HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Մարգարյան. քառյակը կքննարկի ՕԵԿ-ի հետ համագործակցելու հարցը, եթե ՕԵԿ-ն իրենց դիմի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առայժմ դիրքորոշում չունի` կոալիցիայից ժամեր առաջ դուրս եկած «Օրինաց երկիր» կուսակցության նկատմամբ:

«Հետք»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ կեցվածք է ընդունելու ԲՀԿ-ն ՕԵԿ-ի նկատմամբ, ասաց. «Որևէ բան հիմա կդժվարանամ ասել: Թող լինի Արթուր Բաղդասարյանի ասուլիսը, ինքն ավելի լավ կբացատրի, թե ինչո՞ւ որոշեց դուրս գալ կոալիցիայից, հետո մենք եզրակացություն կանենք»:

Ամեն դեպքում Ստեփան Մարգարյանը նշեց, որ ինքը գոհ կլինի, եթե ընդդիմության կողմից խորհրդարանում ներկայացված նախագծերին հօգուտ քվեարկողների թիվն ավելանա: «Այն օրենքները, որոնք մենք առաջադրում ենք և ընդդիմությունը միասնական է քվեարկում, ես գոհ կլինեմ, եթե այդ քվեարկողների թիվը ավելանա: Իսկ թե ինչպիսի՞ն կլինի ՕԵԿ-ը, ի՞նչ տեղ կզբաղեցնի, հիմա դժվարանում եմ ասել. պետք  լսենք նրանց ամբողջական պատճառաբանությունը, հետագա քայլերի վերաբերյալ ամբողջական տեսակետը, պետք է սպասել ՕԵԿ ղեկավարի պարզաբանումներին, թե ո՞րն է լինելու կուսակցության գործունեության ծրագիրը, ո՞ր դաշտում են իրենք գործելու, ինչպիսի՞ հարաբերությունների են պատրաստ, և հետո միայն եզրակացություն անենք. հիմա վաղ է»,- ընդգծեց ԲՀԿ պատգամավորը:

Մեր հարցին, թե արդյոք  քառյակը պատրա՞ստ է համագործակցել ՕԵԿ-ի հետ, Ստեփան Մարգարյանն ասաց, թե չի կարող պատասխանել չորս ուժերի անունից, բայց նշեց, որ եթե ՕԵԿ-ը դիմի իրենց` քառյակում ընդգրկվելու հայտով, ապա իրենք համատեղ նիստում կքննարկեն այդ հարցը: «Քառյակն ինքն է որոշում հարաբերությունները, հարցը պետք է քննարկվի: Կարծում եմ, որ եթե իրենք դիմեն մեզ, բնականաբար, կքննարկենք և քառյակը իր դիրքորոշումը կհայտնի նման հայտ ստանալուց հետո»,- հավելեց նա:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter