HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մաքսիմ Հակոբյանը «երգող» շատրվաններ է կառուցում Կապանի հրապարակում

Կապանի կենտրոնական հրապարակի (Սյունիքի մարզպետարանին հարակից) շատրվանների տարածքն այս օրերին վերածվել է շինհրապարակի: Մարզպետարանի եւ փոստի բաժանմունքի հարեւանությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը բիզնես կենտրոն է կառուցել: Այժմ էլ վերակառուցման աշխատանքներ են իրականացվում շատրվանների հատվածում:

«Հետքի» հետ զրույցում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հայտնեց, որ հրապարակի տարածքը 25 տարով տրվել է վարձակալման ԶՊՄԿ-ին` բարեկարգման, կանաչապատման, սակայն ոչ բիզնես նպատակներով: Միաժամանակ ԶՊՄԿ-ն վերանորոգում է նաեւ շատրվանների հարեւանությամբ գտնվող քաղաքի մշակույթի պալատը` թարմացնելով դրա ճակատային մասը: Հարցին, թե արդյոք ներքին հարդարման աշխատանքներ կտարվեն մշակույթի կենտրոնի ներսում, քաղաքապետը նշեց, որ այն կառուցվելիս նախատեսված է եղել 6-բալանոց երկրաշարժի դիմակայելու համար, սակայն այժմ սեյսմակայունությունը բարձրացնելու խնդիր կա, ինչի համար պետք է աշխատանքներ տարվեն թե ներսում, թե դրսում:

Ըստ Ա. Հայրապետյանի` հին շատրվանների փոխարեն լինելու են «երգողներ», ինչպիսիք կան Երեւանում: Մարզպետարանի դիմացի ներկայիս ասֆալտապատ մասում էլ նախատեսվում է մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի նմանությամբ խճապատկերով գորգ հավաքվել: Իսկ հետագայում մտածում են ջրային եւ լուսային էֆեկտներով ձեւավորել տարածքով անցնող Վաչագան գետը:  

Հրապարակի եւ հարակից կառույցների վերակառուցման նախագիծը կազմել է «Հովաշ» ՍՊԸ-ն, իսկ շատրվանների նորոգումն այժմ իրականացնում է «Կապանի «Նորոգշին»» ընկերությունը:  

Կապանի քաղաքապետի փոխանցմամբ` տարածքի վարձակալությունից համայնքը տարեկան կստանա մոտ կես մլն դրամ եկամուտ: Իսկ թե որքան է կազմում ներդրումային ծրագիրը, Հայրապետյանը դժվարացավ նշել` ասելով, որ դեռ նախահաշվային աշխատանքներ են ընթանում:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես միայն մի բան չեմ հասկանում. ինչու՞ է նման դեպքերում վարձակալության տրվում 20-25-30 տարով: Ընդունված ձևը ավենաշատը 5 տարով տալն է՝ (չ)երկարացնելու պայմանով: Այլապես մոնոպոլիաներ են ստեղծվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter