HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 ամիս կալանք՝ ընկերոջն օգնելու համար

Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված տղաների մասին հոդվածաշար պատրաստելու նպատակով «Հետքն» այս անգամ հյուրընկալվել էր 24-ամյա Սևակ Մնացականյանի տանը: Սևակի ծնողներն ինձ միանգամից ասացին, որ իրենց հետ ապրում է ծեր մայրը, և նրա  առողջությունը խնայելու համար արդեն 5 ամիս թաքցնում են, որ թոռը գտնվում է բանտում: Տատիկն, ով լսողական խնդիրներ ունի, գիտի, թե թոռը երգի-պարի խմբով մեկնել է համերգների: Ես էլ ստիպված նրան ներկայացա որպես Սևակի պարային խմբի նախկին անդամ և ոչ թե լրագրող: 

Սևակ Մնացականյանը ծնունդով Հրազդանից է, դպրոց է գնացել Քաղսիում, ձյուդոյի մարզաձևում դարձել է Երևանի գավաթակիր, մասնակցել տարբեր միջազգային մրցույթների: Ծնողներն ու եղբայրը՝ Մասիսը պատմեցին, որ Քաղսիից 5 կմ մենակ անցել է, որ հասնի ձյուդոյի պարապմունքին: Այն ժամանակ դեռ 10-12 տարեկան է եղել, բայց արդեն գծագրվել է նրա նպատակասլացությունը: «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի, նաև «Նախնյաց հետքերով» մշակութային կենտրոնի անդամ է: Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ու մագիստրատուրան ավարտել է կարմիր դիպլոմով: Մինչև ձերբակալությունն աշխատել է Երևանի թիվ 148 ավագ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ. «Որպես բարեխիղճ մանկավարժ՝ պատվոգիր է ստացել նախարարությունից, իսկ հիմա ուզում են պիտակավորել որպես խուլիգան: Այսինքն՝ ստացվում է՝ ինչպես ուզեն, կարող են պիտակավորել, սա ծիծաղելի է նույնիսկ»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Սևակի մայրը՝ Նորա Զաքևոսյանը: 

Սևակ Մնացականյանի ծնողները պատմեցին, որ որդին մանկուց ակտիվ է եղել, հետաքրքրվել է ազգային ավանդույթներով, ռազմական պարերի ծագմամբ, ուսումնասիրել ռազմական խաղերի, արվեստի ու պարերի կապը: Ազգային արժեքների ճանաչողական նպատակներով էլ գիտաճանաչողական արշավներ են կազմակերպել համախոհ երիտասարդներով: Մեկ ամսով երիտասարդների խմբով գնացել են Հայաստանի ու Արցախի տարբեր վայրեր՝ իրենց հետ տանելով տարբեր ոլորտների մասնագետների՝ պարի, երգի, մարզարվեստի, հայոց պատմության, որպեսզի երիտասարդները ծանոթանան թե՛ տեղանքին, թե՛ մշակույթին: Այս արշավների ժամանակ էլ նա ծանոթացել է ձերբակալված Ավետիս Ավետիսյանի հետ, դարձել են լավ ընկերներ: Սևակի հայրը՝ Բախշիկ Մնացականյանը շեշտեց, որ այդ օրը՝ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին տղան ուղղակի տեսել է, որ ընկերոջը՝ Ավետիսին գցել են գետնին, Սևակը ցանկացել է պաշտպանել, գետնին ընկած ընկերոջն է բարձրացրել: «Սա էլ օգտագործում են իր դեմ, թե ոստիկանի աշխատանքին է խոչընդոտել: Անընդհատ զանգում էինք, անհասանելի էր: Հետո ընկերներից իմացանք, որ ձերբակալել են: Հունվարի վերջին, երբ արգելանքը հանվեց, գնացինք տեսակցության: Տեսանք երկու շերտանի ապակու հետևից մեկ ժամով: Չթողեցին նույնիսկ մոտենայինք մեր որդուն: Հիմա Սևակը հրաժարվում է տեսակցություններից, չի ցանկանում ապակիների հետևից մեզ տեսնել»,-պատմեց Սևակի հայրը: 

Բախշիկ Մնացականյան. «Սևակը կոտրվող տեսակ չէ, ուժեղ կամքով տղամարդ է: Անօրինականությունների  դեմ, անարդարության դեմ պայքարող տեսակ է: Մի 2 տարի առաջ, օրինակ, մեր բակում գիշերով մի ծառ էին հատել, արագ հետքերն էին թաքցնում, կանաչապատ այգին ուզում էին ավտակայանատեղի դարձնել: Սևակը չկարողացավ անտարբեր անցնել: Նա այն տեսակն է, որ չի կարող նման դեպքերում տանը նստել, դուրս չգալ, չպայքարել: Շատերը գերադասում են չտեսնելու տալ անարդարությունը, լռել, գլուխը կախ ապրել, բայց Սևակը այդ ձևով ապրողներից չէ, ինչի համար հպարտ եմ: Ես էլ էդպես կվարվեի, ես էլ իմ ընկերոջը կպաշտանեի: Բողոքի արտահայտման ձև է: Եթե օրենքով լիներ, առհասարակ չպիտի ձերբակալեին տղաներին: Կինս հայրենադարձ է, միշտ կապ ենք ունեցել արտասահմանի հետ: Ցանկություն չենք ունեցել հայրենիքից հեռու ապրել: Ո՞ւմ թողնենք գնանք, մեր հողն ու ջուրը: Միշտ այսպես ենք մտածել: Իսկ արտագաղթի պատճառը հացի խնդրից առաջ հենց անարադարությունն է»: 

«Ուզում են կոտրեն ակտիվ երիտասարդներին՝ քրեական հոդվածներով, ձերբակալություններով: Ուղղակի ամոթ է խուլիգանության հոդված դնելը, բայց, Աստված չանի, հանկարծ պատերազմ լինի, հավատացած եմ, որ հենց այս չակերտավոր խուլիգաններն են գնալու հայրենիք պաշտպանելու առաջին գծում»,-ասաց Սևակի մայրը, ով երեք զավակ է պարգևել հայրենիքին: Նրանցից մեկը հիմա հայրենիքի պարտքն է տալիս՝ պաշտպանելով հայկական սահմանը: 

«Հետքը» ներկայացնում է Սևակ Մնացականյանի ընկերների պատրաստած «Շղթայված հայորդին» տեսանյութը, որը պատմում է նրա մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter