HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ե’ւ,..Ե’ւ», «Կա’մ,... Կա’մ», թե՞ «Ո’չ,... Ո’չ» -2

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

սկիզբը

Քաղաքական ի՞նչ կուրս կսպասարկի նոր վարչապետը եւ ինչո՞ւ

Թեպետ մարտի 5-ին Մոսկվայում մերժվեց Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալը (հարցը չներառվեց օրակարգում՝ ի հակառակ Երեւանի «առաջադիմության» ու Կրեմլի խոստման), սակայն, Տրոյկայի գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ավելին խոստացող» հայտարարությունը կոչված էր Երեւանին «պրոցեսին կապված պահել». «Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը գրավում է ԱՊՀ մեր գործընկերների ուշադրությունը: Առավել առաջանցիկ փուլում են գտնվում դրան Հայաստանի եւ Ղրղզստանի միանալու շուրջ բանակցությունները: Հայկական կողմից ընդունվել եւ հաջողությամբ իրականացվում է Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի նորմերին ու պահանջներին ադապտացիայի միջոցառումների ծրագիրը: Այդ իսկ պատճառով հնարավոր ենք համարում անցում կատարել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախագծի նախապատրաստմանը

Ինչի՞ն պետք է Հայաստանը միանար մայիսին. Երեւանն ու Մոսկվան խոսում են տարբեր բաների մասին

Երեւանում որոշ վերլուծաբաններ Վ. Պուտինի այդ հայտարարությունը մեկնաբանեցին այն կերպ, թե Հայաստանի համար Մաքսային միությանն ու Միացյալ տնտեսական տարածքին միանալու պայմանագիրն այլեւս պատմություն են, եւ այժմ նա կարող է միանգամից հավակնել ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակի՝ Եվրասիական տնտեսական միությանը: Սակայն, ակնհայտ էր, որ Տրոյկան այդ կապակցությամբ որոշում չի ընդունել եւ Հայաստանի համար ուժի մեջ է 2013թ. դեկտեմբերի 24-ի որոշումը, որտեղ խոսվում է հենց Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին, այլ ոչ թե Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի մասին:

Հետեւաբար, Հայաստանին ոչինչ չէր մնում անել, քան մարտին առաջ շարժվել հաստատված «ճանապարհային քարտեզով» եւ խոսել Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու պայմանագիրը մինչեւ մայիս պատրաստելու մասին: Միգուցե Երեւանը կարող էր փոքր հույս ունենալ, թե առաջիկայում իր պարտավորություններն ավելի մեծ չափով կատարելու դեպքում Կրեմլը ղազախական ու բելառուսական կողմերի հետ արագ կլուծի Եվրասիական միությանն իր միանալու խնդիրը, ինչի արդյունքում ինքը նույնպես մայիսին կմիանա բանակցվող պայմանագրին: Երեւանը նաեւ պարտադրված էր առաջ շարժվել «Ճանապարհային քարտեզով» Մոսկվային ցույց տալու համար, թե ինքը չի նահանջել մարտի 5-ի որոշումից հետո, հետեւաբար ակնկալում է մաքսատուրքերի բարձրացման դեպքում նրա խոստացած լրացուցիչ աջակցությունն ու «անվտանգության բարձիկը», տրանզիտ մաքսազերծման սխեմաների հստակեցումը եւ խոստացված մեծածավալ ներդրումները:   

Մարտի 12-ին Հայաստան ժամանեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմենովը, ով համակարգում է այդ կառույցի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության հարցերը, եւ հանդիպեց Տիգրան Սարգսյանի հետ: Դա մի հերթական հնարավորություն էր պարզելու Հայաստանի տնտեսությանը Մաքսային միության ֆինանսական օժանդակության եւ մյուս հարցերը: Նրանք քննարկեցին «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը» եւ «մտքեր փոխանակեցին ծառայությունների եւ ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաեւ մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ»: Կողմերը պատրաստակամություն էին հայտնել «շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով» եւ պայմանավորվել էին «աշխատանքային խմբերի ձեւաչափով քննարկումներն ավարտին հասցնել մինչեւ 2014 թ. մարտի վերջ»: Ակնհայտ է, որ Երեւանի համար հերթական վերջնաժամկետը մարտի վերջն էր՝ իմանալու, թե վերջապես ինչի՞ն է ինքը միանում, եւ արդյո՞ք լուծվում են տնտեսության համար «զգայուն» խնդիրները:

Գիտակցելով վիճակի ողջ անհեթեթությունը, որ այդպես էլ պարզ չէ, թե մայիսին ինչի՞ն է միանալու Հայաստանը, Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանի առնվազն կարող էին մինչեւ մարտի վերջը իրականացնել «ճանապարհային քարտեզի» այն հատվածը, որը տնտեսական ցնցումների չէր բերի: Հետեւաբար, տարօրինակ չէ, որ այդ պահից հետո էլ Երեւանը շարունակում էր խոսել Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու պայմանագրի մասին, չնայած որ հընթացս Տրոյկայի միջեւ բանակցվող Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի եւ Մաքսային միության նոր օրենսգրքից հետո գործող ինստիտուտները (այդ թվում՝ Մաքսային միության) փոխարինվելու էին նորերով, իսկ ստանդարտներն էլ հնարավոր է վերանայվեին:

Ասվածի ապացույցն է այն, որ մարտի 18-ին, ուղերձ հղելով Երեւանում տեղի ունեցած «21-րդ դարի Եվրասիան. խնդիրներ եւ հեռանկարներ» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին, Տիգրան Սարգսյանը հայտարարեց. ««Ճանապարհային քարտեզ»-ի ենթակետերի կատարման տեմպերն ու որակը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ մինչեւ 2014թ-ի մայիս Հայաստանը ամբողջովին պատրաստ կլինի ստորագրել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածաշրջանին միանալու պայմանագիրը, որը հնարավորություններ կստեղծի ազատ ապրանքաշրջանառության, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի համար: Սակայն, Հայաստանը պատրաստ է ինտեգրացիայի առավել բարձր մակարդակի»: Թերեւս, վերջին նախադասության մեջ ամփոփված էր Երեւանի այն հույսը, որ Վ.Պուտինը կլուծի մայիսին ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակին Հայաստանի միանալու հարցը:

Տիգրան Սարգսյանի բրյուսելյան առաջադրանքը, որը գրգռեց Կրեմլին

«Ճանապարհային քարտեզի» իրականացմանը զուգընթաց Տիգրան Սարգսյանի հերթական առաջադրանքը Բրյուսելում էր, որտեղ նա գործուղեց ԵԺԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու, առաջին հերթին՝ ստանալու «ե’ւ...ե’ւ»-ի քաղաքականությունը շարունակելու Սերժ Սարգսյանի մարտի 6-ի դուբլինյան ուղերձի պատասխանները: Նախկինում ԵՄ պետությունների ԵԺԿ ղեկավարների գագաթաժողովներին մասնակցելու հնարավորությունը Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել վարչապետին: Սակայն, այս անգամ նա դա հարկադրված էր անել, քանի որ մարտի 20-ին ԵՄ-ը Ուկրաինայի հետ ստորագրում էր Ռուսաստանին կատաղության հասցրած Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը՝ տնտեսական բաղադրիչը հետաձգելով մի քանի ամսով, իսկ նախօրեին էլ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում ճանաչել էր Ղրիմի հանրաքվեի օրինականությունը, ինչը գրգռել էր Արեւմուտքին: Եւ վերջապես, Տիգրան Սարգսյանը հեռացող՝ դիմում գրած վարչապետ էր եւ կարող էր Կրեմլից սպասվող հարվածները վերցնել իր վրա: 

«Հայաստանի եվրոպացի ընկերներ» կազմակերպության գրասենյակում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, այլ մասնակիցների հետ կլոր սեղանի ժամանակ Տիգրան Սարգսյանը մարտի 20-ին կրկնեց Սերժ Սարգսյանի դուբլինյան ելույթի թեզերը. «ՀՀ-ն իր արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել է հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի»,  «կամ-կամ-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, եւ առավել ընդունելի մոտեցումն է՝ հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով»։ Ապա նա հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը առանց տնտեսական բաղադրիչի, ինչպես որ դա անում է Ուկրաինան: Քննարկման եվրոպացի մասնակիցները, այդ թվում՝ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Քեթերին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը տեղում առարկեցին, թե «Եվրոպական միությունը եւ դրա անդամ երկրները հավատարիմ են մնում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի մյուս` տնտեսական մասին եւս, քանի որ քաղաքական եւ տնեսական դրույթները միասին մեկ միասնական գործիք են կազմում»:

Ոչ պակաս ուշագրավ է մարտի 21-ին ԵԺԿ գագաթաժողովում Տիգրան Սարգսյանի ելույթը, որտեղ նա փորձեց մեղմել ու արդարացնել Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցում Երեւանի հայտնած դիրքորոշումը. «Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական բարդ միջավայրում եւ կանգնած լինելով անվտանգության լուրջ մարտահրավերների առջեւ, մշտապես աջակցել է վեճերի եւ ճգնաժամերի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվ մենք վստահ ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի նախեւառաջ այս սկզբունքի հիման վրա: Այն պետք է կարգավորվի երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»: Ի պատասխան ԵԺԿ փոխնախագահի հարցի՝ նա հիշեցրեց, թե «Արտաքին քաղաքականության մեջ մենք ունենք մի շատ զգայուն հարց. դա նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի հարցն է», եւ Երեւանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դրա խաղաղ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիմքի վրա կարգավորմանը: Ապա խոսելով անցյալ դարում եվրոպական մայրցամաքում առճակատումներից,  խաղաղության եւ կայունության համար եվրոպայի ժողովուրդների, այդ թվում՝ հայերի վճարած բարձր գնից, Տիգրան Սարգսյանը ակնարկեց, որ «այսօրվա փոխկապակցված աշխարհում բաժանարար գծեր ստեղծելու ձգտումն այլեւս չի կարող համարվել որպես ընդունելի տարբերակ»: Հետեւաբար, «մի գործընկերոջ հետ հարաբերությունների ընդլայնումը եւ խորացումը չպետք է տեղի ունենա մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին» եւ Հայաստանը շարունակելու է վարել շահերի ներդաշնակեցման իր քաղաքականությունը. «Մենք ձգտում ենք լինել մեր գործընկերներին կապող կամուրջ, այլ ոչ թե նրանց շահերի բախման հարթակ: Մաքսային միությանը միանալու մասին որոշումը կայացնելիս մենք առաջնորդվել ենք հենց այս սկզբունքով: Միաժամանակ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵՄ հետ մեր հարաբերությունները կշարունակեն մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություն»: Նա առաջարկեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար օգտագործել «բարեփոխում» եզրը՝ դրան համահունչ բարեփոխելով նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

Այդ եւ ԵՄ-ից Հայաստանի ֆինանսական ակնկալիքներին վերաբերող Տ.Սարգսյանի խոսքը մեջբերենք ամբողջությամբ. «Մենք բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Հայաստանը տարիներ շարունակ ստացել է Եվրոպական միությունից: Այդ աջակցության շնորհիվ մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել ժամանակակից ինստիտուտների կառուցման գործում: Մենք ցանկանում ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Այն կենսական նշանակություն ունի մեր երկրի հետագա առաջխաղացման, քաղաքական եւ պետական կառավարման ինստիտուտների կատարելագործման, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման եւ տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության պահպանման համար: Այս փուլում մենք մեծ կարեւորություն ենք տալիս ԵՄ հետ համագործակցության նոր շրջանակի մշակմանը: Որպես առաջին քայլ՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը, առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի մասի, Հայաստանի համար, հավանաբար, լավագույն ուղին է: Մի կողմից այս շրջանակը պետք է արտացոլի ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորությունը եւ բնույթը, մյուս կողմից՝ այն պետք է համատեղելի լինի մեր այլ միջազգային գործընկերների հետ: Հայաստանի հանրապետական կուսակցությունում մենք դա դիտարկում ենք որպես մեր տարածաշրջանում շահերը ներդաշնակեցնելու լավագույն ճանապարհ»:

Մի քանի օր անց՝ մարտի 24-ին ԵՄ-ը ավելի բարձր ու իրավասու շուրթերով մերժեց Երեւանի այս առաջարկը: ԵՄ ընդլայնման ու հարեւանության հարցերով հանձնակատար Կառլ Բիլդտը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանը չի կարող ակնկալել, թե ԵՄ-ի իրեն կդիտարկի Ուկրաինայի հետ նույն շարքում, քանի որ նա խաղում է այլ լիգայում. «Կարծում եմ, Հայաստանը գտնվում է այլ խմբում: Ասոցացման համաձայնագիրը մի շարք ոլորտներում դիրքորոշումների քաղաքական նույնության եւ մերձավորության յուօրինակ ազդանշան է: Բայց մենք տեսնում ենք, որ, օրինակ, Հայաստանը այժմ պաշտպանել է Ղրիմում ռուսական քաղաքականությունը: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ այդ երկիրը դժվար թե ապավինի, թե կդասվի Ուկրաինայի հետ նույն շարքում»:

Նույն օրը Ծաղկաձորում միջազգային գիտաժողովի ժամանակ Տիգրան Սարգսյանը արեց մի հայտարարություն, որը մի կողմից Բրյուսելի մերժմանն ի պատասխան շանտաժ էր հիշեցնում, մյուս կողմից՝ Մոսկվայի առջեւ «ճանապարհային քարտեզին» նվիրվածության հավաստիացում: Մարտի 24-ին նա ավետեց, որ «Հայաստանի կառավարությունը Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ միջոցառումների մեծ մասն արդեն իրականացրել է:  <...> Հայաստան ժամանող աշխատանքային խմբերը արդեն տվել են իրենց դրական եզրակացությունը, ճանապարհային քարտեզի համաձայն արդեն մայիսին մենք ցանկանում ենք ստորագրել Հայաստանի Մաքսային միությանը եւ միասնական տնտեսական գոտուն միանալու համաձայնագրերը»: Ինչպես նա տեղեկացրեց, համաձայնագրերի ստորագրումից հետո՝ արդեն հունիս-հուլիսին փաստաթղթերը կներկայացվեն Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարանների վավերացմանը, եւ եթե ամեն ինչ գնա կառավարության ծրագրով, ապա 2015թ. հունվարի 1-ից արդեն Հայաստանը կդառնա Մաքսային միության լիիրավ անդամ։ 

Ավելի ուղղակի Կառլ Բիլդտի հայտարարությանը մարտի 25-ին պատասխանեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը. «Հայաստանը խաղում է իր շահերի լիգայում: Մենք աշխարհը եւ տարածաշրջանը մասերի չենք բաժանում, հետեւաբար, պետք չէ մեզ դասել այս կամ այն լիգային: Մենք, առաջին հերթին, պայմանականորեն ասած, մեր սեփական շահերի նեկայացուցիչնեն ենք, իսկ մեր շահերը թելադրում են շատ հստակ, սթափ, սառը, պրակտիկ քաղաքական մոտեցումներ: Մեզ համար առավել քան տեսանելի են այդ շահերը հակամարտության, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ցամաքային շրջափակման, եւ իհարկե այլ տարբեր գործոնների դեպքում, որոնք սպառնում են մեր անվտանգությանը»: Արդարացնելով Հայաստանի վարած քաղաքական կուրսը եւ խոսելով Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու անհնարինության մասին, Արտակ Զաքարյանը հավելեց. «Ոչինչ երբեք չի կարող անշրջելի լինել: Արեւելյան գործընկերության տարածքում այսօր տեղի ունեցող գործընթացների խորապատկերին մենք այդ հնարավորությունը տեսնում ենք: Մենք հստակ տեսնում ենք այն գործընկերային հիմքը, օրակարգի այն մեծաթիվ հարցերը, որոնք մենք զարգացնում են ԵՄ-ի հետ»: 

Նույնը օրը ռուսական Regnum գործակալության՝ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանից պարզաբանում պահանջող հարցերը, ցույց էին տալիս, որ Կրեմլին գրգռել են պաշտոնական Երեւանի կողմից Տիգրան Սարգսյանի միջոցով Բրյուսելում արված հայտարարությունները:  ՀՀԿ ներկայացուցիչը արդարացավ, թե ԵԺԿ գագաթաժողովի իր ելույթում Տիգրան Սարգսյանն ընդամենը հիշեցրել է, որ Երեւանն իր օրակարգից չի հանել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը եւ ոչ ավելին. «Այսինքն, Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, ինչի մասին մենք պնդել ենք դեռեւս մինչեւ «Արեւելյան գործընկերության» 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովը», եւ քանի որ «ԵՄ կարծիքով Ասոցացման համաձայնագրի ստորագրումն ու Մաքսային միության մեջ մտնելը հակասում են միմյանց», առաջարկը մերժվել է:

Մոսկվայի զայրույթը այնքան էր, որ Տիգրան Սարգսյանի հայտարարությունից հետո ռուս փորձագետներն սկսեցին խոսել Մաքսային միությանը Հայաստանի միանալու անհնարինության մասին: Նույն Regnum-ը փորձեց նույնիսկ ստանալ ՀՀ վարչապետի օգնական Միհրան Հակոբյանի բացատրությունը: Վերջինս արդարացավ, թե Հայաստանը Մաքսային միության դեմ հանդես չի եկել, եւ դրան Հայաստանի անդամակցելու անհնարինության մասին առաջինը խոսել է հենց ռուսական կողմը. «Հայաստանի վարչապետը կրկնել է այն, ինչ հայտարարել են ռուս գործընկերները. Հայաստանը չի կարող մտնել Մաքսային միություն, քանի որ Մաքսային միության երկրների հետ ընդհանուր սահման չունի: Սակայն, հայ եւ ռուս փորձագետները, ինչպես տեսնում ենք, երկար աշխատանքից հետո գտան այն ուղիները, որոնք թույլ են տալիս շրջանցել  ընդհանուր սահմանի բացակայության հետ կապված խոչընդոտները, եւ Մաքսային միություն մտնելու այդ գործուն մեխանիզմները»: Նա հերքեց Երեւանի անսկզբունքայնության մասին ռուսական մեղադրանքը, ընդգծելով ՀՀ արտաքին քաղաքականություն հիմքը՝ բազմաբեւեռությունը. «Հայաստանը երբեք չի ասել, թե ԵՄ-ի հետ իր հարաբերությունները կարեւոր չեն», իսկ ՀՀ նախագահն էլ ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ «Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ եւ իր նոր կապերը չի կառուցել ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին»: 

Կասկածից վեր է, որ Բրյուսելում Տիգրան Սարգսյանի առաջարկը լիներ առանց Սերժ Սարգսյանի թույլտվության եւ գիտության: Բացատրության կարիք ունի այն ֆենոմենը, թե ինչո՞ւ է Երեւանը անում առաջարկ, որի պատասխանը հայտնի էր, եւ երբ իրեն առաջարկվում այլ բան՝ «Գործընկերության եւ համագոծակցության պայմանագիր գումարած» տարբերակը: Դրա հնարավոր բացատրություն կարող են լինել հետեւյալները. 1) հիասթափված Ռուսաստանի չկատարված խոստումներից, Երեւանը փորձում էր Ուկրաինայի պահն օգտագործել եւ նորոգել ԵՄ-ի հետ խաթարված հարաբերությունները՝ առաջարկելով ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, նաեւ Եվրոպային ցույց տալով, թե իր մեծ հավակնությունները պահպանվում են, 2) Երեւանը ուզում էր մոտ ապագայում ունենալ ԵՄ-ի եզրաբանությամբ՝ ավելի հավակնոտ Ասոցացման համաձայնագրի (որը բանակցված եւ ավարտուն էր) քաղաքական մասը՝ դրան համարժեք ավելի մեծ ֆինանսավորմամբ, քան կարող էր ստանալ հեռու ապագայում Բրյուսելի առաջարկած քիչ հավակնոտ պայմանագրի շուրջ տեւական բանակցություններից հետո, բնականաբար՝ ավելի քիչ ֆինանսավոմամբ: 3) Սերժ Սարգսյանը այդ ժամանակ էլ խուսափում էր վերսկսել Բրյուսելի հետ բանակցությունները, որը լարվածություն կհաղորդեր Մոսկվայի հետ հարաբերություններին, հետեւաբար ուղակի խորամանկ հնարքի էր դիմում` կատարելով մերժման ենթակա առաջարկություն:

Ինչ էլ որ լինի բացատրությունը, Կրեմլը նկատելիորեն զայրացած էր պաշտոնական Երեւանի եւ հատկապես Տիգրան Սարգսյանի վրա: Եւ վերջինիս անգամ չէր փրկելու օրեր անց ՀՀԿ 2-րդ տնտեսական համաժողովը, որը լավագույնս օգտագործվեց թե’ եվրասիական ինտեգրացիային նվիրվածություն հայտնելու, թե’ Հայաստանի ակնկալիքների ու խնդիրների մասին եւս մեկ անգամ խոսելու համար: 

ՀՀԿ Տնտեսական համաժողով. եզրափակիչ արար Տիգրան Սարգսյանի կատարմամբ

Մարտի 29-ին ՀՀԿ 2-րդ տնտեսական համաժողովում էլ Տիգրան Սարգսյանը խոսեց Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին. «Այսօր մենք ձեզ հետ միասին քննարկում ենք մի կարեւորագույն խնդիր, որն էական ազդեցություն է թողնելու մեր երկրի զարգացման վրա՝ այն է՝ Մաքսային միության եւ միասնական տնտեսական տարածքին անդամակցելու մեր քաղաքական որոշումը», կամ՝ «ՄՄ-ին եւ միասնական տնտեսական տարածքին, իսկ ապագայում Եվրասիական միությանն անդամակցելու մեր քաղաքական որոշումն ունի նաեւ հստակ ռազմաքաղաքական եւ անվտանգության բովանդակություն»,  եւ այսպես շարունակ:

Հանգամանորեն ներկայացնելով անդամակցությունից ակնկալվող օգուտներն ու նաեւ տնտեսության համար առկա ռիսկերը, «ճանապարհային քարտեզի» միջոցառումների կատարման ընթացքը, Տիգրան Սարգսյանը հայտարարեց.  «Այս պահին կարող եմ ձեզ զեկուցել, որ որեւէ խոչընդոտ, որ կարող է հնարավորություն չտալ մեզ անդամակցելու Մաքսային միությանը, գոյություն չունի: Աշխատանքների ճնշող մեծամասնությունը կատարել ենք եւ այս պահի դրությամբ ունենք լուծելու հետեւյալ խնդիրները»: Կենտրոնանալով այդ խնդիրների վրա, նա ուրվագծեց երեք ուղղություն: Առաջինը, «Շուրջ 900 ապրանքատեսակների (ուշագրավ է, որ տարեվերջին հայտարավել էր 400-ի մասին-Ս.Ս.) գծով, որոնք զգայուն են մեր տնտեսության համար, պետք է ավարտենք բանակցությունները: Այդ ապրանքատեսակները մենք բացահայտել ենք՝ աշխատելով մասնավոր հատվածի հետ, կազմակերպելով բաց քննարկումներ, թե որոնք են այն ապրանքատեսակաները, հումքը, ծառայությունները, որոնք մեզ համար կարեւոր են, եւ որտեղ լինելու ենք զգայուն: Բանակցությունների նպատակն է՝ նվազեցնել անդամակցության հետ կապված ռիսկերը»: Հաջորդեց նրա մեկ այլ կարեւոր հայտարարություն երկրորդ եւ երրորդ ուղղությունների մասին. «Աշխատանքների երկրորդ ուղղությունը՝ իրավական դաշտի ձեւավորումն է, որպեսզի դուրս գանք պայմանագրի ստորագրմանը: Եվ երրորդը՝ ենթակառուցվածքների ձեւավորումն է, որպեսզի մեր տնտեսվարող սուբյեկտներն իրացնեն իրենց նոր հումքը, անխոչընդոտ հայտնվեն մեծ միասնական շուկայում: Ենթադրվում է, որ մենք Մաքսային միությանը անդակակցելու վերաբերյալ պայմանագիրը կներկայացնենք Ազգային Ժողովի հաստատմանը, որը կունենա հավելվածներ: Այսինքն, այն լինելու է մի մեծ փաթեթ, որը մեզ համար ստեղծելու է այդ իրավական հիմքերը»:

Մաքսային միությանը անդամակցության ճանապարհին առկա խնդիրների մասին հավելյալ տեղեկատվություն է տալիս համաժողովում Սերժ Սարգսյանի ուղերձի տեքստը, որտեղ նա շեշտեց, «տնտեսական ինտեգրումն էապես ընդլայնում է երկրների զարգացման հնարավորությունները», եւ «հենց այդ փաստի գիտակցումն է ընկած Մաքսային Միությանն անդամակցելու մեր որոշման հիմքում»: Ապա նա ակնարկեց, թե «ակնհայտ է նաեւ, որ ինտեգրման գործընթացի ճանապարհին ի հայտ են գալիս մարտահրավերներ, որոնց հաղթահարումը մեծապես պայմանավորված է համատեղ աշխատանքի արդյունավետությամբ եւ փոխըմբռնման բարձր մակարդակով»: Մեկ այլ նախադասությամբ էլ նա ավելի հստակեցրեց Տիգրան Սարգսյանի ասածը. «Այս համաժողովը տեղի է ունենում Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու գործընթացի կարեւոր փուլում: <...> Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը մեզ թույլ է տալիս նշանակալի առաջընթաց արձանագրել այդ ճանապարհին: Այդ կառուցողական համագործակցության շնորհիվ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած մինչանդամակցային պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է, իսկ մնացյալներն իրականացման ընթացքում են: Հաջորդ քայլը միջազգային-իրավական փաստաթղթի ստորագրումն է, որը կարձանագրի մեր երկրի անմիջական մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին: 
Համոզված եմ, որ այսօրվա համաժողովը լավ առիթ կդառնա համակողմանիորեն դիտարկելու առկա բոլոր հնարավորություններն ու մարտահրավերները, ի մի բերելու բոլոր տեսակետներն ու փաստարկները` իրապես նպաստելով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի սահուն իրականացմանը
»:  

Այսպիսով, 1) Երեւանը վերստին հայտարարեց ավելի մեծ քանակությամբ (շուրջ 900 անուն) ապրանքատեսակաների զգայունության եւ դրանց շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին, ինչը նշանակում էր, որ «ճանապարհային քարտեզի» պարտավորություններն այդ մասով՝ մաքսադրույքների մասով դեռեւս կատարված չեն (պատճառների ու ռիսկերի մասին հանգամանորեն գրել ենք) եւ ենթադրվում է կատարլ ապրիլին՝ անդամակցությանը լիարժեք պատրաստ լինելու համար: 2) մարտի վերջի դրությամբ «Ճանապարհային քարտեզի» միջոցառումների  իրականացումը հատել է իրավական դաշտի ձեւավորման փուլ, երբ պետք է մշակվի պայմանագիրը մայիսին ստորագրելու համար:

Ի պատասխան Երեւանի այս հաստատագրումների, համաժողովին ուղերձով դիմած Դմիտրի Մեդվեդեւը, կարեւորելով Մաքսային միությանն ու Միասնական տարածքին միանալու Երեւանի որոշումը, ընդամենը վստահություն հայտնեց, թե «ինտեգրացիայի ճանապարհին մեր համատեղ քայլերը դրական կանդրադառնան ռուս-հայկական ավանդական բարեկամական հարաբերությունների վրա եւ կծառայեն երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը՝ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում»: Ոչ ավելին: Իսկ համաժողովին մասնակցող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան արձանագրեց, որ այս պահի դրությամբ Հայաստանն արդեն պատրաստ է անդամակցել Մաքսային Միությանը, պարզապես կան աշխատանքային հարցեր։ «Արդեն երկուշաբթի Հայաստանում կլինի աշխատանքային խումբ, ովքեր մեր գործընկերների հետ կաշխատեն ճանապարհային քարտեզի վրա, իսկ ապրիլի վերջին 4 պետությունների ղեկավարներին կներկայացնենք վերջնական արդյունքները։ Հետո մեր նախագահը կորոշի, թե երբ Հայաստանը կմտնի Մաքսային միություն։ Ամեն ինչ շատ արագ ու լավ է ընթանում։ Չեմ ուզում ինչ-որ ժամկետ ասել, հանկարծ աչքով չտանք»։

Ապրիլ. ոչ հաճելի լուրեր եւ թայմաութի անհրաժեշտություն Հայաստանի համար

Ապրիլի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյս Ոուորլիքը իր թվիթերյան էջով ազդարարեց, թե մեկնում է Վիեննա՝ ԵԱՀԿ-ում խորհրդակցությունների, ինչից հետո գնալու է Մոսկվա՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման: Այցերի թեման այսպես կոչված «ղարաբաղյան սամիթի»՝ նախագահների հանդիպում կազմակերպելն էր, որի «սկզբունքային համաձայնություն» Ուորլիքը ստացել էր մարտի 24-ին՝ Հաագայում Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու մեկնած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներից: 

Ապրիլի 3-ին ռուսաստանյան եւ ղազախական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը հնարավոր է ստորագրվի մայիսին Աստանայում, Տրոյկայի գագաթաժողովի ժամանակ: «Այս տարվա նշանակալի իրադարձություն խոստանում է դառնալ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայնեցումը եւ ստորագրումը: Սա մեր օրացույցի ամենախոշոր իրադարձությունն է, որին մենք ակտիվորեն պատրաստվում ենք: Այս ամսվա վերջում պլանավորվում է մեր առաջնորդների հանդիպումը Մինսկում <...> շատ կարեւոր հանդիպում, <...>, որը ճանապարհ կբացի մայիսի վերջին Աստանայում առանցքային հանդիպման համար, որտեղ կստորագրվի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը», հայտարարեց Ղազախստանի ԱԳ նախարարը:

Դա նշանակում էր, որ Երեւանը զրկվում է մայիսին Եվրասիական միությանն անդամակցելու հեռանկարից, ինչի հնարավորության մասին մարտի 5-ին հայտարարել էր Վլադիմիր Պուտինը: Այդ դեպքում Սերժ Սարգսյանի համար աննպատակահարմար էր դառնում ապրիլին եւ մինչեւ մայիսի կեսը «ճանապարհային քարտեզի» մնացած 30 տոկոսը կատարելը՝ մաքսադրույքները ՄՄ տարածքի չափանիշներիին համապատասխանեցնելն ու բարձրացնելը, որը Հայաստանի տնտեսական կոլապսն անխուսափելի կդարձներ: Աննպատակահարմար էր նաեւ հիմնական կառավարություն ունենալը, որը կպատրաստեր Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու պայմանագիրը, այն դեպքում, քանի որ մայիսից հետո Եվրասիական միության տարածքում կարող էին գործել այլ չափանիշներ ու ինստիտուտներ: Այս ամենին էլ հավելենք մարտի վերջերին ԵՄ-ից ստացված ազդակն այն մասին, որ Բրյուսելի հետ Երեւանը կարող է բանակցել միայն նոր պայմանագիր՝ «Գործընկերության եւ համագործակցության մասին պայմանագիր գումարածը», եւ ոչ ուրիշ բան, ինչպես ցանկանում է Երեւանը, ապա տեսանելի է դառնում Երեւանի համար փակուղիների ողջ լրջությունը:

Ոչ մի ուղղությամբ չէր երեւում Հայաստանի տնտեսության մեջ շուտափույթ ֆինանսական մեծ ներարկումների հնարավորություն: Սերժ Սարգսյանի «ե’ւ...ե’ւ»-ի քաղաքականությունը փետրվար-մարտին կանգնեց «կա’մ... կա’մ»-ի սպառնալիքի առջեւ, իսկ վերջում հանգեց «ո’չ,... ո’չ»-ի: Տիգրան Սարգսյանի կառավարությունը վեր էր ածվել ընդամենը «ճանապարհային քարտեզ» իրականացնողի, բայց ոչ ներդրումներ, վարկեր ու դրամաշնորհներ բերողի, ինչպես նախկինում էր:

Բրյուսելյան առաջադրանքից ու դրան ռուսական ռեակցիայից հետո Մոսկվան նրան այլեւս չէր տա այն, ինչը ամիսներով Երեւանը ակնկալում էր: Նա այլեւս անցանակալի անձ էր: Իսկ ապրիլին «ժամանակացույցով» առաջ շարժվելն էլ նշանակում էր բազմապատկել տնտեսության եւ իշխանության համար ռիսկերը եւ առանց դրանց դիմաց փոխհատուցվելու մայիսին ընդառաջ մշակել Մաքսային միությանն ու միասնական տնտեսական տարածքին միանալու պայմանագիրը:

Ուստի ապրիլ 3-ի երեկոյան ՀՀ նախագահը հայտարարվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, իր իսկ խոսքերով «Մաքսային Միությանն անդամակցելու գործընթացի կարեւոր փուլում», երբ «մինչանդամակցային պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է, իսկ մնացյալներն իրականացման ընթացքում են»  եւ «հաջորդ քայլը միջազգային-իրավական փաստաթղթի ստորագրումն է» մայիսին, «որը կարձանագրի մեր երկրի անմիջական մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին»: ՀՀԿ մամուլի խոսնակը շտապեց հերքել, թե վարչապետի հրաժարականը պայմանավորված է Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցությամբ: Հաջորդ օրը՝ ապրիլի 4-ին էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը կարծիք հայտնեց, թե Տիգրան Սարգսյանի հրաժարականը ոչ մի կերպ չի անդրադառնա Հայաստանի անդամակցմանը Մաքսային միությանը. «Համոզված եմ, որ կառավարությունը շարունակելու է բնականոն աշխատանքները՝ գործադրելով նույն ջանքերը` նույն արագությամբ, առանց որեւէ ուշացման»: Սակայն, հարց է ծագում՝ ինչպես չի ազդի, եթե Հայաստանի կառավարությունը ժամանակավոր է, պարտավորությունների մնացյալ 30 տոկոսի կատարումը՝ աննպատակահարմար ու վտանգավոր, իսկ Հայաստանի կարգավիճակը եվրասիական ինտեգրացիոն սխեմայում՝ անորոշ: Նաեւ՝ կառավարությունը մեծ հավանականությամբ կլքի հենց «ճանապարհային քարտեզը» արդյունավետորեն իրականացնող պրոֆեսիոնալ թիմը:

Վարչապետի հրաժարականի հաջորդ օրը՝ ապրիլ 4-ին ռուսական լրատվամիջոցները եւս մեկ վատ լուր հաղորդեցին, որի մասին Սերժ Սարգսյանը ավելի վաղ գիտեր Մոսկվա մեկնող իր արտգործնախարարից՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը արագացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը. Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պապովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ոուրլիքը (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Հայաստանի ու Ադրբեջանի ատգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանին եւ Էլմար Մամեդյարովին «հավաստել են Լեռնային ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման ուղղությամբ աշխատելու իրենց նվիրվածությունը: Նրանք քննարկել են նախագահների՝ (Հայաստանի եւ Ադրբեջանի)  մոտ ապագայում հնարավոր հանդիպումը եւ նշել են հիմնական հարցերում հետագա առաջընթացի անհետաձգելիությունը: Համանախագահները կրկին ընդգծել են տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամն կոնկրետ քայլեր կատարելու եւ խաղաղ գործընթացը առաջ մղելու անհրաժեշտությունը»: 

Ուստի Սերժ Սարգսյանի համար լավագույն պահն էր ներքաղաքական ֆորսմաժորով առնվազն երկամսյա թայմ-աութ վերցնել ու կարգավորել երկրի տնտեսության, հասարակության հետ թշնամականի վերածված հարաբերությունները, նաեւ քաղաքական մրցակիցների ու հակառակորդների հետ խնդիրները՝ մայիսից հետո արտաքին քաղաքական ճակատում սպասվող բուռն զարգացումներում ապահովագրված թիկունք ունենալու համար:

Եթե այս երկու ամիսը արտաքին քաղաքականության համար այսպես թե այնպես վերածվեց է «ո’չ,... ո’չ»-ի շրջանի, ապա մայիսից հետո նոր կառավարությունը դիմակայելու է «ե’ւ,... ե’ւ»-ի այդպես էլ անլուծելի մնացած ու բարդ խնդրին: Մարտահրավերները, որ մնացել են Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո չափազանց սուր են եւ բարդ, ու նաեւ՝ ռիսկային նոր կառավարության համար: Առայժմ նա պետք է լուծի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանի բարձրացրած նվազագույն խնդիրները (ռեֆորմներ ու դրանց շարունակականություն, տնտեսական աճ եւ ներդրումներ, հասարակության վստահության վերականգնում): Իսկ մայիսի հետո կգա առավելագույն խնդիրները լուծելու շրջանը, որոնք միգուցե նույնիսկ հարկադրեն դիմել մեկ այլ ֆորս-մաժորի, ինչպես օրինակ կարող է լինել խորհրդարանի արձակումը...  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter