HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եւ',..Եւ'», «Կա'մ,... Կա'մ», թե՞ «Ո'չ,... Ո'չ» -1

Քաղաքական ի՞նչ կուրս կսպասարկի նոր վարչապետը եւ ինչո՞ւ

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը 

Շարքի նախորդ մասն ավարտել էինք նրանով, որ մարտի 4-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի եւ մարտի 5-ին Մոսկվայում՝ Տրոյկայի գագաթաժողովում սոսկ բավարարվել էին Հայաստանի «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը եւ ապագա Եվրասիական միությանը «Հայաստանի միանալու պայմանագիրը մշակելու հնարավորությունը» քննարկելով: Մինչ այդ էլ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը արտահոսք էր թողել, որ Հայաստանի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացվելու, եւ խոսքը վերաբերելու է բացառապես վերը նշվածին: Այսպես` նշված հանդիպումներից բավական առաջ, երբ նույնիսկ պարզ չէր՝ Տրոյկայի գագաթաժողովը կկայանա մարտի 5-ի՞ն, թե՞ 11-ին (ղազախական կողմը խոսում էր մարտի 11-ի մասին), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայությունից «ЕВРАЗИС»­ պարբերականին հաղորդել էին. «գագաթաժողովի օրակարգում կլինի երկու առանցքային հարց. Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագծի վրա աշխատանքների ընթացքը եւ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզ») իրականացման ընթացքը»: Հենց այս փաստն ինքնին վկայում է, որ Երեւանը ավելի վաղ գիտեր սպասվելիքի մասին:

Երեւանի համար հաջորդ ապտակն այն էր, որ «ЕВРАЗИС»-ի նշված տեղեկատվությանը հղում կատարած «Казахстанская правда»-ն հայտնեց, թե Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթուղթը պլանավորված է ստորագրել 2014թ. մայիսից ոչ ուշ, որից հետո այն կփոխանցվի Տրոյկայի ազգային խորհրդարանների վավերացմանը: Սա էլ նշանակում էր, որ Հայաստանը նաեւ դուրս է թողնվում Եվրասիական միության շինարարությունից, եւ մայիսին տրոյկան քառյակ չի դառնալու: Այսինքն` Երեւանը մինչ այդ չէր տեսնի ո'չ Մոսկվայի ֆինանսական աջակցությունը, ո'չ էլ մեծածավալ ներդրումները: Արդյունքում, մարտի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց չմեկնել Մոսկվա՝ մասնակցելու Տրոյկայի նիստի ընդլայնված մասին, ինչպես որ դա արել էր հոկտեմբերի 24-ին եւ դեկտեմբերի 24-ին:

Իսկ մինչ այդ Երեւան-Բրյուսել հարաբերություններում ոչ միայն ճգնաժամեր էին արձանագրվում, այլեւ հնարավորության փոքր պատուհաններ բացվում Հայաստանի համար: Եւ Սերժ Սերժ Սարգսյանը ռուսական ուղղությամբ ձախողելուց հետո փորձեց հնարավորությունն օգտագործել գոնե Բրյուսելից ֆինանսավորման խոստում/հեռանկար ստանալու համար: Հետեւաբար, որքան էլ նա մարտի սկզբին կայացրել էր Տիգրան Սարգսյանի վերաբերյալ որոշումը, իսկ հրաժարականի դիմումն էլ գրված էր, նախկինում եվրաինտեգրատորի իմիջով վարչապետը դեռեւս իրեն պետք էր այդ մի հնարավորությունն էլ փորձարկելու համար: 

Սերժ Սարգսյանի «եւ',...եւ'»-ի հերթական ազդանշանը Բրյուսելին

Փետրվարի սկզբին, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը անշեղորեն եւ առանց ժամանակացույց խախտելու իրականացնում էր Մաքսային միություն մտնելու «Ճանապարհային քարտեզը», Բրյուսելում սկանդալ արձանագրվեց: Փետրվարի 6-ին ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը խայտառակ ընթացք եւ ավարտ ունեցավ: Եվրոպական խորհրդարանականների զգալի մասը անգամ չմնաց մինչեւ նիստի վերջը, չմասնակցեց իրենց անունից տրված ճաշին, նաեւ չընդունվեց ավանդական դարձած համատեղ հայտարարությունը:

Կայծակնային արագությամբ հանձնաժողովի հայաստանյան համանախագահ Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջում գրառում հայտնվեց, որտեղ նա մտահոգություն հայտնեց, թե «Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումները առնվազն եվրախորհրդարանականների մեծամասնության համար մնում են չհասկացված», ովքեր «կարծում են, որ դրա վերաբերյալ իրենց դժգոհության արտահայտման լավագույն միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առավել կոշտ, իրականում՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը որեւէ կերպ չնպաստող, եթե ոչ՝ ուղղակիորեն վնասող մոտեցումների կիրառումը»: Ապա Սամվել Ֆարմանյանը մանրամասնեց, որ համատեղ հայտարարություն չընդունելու «պատճառը ոչ թե Հայաստան-ԵՄ հարաբերությունների, տեղի ունեցածի կամ ապագա հեռանկարների վերաբերյալ երկու կողմերիս տեսակետները համադրելու ու թղթին հանձնելու անհնարինությունն էր, ինչը հեշտությամբ արվեց, այլ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Եվրախորհրդարանի մեր գործընկերների կողմից ներկայացված, ըստ էության՝ ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումները եւ խորհրդարանական նույն ձեւաչափով անցյալում (2012) ընդունված համանման փաստաթղթերի տրամաբանությունն ու բառապաշարը էապես շրջանցող, հակամարտության կողմերի միջեւ հավասարության նշան դնելու արատավոր սովորույթը շարունակող եւ որեւէ կերպ փաստացի չհիմնավորվող առաջարկությունները, ինչպես նաեւ՝ բանակցությունների միջոցով փոխընդունելի ձեւակերպումներ գտնելու մեր ցանկության մերժումը»:  Սամվել Ֆարմանյանի գրառման զգալի մասը հեռու էր իրականություն լինելուց:

Այն, որ Եվրոպական խորհրդարանում ամենեւին հիացած չեն երեքուկես տարի բանակցելուց հետո Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովի նախօրեին Հայաստանի արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձից, եւ որ միգուցե կցանկանային դա տարբեր ձեւերով հասկացնել տալ, միանգամայն հնարավոր է: Սակայն համատեղ հայտարարության տեքստը, որը Երեւանն ու Բրյուսելը փորձէլ էին նախօրոք համաձայնեցնել, եւ որի որոշ հատվածների մասին Ֆարմանյանը լռեց, մի փոքր այլ բան է ասում:

Եվրոպական կողմը բնօրինակ տեքստում պնդել էր, որ ԵՄ-ից դեպի ՄՄ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հարցը պետք է դառնա ընտրողների, քաղաքացիական հասարակության հետ խորհրդարանի քննարկման առարկա եւ իրավիճակը հասկացվի բոլոր շահառուների կողմից: Դրան առարկել էր հայկական կողմը` փոխարենը առաջարկելով ընդհանրական եւ լղոզված ձեւակերպում, թե քաղաքացիական հասարակության ու ընտրողների հետ երկխոսության առարկա պետք է լինի Հայաստանի ցանկացած ինքնիշխան որոշում/ընտրանք: Ապա եվրոպական կողմն առաջարկել էր հստակ կարգավիճակ տալ ԵՄ-ի հետ երեքուկես տարի բանակցված Ասոցացման/ԽՀԱԱՀ համաձայնագրերին` նշելով, թե դրանք նամակների ծանուցման տեսքով արդեն իսկ տեխնիկապես ավարտուն են, աուտենտիկ/վավերական եւ կարող են ապագայում օգտագործվել, երբ քաղաքական զարգացումները թույլ տան: Հայկական կողմը մերժել էր դա` առաջարկելով, որ բանակցությունների վերջնական արդյունքը կարող է ընդամենը օգտագործվել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր պայմանագրային բազա ստեղծելու համար: Եվրոպական կողմը նաեւ առաջարկել էր, թե այս պահին հավակնոտ Ասոցացման համաձայնագրի անգործածելիության պատճառով պետք է բանակցել դրա փափուկ տարբերակի՝ «Մեղմ ասոցացման համաձայնագրի» կամ «Գործընկերութան եւ Համագործակցության պայմանագիր գումարածի» շուրջ, քանի որ նախկինում իրագործված երկկողմ պայմանագիրը հնացած է: Երեւանը այստեղ էլ տեքստից դուրս էր հանել ասոցացում բառը պարունակող բոլոր ձեւակերպումները եւ պնդել, թե քանի որ Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը նախկինում լավ է իրականացվել, իսկ ԵՄ-ը ու Հայաստանը պատկանում են միեւնույն արժեքային համայնքին, հետեւաբար, ապագա պայմանագրային բազայի թարմացումը պետք է բխի այդ ընդհանուր արժեքներից: Եւ վերջինը` եվրոպական կողմը պահանջել էր, որպեսզի իր ասած նոր պայմանագրի (որին դեմ էր Երեւանը) շուրջ բանակցելու համար բոլոր շահառուները արագ եւ հստակ որոշակիացնեն այն բոլոր բնագավառները, որտեղ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը համատեղելի կլինի Մաքսային միությանը անդամակցելու հետ, եւ Երեւանը հստակ ասի, թե որ ոլորտներ ինքը «չի մտնի» Մաքսային/Եվրասիական միություններին անդամակցելիս: Հայկական կողմը պահանջել էր հանել նաեւ այս վերջին միտքը ու թողնել ՄՄ-ի ու ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների համատեղելիության ընդհանրական դրույթը: Այսքանից հետո հայկական կողմն առաջարկել էր ողջունել 2013թ. Հայաստանին տրամադրված հավելյալ ֆինանսական աջակցությունը, որը տրվել էր ԵՄ-ի եւ «Արեւելյան գործընկերության ինտեգրացում եւ համագործակցության» գործիքի հիմնարար արժեքների ներքո ՀՀ արձանագրած ժողովրդավարական անցման դիմաց, նաեւ ակնարկել էր այս տարի «ավելին ստանալ ավելիի դիմաց», քանի որ այժմ Եվրոպական Խորհրդարանի համաձայնությամբ Հայաստանը մասնակցելու է ԵՄ գործակալությունների ծրագրին: Այսինքն, այս անգամ էլ հայկական խորհրդարանականների միջոցով էր ԵՄ-ից ֆինանսավորում հայցվել: Եվրոպական կողմը չէր կարող ողջունել այդ ամենը, հատկապես երբ Երեւանը մերժում էր խաղի՝ իր համար ընդունելի կանոնները:

Թերեւս, այս ամենից հանրության ուշադրությունը շեղելու համար էլ հայկական պատվիրակությունը ահազանգ բարձրացրեց, թե եվրոպական կողմը չի ուզում հասկանալ եւ բավարարել Հայաստանի անվտանգության մտահոգությունները: Հայտարարության բնօրինակը, որ պատրաստել էր եվրոպական կողմը, ղարաբաղյան ու հայ-թուրքական խնդիրների մասով լավագույն դեպքում կարող էր համարել ընդհանրական կամ անատամ. ոչ մի թուրքամետ կամ ադրբեջանական ձեւակերպում այնտեղ չի եղել: Մինչդեռ հայկական կողմը առաջարկել էր խախտել այդ հարցերում Եվրոպայի ավանդական «հավասարակշիռ» դիրքորոշումը. այսպես՝ 100-ամյա տարելիցին ընդառաջ վերաթարմացնել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու Եվրոպական խորհրդարանի 1987թ. բանաձեւը՝ դա պարտադրելով նաեւ Թուրքիային, բացել տալ վերջինիս՝ միակողմանի փակած սահմանը, զորավիգ լինել Հայաստանը շրջափակումից հանելու բոլոր նախաձեռնություններին, Ադրբեջանին նախազգուշացնել դեպի Ստեփանակերտ թռչել պատրաստվող քաղաքացիական ինքնաթիռների դեմ ուժ կիրառելու անթույլատրելիության մասին եւ նպաստել օդանավակայանի բացման վեճի խաղաղ լուծմանը, դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի արյունալի խախտումները, հակամարտության խաղաղ կարգավորման համար տեքստում ամրագրել Հելսինկյան երեք հիմնարար սկզբունքները, Ադրբեջանից պահանջել ԼՂ վերջնական կարգավիճակը որոշելու իրավաբանորեն պարտադիր հանրաքվեի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը, մինչեւ ԼՂ կարգավիճակը ճանաչելը նրա քաղաքացիական հասարակությանը ներգրավել ԵՄ նախաձեռնություններում եւ այլն: Այդպիսով, տարօրինակ է, բայց պաշտոնական Երեւանը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը «չհասկացող» Բրյուսելից, այն էլ՝ հարաբերությունների այդ ճգնաժամային փուլում, պահանջել էր առավելագույնը, ինչը երբեք տեղ չի գտել նախորդած հայտարարություններում: Այս առումով Սամվել Ֆարմանյանի մատնանշածը, թե նոր տեքստը շրջանցում էր նախորդների եզրաբանությունը, բացարձակ հեռու էր իրականությունից:

Ի պատասխան Հայաստանի այսպիսի մաքսիմալիստական եւ նախապայմանային դիրքորոշումների` բրյուսելյան սկանդալի հենց հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին, ԵՄ ինքնությունը չբացահայտած պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանի միջոցով փոխանցեց, թե փետրվարի 6-ին պատրաստվել է «Եվրոպական փաթեթ», որը փետրվարի 10-ին ԵՄ խորհրդի նիստում կքննարկեն ու կհաստատեն ԵՄ արտգործնախարարները: Դրանով «առաջարկվում է բարձրացնել ներկայումս Բրյուսելի եւ Երեւանի հարաբերությունները կարգավորող Գործընկերության եւ համագործակցության պայմանագրի կարգավիճակը»: Հաստատված ու օրեր անց ոչ պաշտոնապես հրապարակված փաստաթուղթը կրում էր «Արեւելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո» անվանումը, որով առաջարկվեց «մշակել տարբերակված հայեցակարգԳործընկերության եւ համագործակցության համաձայնագիր+») ԱԳ ավելի քիչ հավակնոտ երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար»: Փաստաթղթի թափանցիկ ակնարկով ավելի շատ ֆինանսավորում (ինչն էլ հատկապես այդ շրջանում հետաքրքրում էր Սերժ Սարգսյանին) կարող է տրամադրվել «ԱԳ-ի առաջատար երկրներին` կիրառելով «ավելին` ավելիի դիմաց» հայեցակարգը` այդ թվում կարեւորելով ԵՄ-ի կողմից լրացուցիչ ֆինանսավորումը գոյություն ունեցող գործիքների եւ այժմյան երկարամյա ֆինանսական ծրագրի շրջանակներում»:

Բրյուսելյան սկանդալից հետո Երեւան ժամանած հայկական պատվիրակության ղեկավարը շտապեց փետրվարի 11-ին ասուլիսում հայտարարել, թե «կատարվածը ձեւակերպել որպես սկանդալ, ներկայացնել Հայաստան-ԵՄ հարաբերություններում որպես փակվող դուռ` շատ հեռու է իրականությունից: <...> Պատվիրակությունը եղել է միակարծիք, որ ՀՀ շահերը առավելագույնս պետք է պաշտպանվեն, մեր բանակցությունների ընթացքում այդպես էլ արվել է: <...> ՀՀ-ը կարեւոր նշանակություն է տալիս ԵՄ հետ համագործակցությանը, այդ համագործակցությունը պետք է հիմնված լինի համամարդկային արժեքների վրա, որոնք մենք կիսում ենք: Վստահ եմ, առաջիկայում կճշտվեն այն թիրախներն ու ուղղությունները, որոնցով կգնա այդ համագործակցությունը»:

Փետրվարի 18-ին ԵՄ ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակ Փիթեր Ստանոն «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնեց, թե «Հատկացումները (դրամական) դեռ հասանելի չեն, քանի որ հաստատման գործընթաց է գնում Հանձնաժողովի, Խորհրդի եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ: Անհրաժեշտ կլինի ԵՄ-ի որոշ օժանդակությունների չափերը վերանայել, քանի որ Ասոցացման համաձայնագրին վերաբերող աջակցությունը չի կարող նույնը լինել` Հայաստանի նոր պարտավորություններով պայմանավորված: Սա հարված կհասցնի նախորդ ծրագրերին, որոնք որոշված էին 2011-2013 թվականների ծրագրում եւ նույնիսկ շարունակվող ծրագրերին կամ իրականացվելիք ծրագրերին»: Այդպիսով, Բրյուսելը կպավ Երեւանի ցավոտ կետին եւ հստակ հասկացրեց, որ Հայաստան-ԵՄ ապագա պայմանագրի (եթե, իհարկե, բանակցվի ու հաստատվի) ավելի քիչ հավակնոտ լինելու պատճառով կվերանայվի նաեւ Երեւանի ֆինանավորման չափը: Դա հաստատել էր նաեւ Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլը:

Հիասթափված Հայաստանին եվրասիական ինտեգրացիոն որեւէ սխեմայում չընդգրկելու` Մաքսային եռյակի մարտի 5-ի որոշումից` Սերժ Սարգսյանը մարտի 6-ին մեկնեց Դուբլին՝ այնտեղ վերահաստատելով «ե'ւ,...ե'ւ»-ի քաղաքականությունը առաջ տանելու իր պատրաստակամությունը. «Ինչպես եւ նախկինում՝ գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձեւավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»: Առաջ շարժվելու համար նա Եվրոպայի ու ԵԺԿ առջեւ երեք խնդիր բարձրացրեց, որոնք գրեթե նույնությամբ կրկնում եւ ամփոփում էին փետրվարի 6-ին հայկական խորհրդարանական պատվիրակության առաջարկները. 1) «անել առավելագույնը» Ռուսաստանի հետ Արեւելյան գործընկերության, Ուկրաինայի շուրջ «լարվածության թուլացման եւ երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ», որպեսզի Հայաստանը չկանգնի կողմնորոշվելու հրամայականի առջեւ, 2) ձեռնամուխ լինել «դեռեւս իր լուծումը պահանջող մի կարեւոր խնդրի»՝ «Եվրոպական միության մաքսային միության անդամ  Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացմանը», որպեսզի «Հայաստանը լիարժեք օգտագործի 2013թ. դեկտեմբերին իրեն ընձեռված Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգի առավելությունները», միաժամանակ՝ «Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի սարսափը ոգեկոչելիս» չանտեսի ոչ միայն Թուրքիայի կողմից «ժխտողականության քաղաքականությունից հրաժարվելը», «Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը մոռացության մատնելը», «հայրենազրկված ժողովրդի պահանջը անտեսելը», «կատարվածի համար չապաշխարելը», այլեւ Հայաստանին եւ հայերին վնասելու ազգատյաց եւ այլատյաց արմատներ ունեցող քաղաքականությունը շարունակելը», 3) հայ-ադրբեջանական դիմակայության հարցով «չլռի, երբ տեսնում է անարդարություն, երբ լսում է կողմնապահ մտքեր, եւ հատկապես երբ ականատես է լինում այլատյացության դրսեւորման», «հիշի, դատապարտի եւ պահանջի», ու «չհանդուրժի ֆաշիզմի որեւէ դրսեւորում, չձեւացնի, որ չի լսում Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանի Նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն եւ թշնամանք է քարոզում»:

Նշված բոլոր հարցերում Եվրոպայից պահանջելով «շիտակ եւ ազնիվ լինել միմյանց հուզող հարցերում», Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքը «հանձնառու է շարունակելու իր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձեւավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության մյուս ձեւաչափերի հետ»: Սակայն, Եվրոպան չշտապեց արձագանքել Սերժ Սարգսյանի այս ուղերձներին: Ավելի ստույգ՝ դրանց պատասխանը նա տվել էր փետվարի 6-ին՝ հրաժարվելով Հայաստանի խորհրդարանի հետ ստորագրել գրեթե նույնաբովանդակ հայտարարություն, իսկ դրանից հետո էլ ԵՄ-ը հրապարակել էր իր առաջարկը եւ խաղի կանոնները, որին պատասխան չէր ստացել:  Սերժ Սարգսյանի դուբլինյան ուղերձը ամենեւին դրա պատասխանը չէր:

Բրյուսելը պաշտոնական Երեւանին մարտի վերջին մեկ անգամ էլ հրավիրեց՝ Հայաստանի հետ հարաբերություններում հստակություն մտցնելու համար: Թերեւս, այդտեղ էլ Տիգրան Սարգսյանը ձախողվեց առաջադրանքը կատարելիս, որը հարկադրված է կատարել նոր վարչապետը...

(Շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter