HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուլ տված իրերից դոմինոյի 3 քար պակասում էր

Հովսեփ Հովսեփյանը վիրաբույժ է, ով աշխատում է Հայաստանի միակ բժշկական ուղղիչ հիմնարկում՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» որպես վիրաբույժ: Ուղեկցելով մեզ 1828 թ-ին կառուցված շինություն, ուր գտնվում է վիրաբուժական բաժինը, վիրաբույժ Հովսեփը նախ ցույց տվեց երկու վիրահատարանները, ապա յուրահատուկ նմուշների հավաքածուն: Դրանք մետաղական իրեր են, հիմնականում տարբեր չափերի մեխեր, պատառաքաղի մասեր, սուր ծայրով գործիքներ: Այս ամենը Հովսեփն ու իր գործընկերը դուրս են բերել դատապարտյալների մարմիններից: Նա նշեց, որ 3-4 տարի կլինի՝ նման վիրահատություններ չեն արել, ինքնավնասումների դեպքերը, թերևս, անկում են ապրել, վիրաբույժի դիտարկմամբ:

«Ողջ կենդանական աշխարհում կա ինքնապահպանման բնազդը, մարդը նույնպես, որպես կենդանի էակ, ունի այդ բնազդը, սակայն միայն մարդն է կարողանում հաղթահարել, անտեսել այդ բնազդը ու վնասել ինքն իրեն՝ չունենալով համապատասխան ունակություններ լուծելու իր խնդիրները»,-մեզ հետ զրույցում ասաց վիրաբույժը:

Դատապարտյալների հետ աշխատելու տասնյակ տարիների փորձ ունեցող մասնագետներն ասում են, որ ինքնավնասումների ու ինքնախեղումների պատճառները տարբեր են՝ սկսած ամենալուրջ խնդրից մինչև ամենապարզունակ հարցը: Թեպետ նրանց հետ աշխատում է հոգեբանը, զրուցում, այդուհանդերձ դատապարտյալների հիմանական դժգոհությունները, բողոքները քրեական գործերից են, դատաիրավական համակարգից ու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը: «Հետքի» հետ զրույցում դատապարտյալները նշում էին, որ իրենց չի հետաքրքրում սեփական առողջությունը, առողջական խնդիրները հաճախ դառնում են երկրորդական, իրենք բողոք չունեն հիվանդանոցից, բուժ. սպասարկումից:

«Մի դատապարտյալ ունեինք (հասկանալի պատճառներով անունը չենք հրապարակում-հեղ.) մագնիսին ամրացրել էր մի խուրձ մետաղյա իրեր ու կուլ տվել: Հետո դրանք մագնիսից առանձնացել էին: Մյուսն էլ, մոտ 30 տարեկան երիտասարդ, թղթի վրա գրել էր, թե ինչ էր կուլ տվել, երբ վիրահատությունն ավարտվեց, արթնացավ, պահանջեց իր թուղթը ու համեմատում էր՝ արդյոք ամեն ինչ հանվել է, թե ոչ: Հանկարծ հայտնաբերեց, որ դոմինոյի 3 քար պակասում է: Մենք էլ բացատրեցինք, որ դրանք էլ հաստատ բնական ճանապարհով են դուրս եկել: Հետագայում այդ տղան Հառիճավանք մտավ, հիվանդանոցի պետն էլ օգնեց, որ հասնի իր մորը, ով երկրից դուրս էր:  Մինչև հիմա էլ մեզ հետ կապ է պահպանում»,-ցույց տալով դատապարտյալների մարմիններից դուրս բերված իրերը, պատմում էր Հովսեփ Հովսեփյանը:

Վիրաբույժը լավ գիտի յուրաքանչյուր իրի պատմությունը. «Ունենք դատապարտյալ, ով մահճակալի մետաղական մասից մի հատված պոկել ու կուլ էր տվել, հենց այդ պահին շունչ էր քաշել, մետաղը խրվել էր թոքի մեջ, մի դատապարտյալ էլ կար՝ սահմանափակ մեղսունակ, ով նույն ձևով ասեղ էր կուլ տվել Վանաձորում, որ գար այստեղ: Ասում ենք՝ ինչու ես արել, ախր երիտասարդ ես, պետք ես ինքդ քեզ, ընտանիքիդ, պատասխանում է, թե ուզում է գաղութը փոխվի, որ ընտանիքի անդամներին մոտ լինի»:

Նշենք, որ դատապարտյալների հիվանդանոցում, ինչպես Հայաստանի  մնացած 11 ՔԿՀ-ներում աշխատում է մեկական հոգեբան: Նրանք այժմ քաղաքացիական ծառայող են: Նախկինում բանտային հոգեբանները քրեակատարողական համակարգն էին ներկայացնում: Ըստ միջազգային բանտային կանոններին, հոգեբանները պետք է չկրեն ուսադիրներ և լինեն քրեակատարողական համակարգից դուրս, որպեսզի դատապարտյալները չկաշկանդվեն ու առավել վստահեն մասնագետին: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Լատվիայում մեկ հոգեբանը սպասարկում է 25 դատապարտյալի, ինչը, ըստ միջազգային համաժողովի մասնակցելու նպակատով Հայաստանում գտնվող լատվիացի փորձագետի, իրենք համարում են ոչ արդյունավետ սպասարկում:

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter