HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզպետը առաջարկել է Ալավերդիում անցկացնել բնապահպանական իրավիճակի անկախ մոնիտորինգ

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից  պետբյուջե վճարվող  բնապահպանական  վճարները 2012թ.-ից  ՀՀ կառավարությունը նվազեցրել է: Սա, փաստորեն տեղի ունեցավ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների Կոշաբերդ սարի գագաթի  խողովակը  2011թ.-ին սեպտեմբերին շահագործելուց հետո:

Ընկերությունը  2011թ.-ին  պետբյուջե վճարել է 443,9 մլն.,  2012թ.-ին` 81,9մլն. և 2013թ.-ին 104,1մլն.  դրամ բնապահպանական վճարներ: «Բնապահպանական  վճարների  դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական վճարները սահմանվում են  ամրակայված աղբյուրներից  օդային ավազան նետվող  արտանետումների ծավալին համապատասխան: Ըստ այդմ էլ օրենսդիրը մեկ տոննա ծծմբային անհիդրիդ օդային ավազան արտանետելու համար   սահմանել է 1800 դրամ   վճար:  Պղնձաձուլական գործարանի արտանետումների 99,4 տոկոսը կազմում է ծծմբային անհիդրիդը:  Տարեկան մինչև 12 հազար տոննա չզտված պղինձ արտադրող գործարանի ծխատարի նույն ընթացքից  8,7 տոննա  մկնդեղ է արտանետվում մթնոլորտ: Արտանետում է նաև պղինձ, կապար, ցինկ և քացկեղածին այլ ծանր մետաղներ: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը 2012թ.-ից   բնապահպանական վճարները սկսել է վճարել  Ալավերդիում կատարված մոնիտորինգի արդյունքներով: 

«Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության  «Շրջակա միջավայրի վրա ներգործության  մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի  տվյալների , եթե մինչև նոր ծխնելույզի ու ծխատարի կառուցումը  Ալավերդի քաղաքում ծծմբային անհիդրիդը սահմանային  թույլատրելի խտությունը  գերազանցում էր 10-12 անգամ, ապա 2011թ.-ի հոկտեմբերից ծծմբային անհիդրիդի ՍԹԿ-ի գերազանցումը  կազմում է 1,3-1,5 անգամ»,-  ապրիլի 7-ին  «Հետքին» հայտնել է  ընկերության մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանը: 

Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն ասում է, որ  այդ մոնիտորինգին չի կարող չհավատալ,քանի որ հակակշիռ մոնիտորինգ չունի:  «Մենք այսօր  ավելի շատ ղեկավարվում ենք մեր աչքի տեսածով , մեր զգայարաններով , շնչուղիներով»,- ասում է քաղաքապետը: Նա գտնում է,  որ բնապահպանական վճարները պետք է ուղիղ համեմատական լինեն կիրառված նոր տեխնոլոգիաներին, որոնք հիմնովին  կկանխարգելեն  վնասկար արտանետումները և վիճարկելի  է համարում բարձր  դիրքից արտանետումների համար ընկերության բնապահպանական վճարների նվազեցումը: Ալավերդի համայնքի   բյուջեին 2014թ.-ին պետբյուջեից  հատկացվել է 120 մլն. դրամ բնապահպանական սուբվենցիա,  2015թ.-ին այն կկազմի 94 հազար դրամ:  Սուբվենցիայի կտրուկ նվազում կգրանցվի 2016-2017թ.թ.-ին:  

«Բնապահապանական սուբվենցիաների նվազեցումը մեզ  կզրկի ֆինանսական կարևոր լծակներից : Այդ սուբվենցիաներով   մենք լուծում ենք  բնակչության առողջության, մանկապարտեզի երեխաների սննդի, քաղաքի կանաչապատման  և կենսական այլ խնդիրներ»,-հայտնում է Արտավազդ Վարոսյանը:

Այս տարվա  մարտի   7-ին  բնապահպանական  սուբվենցիայի նվազման հետեւանքների  մասին Ա. Վարոսյանը տեղեկացրել է  Լոռու  մարզպետ Արթուր Նալբանդյանին: Ի պատասխան մարզպետի հարցման  ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար  Արամ Հարությունյանը հայտնել է, որ  նախարարության կողմից  2012թ.-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը  տրվել են արտանետումների ժամանակավոր չափաքանակներ, որի համար նախապայման է հանդիսացել ընկերության կողմից ներկայացված բնապահպանական  միջոցառումների ծրագրը և դրա  հետագա իրականացումը:  Ըստ նախարարի պաշտոնակատարի  ծրագրի  իրականացման արդյունքում մեծացել է  արտանետումների ցրման աստիճանը  և հետևաբար գետամերձ շերտում  նվազել են  աղտոտիչների ստեղծած կոնցենտրացիաները:  Ծրագրի առաջին կետով պահանջվող  «գազահեռացման համակարգի ջերմամեկուսացում» միջոցառման  արդյունքում  հեռացող գազերի  արագության մեծացմանը զուգընթաց, ապահովվել է  հեռացող  վտանգավոր  նյութերի արտանետման բարձրությունը:  Իր պատասխանում Արամ Հարությունյանը անդրադարձել է նաև  «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության  «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի  մշտադիտարկման արդյունքին և  Լոռու մարզպետին  տեղեկացրել է , թե արտանետվող ծծմբային անհիդրիդի թույլատրելի կոնցենտրացիաների 10-12 անգամ  նվազում է արձանագրվել նաև Ալավերդու հարակից համանքներում:   Սա այն դեպքում, երբ Ալավերդուն հարակից  4`  Աքորի, Օձուն, Հագվի և Հաղպատ համայնքները գործարանի արտանետումների թիրախում հայտնվել են  ծխնելույզը Կոշաբերդի գագաթ բարձրացնելուց  հետո:

Մշտադիտարկմամբ նոր և  ուշագրավ արդյունքներ են զետեղված նաև  «Շրջակա միջավայրի ներգործության  մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կայքում:  Ըստ վերջինիս  Ալավերդիում 2014թ.-ի հունվարին ծծմբային  անհիդրիդի  միջին ամսական կոնցենտրացիան  սահմանային թույլատրելի կոնցենտրացիան  գերազանցել է 5,9 անգամ, հունվարի 17-ին ժամը 00:10-ի սահմաններում ծծմբային անհիդրիդի  արտանետումը Ալավերդիում կազմել է 3,654մգ/մ խորանարդ:

Փետրվարին  ծծմբային անհիդրիդի  միջին ամսական կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 4,2 անգամ, իսկ միջին տարեկան կոնցենտրացիան 2013թ.-ին սահմանային թույլատրելի նորման գերազանցել  է 3,6 անգամ: Հիշեցնենք , որ  պղնձաձուլական գործարանի վնասակար արտանետումները  վերջին ամիսներին ալավերդցիների համար անտանելի են դարձել   հատկապես  Ս. Սարահարթ թաղամասում ` ամեն օր երեկոյան ժամը 21-ից հետո: Ա. Վարոսյանը գտնում է, որ քանի դեռ աշխատում է պղնձաձուլական գործարանը` Ալավերդիում առաջանալու են   բնապահպանական և առողջապահական խնդիրներներ: Այդ պատճառով էլ քաղաքապետը կարևորում է  առաջիկայում Ալավերդիում նախապատրաստվող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության բնապահպանական վճարների   նվազեցման հետ կապված    հանրային քննարկումները:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն  երեկ «Հետքին» հայտնեց, որ  առաջարկել է  քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին  Ալավերդիում անցկացնել  բնապահպանական իրավիճակի անկախ մոնիտորինգ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter