Շաբաթ, 22 սեպտեմբերի

Քաջարանի գյուղապետը պատասխանել է ԶՊՄԿ-ի ղեկավարին



«Հետքը» օրերս հարցազրույց էր տպագրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ, ով, մասնավորապես, անդրադարձել էր Քաջարան գյուղի խնդրին: Հիշեցնենք, որ Հակոբյանը, ում ղեկավարած կոմբինատին կառավարությունը 2011 թ. իր որոշմամբ տարածք էր հատկացրել նույն Քաջարանում, մասնավորապես` գյուղի գերեզմանոցի տարածքում, ասել էր, որ «Քաջարան գյուղի գերեզմանոցի տարածքը կապ չունի հանքի հետ»: Ներկայացնենք մեր հարցուպատասխանի այդ հատվածը.

-Քաջարան գյուղի ճակատագիրն ի՞նչ է լինելու:

-Քաջարան գյուղ չկա, որ ճակատագիր ունենա, կա քաղաք: Քաջարան գյուղը վերացել է 1951 թ., չի եղել այդպիսի գյուղ (Ըստ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության` Քաջարան քաղաքի կառուցումից հետո (1958) գյուղը ներառվեց նրա տարածքում և դադարեց ինքնուրույն վարչական միավոր լինելուց, հանվեց բնակավայրերի ցանկից։ Ի տարբերություն նախկին Օխչի (Ողջի) և Վերին Հանդ բնակավայրերի, որոնց տեղում կառուցվել է քաղաքը, գյուղը պահպանվել էր և գյուղացիների խնդրանքով, 1992 թ.-ին տարանջատվել է Քաջարան քաղաքից՝ կազմավորելով ինքնուրույն բնակավայր։ Անհիշելի ժամանակներից այստեղ բնակավայր լինելու մասին են վկայում հեթանոսական մատուռը, հանքախորշերը, հանքանյութի թափվածքները, ձուլարանների հետքերը։ Դրանք վկայում են, որ դեռևս բրոնզե դարում այստեղ մետաղ են ձուլել- հեղ.):

-Ռաֆիկ Աթայանն այդ գյուղի գյուղապետը չէ՞:

-1992 թ.-ին, երբ մարդիկ սոված էին, հաց չէին գտնում նույնիսկ ապրելու համար, նույն Զանգեզուրի կոմբինատը 5200 հա հող ուներ տարբեր գյուղերում, այդ թվում` 9 համայնք միայն Կապանի տարածքում էր: Իմ նախաձեռնությամբ էդ հողերը ես տվել եմ համայնքներին, որ մարդիկ զբաղվեն հողագործությամբ, և ասել էի, որ երբ պետք լինի, մենք հետ կվերցնենք:

Քաջարանն անօրինական գյուղ է: Ոչ մի իրավական բան չկա, որ ստեղծվել է Քաջարան գյուղը: Մարդկանց թույլ են տվել գնալ-գրանցվել մեր ձեռնարկությանը պատկանող այդ հողերի վրա: Գնացել էին իրենց նախկին տները վերաշինել, որոնց համար իրենք պետությունից հատուկ փոխհատուցումներ էին ստացել մեծ չափերով:

1968 թ. երկրաշարժի ժամանակ մեր ընտանքին էլ է էդպիսի փոխհատուցում ստացել, երբ մեր տունն ավերվել էր: Այդ տարածաշրջանում եղել է 7 գյուղ` Ողջին, Վերին Հանդը, Ատկըզը, Փուխրուտը, Լեռնաձորը, Կաթնառատը, Քաջարանը, որը գյուղ չի եղել, քաղաք է եղել:

-Կառավարության որոշմամբ (28.04.2011)` մի քանի գյուղերում ԶՊՄԿ-ն հողեր էր ստացել, որտեղ աշխատանքներ էիք փորձում սկսել:

-Չենք փորձում, է, ավարտել ենք:

-Քաջարան գյուղում գերեզմանոցի տարածք կա:

-Քաջարան գյուղի գերեզմանոցի տարածքը կապ չունի հանքի հետ:

-Ասում էին, որ ԶՊՄԿ-ն էնտեղ էր ուզում հանք բացել:

-Դե, ես, օրինակ, ասում եմ, որ Նախիջևանում հայերը հազարավոր տոննա ոսկի ունեն…

-Այսինքն` չե՞ք ուզում գյուղի էդ հատվածում աշխատանքներ սկսել:

-Եթե գյուղի էդ հատվածում աշխատանքներ սկսենք, ինչ էլ որ անելու ենք, անելու ենք ի օգուտ գյուղացիների:

Գյուղի հասցեին ասված խոսքերը զայրացրել են քաջարանցիներին եւ հատկապես գյուղապետ Ռաֆիկ Աթայանին (առաջին լուսանկարում), ով այսօր զանգահարել էր մեզ: Աթայանը շեշտեց, որ գյուղը 1992-ին ՀՀ Գերագույն  խորհրդի նախագահության որոշմամբ կրկին ներառվել է ՀՀ բնակավայրերի ցանկի մեջ, այնպես որ անօրինական գյուղ լինելու մասին Հակոբյանի խոսքերը բացարձակ սուտ են:

Ներկայացնենք 1992 թ. հուլիսի 9-ի ԳԽ նախագահության որոշումը: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ