HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Աչաջուրցիներին հողն այլևս չի «ոգևորում»

«Շեն գյուղ է». այսպես են բնութագրում իրենց գյուղն աչաջուրցիները: Ասում են` այստեղ տները մեծ արժեք ունեն, գյուղից արտագաղթողներն էլ շատ քիչ են: Բայց և տեղի բնակիչների հիմնական եկամուտը «դրսի ուղարկած փողն է»: Ամեն տարի մոտ 1200 հոգի մեկնում է արտագնա աշխատանքի և վերադառնում ձմեռնամուտին: Ասում են` այստեղի հողն ու ջուրը ձգում է. Ռուսաստանում չեն մնում:

Երկար տարիների բնակությունից հետո Ռուսաստանից Աչաջուր է տեղափոխվել նաև այժմյան համայնքապետը` Կամո Ղալթախչյանը: Վերադարձել է, առաջադրվել համայնքի ղեկավարի թեկնածուի պաշտոնում և նախորդ տարվա դեկտեմբերից ղեկավարում է գյուղը: Ասում է, որ գյուղը գտնվում է սանիտարական վատ վիճակում. տարիներ շարունակ այստեղ աղբահանություն չի կատարվել, գյուղի տարբեր հատվածներում աղբի կուտակումներն են եղել: Այդ վիճակում է եղել նաև մարզադաշտը, որը վերջերս են բարեկարգել:

Կամո Ղալթախչյան

Համայնքի ղեկավարի ասելով «դրսի շնորհալի մարդիկ» խոստացել են աջակցել գյուղի հիմնախնդիրների լուծմանը. գոնե գյուղի կենտրոնական հատվածը` համայնքապետարանը, մշակույթի կենտրոնը, ֆուտբոլի դաշտը բարեկարգեն: Կ. Ղալթախչյանը հպարտանում է Աչաջուրի նշանավոր մարդկանցով.այստեղ են ծնվել խոշոր գործարարներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ: Իրենք հպարտ են, որ այսօր ԱԺ-ում ծագումով աչաջուրցի երկու պատգամավոր ունեն` Խաչատուր Քոքոբելյանը և Լևոն Մարտիրոսյանը: Պատգամավորների տեղացի լինելը, թե ինչ է տվել գյուղին, համայնքապետը պատասխանում է, որ նրանք ամեն կերպ փորձում են աջակցել են իրենց:

Կ. Ղալթախչյանն իր առջև նպատակ է դրել աչաջուրցի գործարարների օգնությամբ գյուղում հիմնել հանդիսությունների սրահ, որը տեղացիներին կտրվի անվճար հիմունքներով: Գյուղի բնակչությունը մեծ է` մոտ 4600 հոգի, 1078 ընտանիք, արարողությունները` բազմաբնույթ են եւ նման սրահի կարիքը մեծ է:

Աչաջուրում խմելաջրի հարցը լիովին լուծված չէ, իսկ ոռոգման ջուր չունեն, բայց անհրաժեշտությունը կա: Այստեղ գյուղատնտեսությունն այնքան էլ զարգացած չէ, այդ պատճառով անգամ խորհրդային տարիներին ջրի համակարգ չի կառուցվել, այդպես էլ մնացել է մինչ օրս: Համայնքապետի կանխատեսումով` մոտ տաս տարի անց այստեղ հողերը կենտրոնացվելու են տասը հոգու ձեռքում, որովհետեւ մնացածը հիասթափված են և վաճառում են հողերը: «Առաջվա նման, որ հողը մեզ պահելու է, այդ ոգեւորությունը չկա»,- ասում է նա:

Գյուղում պտղատու այգիները քիչ են, բայց խաղողագործությամբ զբաղվողները քիչ չեն: Ասում են` եթե փոքր գործարան լիներ, որտեղ կարողանային հանձնել մրգեր եւ հատապտուղներ, ապա գյուղը կշահեր, որովհետեւ անտառները շատ են, անտառի բարիքները` գրեթե անսպառ:

Համայնքապետարանում նշում են, որ այստեղ աճուրդի մասնակիցները հիմնականում կառուցապատման համար են ցանկանում հողը ձեռք բերել և դա գնում են արտագնա աշխատանքից ստացված գումարների հաշվին: Սակայն վերջին աճուրդի ժամանակ, որին մասնակցում էին երկու աչաջուրցիներ, հաղթողը նշեց, որ ձեռք բերված հողատարածքում խաղողագործությամբ է զբաղվելու, քանի որ շատ է սիրում այդ գործը: Աճուրդի պարտված մասնակիցը, ով առանձնապես շահագրռվածություն չցուցաբերեց հողը ձեռք բերելու հարցում, իր չեզոքությունը բացատրեց նրանով, որ ծրագրեր շատ ունի, բայց այժմ ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս հող ձեռք բերել:

Մի քանի րոպե տևած աճուրդին, որն ավարտվեց երկու քայլով, հաղթողը հողը ձեռք բերեց 330 հազար դրամով (մեկնարկային գինը` 300,000 դրամ): Առհասարակ, 2013թ.-ի աճուրդների դիտարկումը ցույց տվեց, որ բոլոր աճուրդներն անցկացվել են երկու մասնակցով, քայլերի թիվը նույնպես գրեթե անփոփոխ է: Համայնքապետարանում դժավարանում են պատասխանել, թե ինչով է դա պայմանավորված:

«Ի՞նչ հող մշակելու մասին է խոսքը, ջուրն էլ թանկ է,- ասում է համայնքապետը: Մենք սահմանամերձ գոտի ենք, առաջին հերթին մտածում ենք, որ հողը պահենք, երկրում էլ խաղաղություն լինի»,- ասաց համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter