HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսումնասիրություններ են սկսվել Շամլուղի փակ հանքում

«Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. Կորպորացիան» սկսել է հետազոտել ֆրանսիացիների կողմից նախկինում շահագործված Շամլուղի հին հանքերից մեկը: Հանքը  ֆրանսիացիներից հետո խորհրդային իշխանությունների կողմից շահագործվել է մինչև 1930 թվականը: «Այդ հանքի շահագործումը նախկինում դադարեցվել է հանքափորների կյանքին սպառնացող վտանգների պատճառով»,- հայտնեց  Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը:  Ըստ վերջինիս` հանքում պղնձի  պաշարներ են մնացել: Ապրլի 8-ին՝ մեր այցելության օրը, փակ հանքավայրի մուտքի առաջ թափված էին փտած փայտի ամրակապեր:

«Ներսում հանքափորներ են աշխատում: Այս հանքից դեռ հանքաքար չենք հանում, այն  նախապատրաստում ենք շահագործման համար: Ֆրանսիացիներից  ժառանգություն մնացած հանք է, հին փորվածք է,  շատ շուտվա: Փայտե հին ամրակապերը փոխարինում ենք նորերով, այնտեղ աշխատելու անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց ամրակապերի  մոտ կանգնած  տղամարդը:  Նա ներկայացավ  հանքի վերաբացման աշխատանքների պատասխանատու, բայց  հրաժարվեց  հայտնել իր ազգանունը:

«Ինչ պարտադիր է ազգանունս,- ասաց նա  և հավելեց,- ես էլ նոր մարդ եմ այստեղ:  Հիմա որ հանքում գնում ենք առաջ,  ուսումնասիրում ենք  հանքաքար կա, թե չկա, ֆրանսիացիները հանքաքար թողել են, թե չեն թողել:  Մեր հիմնական նպատակն է պարզել, թե ինչքան են թողել»:

Ախթալա- Շամլուղ միջհամայնքային ճանապարհաեզրերին  «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. կորպորացիան» տարիներ շարունակ թափում է Շամլուղի բաց հանքավայրի  ապարներն ու թափոնները: Դրանք հսկա լցակույտեր են, որոնք սելավների դեպքում կարող են  դառնալ վտանգավոր սողանքեր `աղետալի հետևանքներ ստեղծելով մինջհամայնքային ճանապարի և երթևեկող ավտոմեքենաների համար: Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ճանապարհի բարձրադիր լանջերին հանքային ապարների հսկա կուտակումները երբեք չեն հայտնվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրության կենտրոնում:

«Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. կորպորացիային» պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը տարիներ շարունակ  արտադրական թափոններով և բաց հանքի արտանետումներով աղտոտում է Շամլուղի շրջակա միջավայրը:  Խորհրդային տարիներից կոմբինտին ժառանգություն մնացած Շամլուղի մանկապարտեզի և մշակույթի տան շենքերը և այդպես էլ չեն տրամադրվում համայնքի օգտագործմանը:

«Համայնքի աղքատ բյուջեին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը  վճարում է մոտ 950 հազար դրամ հողի վարձակալության հարկ և 120 հազար դրամ գույքահարկ»,- ասում է  քաղաքապետ Լ. Բեժանյանը:  Վերջինս նաև հայտնում է , որ ԼՀԿ –ն իր ծանր փոխադրամիջոցներով  թեև վնասում է նաև  Շամլուղի ճանապարհները, սակայն դրանց հարկերը վճարում է միայն իր գրանցման վայրին ` Ախթալայի համայնքին: Շամլուղի համայնքի բյուջեն, ի տարբերություն Ախթալա համայնքի, չի ստանում նաև բնապահպանական սուբվենցիաներ:

Հիշեցնենք, որ  «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. Կորպորացիան»  «Ապառաժ» ՍՊԸ –ին ունեցած 1.2 մլն. դոլար պարտքի դիմաց  կառավարումը հանձնել է վերջինիս:  Ախթալայում և  Շամլուղում լուրեր են  շրջանառվում, որ  ԼՀԿ-ի  իրական սեփականատերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter