Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

ՀՀԿ-ն հանրախանութը վաճառել է իր կուսակից պատգամավորի եղբորը



ՀՀԿ-ն իր սեփականություն հանդիսացող Կապանի նախկին հանրախանութի շենքը վաճառել է կապանցի Արարատ Կարապետյանին, որը մարզկենտրոնում հայտնի Կարապետյան եղբայրներից մեկն է: Նրանցից այսօր առավել հայտնի է Կապանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը: Իսկ Արարատին ճանաչում են իբրեւ Կապանի ճանշինի կամ «Կապանի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՍՊԸ-ի հիմնադիր:

Կապանի ներկա քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ նախկին հանրախանութի փոխարեն կառուցվելու է բիզնես կենտրոն: Մինչ այս քառահարկ հանրախանութի առաջին երկու հարկերում գործում էր առեւտրի գոտի, որտեղ աշխատում էին մասնավոր անձինք: Իսկ չորրորդ հարկում, ի թիվս այլ ՀԿ-ների, գտնվում էր սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանի «Սյունյաց արծիվներ» (այժմ` «Հայոց արծիվներ») կազմակերպության գրասենյակը:

Հանրախանութում առեւտրով զբաղվող կապանցիները, իմանալով շենքի վաճառքի մասին, նախորդ տարի ցույցեր էին կազմակերպել մարզպետարանի առաջ, սակայն դա որեւէ արդյունք չտվեց: Այժմ նրանք առեւտուր են անում քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես` Կապանի շուկայում, որը պատկանում է «Կապանի գյուղմթերքների շուկա» ՍՊԸ-ին, իսկ սա էլ` ԵԿՄ Կապանի տարածքային կառույցի ղեկավար Մանվել Օհանյանին: Շեշտենք, որ շուկան ներկայում գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում, եւ շենքի ներսը գրեթե դատարկ է, իսկ առեւտրականները տեղավորվել են դրսի տաղավարներում:

Ինչ վերաբերում է հանրախանութի շենքին, ապա այնտեղ այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում:

Կարապետյան եղբայրներից Արմենի ունեցվածքին «Հետքն» առիթ ունեցել է անդրադառնալու: Ավելացնենք միայն, որ, ըստ կապանցիների, ՀՀԿ-ական պատգամավորն է կառուցել քաղաքային մարզադաշտի հարեւանությամբ գտնվող «Ոսկե Կապան» հյուրանոցը:    


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)02:14 - 17 ապրիլի, 2014
Նախ՝ ես գտնում եմ,որ ՀՀԿ-ն կուսակցություն չէ,այլ «կուսակցություն» անվան տակ թաքնված կլանային բիզնես: Երկրորդ՝ Կապանի «Խուստուփ» TV-ի 60% սեփականատեր է նույն ՀՀԿ-ական Արարատ Կարապետյանը (ծնվ. 1952 թ.): Կապանի մյուս՝ «Սոսի» TV-ն, լրիվությամբ ֆինանսավորվում է ԶՊՄԿ-ի կողմից: Իմիջիայլոց՝ Syunik.am կայքի ղեկավարը աշխատում է նաև Կապանի հանքային «Դանդի պրեշս մեթալս Կապան»-ում: ...........................................Երևի արդեն ՊԱՐԶ է,թե ինչ է կատարվում. հանքային/ՀՀԿ-ական կլանը հասարակ -փոքրիկ բիզնեսատեր կապանցիներին ՔՇՈՒՄ է (նախկին պետական) օբյեկտներից ու վերջիններս սեփականաշնորհում ՀՀԿ-ական կլանի ներսում: Բայց հե՛նց այս ՆՈՒՅՆ մարդիկ բոլոր ամբիոններից հայտարարում են,որ՝ «ամեն ինչ անում են, որպեսզի Կապանում ու տարածաշրջանում փոքր բիզնեսները զարգանան»:
2. Վարազ Սյունի (Ամստերդամ)02:25 - 17 ապրիլի, 2014
Կապանի կենտրոնում արդեն մի քանի (մեծ ու փոքր) «առևտրի կենտրոն» են կառուցել/կառուցում: Էդ Ո՞Վ տեղ առևտուր պիտի անի, եթե քաղաքի 2/3-ը աղքատ է,իսկ 1/3-ը՝ ռուսաստանյան խոպանում: Այ մարդ, գոնե մի գործարան,բնակելի շենք կամ (պետակա՛ն) նման մի բան կառուցեք,որ ՄԱՐԴԻԿ էլ գոնե մի փոքր օգտվեն/առաջ գնան:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ