HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանության աճպարարությունը

Բագրատ Խաչատրյան 

 Սկիզբը 

Երկու տարի առաջ, ավելի ստույգ` 2012 թվականի մայիսի 8-ին, փոստատարը բերեց Ճանապարհային ոստիկանության կողմից ինձ ուղղված առաջին նամակը: Այդ ժամանակաշրջանում ես գործուղման էի,  բացակայում էի Երևանից, և նամակը հանձնվել էր կնոջս: Նամակի մեջ գտնվող վարչական տույժ նշանակելու մասին 23.04.2012թ. №1200041131 որոշմամբ հայտնվում էր, որ 2012 թվականի ապրիլի 17-ին Երևանի Խանջան/Սայաթ-Նովա խաչմերուկի հատվածում ինձ պատկանող տրանսպորտային միջոցը կանգառ է կատարել կանգառը արգելված վայրում և ներկայացված էր անհատական ծածկագիր (PIN CODE), որը կինս էլեկտրոնային փոստով փոխանցել էր ինձ:  Ուսումնասիրելով ծածկագրի տակ թաքնված նկարը (ինձ պատկանողը դեղին գույնի ՎԱԶ-2106 տրանսպորտային միջոցն է), այնուհետ բեռնելով տեսանյութը, փորձեցի հասկանալ, թե ի՞նչ իրավախախտում եմ կատարել, որ օրենքի ո՞ր դրույթն եմ խախտել:

Անդրադարձա ճանապարհային երթևեկության կանոններին, սակայն դա ոչնչով չօգնեց, քանի որ հնարավոր էին տարբեր վարկածներ: Կամաց-կամաց որոնումների շրջանակը փոքրացավ, արգելող նշանների կամ գծանշումների բացակայության դեպքում իմ պատկերացմամբ մնացին ընդամենը երկու տարբերակ:

Մի դեպքում իմ իրավախախտումը փորձեցի բացատրել կանգառը արգելող 84-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջով, այն է` կանգառը արգելվում է հետիոտնային անցումների վրա և մինչև 5 մ դրանցից առաջ. Մյուս դեպքում հակված էի մտածել, թե խախտել եմ նույն կետի 3-րդ ենթակետը, որը ձևակերպված էր հետևյալ կերպ` կանգառը արգելվում է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի միջև տարածությունը 3 մ պակաս է:  

Չեմ կարող ասել, թե իմ աչքերում  որ տարբերակն էր ավելի հավանական թվում, քանի որ երկուսն էլ ոչնչով հիմնավորված չէին: Առաջին դեպքում ինձ համար պարզ չէր տեսանյութում պատկերված իմ ավտոմեքենան իրականում կայանված է եղել հետիոտնային անցում գծանշանից ավելի քան 5 մետր առաջ թե ոչ, իսկ երկրորդ դեպքում տրամադրված նյութերում տեսանելի չէր երթևեկելի մասը գոտիների բաժանող հոծ գծի թե՛ առկայությունը ընդհանրապես, թե՛ նրա ավարտի վայրը:

Նկարից երևում է, որ առաջին և երկրորդ գոտիների միջև գտնվող բաժանարար գծի մաշվածության աստիճանը այնքան բարձր էր, որ վարորդները կարող են ուղղակի չնկատել այն, կամ ընկալել որպես ընդհատվող:

Այդպես էլ չգտնելով պատասխան, թե ինչ հիմքերով է ՏՄՀԽԱ կենտրոնի տեսուչ Արմեն Բաբայանը համարել այդ վայրը կանգառի համար արգելված, սակայն որպեսզի զերծ մնայի հետագա քաշքշուկներից, դեմ գնալով իմ  քաղացիական դիրքորոշմանը, նախընտրեցի զոհաբերել այդ 3000 դրամը և հանձնարարեցի կնոջս իմ անունից վճարել որոշմամբ նախատեսված տուգանքը:

Ավաղ, մեզ չհաջողվեց խուսափել հետագա բարդություններից, նույնիսկ կատարված նվիրատվությունը (այլ կերպ չեմ կարող անվանել անհիմն վճարված տուգանքի գումարը) չնպաստեց: Մոտ 2 տարի անց, 2014 թվականի հունվարի 23-ին փոստատարը կրկին ծեծեց մեր դուռը և հանձնեց ՀՀ վարչական դատարանի 26.04.2013թ. թիվ ՎԴ/28794/03/13 վճարման կարգադրությունը, որին կցված էր այդ նույն չարաբաստիկ որոշումն և նույն իրավախախտման համար առաջարկվում էր կատարել 15000 դրամ վճարելու պահանջը կամ ներկայացնել հակընդդեմ հայց: Քանի որ զոհաբերած 3000 դրամի անդորրագիրը պահպանվել էր, նախընտրեցի առաջարկության երկրորդ մասը և փորձեցի ի վերջո հասկանալ, թե ինչ իրավախախտման համար են ինձ մեղադրում:  

Որոշեցի սկսել տեղանքի ուսումնասիրությունից, որն ոչ միայն զարմացրեց, այլ ուղղակի ապշեցուցիչ էր ինձ համար: 


Պարզվեց, որ ենթադրվող կայանման վայրից մինչ հետիոտնային անցման գծանշանը 31 քայլ է: Ընդունելով, որ բարձրահասակ տղամարդու մեկ լիարժեք քայլի երկարությունը կազմում է առնվազն 70 սանտիմետր, այդ տարածությունը կարելի է համարել մոտ 22 մետր: Հենց սրանում է կայանում Ճանապարհային ոստիկանության աճպարարությունը, նայելով իրենց կողմից տրամադրված տեսանյութը անգամ հեռավոր չես կարող պատկերացնել, որ ինձ պատկանող տրանսպորտային միջոցի կայանման վայրի և հետիոտնային անցման գծանշման միջև տարածությունը մոտ 22 մետր է: 


Փորձեք ինքներդ համեմատել ներկայացված նկարները Ճանապարհային ոստիկանության որոշման մեջ տեղադրված նկարի հետ: Եթե անտեսենք գործի բարոյական կողմը, տեխնիկական տեսանկյունից իհարկե կա համապատասխան և լիարժեք բացատրություն` ՏՄՀԽԱ կենտրոնի տեսանկարահանման սարքերը բնականաբար զինված են փոփոխական ֆոկուսային երկարություն ունեցող ոսպնյակներով: Ֆոկուսային տարածության երկարացումը հնարավորություն է տալիս զգալի մոտեցնել նկարահանվող տեսարանը, օրինակ պետհամարանշի վրա կատարված գրառումները հստակեցնելու նպատակով: Սակայն դա չի նշանակում, որ այդ ռեժիմով կարելի է նկարահանել առօրյան, չէ՞ որ երկար ֆոկուսային տարածություն ունեցող օպտիկական սարքավորումները ոչ միայն նեղացնում են տեսադաշտի անկյունը, այլ նաև խեղաթյուրում են հեռանկարը, և ստացված պատկերներից հնարավոր չէ եզրակացնել, (կողմնորոշվել) թե տեսանկարահանման ուղղությամբ տեղակայված առարկաները իրականում մեկը մյուսից ինչ հեռավորության վրա են գտնվում:

Օրենսդիրը չի մանրամասնում, թե երթևեկության կանոնների խախտումները հայտնաբերելու նպատակով օգտագործվող տեսալուսանկարահանող սարքերը ո՞ր նորմերին պետք է համապատասխանեն, ի՞նչ տեխնիկական բնութագրերով օպտիկական համակարգեր է թույլատրվում կիրառել, ի՞նչ սահմանափակումներ են գործում նկարահանման եղանակի (ռեժիմի) վերաբերյալ, որքա՞ն առավելագույն և նվազագույն տարածություններից և ի՞նչ անկյան տակ է կարելի կատարել նկարահանումները: Այս ամենը կարգավորվում է ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, այն է` «Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում»:

Կատարված վերլուծությունը թույլ է տալիս միանշանակ պնդել, որ արարքի հատկանիշների հստակության մասին անգամ խոսք չի կարող լինել, քանի որ հիշատակված որոշմանը ամրագրված նկարից և տեսանյութից հնարավոր չէ որոշել նույնիսկ ավտոմեքենայի կայանման ստույգ վայրը:

Նույնը կարելի է ասել իրավախախտման հատկանիշների վերաբերյալ` ինձ ընդհանրապես հայտնի չէ, թե  ո՞ր օրենքի հետ են համեմատվել իմ արարքի հատկանիշները և կոնկրետ ո՞ր կետի դրույթներն են համարում խախտված: Այսինքն` ես առ այսօր չգիտեմ, թե ի՞նչ իրավախախտում են ինձ վերագրվում 23.04.2012թ. №1200041131 որոշմամբ, նման պարագայում «կասկած չի հարուցում» բառակապակցությունը ոչ մի կերպ չի ստացվում ընկալել:

 Չեմ կարող ասել` Ճանապարհային ոստիկանությունը խեղաթյուրող նկարահանումների քաղաքականությունը միտումնավոր է որդեգրել, թե դա պարզապես անիմացության արդյունք է, սակայն հստակ կարելի է հայտարարել, որ քաղաքացիներին ապակողմնորոշելը և նրանց նկատմամբ տեսողական խաբկանքների կիրառմամբ վարչական տույժեր նշանակելը վերին աստիճանի անպատվաբեր և ազնվազուրկ արարք է:

Հաշվի առնելով ներկայացված դիտարկումներս ակնհայտ անթույլատրելի եղանակով նկարահանումների վերաբերյալ  և այն փաստը, որ իմ համար այդպես էլ պարզ չէ, թե ինչ իրավախախտում եմ կատարել (իրականում կայանման վայրը գտնվում է անգամ երթևեկելի մասը բաժանատար գծերով ներկայումս գծանշված տարածքից դուրս), հիմք ընդունելով  ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԻ 68-րդ հոդվածի 2-րդ մասը և նկատի ունենալով ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 62-րդ հոդվածի 1-ին կետի դ) ենթակետը (այն է` Առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները, ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն…) 29.01.2014թ. հակընդդեմ հայցով դիմել եմ ՀՀ վարչական դատարան և խնդրել առ ոչինչ ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն ծառայության» կողմից կայացված 23.04.2012թ. №1200041131 որոշումը ինչպես նաև ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունից հօգուտ ինձ բռնագանձել 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, որպես անհիմն վճարված տուգանքի գումարի վերադարձ:

Հակընդդեմ հայցն ընդունվել է վարույթ, նախնական դատական նիստը նշանակվել է ս.թ. ապրիլի 18-ին: Արդյունքները և հետագա զարգացումը կներկայացնեմ այս հոդվածի մեկնաբանություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter