HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հասարակական սեկտորի ներկայացուցիչները քննարկեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

«Անկախության համար կռիվը ոչ միայն չի եղել, այլև դեռ չի սկսվել»,- հայտարարեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը այսօր Գործընկերություն հանուն բաց հասարակության կազմակերպած հանրային հանդիպման ժամանակ, որը կրում էր «ՀՀ պետականության առջև ծառացած մարտահրավերները» խորագիրը: Հանդիպումը նպատակ ուներ հասարակության տարբեր շերտերի մասնակցությամբ վերհանել պետության և հասարակութան այսօրվա խնդիրները և փորձել դրանց լուծման տարբերակներն առաջարկել:

Հասարակական կյանքի տարբեր ոլորտներ ներկայացնող բանախոսները համակարծիք էին, որ 23 տարվա անկախությունից հետո այսօր հայերը կանգնած են ինքնությունն ու պետականությունը կորցնելու վտանգի առջև: «Տարիների ընթացքում հայ ժողովրդի մեջ սերմանվել է հնազանդվելու և այլ ուժի ապավինելու հոգեբանությունը, ինչը հանգեցրել է ժողովրդի դիմադրության անկման: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կոտրվեց այդ հոգեբանությունը, սակայն դրանից հետո իշխանության եկած ուժերի քաղաքականության արդյունքը հանգեցրեց միայն ժողովրդի հիասթափության»,- ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Իսկ Լևոն Բարսեղյանը համոզմունք հայտնեց, որ ներկայիս իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ են ընդունել ցանկացած որոշում, ինչի ապացույցը Մաքսային միությանն անդամակցելու որոշումն է: Դա ոչ թե ՀՀ-ի, այլ մեկ անհատի` Սերժ Սարգսյանի որոշումն է եղել:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով` ՌԴ-ն իր քաղաքականությունն է վարում, սակայն ՀՀ-ի իշխանություններն են, որ պետք է ճիշտ արձագանքեն առկա մարտահրավերներին: Այսօր ՌԴ-ն հեշտացրել է քաղաքացիություն ստանալու ռեժիմը, ինչը հանգեցնում է ոչ թե արտագաղթի, այլ էվակուացիայի: Նա համոզված է, որ պետք է անել հնարավորը, որպեսզի ՀՀ կառավարությունը գոնե հետաձգի Մաքսային միությանն անդամակցությունը:

«Իրական իշխանափոխություն Հայաստանում այդպես էլ տեղի չի ունեցել. իշխանություն չի ձևավորվել», - հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նրա կարծիքով` հասարակությունը, չմասնակցելով հասարակական և պետական խնդիրների լուծմանը, իրեն օտարել է այդ հնարավորությունից: Այս դեպքում,  արտաքին մարտահրավերների մասին խոսելիս, պետք է նախ և առաջ դիտարկել ներքին խնդիրները:

«Ասում ենք, որ հնագույն քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ ենք, բայց ոչ թե հնագույն ենք, այլ հնացած, - ասաց Ա. Սաքունցը: - Հղում ենք անում քաղաքակրթության արխիվներին, բայց ինքներս ենք արխիվանում»:

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ Հայաստանում ձևավորված չէ քաղաքացիական հասարակությունը, բայց պետք է հասկանալ դրա պատճառները: Ժողովրդավարական արժեքները իսկապես արժեք են դառնում, երբ հասարակությունն է դառնում դրա կրողը: Այնինչ, Ռ. Բաբայանը համոզված է, որ հայ հասարակությունը պատրաստ է լավ ապրելու համար զոհել ամեն ինչ: Նա խորհրդանշական համարեց Հովհ. Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը, որն ազգային հոգեբանության տիպիկ դրսևորում է. կկուն երեւակայակն կացնի վախից զոհում է իր ձագերին: «Մենք պետք է հաղթահարենք այն ներքին վախը, որը ստիպում է զիջումների գնալ: Դրա համար անհրաժեշտ է ոչ թե անընդհատ քարոզչությամբ զբաղվել, այլ ժողովրդին լուսավորել»,- ասաց արվեստագետը: Ռ. Բաբայանը համոզված է, որ կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրման դեմ մեծ բազմություն դուրս եկավ, որովհետև դա անմիջականորեն առնչվում էր մարդկանց անձնական շահին: «Բայց կարիք կա մարդկանց բացատրել, որ այսօրվա սոցիալ-քաղաքական իրավիճակը նույնչափ կապված է յուրաքանչյուրիս անձնական շահի հետ»,- ասաց արվեստագետը:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզված է, որ պետք է մոբիլիզացնել հասարակությունը, բայց հասարակության տարբեր շերտերը չեն կարողանում միմյանց հետ ընդհանուր լեզու գտնել: Ընդ որում, որքան կրթված է մարդը Հայաստանում, այնքան նրա հետ համաձայնության գալն ավելի դժվար է: Նա առաջարկում է ձևավորել հանրային օրակարգ, որովհետև  այսօր հասարակությունը պատրաստ չէ կազմակերպվել:

Քննարկման մասնակիցները համոզված էին, որ սոցիալ-քաղաքական ոլորտի հարցերը արդյունավետ քննարկելու համար պետք է կարգավորել մասնավորապես հեռուստատեսությունների հարցը: Մինչ օրս դրանք հանդիսանում են իշխանությունների քարոզչական գործիքը. ազդում են հասարակական կարծիքի վրա` չարտացոլելով իրականության ամբողջական պատկերը: 

Մեկնաբանություններ (1)

Ռուբինա Օհանյան
Ես ընդհանրապես ձեռնպահ եմ Հայաստանի իրադարձությունները մեկնաբանելու հարցում: Հեռու եմ ու ինձ իրավունք չեմ տալիս դա անել: Բայց, կարող եմ նշել մի բան: Բոլորը, բոլորը ուշացած են շատ: Այսքան արագ տեմպերով զարգացող դարում 23 տարին քիչ ժամանակ չէ: Ու կարծում եմ, լավ է բոլորն էլ՝ իրենց ձեռքերը դնեն իրենց խղճի վրա, և արդար դատեն: Ճիշտ դատեն: Գեղեցիկ խոսքերը ժողովրդի ցավերի դարման չի: Արդար եղեք, ու նախ հարց տվեք ձեզ՝ թե ի՞նչ արաք դուք այս երկու տասնամյակում: Եվ ժողովուրդը ինչպե՞ս նորից վստահի (ցանկացած անձի կամ կազմակերպության): Եղեք արդար, եղեք արդարամիտ, եղեք անաչառ, որպեսզի հետագայում կարողանաք ուղղումներ մտցնել շատ հարցերում: Նորից եմ ասում.- Ուշացած եք շատ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter