HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ն. Զոհրաբյան. «Շատ կարճ ժամանակահատվածում կարող է պարզվել, որ բոլոր այդ մեկնաբանությունները անհիմն են»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ապրիլի 11-ին: Քանի որ Դ. Քոչարյանն այս պահին Հայաստանում չէ, նրա հետ կապվել չհաջողվեց, պարզելու, թե ո՞րն էր մանդատից հրաժարվելու դրդապատճառը: Ինչպես «Հետքի» հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը իրենք Քոչարյանից կճշտեն մանդատը վայր դնելու պատճառը, երբ նա վերադառնա:

Նա նշեց, որ հիմա իր ձեռքի տակ է ապրիլի 11-ով թվագրված Դավիթ Քոչարյանի դիմումն ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: «Դիմումում ասված է, ընթերցում եմ. «Մեծարգո նախագահ, խնդրում եմ դադարեցնել իմ ՀՀ ԱԺ պատգամավորի իմ լիազորությունները իմ դիմումի համաձայն»: Այո, Դավիթ Քոչարյանը դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ: Դիմումը փոխանցված է ԱԺ նախագահին: Այս պահին Դավիթ Քոչարյանը Հայաստանում չէ, և երբ վերադառնա, մենք իր հետ կճշտենք, թե ինչո՞ւ է նա ցանկանում վայր դնել պատգամավորական մանդատը, ինչո՞ւ չի ցանկանում լինել պատգամավոր»,- նշեց Ն. Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է լուրերին, թե Դավիթ Քոչարյանը պատրաստվում է լքել նաև կուսակցության շարքերը, ապա ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց. «Մնացյալ մեկնաբանությունները կուսակցությունից դուրս գալու, կուսակցական մանդատը վայր դնելու մասին, անկեղծ ասած ինձ հայտնի չեն, ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ այլ մեկնաբանությունից: Մենք ունենք մեկ դիմում՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, իսկ այլ նպատակների մասին տեղյակ չենք»:

Հարցին, թե արդյոք Դ. Քոչարյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու քայլը կապվա՞ծ էր ԲՀԿ-ի՝ կուալիցիայի մաս չկազմելու որոշմանը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այստեղ կարծում եմ, որ տրամաբանությունը շատ պարզ է, որ եթե այդպես լիներ, նա կուսակցությունից դուրս կգար, ոչ թե կհրաժարվեր պատգամավորի մանդատից»:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք այս ընթացքում եղել են պատգամավորական մանդատից հրաժարված ԲՀԿ այլ պատգամավորներ, քանի որ խոսվում է, որ Դավիթ Քոչարյանը չի լինի միակը, ով կլքի ԲՀԿ խմբակցության շարքերը: «Քաղաքականության մեջ «ասում են»-ը շատ վատ խորհրդատու է: Դավիթ Քոչարյանը չի ցանկանում լինել պատգամավոր: Ես իմ հարգարժան գործընկեր-լրագրողներին կհորդորեի չշտապել այլ մեկնաբանություններ անելու հարցում, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում կարող է պարզվել, որ բոլոր այդ մեկնաբանությունները անհիմն են»,- պատասխանեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter