HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

75-ամյա կինը` իշխանություններին. «Թող ուրանք կյան ստեղ քըշանա մինչև ուրուգուն նըստին, կընաչի ծախին»

Կապանի կենտրոնական հատվածում` Դավիթ Բեկի արձանի հարևանությամբ, կանաչի վաճառող կանայք, բացի առօրյա հոգսերից, քննարկում են նաև ներքաղաքական հարցեր:  Սա բազմապլատֆորմ հարթակ է. մի կողմից`  ուղևորները սպասում են երթուղային տաքսիներին, իսկ սպասելու ընթացքում, ուզած-չուզած, գոնե մի անգամ աչքի են անցկացնում կանգառի դիմացի պատին փակցված հայտարարություններն ու գովազդները, որոնք թարմությունը կորցնելուց հետո պատռվում են, և ոչ պակաս հետաքրքիրը` ականջ են դնում կանաչի վաճառող կանանց զրույցներին: Իսկ այդ զրույցների ներառում են ներհարևանային կոնֆլիկտներից մինչև ներքաղաքական թարմ իրադարձություններ: Նրանց  ասելով` առևտուրն այնքան քիչ է լինում, որ օրն անցկացնելու համար սկսում են ասել-խոսել, իսկ խոսելու թեմաներից մեկն էլ այսօր երկրի վիճակն է:

75-ամյա Սվետա Հովհաննիսյանին ուշադիր լսում էին նույնիսկ այդպես էլ գնումներ չկատարող, այսպես ասած`ոչ պոտենցիալ գնորդները, համաձայնում էին նրա ասածների հետ, սակայն հրաժարվում էին կանաչի գնել: Ասում էին` թանկ է: Չնայած այս վերջին դիտարկման հետ Սվետա տատը չի համաձայնում: «Կյանքն է թանկացել, բալա»,- ասում է նա` տեղացիների բարբառով ավելացնելով. «Նայի, բալա, էս խնջլոզը 150-ով տալիս եմ, առնող չկա, ասե՞մ` ինչի: Ժողովուրդը գործ չունի, ձեռքին փող չկա, բոլորը պարապ-սարապ ման են գալիս, կանաչին էլ մնում ա»:

10 տարի է` Սվետա Հովհաննիսյանը զբաղվում է կանաչու առևտրով: Նա մոտ 50 տարի աշխատել է Կապանի նախկին լեռնահարստացուցիչ կոմբինատում որպես ֆլատատոր: Նրա  4 երեխաները գտնվում են Ռուսաստանում, բայց ինչպես ինքն է ասում, այնտեղ էլ ապրուստը դժվարացել է. Հայաստան հաճախ չեն գալիս, բայց շատ հաճախ հեռախոսով խոսում են:  «Աշխատանքի համար երեխաները թև են առել,  թռել-գնացել` ծնողներին թողնելով 4 պատի արանքում: Բա դա գեղեցի՞կ բան ա»,- ասում է 75-ամյա վաճառողը, ապա շեշտում, որ երկրում պետք է ամեն ինչ փոխվի:

Սվետա Հովհաննիսյանն ասում էր, որ 47.000 դրամ թոշակ է ստանում, որից 17.000 դրամը կոմունալ ծախսերն է վճարում: «Տակին մնում ա 30.000 դրամ, բա տրանավ մարդ կարե՞ ապրե: Եթե էս կանաչին չլինի, փայ կհավաքեմ»,- նշում է նա:

«Ջանի մատաղ, ժողովրդի մասին ոչ մինը մտածում չի: Ես կցանկանամ, որ վարչապետը, Սերժ Սարգսյանն ուրանց մի ամսվա աշխատավարձը տան ինձ, ես ապրիմ հունց վըր պետքն ա, ուրանք կյան իմ թոշակը յորանին, քինին մի ամիս ապրին: Թող ուրանք կյան ստեղ  քըշանա մինչև ուրուգուն նըստին, կընաչի ծախին: Լյա՞վ ա»,- ասում է նա:

Սվետա տատի ասելով` ժողովուրդը գնում է  դեպի անկում, ջահելները փախչում են արտասահման, իսկ ծերերը մնում են: «Օրինակ, ես կոզիմ, վըր գործարանները սարքին: Մի շենք սարքին, տան նոր ամուսնացածներին, ոչ թե ուրանց հետի լինի: Ես օզում վըր մըր ջահելները մնան երկրում»,- եզրափակում է 75-ամյա տատը:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա դեմոկրատիայի ամենադիրեկտ ձևն է: Հին աշխարհում/Հին Հռոմում էլ դեմոկրատիան բառիս բուն առումով փողոցում էր: Այ եթե օրինակ այս կանաչի ծախող կանայք (թեկուզ ոչ պաշտոնապես) կազմավորեն «Փողոցային Սենատ» ու շաբաթը թեկուզ մի օր ասենք 1-2 ժամ քաղաքի/երկրի հարցերը քննարկեն ,ապա ԳՈՆԵ որոշ բաներ դեպի լավը կփոխվեն: Կատակ չեմ անում: Մարդկանց ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ իրենցից հեռու պառլամենտներից ու կառավարություններից թուլացրեց սկզբնական (ու ավելի էֆեկտիվ) փողոցային-ասիմետրիկ դեմոկրատիան:
mak
.a.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter