HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ռուսական ալթինն ու հայկական դրամը

Անցյալ շաբաթ ռուսական մամուլը հեղեղվեց եվրասիական նոր արժույթի՝ ալթինի մասին լուրերով: Դրան նպաստեց նաև Ռուսատանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ակնարկը միասնական արժույթի անհրաժեշտության մասին՝ Ղազախստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Թեմային անդրադարձել են համարյա բոլոր խոշոր ռուսական լրատվամիջոցները, իսկ հիմնական սկզբնաղբյուրը «Մոսկովսկի կոմսոմոլեցն» է: Ու թեև Եվրասիական տնտեսական համագործակցության կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստիենկոն շտապեց հերքել լուրը, սակայն սա այն դեպքերից է, երբ ծուխն առանց կրակի չի լինում: Ակնհայտորեն գործ ունենք տեղեկատվության կազմակերպված արտահոսքի հետ: Ժամանակի ընտրությունը ևս պատահական չէ:

Մայիսին Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը պետք է ստորագրեն Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու համաձայնագիրը, ու թեև այդ համաձայնագրում խոսք է գնում միայն արժութային կարգավորման մասին (առանց միասնական արժույթի), փորձ է արվում արդեն իսկ հիմա նախապատրաստել հանրային կարծիքը միասնական արժույթի ներդրմանը: Մյուս կողմից՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնի վրա ուժգնանում են խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանը կփորձի սահմանափակել դոլարի շրջանառությունը, իսկ միասնական արժույթը շատ հարմար գործիք է դրա համար:

Հարկ է նշել, որ ալթինի մասին խոսակցությունները նորություն չեն: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այդ գաղափարն առաջ է քաշել դեռ 2003 թ.՝ առաջարկելով Եվրասիական միությունոմ ստեղծել միասնական վերազգային անկանխիկ հաշվարկային միավոր: Հենց նրան էլ պատկանում է «ալթին» բառի ընտրությունը: «Ալթինը» միջնադարյան ռուսական մանրադրամի անվանումն է, սակայն ռուսներն այդ անունը վերցրել են մոնղոլներից, ու այն թուրքերենով նշանակում է «վեց»: Այսինքն՝ սա մի անվանում է, որ ընդունելի է և Ղազախստանի, և Ռուսաստանի, և այլ միջինասիական երկրների համար:

Ի դեպ՝ Ռուսաստանում ոչ բոլորն են հիացած նոր արժույթի ներդրմամբ: Ռուս փորձագետների մի մասն այն կարծիքին է, որ նոր միասնական արժույթը պետք է լինի ռուբլին՝ այդպես և ավելի արագ է, և տնտեսապես հիմնավորված, չէ՞ որ ԵվրԱզԷՍ-ի մյուս արժույթները շատ թույլ են: Ալթինը Ռուսաստանում հիմա դիտարկում են որպես փոխզիջումային տարբերակ:

Սակայն միասնական արժույթի ներդրումն անքան էլ հեշտ գործընթաց չէ: Եվրոյի ներդրմանը նախորդեց 30 տարվա նախապատրաստական աշխատանք: Ռուսաստանն արդեն 20 տարի է՝ Բելառուսի հետ քննարկում է միասնական արժույթի հարցը, սակայն համաձայնության գալ չի կարողանում: Ասել, թե ինչ-որ 5 կամ 10 տարում եվրասիական միասնական արժույթ կլինի՝ միֆ է: Սակայն, այն փաստաթղթերը, որ պետք է ստորագրվեն մայիսին՝ ենթադրում են որոշ նախապատրաստական աշխատանքներ: Մասնավորապես՝ կենտրոնական բանկերի խորհրդակցակաան մարմնի ստեղծում, ԵվրԱզԷՍ-ում շրջանառվող բոլոր արժույթների փոխարկելիության ապահովում բոլոր երկրներում:

Ի դեպ՝ վերջին դրույթը խիստ ձեռնտու է Հայաստանին, քանի որ հայկական դրամը «ամենաչճանաչված» արժույթներից մեկն է նույնիսկ ԵվրԱզԷՍ-ում;

Հայաստանի դիրքորոշումը միասնական արժույթի վերաբերյալ հիմնականում բացասական է; Հայաստանն անցնող 20 տարում իր դրամավարկային քաղաքականությունը լավ թե վատ համապատասխանեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդոլոգիային, իսկ ԵվրԱզԷՍ-ի մյուս երկրներն արժութային առավել խիստ կարգավորումներ են իրականացնում (փոխարժեքի միջանցքի սահմանումից մինչև փոխարժեքի լիակատար կառավարում): Սա նշանակում է, որ Հայաստանն առավել ցավոտ կինտեգրվի նման համակարգերին, թեև միասնական արժույթի ներդրումը չի կարելի միանշանակ բացասական դիտարկել:

Մի քանի տարի հետո միասնական արժույթի գաղափարն արդեն ավելի առարկայական կներկայացվի, հնարավոր է՝ այլ անվանումով: Կհրաժարվի արդյո՞ք Հայաստանը դրամից՝ ցույց կտա ապագան:

Մեկնաբանություններ (1)

vahe
rusastani hamar rubluc hrajarvel@ havasarazor e ruseren lezvic kam kaysrytynic hrajarvelun , aynpes, vor altin@ fantastikayi janric e. erb dra jamanak@ ga Hayastani kam Belorusi koxmic klini rublin vorpes miasnakan valyuta ndunelu arajark. Rusastani araj petq t dnel mek ayl pahanj. Maqsayin kam Yevra-Asiakan miutyan kentron@ clini Moskvan, ayl lini voreve poqr petutyan (asenq Hayastani ) mayraqaxaq@. Inchpes orinak YevroMiutyan mayraqaxaq@ voch te Pariz@ kam londonn e ayl Bryusel@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter