HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Իջեւանում մեծ է հասարակական կառուցապատման հողերի պահանջարկը

Իջեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետ Արթուր Այդինյանը հավաստիացնում է, որ իրենք կարողացել են 10 րոպեի ընթացքում ավարտել աճուրդը: Իջեւանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդը պետք է անցկացվեր ապրիլի 10-ին, ժամը 11:00-ին: Քաղաքապետի ընդունարանում էինք 11:10 րոպեին, սակայն այնտեղ չէր ո'չ քաղաքապետը, ո'չ նրա տեղակալը, ո'չ էլ քարտուղարուհին:

«Դե ինքը (քաղաքապետը) որ շտապում էր, ասաց` արագ-արագ կազմակերպենք», - բացատրում է Ա. Այդինյանը: Թե ինչպես են կարողացել 10 րոպեում աճուրդ անցկացնել, երբ պետք է բացատրվի աճուրդի ընթացակարգը, մասնակիցները սակարկում են, կազմվում է արձանագրություն, ինչը ժամանակ է պահանջում, Ա. Այդինյանն ասում է, որ աճուրդը կայացել է եւ մասնակիցները փաստաթղթերն արագ-արագ ստորագրել, գնացել են:

Իջեւանի այս տարվա թվով 7-րդ աճուրդին վաճառվել է 150 քմ հողատարածք: Աճուրդին մասնակցելու հայտ են ներկայացրել երկու հոգի, կատարված չորս քայլի արդյունքում 186.300 դրամ մեկնարկային գնով հողատարածքը վաճառվել է 223.560 դրամով:

Տավուշի մարզկենտրոն Իջեւանում մեծ է հասարակական կառուցապատման հողերի պահանջարկը, որոնք էլ պարբերաբար աճուրդի են հանվում: Ձեռքբերված հողատարածքները հետագայում հիմնականում վերածվում են առեւտրի կետերի: Սակայն յուրաքանչյուր հողակտոր աճուրդի դնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է այն օտարել ամբողջական հողակտորից: Օրինակ, առկա 600 հա-ից նախատեսվում է աճուրդի հանել 150 քմ հողակտորը, որի համար պահանջվում է առանձին չափագրում, համայնքային սեփականության ճանաչման վկայական: Այդ եւ հավելյալ այլ ծախսերը կազմում են մոտ 60-70 հազար դրամ:

Քաղաքապետարանում նախօրոք հաշվարկ են անում, թե տարվա ընթացքում որքան գույք պետք է օտարել, որպեսզի ձեւավորվի ֆոնդային բյուջեն եւ թե ինչի վրա պետք է ծախսվի գումարը: Ըստ այդմ` որոշվում է աճուրդների ընթացքը, սակայն, թե ինչ չափանիշներով է սահմանվել աճուրդի մասնակցության 25 հազար դրամը, Իջեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետ Արթուր Այդինյանն սկզբում դժվարացավ պատասխանել, հետո նշեց, թե դա ավագանու որոշումն է: Ընդ որում, 2012 թ.-ին այդ գումարը կազմել է 15 հազար դրամ, 2013 թ.-ին ավագանու որոշմամբ դարձել է 25 հազար դրամ: Ա. Այդինյանը հավելում է, որ մասնակցության վճար սահմանելով նպատակ ունեն լրացնել այն ծախսերը, որոնք առաջանում են հողատարածքներն օտարելիս:  Այդ ծախսերը կազմում են 60-70 հազար դրամ:

Նախորդ տարվա աճուրդային փաթեթների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Իջեւանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդներին հիմնականում մասնակցել են 3 հոգի, երբեմն` չորս: Աճուրդի քայլերի թիվը տարբեր է` կախված աճուրդի դրված գույքից: Օրինակ, աճուրդներից մեկում մինչեւ 58 քայլ է կատարվել, որի արդյունքում, նրանց ասելով, վաճառվող հողատարածքի համար շուկայական գին է ձեւավորվել:

«Մասնակիցներին ծանոթացնում ենք, թե նախնական գումարն ինչքան է, քայլի չափն ինչքան է, ու արդեն իրենք են որոշում, թե քանի քայլ անեն», - ասում է Ա. Այդինյանը:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը նշում է, որ հաճախ մարդ են փնտրում, որպեսզի մասնակցի աճուրդին, քանի որ այդպիսով ներդրում կարվի համայնքում: Օրինակ, Իջեւանի ճոպանուղին մոտ 25 տարի կիսակառուցված վիճակում է, սակայն չկա մեկը, ով պատրաստ է այն ավարտին հասցնել: Քաղաքապետարանը պատրաստ է անգամ անհատույց օգտագործման տրամադրել ճոպանուղին, միայն թե այն կառուցվի: Քաղաքապետը համոզված է, որ Իջեւանը զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ ունի. քաղաքի կենտրոնով հոսում է Աղստեւ գետը, կլիման բարենպաստ է, օդը` մաքուր: Ճոպանուղին, որը քաղաքը կապում է դիմացի սարին, կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

Քաղաքապետարանում հավաստիացնում են, որ բացի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տրված հայտարարությունից, աճուրդի մասին իրազեկում են նաեւ քաղաքի տարբեր տեղերում առկա ցուցատախտակներին հայտարարություն փակցնելով: Սակայն վերջին աճուրդի օրը նման հայտարարություն չկար անգամ քաղաքապետարանի ցուցատախտակին:

Քաղաքապետը շեշտում է, որ նախատեսած տարեկան բյուջեի պլանը ոչ միայն ամբողջությամբ կատարել են, այլեւ աճ են գրանցել: Տարեկան աճը կազմում է մոտ 10-12%, ինչը կատարվում է գույքահարկի, հողիհարկի, աճուրդների, շենքերի եւ հողատարածքների վարձակալության հաշվին: Անցած տարի աճուրդների եկամուտներից ստացված գումարով բարեկարգել են քաղաքի շատրվանները: Այս տարի նախատեսված է բարեկարգել քաղաքի կենտրոնական` Անկախության փողոցի մի մասը (մյուս մասը արվել է անցած տարի), որի համար մոտ 15 մլն դրամ է անհրաժեշտ, ինչպես նաեւ ասֆալտապատել քաղաքի փողոցների մի մասը: Մեկուկես ամսից պետք է սկսվի քաղաքի փողոցների լուսավորության կարգավորումը, այդ թվում` շենքերի բակերի լուսավորությունը:

Այս գարնանը նախատեսվում է բացել նաեւ երրորդ մանկապարտեզը, քանի որ երեխաների թիվը գնալով աճում է: Իջեւանի բնակչությունը աստիճանաբար աճում է շրջակա գյուղերից քաղաք տեղափոխվածների հաշվին, որոնց համար այստեղ աշխատանք եւ զբաղմունք գտնելն ավելի դյուրին է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter