HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետական կուսակցությունը սպասում է ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի պատասխաններին

Իշխող Հանրապետական կուսակցությունը սպասում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Օրինաց երկիր» կուսակցությունների վերջնական դիրքորոշմանը կոալիցիա մտնել-չմտնելու հարցում, ինչից հետո միայն կարող է խոսել իր ապագա քայլերի մասին: ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ կոալիցիայի մաս չի կազմելու, ՀՅԴ-ն առայժմ միայն հայտարարում է, որ վերջնական որոշում կկայացնի, եթե նոր կառավարությունն ընդունի Դաշնակցության 7 կետանոց ծրագիրը, իսկ ՕԵԿ-ը այսօր ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել, թե կոալիցիա մտնել-չմտնելու հարցի վերաբերյալ որոշում դեռ չունի, որովհետև ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ:

Պատասխանելով «Հետքի» հարցին, թե արդյոք իշխանությունը ստեղծված իրավիճակում շարունակելու է բանակցություններ վարել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու օրակարգի շուրջ, ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հիշեցրեց «Բարգավաճ Հայաստանի» հայտարարությունը, որ իրենք կոալիցիայի մաս չեն դառնա, ուստի ենթադրվում է, որ ԲՀԿ-ի հետ բանակցություններ այլևս չեն վարվի:

«Հանրապետականը միշտ էլ բանակցային պրոցեսի մեջ է քաղաքական այդ ուժերի հետ: Իհարկե, ԲՀԿ-ն արդեն իր տեսակետն արտահայտել է, օրեր հետո, կարծում եմ, որ Դաշնակցությունն էլ կարտահայտի իր դիրքորոշումը: ԲՀԿ-ն հայտարարել է արդեն, որ իրենք կոալիցիա չեն մտնի, ինչը մեզ համար հիմքէ, իսկ Դաշնակցությունը դեռևս քննարկում է, բայց դա դեռ չի նշանակում, որ կոալիցիա են մտնելու, որ համաձայնել են, կարծու եմ, որ մի քանի օրից կպատասխանեն երևի»,- նշեց ԳալուստՍահակյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ ՀՅԴ-ի դիրքորոշումը չի ուշանում այն պատճառով, որ իրենք Դաշնակցության հետ «ինչ-որ բանի շուրջ համաձայնության չեն գալիս»: Ըստ նրան՝ ՀՅԴ-ն իր ծրագիրն է ներկայացրել, և ծրագրի շրջանակներում քննարկումներ եղել են, ուստի «մնում է, որ իրենք իրենց ներսում քննարկումներ անեն ու պատասխանեն հանրությանը, թե ի՞նչ ենուզում»: Մեր հարցին, թե չկա՞ որևէ խոչընդոտ, որ ՀՅԴ-ն կոալիցիա ձևավորի իշխանությունների հետ, Գ. Սահակյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով.  «Չկա: Եթե ցանկացած կուսակցություն կհիմնավորի, որ իրենց ծրագիրը կառավարությանը հարմար է, այդ չափով էլ փոխհարաբերություններ կլինեն»:

Իսկ ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», ապա հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ն այլևս մաս չկազմի իշխող կոալիցիային: Ի պատասխան` Գ. Սահակյանն ասաց. «ՕԵԿ-ի համար ավելի շատ եմ վստահ, քան մյուսների պարագայում: ՕԵԿ-ն էլ, կարծում եմ, որ քննարկումների մեջ է, կասեն երևի շուտով: Իրենց տեղը ես այս պահին չեմ կարող մտածել, ես չգիտեմ` նրանք վստա՞հ են, թե՞ վստահ չեն... ՕԵԿ-ը իր մեկնաբանությունները կանի, այն ժամանակ գնահատականներ կտանք»,- նշեց Գալուստ Սահակյանը:

Միաժամանակ, սակայն, պատասխանելով մեր այն հարցին, թե չե՞ք բացառում, որ ՕԵԿ-ը կարող է կոալիցիայի մաս չկազմել, ՀՀԿ փոխնախագահը նշեց. «Սուր հարցադրում եք դնում: Նման խնդիր չկա այս պահին, որ չեն մտնի, բայց մինչև քաղաքական ուժը իր վերջնական տեսակետը չհայտնի, դժվար է որևէ բան ասել: Իհարկե, ես 100 տոկոսով չեմ կարող ասել իրենց փոխարեն, որովհետև ես ՀՀԿ անդամ եմ, իրենց քննարկումների մասնակիցը չեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter