HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

«Հայկական էլեկտրացանցերը» թաքցնում է սպառողներից հավաքագրած գումարները

«Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չի մուտքագրվել ընկերության հատուկ հաշիվներին, թեև այդ հաշիվներում առկա է եղել միջոցների անբավարարություն: Այսպիսի եզրակացություն է առկա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծում՝ հիմնված 2013 թ. օգոստոս-նոյեմբերի տվյալների վերլուծության վրա: ՀԷՑ-ին 5 մլն դրամով տուգանելու մասին որոշման նախագիծը ներառվել է վաղվա՝ ապրիլի 16-ի նիստի օրակարգում:

Հանձնաժողովի որոշման մեջ նշվել է նաև, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայաններին և ծառայություններ մատուցող ընկերություններին վճարումները կատարել է պարբերական ուշացումներով:

Ի պատասխան՝ ՀԷՑ-ը պաշտոնական գրությամբ արդարացել է, որ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, ի վիճակի չէ կատարել ընթացիկ պարտավորությունները, ունի հսկայական վարկային պարտավորություններ: Սակայն այդ պատասխանից պարզ չէ՝ եթե գումարները հատուկ հաշիվներին չեն կուտակվում, ապա ու՞ր են մուտքագրվում ու ինչպե՞ս են օգտագործվում:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը 2006 թվականից ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Ընկերությունը 2012 թվականից աշխատում է զգալի վնասներով՝ տարեկան մոտ 10 մլրդ դրամի չափով: ՀԷՑ-ում վնասները բացատրում են այն հանգամանքով, որ ստիպված են արտադրող կայաններից թանկ էլեկտրաէներգիա գնել, հատկապես «Հրազդան 5» ՋԷԿ-ից, որը էլեկտրաէներգիայի խոշոր մատակարար է, ու որի էլեկտրաէներգիայի արժեքը սահմանված է 26 դրամ՝ 1 կվտ/ժամ- համար: «Հրազդան 5» ՋԷԿ-ը, հիշեցնենք, պատկանում է «Գազպրոմ Արմենիային»: Վերջին շրջանում խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ ՀԷՑ-ը վաճառվելու է հենց «Գազպրոմին», սակայն առայժմ այդ լուրերը չեն հաստատվում: Ակնհայտ է, որ երկու ռուսական ընկերությունների միջև առկա է շահերի լուրջ բախում, որից կարող են տուժել սպառողները: Եթե «Գազպրոմն» ու «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը համաձայնության չգան, ապա վաղ, թե ուշ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը կրկին հայտնվելու է օրակարգում:

ՀԷՑ-ը սկսած 2009 թվականից պարբերաբար վարկեր է վերցնում տարբեր բանկերից ու միջազգային կազմակերպություններից՝ ներդրումները ֆինանսավորելու պատրվակով; Ըստ ընկերության հաշվետվությունների՝ այդ վարկերից խոշորագույնը 2009 թ. հատկացրել է ճապոնիայի Միջազգային համագործակցության բանկը՝ 35 մլն դոլար: ՀԷՑ-ը խոշոր վարկային պարտավորություններ ունի նաև Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկի (ՎԶԵԲ) և «ՎՏԲ բանկի» հանդեպ: Մեր հաշվարկներով՝ ՀԷՑ-ի վարկային պարտավորությունները այս պահին գնահատվում են մոտ 100 մլն դոլար, ու հավանաբար հիմա մարումների գրաֆիկի ծանր շրջան է: Բոլոր դեպքերում՝ ՀԷՑ-ում վարկերի օգտագործման ու ընդհանրապես՝ ֆինանսական կառավարման արդյունավետության հարցը օրակարգում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter