Կիրակի, 23 սեպտեմբերի

Սյունիքի արոտավայրերը կծառայեն միայն տեղական ոչխարներին. իրանական ծրագիրը սառեցվել է



2012 թ. աշնանը մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Սյունիքի մարզի արտովայրերը 5 տարի վարձակալությամբ տրվելու են իրանցիներին, որոնք այնտեղ պետք է ոչխարաբուծությամբ զբաղվեն: Տեղեկատվության աղբյուրը իրանական «IRNA» գործակալությունն էր: Նշվում էր, որ 50.000 գլուխ կենդանիներին Հայաստան բերելու եւ այստեղ արածեցնելու դիմաց Իրանը ՀՀ-ին պետք է գյուղտեխնիկա տրամադրի եւ մսի վերամշակման արտադրամաս հիմնի:

Այս լուրերը մեծապես զայրացրին թե հայ բնապահպաններին, թե ընդհանրապես հասարակությանը: Նրանք նշում էին, որ Իրանի Արեւելյան Ատրպատականի (Ադրբեջանի) հովիվների մուտքը Հայաստան ոչ միայն բնապահպանական, այլեւ ազգային անվտանգության խնդիր կառաջացնի, քանի որ այդ նահանգում ապրողները ադրբեջանցիներ են:

Շուտով պարզ դարձավ, որ ամեն ինչ սկսվել է 2012-ի հոկտեմբերին Երեւանում, երբ ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնախմբի նիստում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր: Այդ ժամանակ էլ իրանական կողմն առաջարկել էր ՀՀ-ում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաեւ սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնել էր աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին: Ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր:

2013-ի հունվարի 13-ին Սյունիքի մարզպետարանի պատվիրակությունը մեկնել էր Իրան, որտեղ համաձայնագիր էր ստորագրվել Արեւելյան Արտրպատականի իշխանությունների հետ: Ըստ այդմ, մասնավորապես, Սյունիքում իրանցիներին տրամադրվելու էր նվազագույնը 50.000 հա արոտավայր (գումարած՝ 2000 հա հովիվների բնակության համար) 5-10 տարի ժամկետով՝ 1 հա-ի գինը՝ 25 դոլար:  

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրած Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը «Հետքին» ասել էր, թե փաստաթուղթն ընդամենը արձանագրություն է, որում գրավոր ներկայացվել են կողմերի պայմանավորվածությունները: Իր հերթին գյուղնախարարությունը դեմ հանդես եկավ այս համագործակցությանը՝ առաջարկելով արոտավայրերն օգտագործել տեղի անասնագլխաքանակն ավելացնելու համար: Հետագայում իրանական ոչխարների շուրջ աղմուկն աստիճանաբար մարեց: Ի՞նչ է կատարվել:

Սամվել Թանգյանը «Հետքին» հայտնեց, որ անկախ համաձայնագրից՝ վերջնական խոսքը լինելու էր համայնքներինը, որոնց ղեկավարությունն ինքը պետք է որոշեր հող տալ-չտալու հարցը: Բայց բանը դրան չի էլ հասել. իրանցիներն իրենք նախաձեռնություն չեն ցուցաբերել այս փաստաթուղթը ստորագրելուց հետո: «Երեւի իրենց հարմար չէր: Դրանից հետո ոչ իրենք եկան, ոչ մենք իրենց հետ շփման մեջ մտանք: Այդ ամենը սառեցվեց»,- տեղեկացրեց Ս. Թանգյանը: Հարցին, թե համաձայնագրի մեջ դրականն էր ավելի շատ, թե բացասականը, մարզի գյուղատնտեսության պատասխանատուն հայտնեց, թե կարեւորը տեղական անասնապահության զարգացումն է. «Ես ավելի շատ մտածում եմ մեր համայնքներում զարգացնելու մասին: Համենայն դեպս, ինչքան գլխաքանակն ավելանա, այնքան աշխատատեղ կավելանա: Միեւնույն ժամանակ մեզ հետաքրքրում է արոտների զբաղվածությունը. ինչքան հնարավոր է օգտագործել դրանք»:    

«Կարելի՞ է ասել, որ Իրանի հետ նման պայմանագիր այլեւս չի ստորագրվի,- մեր հարցին ի պատասխան՝ Ս. Թանգյանը դրական պատասխան տվեց, իսկ թե որն է պատճառը, ասաց,- այսօր մեր նպատակը մեզ մոտ ոչխարաբուծության զարգացումն է»: Այստեղից էլ հարց է ծագում. մի՞թե այն ժամանակ չկար այդ գիտակցությունը: Մարզպետարանի պաշտոնյան կրկնեց միտքը, որ ստորագրվել է ընդամենը համաձայնագիր, իսկ վերջնական որոշողը լինելու էին արոտների հողերի տեր հանդիսացող համայնքները:

Սամվել Թանգյանի փոխանցմամբ՝ Սյունիք գյուղական համայնքում անցյալ տարի շահագործման է հանձնվել ոչխարի մասնավոր սպանդանոց, որտեղ գյուղացիները կենդանի քաշի 1 կգ-ը 850 դրամ արժեքով կարող են ոչխար հանձնել, որից հետո միսը կարտահանվի Իրան: Այս պահին, ըստ Թանգյանի, Սյունիքի մարզում կա 114.000 գլուխ ոչխար, ինչը 14.000-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ըստ նրա՝ աճը շարունակական է լինելու:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ