HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնիում Մարկոս Գրիգորյանի գորգագործությունը վերակենդանացնելու հույսեր են փայփայում

Նունե Գրիգորյան 

Գառնի գյուղի մշակույթի տանը խնամքով պահպանում են 1986 թվականին պատրաստված դազգահը, որով էլ գյուղում սկիզբ է առել գորգագործությունը: Շատ տարիներ են անցել այն օրից, երբ մշակույթի տանը դադարեց գործել ամերիկահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հիմնադրած գորգագործության «արտադրամասը»: Մշակույթի տան տնօրեն Վաղինակ Թադեւոսյանը կարոտով է հիշում այդ օրերը եւ Մարկոս Գրիգորյանին, ով Գառնի գյուղում հիմք դրեց գորգագործությանը: Մեկ դազգահով ստեղծեց մի ամբողջ արտադրամաս: Չնայած նա շահույթ չուներ այստեղ, այնուամենայնիվ, շարունակում էր զբաղվել այդ գործով: Նա մի նպատակ ուներ` զարգացնել գորգագործությունը,- պատմում է Գառնիի մշակույթի տան տնօրեն Վաղինակ Թադեւոսյանը:                      

Այդ փոքրիկ արտադրամասում գործում էին Մարկոս Գրիգորյանի գծագրած ու նկարած գորգերը, որոնք նա չէր վաճառում: Բացի նրա գծագրած գորգերից, փորձում էին վերականգնել նաեւ մաշված գորգերը, որոնց ակյունում գրվում էր` «Գառնի վերածնունդ»: Տարիների ընթացքում այդ մեկ դազգահը դարձավ չորս, եւ ստեղծվեց մի փոքրիկ արտադրամաս, միայն այն տարբերությամբ, որ այդ գորգերը չէին վաճառվում: Բացի հիմնական աշխատողներից, Մարկոս Գրիգորյանն ուներ նաեւ աշակերտներ, որոնց անվճար գորգագործություն էր սովորեցնում: Նա շատ լավ էր վճարում  աշխատողներին, եւ նրանք ոգեւորված աշխատում էին»,- նշում է Վաղինակ Թադեւոսյանը:      

2006թ.-ին Երեւանում կազմակերպվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Մարկոս Գրիգորյանի գորգերը: Հիմա այդ գորգերը բոլորը պահվում են նրա թանգարանում: Նրա համար մեծ հիասթափություն էր, երբ իր տնից գողացան երկու գորգ`«Խենթ աքաղաղն» ու «Գառնու գորգը», որոնք այդպես էլ չհայտնաբերվեցին: Այդ գորգերը մեկը մյուսին նման չէին, նրանցից յուրաքանչյուրն առանձնանում էր իր անունով ու նշանակությամբ, օրինակ, «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», «Էրեբունի», «Սասունցի Դավիթ»:                      

Գրիգոր Մարկոսի մահից հետո գորգերը տեղափոխվել են Երեւանում գտնվող «Միջին արեւելքի թանգարան», իսկ Գառնիում արտադրամասը դադարեց գործել: Գառնիի արվեստի դպրոցի նկարչության եւ քանդակի ուսուցչուհի Լիաննան, ով օգնում էր Մարկոս Գրիգորյանին իր գծագրելիս, նշում է. «Նա մեծ ջանք էր ներդնում ամեն մի գորգը կերպավորելիս, ես նրանից շատ բան եմ սովորել, իսկ հիմա ուղղակի պայմանները թույլ չեն տալիս այդ ամենը փոխանցել ուրիշներին»:

Գառնիի մշակույթի տունը ծրագրում է վերսկսելու գորգագործությունը, սակայն այն իրականացնելու համար լուրջ ներդրումներ են պետք, որոնք դեռեւս չկան: Վաղինակ Թադեւոսյանը շարունակում է պահել Մարկոս Գրիգորյանի գծագրերը, այն հույսով, որ մի օր Գառնիում շարունակվելու եւ զարգանալու է գորգագործությունը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter