HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Պողոսյան. ՕԵԿ-ի սպասելիքները չարդարացան, նեղացած կեցվածքով դուրս եկան իշխող կոալիցիայից

ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը կարծում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը կձգտի համագործակցել քառյակի հետ, կդրսևորի իրեն որպես ընդդիմադիր ակտիվ կուսակցություն, բայց չի կարողանա վերականգնել իր համբավը հասարակության շրջանում:

«Հետք»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հասարակությունը պատրա՞ստ է ՕԵԿ-ին կրկին ընդունել որպես ընդդիմադիր ուժ, Գևորգ Պողոսյանը բացասական պատասխան տվեց:

«Դժվար թե, հիասթափությունն այդ կուսակցության նկատմամբ այնքան շատ է, որ շատ դժվար կլինի վերադարձնել ընտրողի հավատն իրենց նկատմամբ, որովհետև սա առաջին դեպքը չէ, եթե հիշում եք, մի անգամ էլ ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս եկավ, հետո ընդգրկվեց: Կենսագրություն ունեն այս հարցում, չնայած, կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում բավական ակտիվ կգործեն որպեսզի վերականգնեն մարդկանց վստահությունը, բայց դա շատ դժվար կլինի նրանց համար»,- նշեց նա` ավելացնելով, թե չի կարծում, որ մինչև 2018 թվականի նախագահական ընտրությունները ՕԵԿ-ականները կվերադառնան իշխող կոալիցիա:

Թե ինչո՞ւ «Օրինաց երկիրը» լքեց իշխանությանը, արդյոք պատճառն ա՞յն էր, որ ՕԵԿ առաջարկը` վարչապետ նշանակել կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, մերժվել է իշխանության կողմից, Պողոսյանի խոսքով, կարող էր միայն պատրվակ լինել: «Իրական դրդապատճառը միայն իրենք կիմանան, բայց վարչապետի` իրենց համար ընդունելի թեկնածուին չնաշանակելու հանգամանքը, կարող էր միայն պատրվակ լինել: Ես կարծում եմ, որ այս քայլը պայմանավորված էր պաշտոնների, ազդեցության ոլորտների, եկամուտ բերող ոլորտների անհավասար բաժանմամբ, և այստեղ պարզապես շահերի բախում է եղել: Գուցե սպասելիքներ ունեին, չարդարացան ու այսպես նեղացած կեցվածքով դուրս եկան»,- ասաց սոցիոլոգը:

Մեր հարցին` հավանակա՞ն է, որ ՕԵԿ-ը համալրի քառյակի շարքերը, Գևորգ Պողոսյանը պատասխանեց, թե ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերն ամեն դեպքում կձգտի դրան: «Քառյակի հաջողությունները, ակտիվությունը, սկսկեց այն պահից, երբ ԲՀԿ-ն միացավ, տոն տվեց ընդդիմության առաջարկներին: Եթե հիմա ԲՀԿ-ն ակտիվ չմասնակցի հանդիպումներին, քառյակը կթուլանա, կդառնա եռյակ, ուժեղ չի լինի: Իսկ ՕԵԿ-ը կձգտի անպայման քառյակի հետ համագործակցել` որպես ընդդիմադիր դաշտ մտնող նոր կուսակցություն»,- հավելեց նա:

Գևորգ Պողոսյանի գնահատմամբ, ՕԵԿ-ը բավական ակտիվ կսկսի գործել ընդդիմադիր դաշտում և անկասկած քննադատության թիրախ կընտրի ամբողջ իշխանությանը: «Իշխանության մեջ ՕԵԿ-ի դերակատարումը փոքր էր, չէր էլ երևում, իսկ ընդդիմության մեջ ավելի շատ կերևան, իրենց ձայնը լսելի կդառնա: ՕԵԿ-ը կարող է ինչ-որ բան շահել, եթե ակտիվ գործի, սա նրանց համար կարող է երկրորդ շանսը լինել, կարող են ընդդիմադիր ընտրողների ձայները վերցնել»,- եզրափակեց սոցիոլոգը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter