HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիմա Ձեզ 30 րոպեում կապացուցեմ, որ մեր երկրում արդարադատություն չկա»

Երբ Լիսկայի ազգականը չես

Ազատամարտիկ, 59-ամյա դատապարտյալ Գառնիկ Առաքելյանին հանդիպեցինք «Դատապարտյալների հիվանդանոցում», ուր «Հետքը» այցելել էր ԱՆ ՔԿՎ պետի թույլտվությամբ: «Ես ոչ մի խնդիր չունեմ այստեղ, բուժում եմ ստանում, քանի որ նյարդերս լավ վիճակում չեն, պատերազմով եմ անցել, 1988-ից շարժման անդամ եմ եղել, ծնունդով Ղարաբաղից եմ, բայց օր ծերության վաստակս գետնով տվեցին: Իմ դժգոհությունը մեր արդարադատությունից է: Հիմա Ձեզ 30 րոպեում կապացուցեմ, որ մեր երկրում արդարադատություն չկա»,- «Հետքին» ասաց Գառնիկ Առաքելյանն ու պատմեց իր պատմությունը: 

Գառնիկը 3 տարի է` ազատազրկված է, դատապարտվել է 8 տարվա անազատության` մեղադրվելով դիտավորյալ սպանության մեջ` ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել: Պնդել ու պնդում է, որ ինքը դիմել է անհրաժեշտ պաշտպանության և միայն անզգուշաբար է իրեն անծանոթ Հայկ Պետրոսյանը մահացել. «Իմ հանդեպ հանգիստ կարելի էր կիրառել անհրաժեշտ պաշտպանության հոդվածը, քանի որ իմ բակում ընտանիքիս անդամների ու իմ վրա էին հարձակվել դանակով»:

Գառնիկը ցույց էր տալիս բոլոր փաստաթղթերն ու պատմում, որ մոտ 4 տարի առաջ իրենց հանրակացարանի բակում (Սիսակյան 2 հասցեում գտնվող հանրակացարանում ազատամարտիկը 1 սենյականոց է վարձակալում 40.000 դրամով) երեք անծանոթ տղաներ (երկու եղբայր և իրենց փեսան) գիշերվա 3:30-ին աղմկել են: Հետո նրանք բարձրացել ու թակել են բոլոր դռները, այդ թվում և իրենց սենյակի դուռը, հետո բարձրացել բակում կայանած ավտոմեքենայի վրա: Իսկ երբ ինքը խնդրել է չաղմկել ու հեռանալ բակից, արդեն արթնացած է եղել նաև իր աղջիկը: Անծանոթները հայհոյել են Գառնիկի աղջկան, որից հետո էլ անծանոթների հետ վիճաբանությունը թեժացել է: Հետևանքը եղել է այն, որ Գառնիկը Հայկ Պետրոսյանի ձեռքից փորձել է խլել դանակը, ընկել նրա վրա ու դանակը խրվել է Հայկի մարմնի մեջ: Դեպքից հետո Գառնիկն անձամբ ներկայացել է ոստիկանություն` պատմելով դժբախտության մասին: Սակայն նրա վրա դրվել է դիտավորյալ սպանության հոդված: Նախաքննական մարմինը չի ներկայացրել անգամ իրեղեն ապացույց դանակը, հետևաբար այդ ուղղությամբ չի կատարվել որևէ փորձաքննություն: Սակայն երբ դեպքից 3 ժամ անց Գառնիկը ներկայացել է ոստիկանություն ու հետո քննիչի հետ եղել դեպքի վայրում, որոնող շունը գտել է դանակը:

 

«Հետքը» ծանոթացավ Գառնիկ Առաքելյանի քրեական գործի նյութերին, մեղադրանքին ու դատավճիռներին: Այս գործն անցել է դատական երեք ատյաններով, Վերաքննիչ դատարանը պատիժն անփոփոխ է թողել, իսկ Վճռաբեկ բողոքը հետ է վերադարձվել: Գառնիկը չի ունեցել պաշտպան, նշել է, որ կարող է ինքն իրեն պաշտպանել, սակայն մեզ հետ զրույցում նշեց, որ ի վիճակի չի եղել փաստաբան վարձել, իսկ պետության կողմից վճարվող պաշտպաններին չի վստահում: Առաջին ատյանի դատարանի դատավոր Ռշտունին դատավճռում թեև նշել է, որ «Գառնիկ Առաքելյանի կողմից հանցագործության կատարմանը նպաստել է տուժողի վարքագիծը, ինչն արտահայտվել է Գառնիկ Առաքելյանի և նրա աղջկա հասցեին հայհոյանքներ տալու ձևով: Ուստի ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք պետք է դիտել տուժողի հակաօրինական և հակաբարոյական վարքագիծը»:

«Պետք է տեսնեիք դատավոր Ռշտունու հայացքը, ինչպես էր նա ափսոսում, երբ կայացնում էր մեղադրական դատավճիռ իմ նկատմամբ: Ես դա զգում էի, բայց նա, կարծես, պարտադրված էր դա անում, չուզենալով ինձ ազատազրկել,-ասաց Գառնիկը` պատմելով իր վաստակի մասին,- գիտե՞ք, ես իմ  ողջ ընտանիքով եմ մասնակցել Արցախյան ազգային ազատագրական շարժմանը: 10 տարեկան տղաս իմ ամենալավ հետախույզն էր, աղջկա շորեր էի հագցնում, ուղարկում թուրքի մեջ: Երեխաս վիրավորվեց, ես երկու անգամ վիրավորվեցի: Կինս իմ ջոկատում է կռվել, նա էլ է վետերան, իսկ հիմա ծանր հիվանդ է, հազիվ է տեղաշարժվում: Ունի թունավոր զոբ: Ես եմ իր խնամողը, իր դեղեր գնողը, ապրում ենք վարձով, հանրակացարանում: Իսկ պատերազմի ժամանակ Բալլուջա և Կոճողոտ գյուղերում ստեղծել ենք դիվերսիոն հետախուզական ջոկատներ: Զենք և զինամթերք էինք ճարում տարբեր տեղերից` Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս»: 

Գառնիկի մարտական ուղու մեջ կարդում եմ. «Մասնակցել է Քելբաջարի ճանապարհը փակելու գործողությանը, ադրբեջանական ավտոշարասյուների ոչնչացմանը` 1990 թվականի հունիսի 11-ին, նմանատիպ այլ գործողությունների (Քաջավանում` 1990 թվականի հոկտեմբերի 21-ին, Լեսնոյում` 1991 թվականին, Գյունեփայա և Խոջալու գյուղերում` 1991-1992 թվականներին, Ջամիլու, Կիչան, Չարեքտար գյուղերում և Շահումյանի շրջանի մի շարք գյուղերի ինքնապաշտպանությանը): Մասնակցել է նաև Մարտակերտի և Քելբաջարի ազատագրման մարտերին, որտեղ էլ ծանր վիրավորվել և 1993 թվականի հոկտեմբերի 27-ին ստացել է կոնտուզիա: Ողջ այդ ժամանակահատվածում Գառնիկ Առաքելյանը ցուցաբերել է խիզախություն, հնարամտություն, նվիրվածություն և հայրենասիրություն: Իր բոլոր առաջադրանքները նա կատարել է ժամանակին և մեծագույն պատասխանատվությամբ, ինչի համար էլ վայելում է մարտական ընկերների սերն ու հարգանքը: Գառնիկ Առաքելյանը պարգևատրվել է տարբեր մեդալներով, 2-րդ խմբի հաշմանդամ է»:

100-ից ավելի ստորագրություններով 8 կազմակերպություն, հայտնի մարդիկ ներման տարբեր միջնորդագրեր են ներկայացրել ՀՀ նախագահին Գառնիկ Առաքելյանին ներում շնորհելու խնդրանքով: «Կամ այդ միջնորդագրերը  չեն հասնում նախագահին կամ եթե հասնում են, բայց մերժվում, ուրեմն մեր նախագահի համար մենք թուրք ենք»,- ասում է Գառնիկն ու ցույց տալիս ներման միջնորդագրերի մերժումը նախագահականից:

Վերջում, երբ արդեն դուրս էինք գալիս, Գառնիկն ասաց. «Ձեռքս դրել եմ եռագույնի վրա ու երդվել` կյանքս տալիս եմ հայրենիքիս, հոգիս` Աստծուն, ինքնասիրությունս ու պատիվս` ընտանիքիս: Ու հիմա ես գիշեր-ցերեկ երազում եմ, որ պատերազմը սկսվի, հիմա կհարցնեք` ինչո՞ւ, կմտածեք, թե ես գժվել եմ, բայց ոչ, ուզում եմ պատերազմը սկսվի, որովհետև պատերազմի ժամանակ ես ինձ հայ եմ զգացել, հիմա հայ չեմ զգում: Ինչ աստիճանի են դատախազներն ու քննիչները հասցրել մեր արդարադատությունը: Իսկ առաջ, երբ ուրիշները բողոքում էին, չէի ընդունում: Բայց հիմա իմ կաշվի վրա զգացի անարդարությունը»:


Հ.Գ. «Հետքն» այցելել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ԱՆ ՔԿՎ պետի թույլտվությամբ, որտեղ զրուցեցինք աշխատակազմի ու դատապարտյալների հետ (Հարցազրույցների շարքը կներկայացնենք հաջորդիվ): Դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստացող դատապարտյալները գոհ էին պայմաններից ու աշխատակազմի, բժիշկների վերաբերմունքից, սակայն դժգոհում էին երկու խնդրից` իրենց քրեական գործերից` դատական համակարգից ու պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի չգործելուց: 


Մեկնաբանություններ (1)

Սամվել
Ու հիմա ես գիշեր-ցերեկ երազում եմ, որ պատերազմը սկսվի, հիմա կհարցնեք` ինչո՞ւ, կմտածեք, թե ես գժվել եմ, բայց ոչ, ուզում եմ պատերազմը սկսվի, որովհետև պատերազմի ժամանակ ես ինձ հայ եմ զգացել, հիմա հայ չեմ զգում: Ինչ աստիճանի են դատախազներն ու քննիչները հասցրել մեր արդարադատությունը: Իսկ առաջ, երբ ուրիշները բողոքում էին, չէի ընդունում: Բայց հիմա իմ կաշվի վրա զգացի անարդարությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter