HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ դատախազին. «Այս պրոցեսը բարոյահոգեբանական խոշտանգում է»

Ռուբեն Ամատունի, «Կոշ» քրեակատարողական հիմնարկ

Իմ կողմից բարձրացվող այս հարցը ինքնանպատակ չէ: Վեց ամսից ավելի է՝ բարձրաձայնում եմ արդարադատության նախարարությանը պատկանող քրեակատարողական հիմնարկներում առկա մի շատ ցավոտ և դաժան խնդրի՝ վաղաժամկետ ազատման գործընթացի ոչ լիարժեք գործելու մասին: Ինչո՞ւ ոչ լիարժեք. իրենց պատիժը կրող և վաղաժամկետ ազատման ենթակա ու արժանի լինելը վարքով, աշխատանքով, կարգապահությամբ ապացուցած, տույժ, նախկին դատվածություն, հակում չունեցող, խրախուսանքների արժանցած դատապարտյալներին վաղաժամկետ չեն ազատում՝ անհիմն, աբսուրդ, հնարովի պատճառաբանություններով:

Ստեղծվել է շատ դաժան խտրականություն. ՀՀ Քրեական օրենսգրքի 104, 112, 113, 175,176, 178, 179, 215, 266, 268… հոդվածներով դատապարտված անձանց պահում են մինչև օրացույցային ազատում, նույնիսկ եթե տվյալ անձը ամբողջությամբ ուղղված է և արժանի է վաղաժամկետ ազատման: Շատերը վաղաժամկետ չազատվելու հետևանքով դառնում են չենթարկվող, կորցնում են հավատը օրենքի, արդարության նկատմամբ, ձեռք են բերում հոգեկան շեղումներ, դառնում նյարդային, դյուրագրգիռ և չարանում: Նրանք դառնում են անտարբեր օրենքի նկատմամբ:

Այս ամենն իր բացասական ազդեցությունն է ունենում նրանց ընտանիքների վրա, որոնք բաժանվում են: Շատ ծանր հոգեբանական հարված է 3 ամիսը մեկ, ըստ սահմանված կարգի, ներկայացվել վաղաժամկետ ազատման տվյալ բանտի վարչական հանձնաժողով և մերժվել. այս պրոցեսը բարոյահոգեբանական խոշտանգում է, այն համարժեք է ցեղասպանությանը:

Սա հակասահմանադրական արարք է, քանի որ օրենքով նախատեսված վաղաժամկետ ազատումը անտեսվում, խախտվում է և իրականցվում է հոդվածային խտրականություն:

Այսինքն՝ ինչքան էլ ուզում ես ուղղված եղիր, արժանացիր անթիվ խրախուսանքների, պատիժը կրիր օրենքի տառով, միևնույն է, եթե դատապարտված ես իմ կողմից վերը նշված հոդվածներից մեկով, որևէ աբսուրդային, հնարովի, անհեթեթ պատճառաբանությամբ մերժելու են:

 Վարչական հանձնաժողովի հավանությունը ստանում են այն դատապարտյալները, ովքեր դատապարտված չեն վերը նշված հոդվածներով: Իսկ հավանություն ստացածները պետք է ստանան նախագահի հրամանագրով գործող Անկախ հանձնաժողովի հավանությունը, ինչը շատ դժվար է թեկուզ շատ թեթև հոդվածով դատապարտվածի համար, քանի որ Անկախ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը տարբեր ուժային կառույցների և գերատեսչությունների ղեկավարներ են, ովքեր առաջնորդվում են զուտ իրենց սուբյեկտիվ կարծիքով և բացասական են տրամադրված դատապարտյալների նկատմամբ:

 Որպես վառ ապացույց՝ կատարում եմ մեջբերում Անկախ հանձնաժողովի անդամ, հոգեբան Ռուբեն Աղուզումցյան հարցազրույցից՝ ցուցադրված «Սուր անկյուն» հաղորդաշարով 02.03.2014թ. «Ես, նայելով դատապարտյալի աչքերին, որոշում եմ՝ ուղղված է նա, թե ոչ: Ցանկացած դատապարտյալի մի քանի անգամ մերժում ենք, որ կոփվի, ձգվի և տպավորություն չստեղծվի, որ հեշտությամբ ազատվեց»:

Բայց եթե դատապարտյալը ուղղված է, ինչու չեն ազատում, այլ իրենք էլ իրենց հերթին մի քանի անգամ մերժում են: Սա գլոբալ խնդիր է: Իմ մասին կարող եմ ասել, որ ինձ արդեն 3 անգամ(31.07.2013, 31.10.2013, 31.01.2014) մերժել են և, ինչպես հասկանում եմ, պատրաստվում են մերժել նաև 30.04.2014թ.:

Իրենց մերժման որոշման համար խեղաթյուրում են իմ անձին վերաբերող փաստերը և տվյալները՝ ինձ ներկայացնելով որպես վտանգավոր մարդու՝ մասնավորապես գրելով. «Խորամանկ է, ինքնամփոփ, նկատվում է ռիսկայնության աստիճանի բարձրացում, լիարժեք ուղղված չէ: Հաշվի առնելով կատարած հանցագործության բնույթը և վտանգավորության աստիճանը՝ գտնում եմ, որ պատժի մնացած մասը դեռևս կրելու կարիք ունի»: Խորամանկ են խելացի մարդիկ, բամբասանքո՞վ զբաղվեմ, որ ինքնամփոփ չլինեմ:

Նշեմ նաև, որ չունեմ տույժ, նախկին դատվածություն, հակում, քաղաքացիական հայց, արժանացել եմ 2 խրախուսանքի, վերջինը՝ «տրված հանձնարարությունները բարեխղճորեն կատարելու համար»: Հիմնադրել եմ «Կրթական ինքնագործ միավորում»-ը,  «Սպորտային ինքնագործ միավորման» անդամ եմ, ահռելի ծավալի աշխատանք եմ կատարում «Կոշ» ՔԿՀ-ի մշակութային իրավական և կրթական կյանքում, խնամքիս է գտնվում 2-րդ կարգի հաշմանդամ մայրս, ով գտնվում է ծանր առողջական վիճակում, սակայն, միևնույն է, ինձ վաղաժամկետ չեն ազատում, ինչը մեծ զարմանք է առաջացնում մյուս դատապարտյալների մոտ:

 Ես շատ անգամ եմ բարձրաձայնել այս անօրինությունների մասին, ինչը լուսաբանվել է «Հետք», «Առավոտ», «Երկիր», «168 ժամ», «Հրապարակ», «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Ժողովուրդ»,panorama.am, tert.am, shamshyan.com, lragir.am, news.am, asekose.am, aysor.am օրաթերթերով և կայքերով, «Սուր անկյուն» և «3-րդ իշխանություն» հաղորդաշարերով, սակայն ոչ մի արձագանք: Ես անհատականորեն դիմել եմ ՀՀ նախագահին, Ազգային ժողովին,Աարդարադատության նախարարին, Գլխավոր դատախազին, Ազգային անվտանգության խորհրդին, իրավապաշտպաններին, սակայն հոդվածային խտրականությունը, որն ուղեկցվում է դատապարտյալների իրավունքների ոտնահարմամբ և ՀՀ օրենքների խախտմամբ, շարունակում է թագավորել վաղաժամկետ ազատման գործընթացում:

 Ամեն ամիս վաղաժամկետ ազատման ներկայացվող 120 դատապարտյալից ազատվել հաջողվում է 4-5-ին: Լրացուցիչ նշեմ, որ բյուջեից 4000 ՀՀ դրամ է հատկացվում մեկ դատապարտյալին մեկ օր պահելու համար: Ներկայումս տիրող իրավիճակը ոչ մի կողմին ձեռնտու չէ:

 Ես տեղեկացվել եմ, որ Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը 04.03.2014թ. yerkir.am կայքով հրապարակված իմ նյութը ուղարկել է ՔԿՀ ծառայություն և Կոշ ՔԿՀ` այն քննարկելու և պատասխանելու համար: Սա իմ ահազանգերին ի պատասխան առաջին արձագանքն է այս 6 ամիսների ընթացքում: Ես դիմելով Ձեզ, պարոն Կոստանյան, հրապարակավ խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը, որպեսզի կատարվի քննություն և վերկանգնվի արդարությունը, քանի որ ինձ անարադարացի և անօրինական կերպով մերժել են 3 անգամ՝ խեղաթյուրելով իմ անձին վերաբերող տվյալները, հաշվի չառնելով իմ կողմից դրսևորվող և ցուցաբերվող դրական կողմերը: Հուսով եմ, որ ահազանգս կընդունվի, քննությունը կիրականացվի և կունենա դրական վերջաբան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter