HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իմ առաջին հարցազրույցը բանտից

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Հիշո՞ւմ եք՝ իմ հոդվածներից մեկում գրել էի, որ ցանկանում եմ բանտում նստած հարցազրույցների շարք սկսել, անգամ նշել էի, որ առաջինը կուզեի զրուցել վավերագրող Ալեքսանդր Գուտմանի հետ՝ ցմահ դատապարտման մասին պատմող իր «Երեք օր ու էլ երբեք» ֆիլմի մասին (այն նայել էի բանտում): Տեղեկացել էի նաև, որ ֆիլմի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ ցմահ դատապարտած հերոսի գործը վերանայվել է ՌԴ-ում ու նախագահի ներմամբ պատժաչափը փոխարինվել է 15 տարվա ազատազրկման: Հիմա նախկին զինվորը, ով դատապարտվել էր ցմահ 2 հրամանատարին սպանելու համար, ազատության մեջ է: Զինվորը հրամանատարների կողմից սեռական ոտնձգության էր ենթարկվել, ինչը ժամանակին դատարանը հաշվի չէր առել: Եվ ահա «Հետքի» աջակցությամբ իմ հարցերը հայաստանյան մահվան տնից, որտեղից Ձեզ եմ գրում հիմա, հասան Ռուսաստան: Ուրախացա, երբ իմացա, որ ռեժիսորը պատասխանել է իմ հարցերին: Շնորհակալություն նրան ու «Հետքին» ինձ բանտի պատերից ու 1000 կողպեքից մտովի դուրս գալու, մարդկանց հետ գրի միջոցով շփվելու  ու այդպիսով ինձ ազատ զգալու հնարավորություն տալու համար: Ահա հարցազրույցը, որը վերնագրել եմ այսպես. 

Ինչպես բանտապետը փրկեց ցմահ բանտարկյալին իր բանտից 

Հարգարժան պարոն Ալ.Գուտման,

Մեկ տարի առաջ հարազատներս սկավառակով ինձ էին ուղարկել Ձեր նկարահանած վավերագրական ֆիլմը, որը կոչվում էր «Երեք օր ու էլ երբեք»: Գրեցի Ձեզ նամակ, քանի որ շատ էի ազդվել ֆիլմից, չնայած նրան, որ ինքս անցել եմ այն դժոխքի միջով, որով անցել է ֆիլմի հերոսը՝ Սաշա Բիրյուկովը: Բայց Ձեր ֆիլմի շնորհիվ ինքս ինձ և այն իրավիճակին, որում հայտնվել ենք հարազատներս ու ես, նայեցի կողքից: Այստեղ՝ Հայաստանում էլ կան 18-21 տարեկանում մահապատժի, ցմահ դատապարտված տղաներ, ովքեր բանտում են հայտնվել առաջին անգամ, հաճախ անկատար դատավարությունների հետևանքով: Նրանց մեծ մասը նախկին զինվորներ են, ինչպես Սաշան:  

-Պարոն Գուտման, ինչպե՞ս և ինչո՞ւ Ձեզ հետաքրքրեց ցմահ դատապարտման թեման և մասնավորապես՝ զինվոր Սաշա Բիրյուկովի ճակատագիրը:

-Ինձ ավելի շուտ հետաքրքրեց իրավիճակը, որում հայտնվել է մարդ՝ գիտակցելով, որ իր կյանքում այլևս ոչինչ չի կատարվելու: Ինչպե՞ս է տարածությունը ազդում մարդու ապրած ժամանակի վրա: Չէ՞ որ մարդու կյանքում ժամանակը որոշում է իրադարձություններով: Իսկ եթե իրադարձություններ չկան, ապա սկսում են աշխատել արտաքին գործոնները: Բանտում դա գիշերվա ու ցերեկվա, ձմռան ու ամռան փոփոխությունն է: Ինչպես իմ սիրելի պոետներից մեկը՝ Իոսիֆ Բրոդսկին է ասել՝ մենակությունը մարդն է քառակուսու մեջ: Բայց միևնույն ժամանակ, թերևս, այսպես են կարծում բանտապահները, մենակությունը չլինելու պես մի բան է: Ինձ հետաքրքրում էր նաև, թե ինչու են բանտարկյալներն ավելի հաճախ անդրադառնում Աստծուն: Ոչ միանգամից, բայց ֆիլմը նկարելու ընթացքում հասկացա, որ հաճախ դա խաղ է, որն օգնում է մարդկանց ապրել բանտում: Երբ սկսեցի ֆիլմի վրա աշխատել, ես չէի էլ մտածում զինվոր Սաշա Բիրյուկովի ճակատագրի մասին: Ինձ ավելի շուտ հետաքրքրում էին մարդկային փոխհարաբերությունները: Սաշայի կերպարը ինձ առաջարկեց բանտի պետ Ռոզովը: Այլապես նա չէր թողնի նույնիսկ նկարահանումներ կատարել բանտում: Այդպես էլ ձևավորվեց մեր ալյանսը: Ցավոք հիմա չունեմ ժամանակ, որպեսզի մանրամասն գրեմ, թե ինչպես այդ ամենը տեղի ունեցավ, բայց պատմությունը բավականին ուսուցողական է: Այս պատմությունը կարող էր ունենալ հետևյալ անունը. «Ինչպես բանտապետը փրկեց ցմահ բանտարկյալին իր բանտից»:   

-Ֆիլմը մրցանակների է արժանացել: Ձեր շնորհիվ նախկին զինվորի ճակատագրի մասին իմացել է Ռուսաստանի նախագահը, գործը վերանայվել է, ապա ներում է շնորհվել: Մտածո՞ւմ էիք, որ ֆիլմը կարող է ունենալ նման ռեզոնանս:

-Ո՛չ, չէի մտածում, որ ֆիլմը այսքան աղմուկ կհանի, որ այն մինչև հիմա ցույց կտան հեռուստատեսությամբ: Հավանաբար մեր հասարակության մեջ դեռ կան բարի ու պատրաստակամ մարդիկ, չնայած մեծ կյանք ապրելով՝ ես դրա վրա քիչ էի հույս դրել: Ակամա հիշեցի, եթե չեմ սխալվում, Բերնարդ Շոուի բառերը. «Ինչքան շատ եմ ճանաչում մարդկանց, այնքան շատ սիրում շներին»:

-Ստացվում է, որ համակարգը գործնականում գործերի վերանայման հնարավորություն ու պայմանականորեն վերադառնալու հնարավորություն չտալով՝ այժմ ցմահ դատապարտվում են ավելի շատ անմեղ մարդիկ: Լուծման ի՞նչ ճանապարհներ եք Դուք տեսնում:

-Իմ ոչ մասնագիտական կարծիքով, միայն հասարակության բաց, ազատ լինելը կարող է ինչ-որ կերպ փոխել իրավիճակ մարդու իրավունքների ոլորտում, հատկապես՝ դատապարտյալների իրավունքների:

-Կուզեի իմանալ Ձեր կարծիքը երդվյալ ատենակալների ինստիտուտի մասին: Արդյո՞ք այն համարվում է հասարակության անունից հանդես եկող դատարանի նկատմամբ միակ հասարակական վերահսկողության գործիքը:

-Երդվյալ ատենակալների ինստիտուտն առավել ընկալելի է ինձ համար, քան հեղափոխական եռյակը, բայց, ցավոք, երդվյալները նույնպես մարդիկ են՝ իրենց թուլություններով, առավելություններով ու թերություններով: Հասարակությունը դեռ չի հորինել առավել կատարյալ գործիք արդարադատության հասնելու համար:

-Հնարավո՞ր է Դուք կարողանաք թույլտվություն ստանալ Հայաստանում ֆիլմ նկարահանել նախկին մահապատժի դատապարտվածների մասին, քանի դեռ նրանցից մի քանիսը ողջ են ու պահպանում են 1990-ականների բանտի շատ գաղտնիքներ, երբ Հայաստանն արդեն անկախ էր, սակայն դատավճիռները դեռ կայացվում էին հանուն Հայաստանի Սովետական Սոցիալիստական հանրապետության:

-Իհարկե, բայց չեմ կարծում, որ արդեն ի վիճակի կլինեմ դա անել: Մյուս տարի կդառնամ 70 տարեկան: Հավատացեք, դա շատ բարդ գործ է: Իսկ հիմա երեք ֆիլմ կա, որ պիտի ավարտեմ: Դա կարող է տևել 5 տարի: Իմ տարիքում չարժե այդքան հեռու ծրագրեր կազմել: Պետք է պարզապես ապրել…

-Հասարակական կյանքի կարգավորման ո՞ր բաղադրիչն է ավելի շուտ ծագել, Ձեր կարծիքով՝ բարոյականությո՞ւնը, թե՞ իրավունքը:

-Կարծում եմ՝ բարոյականությունը, չնայած վստահ չեմ: Ափսոսանքով եմ ասում, բայց մեր մոլորակում մարդկանց մեծամասնությունը ՀԱԿԱԲԱՐՈՅԱԿԱՆ է: Ցավոք՝ ես նույնպես: Ամեն մարդ ինքն է ընտրում կյանքի չափանիշներ՝ ինչը կարող է անել, ինչը՝ ոչ: Ցավում եմ, բայց մարդկության մարդկայնության ու ազնվության պիկն արդեն անցել է: Բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Շնորհակալություն Ձեզ հարցերի և խցի տխուր պատերը շուտափույթ լքելու Ձեր անկեղծ ցանկության համար:

Անկեղծորեն Ձեր Ալեքսանդր Գուտման

Լուսանկարում` Ալեքսանդր Գուտմանը և Մհեր Ենոքյանը

Մեկնաբանություններ (1)

Մանուշակ
հիացած եմ ,որքան ուժ և համբերություն կա Մհերի տեսակում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter