HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

78 օր ծառայած զինվորը 11 տարի է՝ բանտում է

Լուսանկարը 11 տարվա պատմություն ունի: 18-ամյա շարքային, մոտ 80 օր Վանաձորի զորամասերից մեկում ծառայության անցած Էմիլ Չիվթչյանն է, ով արդեն 11 տարի չի վերադարձել տուն: Շուտով 30-ը բոլորող նախկին զինվորը  գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նա մեկն է ցմահ դատապարտված 14  նախկին զինվորներից: Էմիլին մեղադրել են 2003 թ-ի օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը Վանաձորի X զորամասի իրերի պահեստի տնակում համածառայակիցներից երեքին (Արման Դավթյանին ու եղբայրներ Լևոն և Համլետ Բարսեղյաններին) կանխամտածված, դիտավորյալ սպանելու մեջ: Որպես սպանության մոտիվ նախաքննական մարմինը (այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից ձևավորված քննչական խումբը՝ ՀԿԳ ավագ քննիչ Խ. Ղալթախչյանի գլխավորությամբ: Իսկ խմբի անդամներից է եղել նաև Մատաղիսի գործով հայտնի ավագ քննիչ Արմեն Հակոբյանը) առաջ է քաշել Էմիլի արձակուրդ գնալու 50 ԱՄՆ դոլար գումարը: Այդ գումարը, ըստ մեղադրանքի, նա տվել էր կրտսեր սերժանտ, սպանված տղաներից Արման Դավթյանին, սակայն խոստացված արձակուրդն այդպես էլ չի ստացել:

Մեղադրանքի ու դատավճռի հիմքում Էմիլ Չիվթչյանի ինքնախոստովանական, նաև գործով մյուս մեղադրյալի ցուցմունքներն են՝ տրված նախաքննության ժամանակ, որոնցից, սակայն, երկուսն էլ հրաժարվել են դատավարության ընթացքում՝ պնդելով, որ դրանք տրվել են խոշտանգումների, վախի, ընտանիքի հետ հաշվեհարդարի սպառնալիքի տակ. «Ծեծում էին անգամ իրենց կանչած պաշտպանների մոտ, նրանք էլ համոզում էին, որ մեր վրա վերցնենք սպանությունը»,-կարդում ենք առերեսման վերծանված արձանագրության մեջ: Էմիլը դատավարությունից սկսած մինչ օրս պնդում է, որ անմեղ է, չի կատարել սպանություն:

«Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարին արձագանքելով՝ նախկին շարքային զինվորի մայրը՝ Վարսենիկ Ղազարյանը պատմեց, որ 11 տարի է պայքարում են տղայի անմեղությունն ապացուցելու համար, բողոքներ են գրել ամեն պետական ատյան, սակայն բոլոր վայրերից ստացել են պատասխան, որ դատավճիռը օրինական ուժի մեջ է, ճիշտ է ու համակողմանի քննված: «Անգամ երբ Գևորգ Կոստանյանը նոր էր նշանակվել գլխավոր դատախազ, Էմիլի փաստաբանի՝ Սամվել Միրզոյանի հետ եղանք նրա մոտ ընդունելության: Գլխավոր դատախազը լսեց մեզ ու ասաց, որ անհրաժեշտ են նոր հանագամանքներ: Բայց գործը սարսափելի խախտումներով է քննվել, սրան ո՞վ պիտի ուշադրություն դարձնի»,-«Հետքի» հետ զրույցում պատմեց զինվորի մայրը:

Տիկին Վարսենիկը պատմեց, որ տղան մեծացել է Երևանում, հաճախել դպրոց, տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել, բայց զորակոչել են բանակ դպրոցն ավարտելուց 2 տարի անց՝ 18 տարեկանում. «Տղաս հասցրեց ծառայել ընդամենը 78 օր: Ուզում էր օգոստոս ամսին եղբոր ծննդյան տոնին մասնակցել, ասաց, որ 50 դոլարով են դասավորում, մենք ուղարկեցինք այդ գումարը, բայց Էմիլը դեպքի հաջորդ օրը զանգեց մեզ ու ասաց, որ չի կարող գալ արձակուրդ. զորամասում լսել է, որ այն ծառայողը, ով պիտի դասավորեր արձակուրդը, սպանվել է: Անցան օրեր, մենք իմացանք, որ զինվորներին տարել են զինդատախազություն, որոնց մեջ է նաև Էմիլը: Հետո իմացանք, թե ինչ բռնությունների է ենթարկվել տղաս, անգամ չեմ կարող պատմել, չեմ էլ ուզում վերհիշեմ այդ սարսափը, որ ինքն իր դեմ ցուցմունք տա: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես կարող են ստիպել, ինչ հնարքներով, ինչ մեթոդներով, որ մարդը վախից խոստովանի, թե  ինքն է կատարել 3 զինծառայողի սպանություն»:   

«Հետքը» փորձեց գնալ այս գործի հետքերով՝ սկսելով նախ ուսումնասիրել 7 հատորանոց քրեական գործը, ծանոթանալ նյութերին, վկաների, կասկածյալների, երկու մեղադրյալների հարցաքննությունների արձանագրություններին, մեղադրանքին, փորձաքննությունների արդյունքներին:

Այս գործով կատարվել է մոտ 30 փորձաքննություն (դատաքրեագիտական, դատահետքաբանական, դատահոգեբուժական, դատաձգաբանական, դատանարկոլոգիական և այլն), որոնցից 8-ը վերաբերել է ուղիղ Էմիլ Չիվթչյանին, սակայն որևէ փորձաքննության արդյունքով հիմնավորված չէ, որ Էմիլը մասնակցություն է ունեցել սպանությանը:

Էմիլը վկայից կասկածյալ, այնուհետև մեղադրյալ է դարձել 3 օրում: 2003 թ-ի օգոստոսի 9-ին նրան մեղադրանք է առաջադրվել: Ընդ որում, օգոստոսի 8-ին՝ որպես վկա նա ցուցմունք է տվել ու նշել, որ ինքը սպանությունից տեղյակ չէ: Ապա ընդամենը 40 րոպե անց նա խոստովանել է, թե ինքն է կատարել սպանությունը: Այդ հարցաքննությունը տևել է ութ ու կես ժամ, ինչը, ըստ քրեական դատավարության օրենսգրքի խախտում է. 205 պրիմ 1 հոդվածով հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից: 8:30 ժամ անց Էմիլը նշել է, որ իր աչքերը ցավում են, որ բժիշկը դեղ կաթեցրեց իր աչքերի մեջ, որ ի վիճակի չէ շարունակել հարցաքննությունը, սակայն մոտ 3 ժամ անց՝ 02:20 վերսկսվել է հարցաքննությունը և ձգվել մինչև լուսադեմ՝ 05:40, որի ժամանակ էլ երկու քննիչները՝ Ղալթախչյանն ու Հակոբյանը՝ մեկը մյուսին փոխարինելով իրենց ձեռքով գրել են 18-ամյա զինվորի ցուցմունքն առավել մանրամասն: 

Այս գործը շատ նման է մահապատժի դատապարտված (2003 թ-ից ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ դատապարտված), դարձյալ նախկին զինվոր, 18 տարի բանտում գտնվող Արթուր Մկրտչյանի գործի հանգամանքներին, որին «Հետքն» անդրադարձել է առանձին հոդվածաշարով: Երկու գործերում էլ զինվորներ կան, ովքեր սպանվել են քնած ժամանակ, երկու գործերում էլ կա վկա, ով, ըստ գործի նյութերի, դեպքի վայրում է եղել, սակայն կենդանի է մնացել՝ դառնալով մեղադրյալներից մեկը:

Հ.Գ. «Հետքը» զրուցել է նաև 11 տարի առաջ Էմիլ Չիվթչյանի պաշտպանությունը դատարանում իրականացրած փաստաբան Սամվել Միրզոյանի, նաև ներկայում գործը ուսումնասիրող փաստաբան Վահագն Դավթյանի հետ: Ի՞նչ բացթողումներ, խախտումներ կան գործում, ի՞նչ է հնարավոր անել դեպքից 11 տարի աց, երբ ոչնչացված է դեպքի վայրը, երբ ոչնչացված են ապացույցները: Մասնագետների կարծիքները կներկայացնենք հաջորդիվ:

Շարունակելի

 

Մեկնաբանություններ (6)

Armine
Koch em anum bolor ayn mardkanz ovker geten Emilen u havatum en nra anmexutyan@ votke kangnel, arzagankel.Anmex mard@ chpiti patasxan ta urishe hanzanknere hamar...Emil gan menk mesht kez het enk u paykarelu enk mengev vergen varkyanQ.
Ashot
1937 tvakan ... XXI dar
Արտակ
Այո, հիշում եմ այդ անարդար զինդատախազի և մեղադրող կողմի, շինծու, ծիծաղելի ու անհեթեթ կազմած գործը: Բայց քանզի երկրի ղեկավարությունն առայժմ չի հոգում ժողովրդի մասին, այլ պարզապես մակերեսորեն ցույց է տալիս կեղծ հոգատարություն, դրա արդյունքում ել անտեսվելու են Էմիլ Չիվթչյանի դեպքին նմանատիպ մի շարք ԱՆԱՐԴԱՐ խորտակված ճակատագրեր...
Վեհարի
Դրամահավաքով զբաղվող բանակ.` Պատասխան տվող չկա: Մարդկային տականք քննիչները դատվելու փոխարեն խրախուսվում են վերևներից ...: Դե վերևներում միայն նրանք են ում հայրենիքի դավաճան լինելու դիմաց օրենքը կգնդակահարեր, եթե իհարկե արդարադատորեն գործեր:
Սամվել
ֆաշիստներ
Nar
Ոնց եք այսքան անմեղ մարդու անեծք վերցրել ձեզ վրա այ մարդկային թյուրիմացություններ, այ անմարդկային տականքներ: Մի օր պատասխան եք տալու և սպանված զինվորների (աստված լուսավորի բոլոր մահացած զինվորների հոգիները, որոնց վրա համարձակվել են իրենց սրբապիղծ ձեռքը բարձրացնել այդ ....) և այն մարդկանց խեղված ճակատագրերի համար, որոնց կյանքը խորտակել եք, այ գ. ջհանգիրյան, արմեն հակոբյան և այլոք (արժանի չեն, որ իրենց անունները մեծատառով գրվի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter