HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում ծառերի էտը կատարվում է կոմունալ բաժնի պետերի ճաշակով

Գյումրու Տիգրանյան-Տերյան խաչմերուկի սկզբնամասում օդի մեջ տարածվող էլեկտրական սղոցի միալար գվվոցը խառնվում է փետրավորների աղմուկին: Ամեն մի ընկնող ճյուղի հետ հարեւան ծառերի վրա հանգրվանած ագռավների երամը խուճապահար օդ է բարձրանում: Ներքեւում հավաքված տղամարդիկ անտարբեր նայում են գլխատվող բարդուն: Երբ հերթական ճյուղը՝ վրան թռչնի բույն, վերեւից աղմուկով ընկնում է ներքեւ, հանդիսատես տղամարդկանցից երկուսը մոտենում են եւ սկսում ինչ որ բան փնտրել: Տպավորությունն այն է, որ անհանգստացած են ու ցանկանում են ստուգել, թե գահավիժած բներում չկա՞ն արդյոք ագռավի ճտեր: Այդ մասին հարցնում եմ նրանց, պարզվում է ընդամենը ոսկի են փնտրում: «Ագռավները սովորություն ունեն ամեն փայլուն բան  քաշ տալ իրենց բները»,- պարզաբանում է տարեց տղամարդը: Գլխատվող բարդին նրանց չի հուզում:

Բնապահպան Գեւորգ Պետրոսյանին անհասկանալի են սանիտարական էտի անվան տակ ամեն տարի կատարվող հատումները: Էտը սովորաբար անում են երիտասարդացման նպատակով: Էտում են հիվանդ, ծերացած, բայց ոչ 10-15 տարեկան մանուկ ծառերը: Ինչպես նաեւ էտի անվան տակ չեն գլխատում ծառը միայն նրա համար, որ այնտեղ բնադրել են ագռավները:

«Նույնիսկ այդ դեպքում կտրում են միայն ճյուղի վերին 1/3-րդից ոչ ավելին: Այսինքն էդպիսի բան չկա, որ 2 մետրի վրա ծառը դնեն խուզեն,- ասում է «Օհրուս» բնապահպանական կենտրոնի Գյումրու համակարգող Գեւորգ Պետրոսյանը,- իհարկե տարբեր ծառատեսակներ տարբեր կերպ են ենթարկվում էտի: Գոյություն ունի նաեւ հարկադիր էտի տեսակ, երբ ծառը վնասված է եւ սպառնում է շրջակա միջավայրին, երբ խանգարում է բարձր լարման էլեկտրական լարերին եւ այլն:  Այստեղ անհանգստացնողն այլ է: Ինձ կոնկրետ հասկանալի չէ, թե նորմատիվ իրավական ինչ փաստաթղթերի հիման վրա է մեր քաղաքապետարանը իրականացնում ծառերի էտը: Այսինքն` ի՞նչ չափանիշներով է ուղղորդվում՝ խորհրդային, եվրոպական, թե՞ իր գրած չափանիշներով: Ճիշտ է, գոյություն ունի կանաչ տարածքների մասին կառավարության որոշում, բայց լրիվ նորմերը այն չի սահմանում»:

Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ այս ոլորտում խաղի հստակ կանոններ սահմանված չեն, եւ եթե նախկինում Գյումրիում ծառերի էտը կատարվում էր կոմունալ բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանի ճաշակով, ապա հիմա՝ Կնյազ Մանասյանի:

«Կիլիկիա» խորտկարանի դիմացի հաստաբուն ծառը հատեցին ավտոկայանատեղի ստանալու նպատակով, այնինչ կարող էին բավարարվել խորը էտով,- նկատում է բնապահպանը,- թույլտվությունը տվել էր Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժինը: Նման դեպքեր քիչ չեն եղել նաեւ նախկին քաղաքապետի օրոք: Սա իմ համոզմամբ պաշտոնական դիրքի չարաշահում է, բայց եթե չկան խաղի կանոններ, դու չես կարող ապացուցել, որ մարդը չարաշահել է իր պաշտոնական դիրքը»:

Մոտ մեկ ամիս առաջ էտեցին «Հաղթանակ» զբոսայգու սկզբնամասում գտնվող ծառերը: Այդ հատվածում տեղադրել էին անցած տարի կայացած «Քանդակագործների սիմպոզիումի» արդյունքում ստեղծված քանդակները:

«Անկեղծ ասած, իմ համար դրանք քարերի կույտ են ու արվեստի գործ չեմ համարում: Կարող է, սխալ եմ ես, կարող է, չեմ հասկացել ինչ են ուզել ասել, գուցե արվեստից ավելի լավ հասկացող մեկն ինձ քննադատի, հնարավոր է: Հարցն էստեղ ուրիշ է, ինչ որ 4-5 արձանի համար դրեցին այգու ծառերը խուզեցին, վարսավիրություն արեցին կոպիտ ասած: Դեռ լավ է հրաման չէին ստացել, որ բոլորը նույն բարձրության լինեն, թեպետ համարյա թե միահավասար էլ խուզել են,- դժգոհությունը չի թաքցնում Գեւորգ Պետրոսյանը,- մենք մշակույթ հասկացությանը նայում ենք միակողմանի: Թե’ նախկին, թե’ ներկա իշխանությունների համար մշակույթը դա քանդակն է, բայց Գյումրին ունեցել է կանաչ տարածքների իր ուրույն մշակույթը: Հիշենք թեկուզ բուսաբանական այգին, «Գորկա» այգին, Սոֆիկի բաղերը, Վարդապետի այգիները՝ Վարդբաղը: Այսինքն, Գյումրին ըստ էության եղել է նաեւ կանաչ մշակույթի քաղաք, էնպես չէ, որ եղել է քանդակի քաղաք, վարպետների քաղաք ու վերջ: Մշակույթ կոչվածը բազմակողմանի ու բազմադեմ է»:

Տեղական ինքնակառավարման մարմինները բնապահպանական սխալ քաղաքականություն են վարում մի քաղաքում, որն օդի աղտոտվածությամբ երրորդ տեղն է զբաղեցնում հանրապետությունում Արարատ եւ Հրազդան քաղաքներից հետո: Եվ սա այն դեպքում, երբ Գյումրիում չկան արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ մերձակա տարածքներում՝ հանքեր: Օդում փոշու բարձր խտությունով պայմանավորված մեծ է նաեւ ալերգիայով, վերին շնչուղիների հիվանդությամբ տառապող հիվանդների թիվը: Ըստ Գ. Պետրոսյանի, խնդիրը մարդկանց սխալ մտածելակերպն է, առաջնահերթ պետք է դա փոխել:

«Օրինակ ամեն մի երթուղայինի վարորդի համար կանգառում կանգնածը պոտենցիալ 100 դրամանոց է, այդպես էլ մարդկանց մեծ մասի համար ծառն ընդամենը վառելափայտ է, բազմաթիվ գործարարների համար՝ իր օբյեկտի արտաքին տեսքը փչացնող քոսոտ մի իր: Ծառը որպես գեղեցկություն, օգտակար տարր, որպես իրենց առողջության գրավական, մարդիկ, ցավոք, չեն ընկալում,- նկատում է բնապահպանը,- այսօր իրեն հարգող ամեն մի փողատեր, ով օբյեկտ է կառուցում, իր պարտքն է համարում կտրել տարածքում առկա բոլոր ծառերը»:

Գեւորգ Պետրոսյանը որպես թարմ օրինակ բերում է Ռիժկովի ճեմափողոցում գործող սրճարանների դիմացի տարածքներում բացօթյա տաղավարների տեղադրման նպատակով կատարված ծառահատումները: Օրինակը վարակիչ է, պնդում է բնապահպանը: Եթե մեկ սրճարանատիրոջ տրվել է թույտվություն ծառ հատելու, ապա 2-րդին, հետո էլ 3-րդին քաղաքապետարանը նույն հարցում չի կարող մերժել: Մեկ սխալն իր հետ բերում է սխալների շարք: Սա էր պատճառը թերեւս, որ Վարդանանց հրապարակի եղեւնիների հատման այդքան մեծ հնչեղություն ստացած հարցը բնապահպանականից հետագայում վերածվեց սկզբունքայինի: Զրուցակիցս բացատրում է, որ եթե հասարակությունը զիջեր ու այդտեղ թույլատրվեր թեկուզ մեկ եղեւնու հատում, ապա իրար հետեւից հատվելու էին բոլոր ծառերը, փոխարենը մայթերին հայտնվելու էին ամառային սրճարանների տաղավարներ:

«Խորհրդային տարիներին ինչպե՞ս էր, բոլորը գողանում էին, հետո արդարանում, որ պետությունից են գողանում: Հիմա, որ մեկին ասում ես, թե սխալ բան ես անում, կանաչ տարածքն ինչու՞ ես ոչնչացնում հանուն քո օբյեկտի, պատասխանի փոխարեն առաջարկում է, որ դու էլ գնաս, մի տարածք էլ դու վերցնես, մենակ թե սուս մնաս: Հիմա էլ գողանում են համայնքից: Ես գործարարներին չեմ մեղադրում: Մեղավորը տեղական ինքնակառավարման մարմինն է, որ չունի այս ոլորտը կանոնակարգելու հստակ խաղի կանոններ եւ շատ դեպքերում պարտվում է նույն այդ գործարարի զոռբությանը, ունեցած հզոր կապերին վերեւներում, ինչպես դա եղավ Մուսայելյան փողոցում ապօրինի գազալցակայնի գործունեությունը օրինականացնելու հարցում»:

Նշված գազալցակայանը բնակելի շինություններին կից ապօրինի, բազմաթիվ քաղաքաշինական խախտումներով կառուցվել էր դեռ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք: Այդ ժամանակ տարածքում ոչնչացվել էր որոշակի կանաչ տարածք եւ խորհրդային տարիներից գոյություն ունեցող գազապաստարանը: Այն քանդելու եւ գործունեությունը դադարեցնելու նպատակով նոր քաղաքապետը դիմեց դատարան: Վերջինս լրջորեն տրամադրված էր ապօրինի կառույցի փակման խնդրում, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով քաղաքապետարանը հրաժարվեց հայցից ու ապօրինի կառույցը օրինականացնելու թույտվություն տվեց: Ասում են, որ գործին խառնվել էր ինչ որ մեկը փայատիրական նկատառումներով ու խնդիրը լուծվել էր:

«Տեղական ինքնակառավարման մարմինները չունեն շատ պարզ բաներ՝ կանաչ տարածքների զարգացման ռազմավարություն, չունեն ընդհանրապես տեղական կառավարման քաղաքականության հիմքեր: Մենք չգիտենք, թե կանաչ տարածքներից այսօր ինչ ունենք Գյումրի քաղաքում պահպանված եւ որքա՞ն հատվածն է ոչնչացված ավերադարձ: Բազմաթիվ են օրինակները, երբ ծառահատում են կատարել որեւէ քարե շինություն կառուցելու համար, սակայն հակառակը գյություն չունի: Որեւէ մեկը տեսե՞լ է, որ շինությունը քանդեն եւ տեղը կանաչապատեն: Չկա այդպիսի բան»,-նշում է զրուցակիցս:

Նախկին ՏԻՄ-ից բնապահպանը պահանջել է եւ ստացել կանաչ տարածքների մի ցուցակ, որն ուսումնասիրելուց հետո հայտնաբերել են, որ բոլոր մայթերը, այսինքն` գազոնները, մտած են կանաչ տարածքների մեջ: «Բայց դե, մենք լավ գիտենք, որ Գյումրիում գազոններ չկան, դրա փոխարեն մայթերին կան տարբեր լայնության ու երկարության կրպակներ: Ասֆալտից առավել հարթ տարածքն համարվում է կանաչ տարածք, ահա թե որն է աբսուրդը»,- հավելում է Գ. Պետրոսյանը:

Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ համայնքի, հասարակության ունեցվածքը պաշտպանելու, մասսայական ամեն մի խախտման համար պետք է դիմել դատարան, քանի որ նախկին խելամիտ ձեւերը, որոնք ժամանակին կիրառել են՝ նամակներ գրել, դիմել նախարարություն, կառավարություն, ԶԼՄ-ներով խայտառակ անել, արդեն չեն ազդում: Մյուս կողմից էլ նույն դատարանը գործարարի ունեցվածքն ավելի լավ է պաշտպանում, քան հանրությանը:

Երբ երկու-երեք տարի առաջ Արագած ճեմափողոցի կանաչ գոտում պայքար սկսվեց կառուցվող շինության դեմ՝ հաղթանակ տարավ հանրությունը: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չեղյալ համարեց շինարարության համար տված իր թույլտվությունը: Սակայն 2012թ.-ին գործարար Արտյոմ Անտինյանը, ում 99 տարով կանաչ տարածք էր տրվել վարձակալության, դիմեց վարչական դատարան՝ վիճարկելով նախկին քաղաքապետի որոշումը եւ դատը շահեց: «Դատարանը հաշվի չէր առել գործի հանրային հնչեղությունը, հաշվի չէր առել  մի հանգամանք, որ կանաչ տարածքները 99 տարով վարձակալության տալու էդպիսի օրենք գոյություն չունի, որ դա խախտում է եւ այլն: Նույն ՏԻՄ-ի համար հանրության ունեցվածքն արժեք չէ: Անգամ պետության համար հանրության ունեցվածքն արժեք չէ՝ լեռ է, անտառ է, ձոր է, գետ է, լիճ է կապ չունի: Հենց սկսում են բախվել հանրության եւ գործարարի շահերը՝ պետությունն անցնում է գործարարի կողմը»,- ասում է բնապահպանը:

Ըստ Գ. Պետրոսյանի, այսօր մենք ունենք հասարակություն, որը լավ չի հասկանում տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությունը, չի կարողանում վերլուծել, չգիտի իր ակնկալիքների մասին ՏԻՄ գործունեությունից: Չի ձեւավորվում ամենակարեւորը՝ հասարակական պատվեր ՏԻՄ-ին: «Մենք պատվեր չենք տալիս, թե ինչ ենք ուզում: Քառամյա ծրագիրը պետք է գրեն ոչ թե քաղաքապետն ու իր թիմակիցները, այլ մենք պիտի գրենք ու տանք նրանց ձեռքը, մենք պիտի պահանջներ դնենք: Մենք հասարակական պատվեր չենք ձեւավորում, բայց ՏԻՄ-ին տալիս ենք փող»,- ասում է զրուցակիցս:

«Ամեն ինչ վաճառելու գնով բյուջե լցնելը փակուղային ճանապարհ է: Սխալների համար պետք է պատասխան տա ոչ միան նոր ընտրված, այլեւ նախկին համայնքապետը: Չի կարելի թույլ տալ, որ համայնքի ունեցվածքը մսխած անձը հեռանա անպատիժ: Նրան պետք է պարտադրել վերականգնել վնասը կամ ենթարկել քրեական պատասխանատվության թալանի համար: Մի օր էլ կկանգնենք փաստի առաջ, երբ պարզեք, որ համայնքին որպես սեփականություն մնացել են միայն փողոցները»,- զրույցը եզրափակում է Գեւորգ Պետրոսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter