HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասելի հետաձգված անդամակցություն Մաքսային միությանը

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

ԶԼՄ-ներով արդեն հայտարարվել է, որ ապրիլի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մինսկ, որտեղ տեղի է ունենալու Մաքսային միության երեք պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը: Առանց օր հայտարարելու «ապրիլի վերջին հանդիպելու» մասին վերջնական պայմանավորվածություն ձեռք էին բերել Ղազախստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները ապրիլի 3-ին, որի երեկոյան Հայաստանում ընթերցվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի չսպասված հրաժարականը: Այդ օրը Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը այն գնահատեց «շատ կարեւոր հանդիպում» «տարվա նշանակալի իրադարձության»՝ մայիսին (կրկին օր հրապարակված չէ) Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման նախաշեմին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում այս պահի դրությամբ ընդամենն առկա է ազդագիր այդ նիստի ու դրա օրվա մասին, իսկ օրակարգային հարցերի կամ դրանց ձեւակերպման մասին որեւէ հիշատակում չկա: Վստահաբար, օրակարգի հիմնական հարցը հենց ավարտական փուլ թեւակոխած Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն է: Դրան Հայաստանի միանալու հնարավորության մասին ակնարկ մարտի 5-ին արել էր ՌԴ նախագահ Վ.Պուտինը, իսկ Երեւանն էլ քանիցս հույս է հայտնել, որ մայիսին ինքը պատրաստ կլինի ոչ միայն Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին, այլեւ ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակին միանալուն: Սակայն, ապրիլի 3-ից հետո ոչ միայն փորձագիտական մակարդակով հնչող հայտարարություններն են բացառել այդ հեռանկարը, այլեւ պաշտոնական հայտարարություններով է հասկացվել, որ այս պահի դրությամբ այն ստորագրվելու է միայն եռյակի մակարդակով:

Տրոյկայի ընդլայնված նիստին Սերժ Սարգսյանի մասնակցությունը ակնհայտ է դարձնում, որ հարցերից մյուսը վերաբերելու է Հայաստանին՝ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «Ճանապահային քարտեզի» միջոցառումների ծրագրի իրականացմանը: Կլինի՞ այն հարցի քննարկում, թե պայմանագրի ստորագրում, այս պահին միանշանակ չէ, որքան էլ երեկ՝ ապրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, թե այդ օրը Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու փաստաթուղթը: Թեպետ, նա նաեւ հավաստել է բարդագույն խնդիրներով բանակցությունների անավարտ լինելու մասին, որոնք եթե այս ընթացքում չհամաձայնեցվեն, ապա նիստի նախօրեին՝ ապրիլի 28-ին կփորձի համաձայնեցնել Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ դրանք այնպիսի էական հարցեր են, որոնց շուրջ համաձայնություններ ամիսներ շարունակ հնարավոր չի եղել ձեռք բերել, ինչի պատճառով կողմերը մինչեւ օրս չեն կարողացել որոշել պայմանագրի ու դրա հավելվածների վերջնական տեսքը:

Ամիսներ շարունակ թե’ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, թե’ Ռուսաստանի, թե’ Հայաստանի իրավասու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մի քանի տասնյակի հասնող հայտարարություններ են արվել այն մասին, թե Մաքսային միությանն ու Միասնական տարածքին միանալու Հայաստանի պայմանագիրը պատրաստ կլինի/կստորագրի մայիսի դրությամբ: Համարենք, որ այս կերպ լուծվում է հայտարարված ապրիլ-մայիս ամիսների շփոթը եւ ապրիլի վերջը կարող է համարվել «մայիսի դրությամբ»-ը:

Սակայն ապրիլի 29-ին անգամ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու պայմանագրի ստորագրումը ոչ միայն տեխնիկական, այլեւ լուրջ քաղաքական բնույթի ռիսկերի տակ է:

«Տեխնիկական-տնտեսական» ռիսկեր

Թերեւս սկսենք տեխնիկական-տնտեսական ռիսկերից: Վահրամ Ավանեսյանը չհերքեց, թե «բանակցությունների ընթացքում բացառությունների ենթակա ապրանքների ցանկը 900-ից կրճատվել է՝ հասնելով 400-ի»: Հիշեցնենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի համաձայն Միասնական տնտեսական տարածքում ապրանքների մոտ 60 տոկոսի մաքսատուրքերը միջինացված 2,5-3 անգամ ավելի բարձր են, քան Հայաստանում, այդ օրենսգրքում ներառված 11 553 տող ապրանքներից առնվազն մի քանի հարյուրը կազմում է Հայաստանի տնտեսության համար «զգայուն ապրանքների ցանկը»: Ուշագրավ է (այդ մասին գրել ենք նախկին վերլուծություններում), որ տարեվերջին վարչապետ Տիգրան Սարգսյանը նույն ապրանքների թիվ հայտարարեց 400-ը, մարտի վերջին՝ 900-ը: Ապրիլի 15-ին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանը «Հայկական ժամանակ» թերթին հայտնել է, որ այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա շուրջ 900 այն ապրանքատեսակների շուրջ, որոնց Մաքսատուրքը Հայաստանում ավելի ցածր է, քան ՄՄ տարածքում:  Սրան հաջորդում է 2 օր անց նախարարի՝ փոխնախարարի ասածին հակասող հաստատագրումը, թեպետ Ավանեսյանը հրաժարվել է անգամ ձեւական նշել մի քանի ապրանքներ, որոնց գծով արդեն իսկ համաձայանություն կա. «Չեմ կարող ասել, չեմ կարող հրապարակել, մենք ունենք նախնական, մնացել են  1-2-3 հարցեր»։

Տպավորություն է, որ խնդրով իրավասու բարձրաստիճան պաշտոնյաններն անգամ չգիտեն ապրանքատեսակների ճշգրիտ թիվը: Իսկ Վահրամ Ավանեսյանի ասած՝ մնացած 1-2-3 հարցերը ոչ թե ապրանքատեսակների քանակին է վերաբերում, այլ այն «ուղղություններին» կամ ավելի ճիշտ կանվանեինքն՝ խոշոր խումբ խնդիրներին, որոնց մասին Տիգրան Սարգսայնը խոսեց մարտի վերջին ՀՀԿ 2-րդ տնտեսական համաժողովում: Դրանցից առաջինը, ինչպես նշվեց, հարյուրավոր ապրանքատեսակների մաքսադրույքների խնդիրն է: Երկրորդը՝ Մաքսային ու միասնական տնտեսական տարածքի հետ ընդհանուր սահման չունեցող Հայաստանի համար «մաքսային տրանզիտի սխեմայի» հստակեցումն է, որը հատկապես անլուծելի է դառնում Վրաստանի՝ Եվրոպական միության մաքսային միության տարածք մտնելուց հետո:  Երրորդը, որ սերտորեն կապված է այդ երկու խնդիրների լուծման հետ՝ իրավապայմանագրային հիմքի ձեւավորումն է:  Ավելորդ չենք համարի եւս մեկ անգամ ընդգծելու, որ հարյուրավոր ապրանքատեսակների թանկացումը Հայաստանը ոչ միայն կնետի սոցիալական բունտի, այլեւ քաղաքական հեղաշրջման հորձանուտը, քանզի անխտիր բոլոր տնտեսվարողները դուրս կգան Սերժ Սարգսյանի դեմ իրենց բիզնեսին հասցված հարվածի համար: Թե որքանով է իրատեսական, որ ամիսներով չլուծված բարդագույն խնդիրները առաջիկա տասնօրյակում կլուծվեն բանակցությունների միջոցով, կամ Սերժ Սարգսյանը դրանք ապրիլի 28-ին կլուծի մեկ օրում, թերահավատորեն թողնենք ժամանակի վրա:

Ներքաղաքաքական-ներտնտեսական ռիսկեր կամ օլիգարխիայի կառավարությունը

 

Թերեւս հենց այս համատեքստում էլ պարզ է դառնում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակեց օլիգարխիկ խմբերի ընդգծված ներկայացուցիչ եւ կամուրջ հանդիսացող Հովիկ Աբրահամյանին՝ այդ խմբի վրա դնելով ոչ միայն Հայաստանի տնտեսական աճի, դրա համար անհրաժեշտ ներդրումների, այլեւ նշված հարյուրավոր ապրանքատեսակների թանկացման հետեւանքների ուղղակի պատասխանատվությունը: Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ Կրեմլը իրեն առաջ մղելով «ճանապարհային քարտեզով», նպատակ ունի հենց իր ձեռքով ական դնել սեփական իշխանության տակ: Եւ ի հակառակ դրա՝ նա ապրիլինի գերադասեց չկատարել «ճանապարհային քարտեզից» մնացած վտանգավոր պարտավորությունները, ազատել իր քաղաքականությունը հլու-հնազանդ իրականացնող վարչապետին:

Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո այդ վտանգավոր քայլը կատարելու պատասխանատվությունը թողնվել է հենց այն օլիգարխիկ խմբի վրա, այդ թվում՝ հայկական ծագումով ռուսաստանաբնակ (Արա Աբրահամյան եւ այլք) գործարար խմբի վրա, որը ժամանակին լոբբինգ էր կատարել Մաքսային միությանը Հայաստանի միանալու օգտին, իսկ վերջին ամիսներին ու օրերին՝ ցանկացել Հովիկ Աբրահամյանին տեսնել վարչապետի աթոռին: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը զարմանալիորեն առաջին անգամ առաջադրված խնդիրները լուծելու համար վարչապետին հրապարակավ տվեց գործելու ազատություն, որպեսզի նա պատասխանատվությունը կրի ամբողջությամբ: Նախկինում կոալիցիայի մեջ մտնող կամ դրա մեջ մտնել ցանկացող քաղաքական ուժերից էլ ՀՀԿ-ը պահանջեց ճշտել՝ իրենք մասնակի՞, թե՞ ամբողջական պատասխանատվություն են կրելու դրա համար, եւ ըստ այդմ արվեց այնպես, որ ներկայիս կառավարության պատասխանատվությունը գերազանցապես թողնվի օլիգարխիայի վրա (վերջին օրերին ՕԵԿ-ը ազատվեց պատասխանատվությունից եւ սպառնաց պայքարել օլիգարխիկ-կլանային քաղաքականության դեմ, ՀՅԴ-ը վերջնականապես հրաժարվեց մաս կազմել կառավարությանը եւ ճիշտ վարվեց): Իրավիճակի թվացյալ անորոշության կողքին այս սխեմայի պարագայում անգամ հասականալի է դառնում ԲՀԿ-ի կոլաիցիա մտնել չմտնելու հարցը: Եթե նա մտներ կոալիցիա, ապա կամբոջցաներ օլիգարխիկ շղթան կառավարությունում: Եթե չի մտնում կոլաիցիա եւ շարունակում է քննադատել ապագայում հրապարակվելիք կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, ապա ինքն էլ նպաստում է օլիգարխիայի կառավարության շուտափույթ հեռանալուն: Այդպիսով, բարեկամական կապերով Հովիկ Աբրահամյանին կապված Գագաիկ Ծառուկյանը կամ կողքից դիտում է, թե ինչպես է խրոտակվում իր լուրջ գործընկեր եւ բարեկամ Աբրահամյանի կառավարությունը, կամ օգնության է հասնում նրան (մտնելով կառավարություն, թե այլ կերպ, կարեւոր չէ): ԲՀԿ ղեկավարին թողնված երկու ճանապարհն էլ հավասարապես ձեռնտու են Սերժ Սարգսյանին: ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» դիրքորոշման մասին խոսելն ավելորդ է. դա չափազանց հստակ է:

Այս օրերին Հայաստան ժամանած Արա Աբրահամյանը իր «տարեդարձի շրջանակներում» կամ միգուցե նաեւ դրանից դուրս, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, թերեւս հստակ ստացել է իր առաջադրանքը: Միանգամայն հնարավոր է, որ կառավարություն կազմելու հարցում Սերժ Սարգսյանը մեծապես ընդառաջի նաեւ նրանց ցանկություններին՝ կատարելով համապատասխան նշանակումներ նախարարական տեղերում: Այդպիսով, օլիգարխիայի վրա է դրված ոչ միայն տնտեսությունը զարգացնելու ու ներդրումներ ապահովելու, այլեւ «ճանապարհային քարտեզի» չափազանց ռիսկային պարտավորությունների կատարման ու բիզնեսի, հանրության համար դրա ծանրագույն հետեւանքները կրելու պատասխանատվությունը (եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 28-ին կամ դրանից հետո երբեւէ կանգնի դրա անխուսափելիության առջեւ): Այստեղ է, որ «հանրային վստահությունը» վերականգնելու առաջադրանքը կատարյալ դառնում է զավեշտի ոլորտից եւ խոսում է Սերժ Սարգսյանի դրած նրբագեղ խաղի մասին: Եթե Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանը գիտակցում են ռիսկերի մեծությունը իրենց ձեւավորած կառավարության համար, թերեւս հենց այսօրվանից իրենք պետք է սկսեն Մոսկվայում, Աստանայում եւ Մինկսկում լոբբինգ անել, որպեսզի ապրիլի 28-ին էլ Հայաստանը չստորագրի Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագիրը, որովհետեւ անգամ ստորագրվելու դեպքոււմ չկատարված պարտավորությունները մտնելու են հավելվածի մեջ եւ առաջիկա ամիսներին դա իրականացնելու է իրենց քավորությամբ ձեւավորված կառավարության ու ԱԺ ղեկավարության կողմից: 

«Տեխնիկական-քաղաքական» ռիսկեր

Թերեւս «ճանապարհային քարտեզի» միջոցառումների չկատարված մասի հետ է կապված ապրիլի 29-ին Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագրի հաջորդ ռիսկը, որը անվանենք «տեխնիկական-քաղաքական» Վահրամ Ավանեսյանն արդեն ակնարկել է Մաքսային եռյակի երկրների «տարբեր շահերի» մասին: Նախկին վերլուծություններում հիշատակել ենք Բելառուսի նախագահի դիրքորոշումն այն մասին, որ Հայաստանը պետք է իր ստանձնած պարտավորություններն կատարի ամբողջ ծավալով եւ նոր հավակնի եռյակին ինտեգրվելուն:  Նախկինում Ղազախստանի նախագահն էլ բարձրացրել էր Հայաստանի ու ԼՂ միջեւ մաքսակետերի ճշգրտման խնդիրը, որն այդ պահին մասնակի լուծում էր ստացել եւ Նազարբաեւը ետ էր կանգնել ընդունվող հայտարարությանը իր հատուկ կարծիքը կցելուց: Սակայն պարզ չէ՝ ՄՄ-ին կամ ապագայում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերջնական հարցի քվեարկության ժամանակ նա կհրաժարվի՞ իր առարկությունից, թե՞ ոչ: Սրանք հարցեր են, որոնց լուծումը ինչ-որ առումով վեր է նաեւ Ռուսաստանի ուժերից: Վերջին հաշվով, Ղազախստանը ավելի շատ, իսկ Բելառուսը ավելի քիչ չափով Ռուսաստանի միանձնյա որոշմանը դիմադրելու մեծ ռեսուրս ունեն: Այս առումով ուշագրավ է լինելու ապրիլի 20-21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Բելառուս, որտեղ նա հնարավորություն կունենա ճշտել Մինսկի վերջնական դիրքորոշումը ապրիլի 29-ին եւ մայիսին կայանալիք Տրոյկայի «նշանակալի» գագաթաժողովին ընդառաջ:  

Աշխարհաքաղաքական ռիսկեր

 

Տեւական ժամանակ է, ինչ Արեւմուտքը ուշի ուշով հետեւում է Վլադիմիր Պուտինի՝ եվրասիական  ինտեգրացիայի հավակնոտ ծրագրի դամատիկ ծավալմանը, որը եւս մեկ մակարդակ բարձրացնում է Արեւմուտքի/ԵՄ-ի հետ Ռուսաստանի համակարգային հակադրության պատը: Վերջապես, Բրյուսելի հարաբերությունների խորացումը Արեւելյան գործընկերության անդամ Հայաստանի հետ պատանդ է մնացել Մաքսային միությանը, իսկ ապագայում նաեւ Եվրասիական միությանը եկրի միանալու անորոշ հեռանկարին: Հետեւաբար, ապրիլի 29-ին կամ մայիսին Տրոյկայի նիստի օրակարգի հարցերը ամենեւին շարքային կամ անտեսված չեն Արեւմուտքի կողմից (առանց ծանրանալու նշենք, որ հարցերից մեկն էլ լինելու է Ղրղզստանի հետ «ճանապարհային քարտեզ» ստորագրելուն վերաբերող հարցը, ինչում այդ երկիրը նույնպես չի շտապում՝ գիտակցելով թե օգուտները, թե վնասները:  Հեըեւաբար, Արեւմւոտքը դրան չի հետեւում միայն ձեռքերը ծալած կամ Տրոյկայի ելույթները ունկնդրելով:

Վերջին օրերին Արեւմուտքից Հայաստան ուղղվող «ազդանշանները» հիշեցնում են «մտրակի եւ բլիթի» քաղաքականությունը: Ապրիլի 10-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեների 12 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Երեք կետից բաղկացած բանաձեւի համաձայն՝  կոչ է արվում Սենատին ոգեկոչել Ցեղասպանության զոհերի հիշատակը, խրախուսել ԱՄՆ-ի նախագահին երաշխավորելու այնպիսի արտաքին քաղաքականություն, որ առաջնորդվի մինչ այժմ անպատիժ մնացող Ցեղասպանության մասին ամերիկյան արխիվներում գոյություն ունեցող դասերով, եւ հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ աշխատանքները տանել այն հենքի վրա, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը ամբողջովին ընդունի Հայոց ցեղասպանության փաստը:

Հայաստանի անվտանգության խնդիրների վերաբերյալ սա չափազանց ուշագրավ ազդանշան է ԱՄՆ-ի կողմից, որի Սենատում քառորդ դար չի ընդունվել նման բանաձեւ, թեկուզեւ՝ հանձնաժողովի մակարդակով: Միամիտ պետք է լինել, չհասկանալու համար, որ այս եւ հաջորդած ազդանշանները կապված են ապրիլի վերջին-մայիսին Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղության արդեն գործնական ու կտրուկ խոտորման հետ. եթե սեպտեմեբերի 3-ին դրա մտադրության մասին ընդամենը հայտարարվել է, ապա այժմ ԱՄՆ-եւ մյուսները բախվելու են կոնկրետ իրողությունների հետ՝ հարկադրված լինելով փակել ծրագրեր, իսկ միգուցե նաեւ՝ դեսպանատներ: Սա՝ «ամերիկյան գաթան»:

Ամերիկյան մտրակի մասին ակնարկ է հիշեցնում Ադրբեջանում այդ երկրի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի  ապրիլի 16-ի հայտարարությունը, որով, ինչպես ընդունված է ասել բանակցությունների տեսությունում եւ կոնֆլիկտաբանության մեջ, մեզ համար անբարենպաստ ձեւով «շրջանակվում» (frame) է բանակցությունների խնդիրը: Մի կողմ թողնելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից դեսպանի խոսքի աղավաղումը, այն մեջբերենք հենց այն տեսքով, ինչպես որ Բաքվում ԱՄՆ դեսպանությունն է տրամադրել հայկական լրատվամիջոցի խնդրանիքն ի պատասխան «Կարծում եմ երկու նախագահները պետք է նստեն եւ վերջնականապես որոշեն իրավիճակի կարգավորման կոնկրետ քայլեր, այդ թվում, իհարկե, նաեւ Ադրբեջանին յոթ շրջանները վերադարձնելու մասով (It is going to take the two presidents, I believe, to sit down and once and for all come up with concrete steps to resolve the situation, including, the return, of course, of the seven territories to Azerbaijan)»: Այն, որ այս շրջանում դեսպանը խոսում է Մինսկի խմբի կողմից առաջիկայում կազմակերպվելիք նախագահների «ղարաբաղյան գագաթաժողովի» ժամանակ «Ադրբեջանի յոթ շրջանների վերադարձնելու մասին», կարող է միայն մտրակ լինել Երեւանի ու Ստեփանակերտի գլխին: Դեսպանն իհարկե դրա մասին խոսել էր Լեռնային Ղարաբաղի խնդրի դեպքում Կերմլի ղրիմյան դիպաշարի կրկնությունից խուսափելու համատեքստում, սակայն այն սերտորեն կապված է Երեւանի խորացող ու սպառնալիքի վերածվող ռուսական կողմնորշման հարցի հետ:

Այս օրերին «գաթայի ու մտրակի» ազդանշաններ ստացվեցին նաեւ Եվրոպայից: Ապրիլի 16-ին եւ 17-ին Եվրոպական խորհրդարանը քննարկեց եւ ընդունեց «Արեւելյան գործընկերության վրա ռուսական ճնշման եւ մասնավորապես արեւելյան Ուկրաինայում ապակայունացման մասին» Եվրոպական խորհրդարանի բանաձեւը,  որի 31-րդ կետով անուղղակի ուղերձ հղվեց նաեւ Հայաստանին. «Եվրոպական խորհրդարանը կրկնում է, որ Ուկրաինայի եւ Արեւելյան գործընկերության այլ երկրների հետ ասոցացման համաձայնագրերը վերջնանպատակ չեն ԵՄ-ի հետ նրանց հարաբերություններում. այդ համատեքստում ուշադրություն է հրավիրում, որ հետեւելով Եվրոպական միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածին, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, ինչպես եւ եվրոպական այլ երկիր, եվրոպական հեռանկար ունեն եւ կարող են դառնալ ԵՄ անդամ՝ հավաստելով, որ նրանք հավատարիմ են ժողովրդավարությանը, հարգում են մարդու եւ փոքրամասնությունների հիմնարար ազատությունները եւ ապահովում են իրավունքի գերակայություն»: Այդպիսով, Հայաստանին հասկացվեց, որ իր համար նույնպես դուռը բաց է:

Պատկերն ամբողջական են դարձնում ԵԱՀԿ գործող նախագահի համաձայնությամբ Մինսկի խմբի կողմից ղարաբաղյան բանակցային գործընթացն ակտիվացնելու տեսանելի ջանքերը. վերջիններս հենց ՀՀ վարչապետի հրաժարականի հաջորդ օրը Մոսկվայում հայտարարեցին, թե հիմնարար հարցերի շուրջ նախագահների միջեւ մոտ ապագայում համաձայնությունների ձեռքբերումն անհետաձգելի է:  ԵԱՀԿ այս ջանքերին աջակցություն հայտնեց նաեւ այդ կառույցի խորհրդարանական վեհաժողովը, որի գործող նախագահ, Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը ապրիլի 16-ին Բաքվում հայտարարեց, թե իր գլխավորած կառույցը կայուն մոտեցում ունի հակամարտության կարգավորման հանդեպ. «դա 1996թ. լիսաբոնյան սկզբունքներն են եւ թարմացված Մադրիդյան առաջարկները: <...> Ներկայումս մենք ԵԱՀԿ նախագահի հետ ձգտում են, որպեսզի լուրջ առաջընթացի հասնենք լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ: Մեր նպատակն է լուրջ արդյունքների հասնելը»: Վերջին տասնամյակում առաջին անգամ է նման պաշտոնյայի կողմից հիշեցվում 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովի մասին, երբ Հայաստանը իր դիրքորոշմամբ միայնակ մնաց աշխարհին դեմ հանդիման:

Այսպիսով, արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության լուրջ խաթարումը Հայաստանի եւ անձամբ Սերժ Սարգսյանի ու նորանշանակ օլիգարխիայի կառավարության համար հղի է վտանգավոր շրջադարձերով: Դրանք հղի են նախեւառաջ ներտնտեսական-սոցիալական բունտի եւ հեղաշրջման տանելու ռիսկերով: Իսկ եթե անգամ օլիգարխիայի կառավարությանը հաջողվի դիմակայել սրան, ապա դժվար թե նրանք կարողանան իրենց աթոռներին մնալ ղարաբաղյան խնդրով դրամատիկ զարգացումների դեպքում, եթե Հայաստանը վտանգավոր աստիճան ինտեգրվի Եվրասիական տնտեսական միությունում: Օլիգարխներն ու օլիգարխիայի կառավարությունը  միգուցե անտարբեր լինեն ԼՂ հարակից 7 շրջանները ետ տալու հարցում: Սակայն հասարակությունն ու կառավարությունից դուրս մնացած ողջ քաղաքական դասը հաստատապես անտարբեր չեն լինի: Հետեւաբար ապրիլի 29-ին Մաքսային միությանն ու միասնական տնտեսական տարածքին միանալու, իսկ հետագայում նաեւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերի ստորագրումը մեծ ռիսկեր է պարունակում ոչ միայն Հայաստանի, այլեւ Սերժ Սարգսյանի եւ նաեւ ձեւավորվող օլիգարխիայի կառավարության համար: Թերեւս, Մինսկ մեկնող Սերժ Սարգսյանի, օլիգարխիայի կառավարության եւ վերջինս կնքահայրերի համար լավագույն լուծումը ինչ-որ կերպ դրա ստորագրումը տապալելն է ու երկարաձգելը. կա Բելառուսը, կա Ղազախստանը, որոնց հետ կարելի է աշխատել, Հայաստանում կառավարություն չկա  հայտարարվել է, որ դրա կազմի մասին կհայտնվի մայիսի 3-ին, իսկ ծրագիրը կկազմվի ու ԱԺ-ով կհաստատվի ամենաուշը մայիսի 28-ին, երբ արդեն Տրոյկան իր միսիան ավարտած կլինի), Անվտանգության խորհրդի երկու անդամներն էլ (քարտուղար Արթուր Բաղդասարյան եւ Գագիկ Ծառուկյան) իրենց քաղաքական ուժերով դեպի ընդդիմության ճանապարհին են, իսկ նման առանցքային հարցով լայն քաղաքական կոնսենսուսի հարցը անհնար է... Խուսափելու ու խուսանավելու բազում պատճառներ կան, մնում է ընտրել դրանցից մեկը կամ բոլորը:

 

Հ.Գ. Հոդվածն ամբողջովին պատրաստ էր «Հետքին» ուղարկելու համար, երբ ԶԼՄ-ներում հայտնվեց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հերթական հայտարարությունը. «Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու մասին պայմանագիրը կստորագրի մայիսի վերջին կամ հունիսին, եւ ապրիլի 29-ին չի նախատեսվում դրա ստորագրումը»: Իսկ նախկին լուրի հեղինակը ոչ թե լրատվամիջոցներն էին, այլ հենց ինքը` Վահրամ Ավանեսյանը, այն էլ՝ տեսագրված տարբերակով: Այսքանից հետո, թերեւս, փոխեցի միայն վերլուծության վերնագիրը՝ «Ապրիլի 29-ին Հայաստանը կմիանա՞ Մաքսային միությանը»: Իսկ դրանում կատարված վերլուծությունը հենց այն ռիսկերի մասին էր, որոնք հարկադրում էին հետաձգել պայմանագրի ստորագրումը: Տեսանելի է, որ պաշտոնական Երեւանը գիտակցում է իրավիճակի ողջ բարդությունը:  

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ռուսաստանի նպատակը Անդրկովկասով դեպի արևմուտք հոսող նավթ-գազի հոսքը խաթարելն ու անապահով/անհեռանկարային դարձնելն է,որպեսզի Եվրոպան էներգետիկ կախվածություն շարունակի ունենալ Ռուսաստանից: Էներգիան Ռուսաստանի ՄԻԱԿ (ու ժամանակավոր) զենքն է արևմուտքի հանդեպ: Սրա համար Ռուսաստանը օր առաջ (ու արդեն տարիներ) ցանկանում է ռուսական «խաղաղապահներ» և/կամ ՄՄ «տամոժնիկներ» ԽՑԿԵԼ ԼՂՀ: Սրա դեմ ԱՄՆ/ՆԱՏՕ/ԵՄ-ն ԱՏԱՄՆԵՐՈՎ պայքարել/պայքարելու են: Եթե ՀՀ իշխանությունները այդքան ԱՆԽԵԼՔ գտնվեն ու այս ԽԱՌՆԱՇՓՈԹ շրջանում հլու-հնազանդ դառնան ռուսական այս ՎՏԱՆԳԱՎՈՐ խաղի 5-րդ շարասյուն,ապա Հայաստանը կորցնելուէ ԼՂՀ-ն,որից հետո ՀՀ օլիգարխային իշխանությունները ստիպված են լինելու փախչել՝ ֆիզիկապես կենդանի մնալու համար: Պիտի ՀՍՏԱԿ հասկանալ,որ. ՀՀ-ի (ԼՂՀ-ի) ու Ռուսաստանի ԱԶԳԱՅԻՆ շահերը (գոնե այս հարցում) իրար ՉԵՆ համընկնում: Իսկ այդ ՄՄ-ն /«Եվրասիական Միությունը» զու՛տ ՔԱՂԱՔԱԿԱՆ գործիք է ռուսաստանի համար՝ իր քաղաքակա՛ն նպատակներին հասնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter