնատարողությունը 50.000 կգ է, իսկ ներկայացված բեռը՝ 35.000 կգ, ասել է թե՝ օդանավը ամեն անգամ թռել է 15 տ-ի համար ազատ տեղո՞վ: Ավելին՝ գաղտնի աղբյուրից ստացած թռիչքային արձանագրությունները ցույց են տվել, որ մայիսի 4-ին, 9-ին եւ 12-ին EK-76592-ը Խարթում-Էլ Գենեինա-Խարթում չվերթների ժամանակ ընդհանուր 415 ուղեւոր է տեղափոխել: Իսկ ահա Սիմոնյանը նույն մայիսի 9-ի վերաբերյալ 35.000 կգ սննդային բեռի թուղթ էր տրամադրել միայն, երբ նույն օրը արձանագրվել է 160 հոգու տեղափոխություն: Հայտնի չէ՝ այդ 415-ը ռազմակա՞ն, թե՞ քաղաքացիական դեմքեր են եղել:     

EK-76592-ը՝ Խարթումի օդանավակայանում. 24.05.2011

Մասնագետների խոսքերով՝ սեփականատիրոջ նման անտեղյակությունը թույլ չի տալիս պնդել, թե չեն խախտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1556 (2004 թ.), 1591 (2005 թ.) եւ 1945 (2010 թ.) բանաձեւերը կամ նույն վարձակալման պայմանագիրը, որով, մասնավորապես, նախատեսվում էր, որ ինքնաթիռը չպիտի օգտագործվի «հակամարտության գոտիներում» (Դարֆուրը հենց այդպիսին է), չպիտի տեղափոխի «զենք, պայթուցիկ նյութեր եւ այլ վտանգավոր առարկաներ»:

Վահրամ Սիմոնյանը տեղափոխվել է Կոնգո

Հայաստանյան «South Airlines»-ի (հիշեցնենք՝ այս ընկերությունն է «V-Berd Avia» ՍՊԸ-ի միակ փայատերը, որի ինքնաթիռին ՔԱԳՎ-ն տվել է EK-76592 համարը) տնօրեն Սամվել Հարությունյանը չնայած չգիտեր այս պատմության մասին, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե հնարավոր չէր՝ Վահրամն իմանար, որ իր ինքնաթիռը կարող է զենք տեղափոխել, քանի որ պայմանագրում էլ դրա անթույլատրելիությունը ամրագրվում է: Նա նաեւ հայտնեց, որ 2012-ից այս կողմ հայկական գրանցումով օդանավերը խնդիր ունեն ԱՄԷ-ում եւ ստիպված շահագործվում են այլ երկրներում: «Հետքն» այս թեմային անդրադարձել է. 2012-ի հունվարից Արաբական Միացյալ Էմիրությունները արգելք էր դրել EK ազգային նիշով ինքնաթիռների մուտքի վրա: Արգելքը, սակայն, չէր տարածվում մարդատար չվերթների վրա, որոնք ժամանակին իրականացնում էր «Արմավիա»-ն: Դա նշանակում էր, որ հայաստանյան մյուս բոլոր տիպի ինքնաթիռները կարող էին անցնել ԱՄԷ-ի օդային տարածքով, սակայն վայրէջք կատարել այդ երկրում չէին կարող: Հայկականներից առաջ նման վերաբերմունքի էին արժանացել ղազախական, մոլդովական, տաջիկական օդանավերը: Ըստ էության, արաբները սկսել են չվստահել հայկական ինքնաթիռների անվտանգությանը (տեխնիկական վիճակ, ապահովագրություն եւ այլն):

2012-ի նոյեմբերի 20-ին Աբու Դաբիում ՀՀ եւ ԱՄԷ կառավարությունների միջեւ ստորագրվել է օդային հաղորդակցության համաձայնագիր, որը, սակայն, ըստ Ս. Հարությունյանի, որեւէ լուծում չի տվել խնդրին: Նա օրինակ է բերում նույն Սիմոնյանների բիզնեսը. Վահրամի ինքնաթիռների բազան չնայած Շարժան էր համարվում, այսօր դրանք ԱՄԷ-ում չեն աշխատում: Հարությունյանի ասելով՝ Սիմոնյանը վերջին շրջանում գտնվում է կամ Կոնգոյում (Կինշասա), որտեղ գրասենյակ ունի, կամ Ռուսաստանում: Հենց Աֆրիկայում էլ մեծամասամբ թռչում են օդանավերը, չնայած, «South Airlines»-ի տնօրենի փոխանցմամբ, ներկայում գործը քիչ է:  

Սիմոնյանի կոնգոլեզյան բջջային համարին պատասխանած ռուսախոս աշխատակցուհին նշեց, որ նա Աֆրիկայում չէ, սակայն չկարողացավ ասել, թե կոնկրետ որտեղ է, միաժամանակ խոստացավ Սիմոնյանին տեղյակ պահել մեր զանգի մասին:     

Առաջին լուսանկարում՝ EK-76592-ը՝ Խարթումի օդանավակայանում (24.05.2011, հեղ. Անդրեաս Ֆոտոպուլոս, russianplanes.net)


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. տաղանդ է!12:25 - 9 հունիսի, 2014
Ժամանակակից խաչագողեր են, մյուս կողմից` ժամանակն է ստիպում: Բա ի՜նչ աներ, իրենց գյուղում կարտոլ ցաներ?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ