HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ընտրությունը կատարվեց. հրաշք չի լինելու

Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակեց ամենականխատեսելի թեկնածուին, ով իրենով ամբողջացնում է ներկայիս պետական կառավարման և իշխանական համակարգերի կերպարը: Հովիկ Աբրահամյանի նշանակումն այս իմաստով նախանշում է մի քանի պարզ իրողություն:

1.Նշանակման հիմքում ընկել են ոչ թե հասարակության, այլ բացառապես կոնյուկտուրայի, քաղաքական իշխանության, օլիգարխիայի ակնկալիքներն ու  պահանջները: Հետևաբար սա կոմպոմիս էր ոչ թե հասարակության և իշխանության միջև, այլ իշխանության ներքին հակադիր բևեռների, և դրանց շուրջը պտտվող արբանյակների: Այն ուղղված էր վարչակազմի դիրքերի ամրապնդմանը և դա քաղաքական կայունության վերահսկելի մակարդակ ապահովելու միջոցով երաշխավորելուն:

2. Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որտեղ պաշտոնապես հաստատվեց Աբրահամյանի թեկնածությունը, հստակ հայտարարեց, որ նոր վարչապետի կաբինետը լինելու է ոչ թե փոփոխությունների, այլ մինչ այժմ վարված քաղաքական կուրսի շարունակականության ապահովման Կառավարություն: Հովիկ Աբրահամյանից տնտեսական   «նոու-հաու»-ներ չեն պահանջվելու, ոչ էլ հեծանիվների հորինում: Նրա գլխավոր խնդիրը լինելու է պետական կառավարման վարչական ողջ ռեսուրսի գերկենտրնացումը, գերմոտիվացումը սահմանված նախկին առաջնահերթությունների լուծման ուղղությամբ և առկա ներքին ու արտաքին բալանսի, հարաբերական կայունության ապահովումը: Դատելով Ազգային Ժողովում նրա դերակատարության արդյունքերից` այս հարցում Աբրահամյանն անփոխարինելի է համակարգի համար: 

3.Սերժ Սարգսյանը այս նշանակմամբ նախապատվությունը տվեց օլիգարխիային` խոստովանելով, որ իշխանության շարժիչ ուժը հենց օլիգարխիան է, այլ ոչ թե ժողովրդավարական ինստիտուները, հասարակության բարեկեցության, սոցիալական ապահովության և պաշտպանության, իրավահավասարությա և արդարադատության ապահովման պետության պարտավորություների կատարումը և որ երկրում հիմնական արժեքը ոչ թե քաղաքացին է, այլ փող, իշխանություն, հեղինակություն ունեցող նեղ սոցիալական շերտն իր հետաքրքրություններով: Այլ կերպ ասած` սա օլիգարխիայի հերթական հաղթանակն էր պետության և քաղաքացու նկատմամբ և իր այս ընտրության հարցում իշխանությունն այլևս ձևեր թափելու, սեթևեթելու կարիք չունի: 

 Հովիկ Աբրահամյանը` իշխանության ժառանգո՞րդ

Հետևաբար վարչապետի նշանակման և նոր կառավարության ձևավորման հետ կապված, ըստ էության, պետական նշանակության պրոցեսները, որոնք կարևոր իրադարձություններ կարող են լինել քաղաքական միջին և բարձր կուլտուրա ունեցող երկրներում, Հայաստանի պարագայում պետք է դիտարկել զուտ կոնյուկտուրային ներքին վերադասավորումների համատեքստում, որից հասարակության համար լավագույն դեպքում ոչ լավ է, ոչ էլ վատ: Իսկ այս հարթությունում իսկապես տեղի են ունենում չափազանց լուրջ և խորքային վերադասավորումներ, որոնք նախանշում են ընդհուպ 2018թ. հետո ձևավորվելիք իշխանության նկարագիրը:

Հովիկ Աբրահամյանին նշանակելով վարչապետ` Սերժ Սարգսյանը փաստացի սկսում է նրան պետության ապագա ղեկավար և իշխանության ժառանգորդ դարձնելու նախապատրաստական գործընթացը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ նախորդ շաբաթ  անցկացրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել իշխանությունը պահպանելու հավակնություններից` և չառաջադրվել ոչ նախագահի և ոչ էլ, խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու դեպքում, վարչապետի պաշտոններում: Նրա հնչեցրած այն միտքը, թե իր կարծիքով միևնույն մարդն իրավունք չունի երկու անգամից ավելի ստանձնել պետության ղեկավարի դերը, չափազանց պարտավորեցնող ու միանշանակ է կարծելու համար, թե դա շարքային բլեֆ է: Բայց այդ արտահայտությունը միևնույն ժամանակ կոնկրետ ուղերձ էր բոլոր այն շրջանակներին, ովքեր իշխանությունը վերադարձնելու ձգտումներ ունեն:

Խոսքն, իհարկե, առաջին հերթին վերաբերում է քաղաքական պրոցեսներում «գորշ կարդինալի» դեր ստանձնած նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Փաստորեն Սերժ Սարգսյանը վերջինիս առաջարկում է գալ կոմպրոմիսի` իշխանությունը Հովիկ Աբրահամյանին ժառանգելու հարցում, երկուսով հրաժարվել իշխանության համար հետագա բացահայտ կամ խուլ մրցակցությունից և համատեղ ուժերով, ի շահ իրենց երկուսի, ձեռնամուխ լինել իշխանության ներսում նոր ժառանգորդի դիրքերի ամրապնդմանը` հետագայում իշխանության ամբողջականությունը և մոնոլիտ կառուցվածքն ապահովելու նպատակով:

Այս իմաստով, Հովիկ Աբրահամյանը կոմպրոմիսային ամենաիդեալական տարբերակն է: Նա երբեք չի դադարել լինել Քոչարյանի «ամենահաջող կադրը», ունի սուր անկյունները հարթելու կարողություն, ներկայացնում է իշխանության հենքը կազմող օլիգարխիայի շահերը, հետևաբար կարող է նրանց պահել իր հսկողության տակ, ունի վարչական ռեսուրսը կառավարելու բավականաչափ փորձառություն և կամային հատկություններ, բազմաթիվ թելերով կապված է նախկին ու ներկա իշխանությունների բոլոր մութ գործառնությունների հետ, նրանց հետ հավասարաչափ կիսում է պատասխանատվությունը, այսինքն երբեք չի համարձակվի հարվածել թիկունքից, և ամենակարևորը` համենայնդեպս, մերժելի չէ Հայաստանի համար արդեն մետրոպոլիայի դեր ստանձնած Ռուսաստանի ներկայիս իշխանությունների համար: Հարցն այն է` կընդունի առաջարկը Քոչարյանը, թե՞ ոչ:

Ծառուկյանի տարբերակները

Թվում է, թե այս հարցի պատասխանը կտրվի առաջիկա 20 օրերի ընթացքում, երբ պարզ կդառնա` ինչ սկզբունքով է ձևավորվում նոր կառավարությունը: «Բարգավաճ Հայաստանը» արդեն հայտարարել է, թե իր օրակարգում չկա որևէ ձևաչափով նոր Կառավարությունում ընդգրկվելու և ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը: Եթե ԲՀԿ-ն չի մտնում կոալիցիա, ապա ոչ իշխանական քառյակի մնացած երեք անդամներին կամ դրանցից որևէ մեկին կոալիցիա ներքաշելը Սերժ Սարգսյանի համար դառնում է անիմաստ` հաշվի առնելով, որ քաղաքական ռեզոնանսներ առաջացնելու և ծավալելու իրական ներուժը, որքան էլ դա մանիպուլյատիվ էֆեկտի արդյունք լինի, այս պահին ունի միայն ԲՀԿ-ն:

Սակայն կոալիցիա չմտնելու ԲՀԿ-ի որոշումը դեռևս ոչինչ չի ասում այս մասին, թե ինչպիսին է լինելու ԲՀԿ-ի վերաբերմունքը այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամու` Հովիկ Աբրահամյանի գլխավորած Կառավարության նկատմամբ: Ոչ թե ընդդիմադիր, այլ այսպես կոչված «այլընտրանք» լինելու հանգամանքը ԲՀԿ-ին կարող է օգնել այս հարցում մանևրել, ինչը նա արել է նմանատիպ նախորդ բոլոր իրավիճակներում: Անհայտ է, որ Սերժ Սարգսյանը խաղադրույքը կատարել է ԲՀԿ-ի հետ կապված երկու հիմնական գործոնի վրա. Ծառուկյան-Աբրահամյան խնամիական կապերի և երկրորդ` ԲՀԿ-ում թաքնված ականի դեր կատարող գործարար շրջանակների դիմադրության, որոնք մշտապես կաշկանդում են Ծառուկյանին` ավելի ազատ և ինքնուրույն գործելու, որոշումներ կայացնելու հարցում:

ԲՀԿ-ին և նրա միջոցով քաղաքական դաշտում ինքնադրսևորվող երկրորդ նախագահին, ըստ էության, առաջարկվում է երեք տարբերակ. առաջին` մտնել կոալիցիա և ՀՀԿ-ի բացարձակ հեգեմոնիայի պարագայում բավարարվել մի քանի պաշտոններով: Սա ԲՀԿ-ի կատարյալ հեղինակազրկման նախերգանքը կլինի: Երկրորդ` հակադրվել իշխանությանը և շարունակել գործունեությունը ոչ իշխանական «քառյակին» գեներացնելու ուղղությամբ: Դա նշանակում է ուղիղ հարված հասցնել խնամուն, կրել վերջինիս հնարավոր ձախողման պատասխանատվությունը, ինչպես նաև համակերպվել այն մտքի հետ, որ իշխանության հետ առճակատման մեջ մտնելու դեպքում ԲՀԿ-ից կարող է սկսվել մեծ առնետավազք ու կուսակցությունը կանգնի պառակտման փաստի առջև: ԲՀկ խմբակցությունից Դավիթ Քոչարյանի դուրս գալու որոշումը իշխանական քարոզչամեքենան փորձում է մատուցել հենց այս լույսի ներքո: Եվ երրորդ` շարունակել մնալ ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն ամորֆ կարգավիճակում` փոխարենը ստանալով մշտապես երկրորդը լինելու, այսինքն քաղաքական օրակարգի ձևավորման վրա ազդեցություն ունենալու քարտ բլանշը:

Սրանցից միայն երկրորդ ճանապարհը ընտրելու դեպքում ԲՀԿ-ն հստակ ուղերձ կհղի, որ չի ընդունում Սերժ Սարգսյանի առաջարկած` իշխանությունը Հովիկ Աբրահամյանին ժառանգելու տարբերակը: Դա կնախանշի մեծ քաղաքականություն անձամբ վերադառնալու Ռոբերտ Քոչարյանի հակվածությունը: Այստեղ արդեն որոշիչ դերակատարում կստանձնի անձամբ Հովիկ Աբրահամյանը: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե վերջինս կշեռքի որ նժարը կնտրի, կամ կընտրի՞ արդյոք առհասարակ, թե՞ կփորձի սեփական իշխանությունը ձևավորել ներիշխանական հակասությունների վրա խաղալով և բավարար ինքնուրույնություն ցուցաբերելով: Սա չափազանց նուրբ և ճկուն, նույնիսկ գրոսմայստերական  քաղաքականություն է պահանջում, ինչի պոտենցիալը քաղաքականութան մեջ խելք չփնտրող Հովիկ Աբրահամյանը, կարծես թե, չունի:

Առաջին տարբերակը ԲՀԿ-ի ինքնասպանությունն է, և դժվար է հավատալ, որ Ծառուկյանը ներկայիս միանշանակ հայտարարություններից հետո կգնա այդ քայլին:

Հետևաբար մնում է երրորդ տարբերակը: Այսինքն ԲՀԿ-ն չի մտնում կոալիցիա և Կառավարությունում պորտֆելներ չի ստանձնում, գործադիրի նկատմամբ պահպանում է իրական լոյալություն, որը կարող է քողարկվել արտաքուստ խիստ ընդդիմադիր գործողություններով: ԲՀԿ-ի համար սա կերաշխավորի մշտապես ընդդիմադիր դաշտը գեներացնողի, դրոշակակրի դերը, իսկ իշխանության համար` ԲՀԿ-ի միջոցով ընդդիմադիր դաշտի պղտոր ջրերում մշտապես ձուկ որսալու, այս բևեռը կատարելապես վերահսկելու հնարավորությունը: Սա, ըստ էության, ապահովում է իշխանությունը սահուն Հովիկ Աբրահամյանին փոխանցելու գործընթացի անվտանգությունը, որից հետո արդեն ԲՀԿ-ն հնարավորություն կստանա ոչ թե երկրորդի, այլ իրավահավասար գործընկերոջ կարգավիճակով կիսել իշխանությունը ՀՀԿ-ի հետ, նույնիսկ վերջինիս աստիճանաբար մղել լուսանցք: Եթե ընտրվում է այս ճանապարհը, ապա գրեթե վստահաբար կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է կոմպրոմիսի գնալու Սերժ Սարգսյանի առաջարկը:  Հետաքրքիր է` իսկ արդյո՞ք Հանրապետականի կորպուսը այս գործարքի ներքո դավադրություն չի տեսնելու...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter