HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Ռուստամյան. «Քառյակը գործում է` ի հեճուկս բոլոր չար գուշակողների»

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի դռնփակ համատեղ նիստը, որը տևեց շուրջ 3 ժամ: ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո սա քառյակի առաջին համատեղ նիստն էր, ուստի նոր կառավարության ձևավորման գործընթացը չէր կարող տեղ չգտնել քառյակի օրակարգում:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նիստի ավարտին լրագրողներին հավաստիացրեց՝ «քառյակը գործում է` ի հեճուկս բոլոր չար գուշակողների», ապա շեշտեց, որ իրենք շարունակում են արդյունավետ աշխատել: «Առջևում են երկրորդ, երրորդ փուլերը կառավարության ձևավորման հետ կապված, վարչապետը նշանակվել է, ուստի նոր իրավիճակ է առաջացել»,- նշեց ՀՅԴ պատգամավորը: Քանի որ 20-օրյա ժամկետում կառավարության կազմի ձևավորման խնդիրն է դրված, Ա. Ռուստամյանն ասաց, թե իրենք քննարկել են նաև այս հարցը, այն էլ` բավական «բաց ու անկեղծ»՝ նպատակ ունենալով փոփոխությունների արդյունքում ձևավորել միասնական դիրքորոշում:

Ինչ վերաբերում է Դաշնակցության դիրքորոշմանը, ապա Ռուստամյանը նշեց, թե ամեն ինչ կհստակեցվի ՀՅԴ Գերագույն ժողովի ավարտից հետո, որը կկայանա ապրիլի 18-ին: Արդյոք ՀՅԴ-ն մաս կկազմի՞ նոր կառավարության, թե՞ ոչ, Ա. Ռուստամյանը նշեց, որ իշխանությունները պետք է ընդունեն իրենց 7 կետանոց ծրագիրն ամբողջությամբ, որի դեպքում միայն ՀՅԴ-ն մաս կկազմի կառավարության, սակայն այսօրվա դրությամբ դրանք ողջ ծավալով գործող իշխանության համար ընդունելի չեն:

«Մեր դիրքորոշումը մենք չենք փոխել, նույնն է: Դաշնակցությունը ներկայացրել է 7 կետերը, սպասում ենք նախագահին: Ասել ենք, որ եթե կետերն ամբողջապես ընդունվեն, ապա դա բոլորովին այլ աշխատանք է ենթադրում, իսկ ամբողջապես ընդունելն էլ նշանակում է, որ դա պետք է կատարի նա, ով ներկայացնում է: Հիմա մեր վարչապետը չէ, ինչպես տեսնում եք, ու բնականաբար, սա խոսում է այն մասին, որ ամբողջականությունը չկա: Հիմա տեսնենք՝ որքանը կընդունեն: Իհարկե, ամեն ինչ քարի վրա գրված չէ, բայց կետերի իմաստը պետք է պահպանվի: Այո, կան կետեր, որոնք իրենց համար ընդունելի են, բայց վերջնականապես հստակ ես չեմ կարող ասել»,- մանրամասնեց Արմեն Ռուստամյանը:

Նա շեշտեց, որ իշխանությունների կողմից իրենց  7 կետանոց ծրագրից վերապահումներով է ընդունվում երկրի կառավարման համակարգը փոխելու՝ խորհրդարանական համակարգին անցում կատարելու մասին կետը, անհասկանալի է մնում ընդդիմությանը լծակներ տալու մասին Դաշնակցության պահանջը, 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելու մասին առաջարկն ու արտաքին քաղաքականության շուրջ ներկայացրած պահանջները: Իսկ «երկրորդական կամ երրորդական» հարցերում իշխանության հետ համաձայնության գալը, ըստ Ռուստամյանի, իրենց չի բավարարում:

«Դրա համար եմ ասում… մեզ անընդհատ մեղադրում էին, թե դուք անում եք սա, որ ձև գտնեք կոալիցիա մտնելու համար, բայց հիմա տեսեք` մենք ասել ենք, չգիտես ինչու` լավ չի ընկալվել, եթե մեր ծրագիրը ընդունում են, ասում ես` ոչ, դու ես հայտնվում խոցելի վիճակում: Մենք ասել ենք, որ հավատում ենք, որ ծրագիրը իրականություն դարձնելով` առնվազն 2018 թվականին կարող ենք ունենալ նոր որակի երկիր, երբ ընտրություններով կարելի է իշխանությունը փոխել: 7 կետերը լիարժեք ընդունել, իրականացնելը նշանակում է իշխանությանը՝ իր իսկ ռեսուրսի թուլացում: Այն, ինչ ես ներկայացրի, եթե իրականացվի, իշխանության մոնոլիտ վիճակից  բան չի մնա, որովհետև իշխանությունը կմոտեցնեն ժողովրդին»,- ասաց նա՝ նշելով, որ այս հարցում քառյակում տարբեր մոտեցումներ կան:

Հարցին, թե հնարավո՞ր է 7 կետանոց ծրագրի մասնակի ընդունման պարագայում ՀՅԴ-ն կառավարությանը մասնակի մաս կազմի, Ա. Ռուստամյանը բացասական պատասխան տվեց. «Չէ, չէ… մասնակի չի լինում, կամ կառավարության մեջ ես, կամ կառավարության մեջ չես, կամ քաղաքական պատասխանատվությամբ լիարժեք մտնում ես, այլևս ընդդիմություն չես դառնում, անկախ նրանից` մեկ նախարար կունենաս, թե տասը, կամ չես մտնում: Եթե մեր ծրագիրը մասնակի ընդունվի, նշանակում է, որ մենք մեր ընդդիմադիր կեցվածքը պահպանելու ենք այնքան ժամանակ, մինչև լիարժեք ընդունվի»:

Նրա խոսքով՝ իրենք «ձևական՝ մասնակցություն ունենալու տրամաբանությամբ» մաս չեն կազմի կառավարությանը: «Դե չի ընդունվում արդեն, էլի…,- կտրուկ արձագանքեց Ռուստամյանը՝ շարունակելով,- այո, բանակցում ենք, որ հասնենք մեր նպատակին, բայց մեր որոշումները կախված են լինելու նրանից, թե որքանով ընդունվեց, որքանով` ոչ: Մենք կներկայացնենք արդյունքները Գերագույն ժողովին, և ԳԺ-ն կորոշի՝ ի՞նչ դիրքորոշում կորդեգրի»:

Նա նաև հայտնեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առնչությամբ քառյակը որոշել է արտահերթ նիստ հրավիրել՝ ՍԴ կայացրած երկիմաստ և թերի որոշման կապակցությամբ, երբ հայտնի չէ, ի վերջո, պարտադիր բաղադրիչը շարունակո՞ւմ է գործել, թե՞ ոչ: «Ելնելով ՍԴ որոշումից` մենք որոշել ենք հասնել այն բանին, որ օրենքով հստակ դառնա այն, ինչ անհստակ ու անորոշ էր մնացել: Օրենսդրական նախաձեռնություն է լինելու, կոնկրետ հոդվածներ պետք է փոխենք, որպեսզի երկիմաստությունը վերանա: Հնարավոր է, որ եռօրյա նիստում պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ արտահերթ նիստ գումարենք ու հույս ունենք, որ ԱԺ մեծամասությունը կգիտակցի, որ բացակայելը հակասահմանադրական կեցվածք է, ու նիստը կկայանա»,- ասաց Արմեն Ռուստամյանը: 

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Լավ կլինէր գրել մի տեղ թէ այդ 7 կետանոց ծրագիր Ի՞ՆՉ Է: Հոդվածում մի քանի տեղ նշվում է բայց բնավ բացատրություն չկա թէ ԻՆՑԻ՞Ց է բաղկացած: ԱՅ ՔԵԶ ԲԱՆ: Հետք ջան՝ գոնէ հղում դրվէր այդ յոթ կետերին: Հասկանանք ՀՅԴ Ի՞ՆՉ է պահանջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter