HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Մարտիրոսյանը ՕԵԿ-ի` ընդդիմություն դառնալու մասին. «Հիմա որ ես հայտարարեմ` Բրունեյի Սուլթանն եմ, ուրեմն վե՞րջ, Բրունեյի Սուլթա՞նն եմ դառնում»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ` «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից ներիշխանական ճգնաժամի հետևանքով: «Հետք»-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե Հայաստանում տիրում է ներիշխանական ճգնաժամ, որի դրսևորումներից մեկը ՕԵԿ-ի որոշումն էր` լքել իշխանությունը:

«Իրենց հայտարարությունն էլ այդ մասին էր ասում, որ իշխանության մեջ խնդիրներ կան, որոնց պատճառով դուրս են գալիս կոալիցիայից: Հայաստանում շատ քիչ բան է մնացել բաժանելու և դա էլ պատճառ է հանդիսանում, որ ներիշխանական ճգնաժամ առաջանա: Հետո կարծում եմ, որ ՕԵԿ-ի սպասումները իշխանությունից մնացին անբավարար` կապված ոչ միայն պաշտոնների, այլև` ինքնուրունության, ձայնի իրավունքի տեսանկյունից: ՕԵԿ-ը, իմ կարծիքով, համարում է, որ նեղ պահին աջակցել է իշխանությանը, բայց վերջինս այս ընթացքում որոշումներ է կայացրել առանց ՕԵԿ-ի ձայնը հաշվի առնելու, ուստի որոշել են` այլևս չեն աջակցելու ՀՀԿ-ին: ՕԵԿ-ի սպասումները մնացին օդում»,- նշեց նա:

Ըստ Ա. Մարտիրոսյանին`ՕԵԿ-ի որոշմամբ ոչ իշխանությունը վնաս կրեց, ոչ ընդդիմությունը շահեց: «Իշխանությունը ոչինչ էլ չկորցրեց, որ ՕԵԿ-ը դուրս եկավ, ՀՀԿ-ն ճնշող մեծամասնություն է, ուստի խնդիր չի ունենա, իսկ ընդդիմադիր դաշտի շահելու մասին էլ վաղ է խոսել` մեկ գիշեր է անցել, էքստրաօրդինար իրավիճակ չի առաջացել»,- ասաց նա:

Ա. Մարտիրոսյանը ՕԵԿ-ին ընդդիմությանը սպառնալիք չի համարում` վստահ լինելով, որ նրանք ընդդիմադիր էլեկտորատի ձայները դեպի իրենց չեն կարող տանել: «Հիմա որ դուրս եկան ընդդիմություն, ի՞նչ փոխվեց, հո ընդդիմադիր էլեկտորատի ձայները դեպի իրենց չե՞ն տանելու: Դուրս եկան, մի բան հայտարարեցին, հո տենց չի… հիմա որ ես հայտարարեմ Բրունեյի Սուլթանն եմ, ուրեմն վե՞րջ, Բրունեյի Սուլթա՞նն եմ դառնում»,- զարմացավ նա:

Քանի որ ՕԵԿ ներկայացուցիչները երեկվա քաղխորհրդի նիստից հետո հայտարարեցին, որ այսուհետ գործելու են ընդդիմադիր դաշտում, հետաքրքրվեցինք, թե արդյոք հնարավո՞ր է, որ «հրաշալի քառյակը» համալրի իր շարքերը և ընդունի ՕԵԿ-ին որպես «հրաշալի հնգյակ»: Արմեն Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել հարցին` նշելով, որ եթե ՕԵԿ-ը դիմի քառյակին, ապա իրենք կքննարկեն այդ հարցը: «Եթե դիմեն, նման հայտ ներկայացնեն, ապա քննարկում տեղի կունենա և ըստ այդմ կորոշվի: Ընդդիմադիր դաշտում գործելու հնարավորությունը կախված կլինի միայն ՕԵԿ-ից, թե ինչպիսի համակրանք կունենա հասարակությունն այդ կուսակցության նկատմամբ»,- ասաց «ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

Հարցին, թե «Ժառանգություն» կուսակցությունը խնդիր տեսնո՞ւմ է ՕԵԿ-ի հետ համագործակցության հարցում, ապա Ա. Մարտիրոսյանը նշեց, թե տվյալ հարցը չի քննարկվել, ուստի խոսել նման հնարավորության մասին կամ բացառել համագործակցության ձևաչափը ինքը չի կարող: «Եթե իրենք մեզ դիմեն այդ հարցով, պարզ է, որ պետք է քննարկենք»,- հավելեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter