HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնողի նախկին գյուղապետը չի ընդունում, որ ինքն ամբաստանյալ է

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ շարունակվեց Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի 2012թ.-ի դեկտեմբերի 5-ին  հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական  նիստը հետաձգվել էր տուժողի պաշտպանի դատարան չներկայանալու պատճառով:

Շնողի համայնքապետարանի շահերը դատարանում ներկայացնում էր  փաստաբան Աշոտ Սաֆարյանը: Նա դատարանին հայտնեց, որ  գործը նախկին փաստաբանը 2 օր առաջ է հանձնել իրեն եւ միջնորդություն ներկայացրեց  դատարանին` խնդրելով 10-օրյա ժամկետ 4 հատոր գործն ուսումնասիրելու համար: Վերջինս իր միջնորդությամբ  դատարանին տեղեկացրեց , որ պատրաստվում է գործի քննության հետ կապված Շնող համայնքի շահերից բխող քաղհայց ներկայացնել դատարան:

Դատավոր Ա. Մկոյանը կողմերին խնդրեց իրենց կարծիքը հայտնել միջնորդության վերաբերյալ: Մեղադրող Մ.Մովսիսյանը  առաջարկեց բավարարել պաշտպանի միջնորդությունը: Հայկազ Քոչինյանի շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանը առարկեց միջնորդությանը: Նա գտնում էր,  որ դատարանը արդեն մեկ անգամ այդպիսի հնարավորություն տվել է տուժող կողմին  և գործի քննությունը նախորդ անգամ հետաձգվել է հենց այնպիսի ժամկետի սահմանում, որը պահանջում է տուժողի պաշտպանը:

« Տվյալ դեպքում Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը հիմա գտնվում է դատական նիստերի դահլիճում: Նա քրեական գործով հանդիսանում է  տուժողի ներկայացուցիչ: Այս պահին  գործի քննությունը հետաձգելու հիմքեր չկան , այդ պատճառով խնդրում եմ ներկայացված միջնորդությունը  մերժել և  գործի քննությունը շարունակել»,- ասաց Ա. Ոսկանյանը: Միջնորդության մասին դատավորը հարցրեց նաև ամբաստանյալ Հայկազ Քոչինյանին:

«Ես հետևյալը կասեմ, եթե ասելիք ունեն, ինչն է պատճառը, որ ձգձգում են, պարզ ասեն: Թատրոն ա դառնում արդեն, հարգելի դատավոր: Ասելիք ունեն, թող ասեն: Դուք ողջամիտ ժամկետ տվել եք, մենք համաձայնել ենք, ասելիք ունեն, թող ասեն: Ինչն ա պատճառը: Ընդամենը շոու են սարքում»,-պատասխանեց ամբաստանյալը: 

Դատավոր Աղասի Մկոյանը որոշեց միջնորդությանը անդրադառնալ դատաքննության նախապատրաստական փուլն ավարտելուց հետո:Դատարանը անցավ ամբաստանյալի ինքնության ստուգմանը.«Կանգնեք ամբաստանյալ»,- Հայկազ Քոչինյանին դիմեց դատավոր Մկոյանը:

«Ես չեմ ընդունում, որ ես ամբաստանյալ եմ»,-առարկեց Հայկազ Քոչինյանը: «Ամբաստանյալ եք և պատասխանեք կոնկրետ»,- ասաց դատավորը:

«Ես Քոչինյան  Հայկազն եմ»,-հակադարձեց ամբաստանյալը:

«Դուք ամբաստանյալ Հայկազ  Քոչինյանն եք»,- վերջինիս  կրկին ուղղեց  դատավոր Մկոյանը: «Դա Ձեր կարծիքն ա: Ես Քոչինյան Հայկազն եմ, ծնվել եմ 1962 թվականին և ունեմ բարձրագույն կրթություն» ,- պատասխանեց ամբաստանյալը: «Մյուս հարցերը, էլ ի՞նչ է հարկավոր» ,- շարունակեց Հ.Քոչինյանը , ապա շարունակեց ներկայանալ դատարանին:

Պաշտպան Արտակ Ոսկանյանը հայտնեց, որ  միջնորդություններ ունի ներկայացնելու դատարանին: Եւ մինչեւ միջնորդությունը ներկայացնելը նա բացատրություն խնդրեց մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի գնի մասին:

«Փորձագետի եզրակացությամբ  «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի շուկայական գինը գնահատվել է 4 մլն. 760 հազար դրամ: Հայկազ Քոչինյանը  ավտոմեքենան գնել է 4մլն. 900 հազար դրամով,  ավտոմեքենայի գնման տարբերությունը կազմում է 140 հազար դրամ, ոչ թե 590 հազար դրամ, ինչպես գրված է մեղադրական եզրակացության մեջ»,- ասաց  պաշտպանը և խնդրեց դրա բացատրությունը:

««Մերսեդես-Բենց» ավտոմեքենան  գնելուց հետո համայնքի բյուջեից 450 հազար դրամ է ծախսվել մեքենայի վրա գազի սարքավորում տեղադրելու համար: Ձեր ասած 140 հազար դրամին ավելացվել է նաև գազի սարքավորումների տեղադրման 450 հազար դրամը և տարբերությունը կազմել է 590 հազար դրամ»,-բացատրեց մեղադրող Մ.Մովսիսյանը:  

Արտակ Ոսկանյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն` դատակոչի ցուցակում չնշված, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունքեր տված  վկաներ Հովիկ Վարդանյանին, Կորյուն Շադինյանին, Արտաշես Ավետյանին և Անահիտ Տիգրանյանին դատարան հրավիրելու և ցուցմունքներ տալու համար: «Հարգելի դատարան, մենք արդեն անցնում ենք միջնորդությունների քննարկմանը, որտեղ մասնավորապես հղում է կատարվում քրեական գործի նյութերին, մինչդեռ իմ միջնորդությունը չքննարկվեց: Հիմա ես ինչպես կարող եմ  կարծիք հայտնել ամբաստանյալի պաշտպանի միջնորդության վերաբերյալ»,- դատավորին դիմեց  տուժողի պաշտպան Աշոտ Սաֆարյանը: Դատարանը  բավարարեց նրա  միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը  տեղի կունենա մայիսի 7-ին:

 Լուսանկարում` Հայկազ Քոչինյանը եւ Արտակ Ոսկանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter