HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ական պատգամավորը ժամանակավրեպ է համարում ՀՅԴ-ի վերադարձը կոալիցիա

«Հետք»-ի հարցազրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ

- Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից թույլ տված սխալները, շատերի համոզմամբ, արդեն ուղղել հնարավոր չէ: Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ի՞նչ կարող է անել, արդյոք նա կկարողանա՞ տնտեսությունը վերականգնել:

- Այո, կկարողանա: Նման տրամաբանություն ունեցող մարդիկ, ովքեր այդպես են մտածում, որ ոչինչ փոխել չի լինի, սխալվում են, նրանք ոչինչ չգիտեն: Ո՞նց չեն կարող փոխել, ոնց չէ… բա էդ մարդը չի՞ աշխատելու:

- Պարոն Բադեյան, արտագաղթի թվերն օրինակ ահագնացող են: Ի՞նչ պետք է անի Հովիկ Աբրահամյանը, որ մեղմի վիճակը: Կարծում եք, որ նա կկարողանա՞ կասեցնել օրինակ արտագաղթը:

- Այ, երբ նա իր ծրագիրը կներկայացնի հաստատման, այդ ժամանակ կտեսնենք, թե ի՞նչ միջոցներ է նախատեսել ու կասենք:

- Տարբեր անուններ էին շրջանառվում վարչապետի թեկնածուի պաշտոնում: Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց Հովիկ Աբրահամյանի վրա:

- Նախագահը ճիշտ ընտրություն է արել: Դե ես համարում եմ նրան շատ փորձառու մարդ, լավ կազմակերպիչ, տնտեսության նրբություններին տիրապետող մարդ, նա աշխատասեր է ու սպասում եմ նրանից լավ արդյունքների:

- Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ վարչապետ է նշանակելու մեկին, ով ընդունելի կլինի բոլորի համար: Հովիկ Աբրահամյանն այդպիսի՞ն է:

- Նա հասարակության մեջ ընդունված մարդ է, ընդունվող մարդ է տարբեր խավերի կողմից, այդ թվում՝ նաև ընդդիմության մի մասի համար է ընդունելի:

- Պարոն Բադեյան, Տիգրան Սարգսյանի հրաժարականի իրական պատճառն այդպես էլ անհայտ մնաց: Ձեր կարծիքով ինչո՞ւ նա հրաժարական տվեց:

- Դե հրաժարականները միշտ էլ անսպասելի են լինում, մոտիվների մասին երևի իրեն հարցնեք, ես չգիտեմ, դժվարանում եմ ասել: Ես ճիշտ է՝ Տիգրան Սարգսյանին որպես մասնագետ  շատ բարձր եմ գնահատում, բայց պատճառներին միայն ինքը տեղյակ կլինի: Բայց ես չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ընդդիմության ներքո է եղել: Մարդը հրաժարական է տվել, ինչի՞ եք անպայման մեջը խուճուճ բաներ ման գալիս:

- Սպասո՞ւմ էիք, որ ԲՀԿ-ն կհրաժարվի կոալիցիա մտնելու առաջարկից:

- Չեմ լսել, նրբությունները չգիտեմ, երբ ինքս լսեմ այդ մասին, նոր կարող եմ մեկնաբանել: Տեղյակ չեմ այդ խոսակցություններից, բայց ես գիտեմ, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիայի մաս կազմած կուսակցություններ են եղել:

- Ամեն դեպքում, Դուք ճի՞շտ եք համարում իշխանական կոալիցիայի հնարավոր ընդլայնումը: Կցանկանաք, որ ՀՅԴ-ն մաս կազմի կոալիցիային, որը մինչ այս պահը հստակ որոշում չունի՝ մաս կազմելո՞ւ է կոալիցիային, թե՞ ոչ:

- Դա ժամանակավրեպ կլինի: Մի կողմից դա կարող է հանգեցնել քաղաքական ուժերի ու հասարակության որոշակի կոնսոլիդացիայի, բայց մյուս կողմից անհասկանալի կլինի, թե ո՞նց կարող են տարբեր գաղափարախոսության կուսակցությունները մի տեղ լինեն: Չնայած մենք նման փորձ նախկինում ունեցել ենք ու հակասությունները վաղ թե ուշ ի հայտ են եկել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter