HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

75-ամյա կինը 20 տարի փողոց է ավլում` հաշմանդամ աղջկան օգնելու համար

Վաչագան գետի աղմուկին կարծես խառնվել է Ալվարդ տատի ցախավելի քըստքըստոցը: Թվում է՝ ցախավելն ինչ-որ ասելիք ունի, որն իր ձեռքերում ամուր բռնել է 75-ամյա տատը: Նրա եղունգների վարդագույն ներկը, որը տեղ-տեղ մաքրվել է, գոգնոցը, որն այնպես է փաթաթել, որ այնտեղից չթափվի կանաչ սոխը: Իսկ կանաչ սոխի ծայրերը երևում են այնտեղից: Ծառերը երիզող մայթը նա հոգատար մաքրում է առանց հոգոցի: Երբեմն անցուդարձ անող մարդկանց օրհնանք է տալիս, ովքեր պատահում է, որ անցնում են կուտակված աղբի վրայով: Տատը չի տրտնջում, նուրբ ժպիտով շարունակում է գործը: Սա այնքան գրավիչ տեսարան է, որ ուզում ես մոտենալ ու զրուցել նրա հետ:

«Բալա, ծանո՞թ ենք»,- մի քիչ մոտենում է ինձ ու անթարթ աչքերով նայում: Նա փորձում է հիշողությունների հեռավոր կետերն ի մի բերել, հասկանալ. փոքր-ինչ հապաղելուց հետո որոշում է, որ անծանոթ եմ, բայցև բարևում է: Մայթեզրին նստելով՝ մենք սկսում ենք խոսել:

Մայիսի 5-ին Ալվարդ տատը՝ Ալվարդ Արզումանյանը, կդառնա 75 տարեկան: Նրան հարցնում եմ, թե ոնց սկսեց զբաղվել փողոցները մաքրելով, պատասխանում է. «Ինվալիդ աղջկաս պահել լա պետք»: Այստեղից էլ բացվում է նրա կյանքի պատմությունը:

Ալվարդ տատը Կապանի Ագարակ գյուղից է: Մինչ Ղարաբաղյան պատերազմն այնտեղ աշխատում էր որպես կթվորուհի: Պատերազմին կորցրել է ամուսնուն ու տղային: «Պատերազմը պրծալ լա ամուսնուս ու տղայիս յերա: Թորքերը մտալ ըն գյուղ, ես փախալըմ, ամուսինս մի պատար տըժեր լա լսում, քառ լա, մտալ լա կյումը, վըր կավը տըղվարե, թորքերը քըմական մտալըն կյումը ու վեզը կտրալ, հինչ թար վըր հավը մորթում ես, թեփուռթեփուռ անում (Պատերազմը վերջացել է ամուսնու ու տղայիս վրա: Թուրքերը մտել են գյուղ, ես փախել եմ, ամուսինս մի քիչ դժվար էր լսում, խուլ էր, մտել էր գոմ, որ կովը տեղավորեր, թուրքերը հետևից մտել են գոմ ու վիզը կտրել, ինչ ձևով որ հավը մորթում ես, փետրահան անում:)»,- ասում է 75-ամյա տատը:

Նա այս մասին խոսում է առանց կոպերը շարժելու: Ցավը քարացել է նրա աչքերում: «Ես խրամատում լա, վըր մարդուս ու իրեք մարդու դիակ ըն պերալ: Մարդուս ասած ըմ լյա, վըր կյա ինձ, բայց եկալ չի, ասալ ա՝ այ կնեգ, թորքը հունց կարե մտնե գյուղ (Ես խրամատում էի, երբ ամուսնուն ու երեք մարդու դիակ են բերել: Ամուսնուս ասել էի, որ գա ինձ մոտ, բայց չի եկել՝ ասել էր՝ այ կին, թուրքը ոնց կարող է մտնի գյուղ:)»,- վերհիշում է նա: Ամուսնու սպանությունից հետո զոհվում է որդին, ով զինվորագրվել էր որպես կամավոր:

Պատմում է, որ ամուսնուն հուղարկավորել է գիշերը ժամը երեքին, բայց աղջիկը չի հասցրել ներկա գտնվել: Այդ օրը, ըստ Ալվարդ տատի, աղջիկն ընկնել է տանն ու վնասվածք ստացել՝ ոտքը ջարդվել է: Ասում է՝ այն ժամանակ դիմել էին տարբեր բժիշկների, բայց ոտքը փրկելու հնարավորություն չկար: Նրանց խորհրդով ոտքը կտրել են: «Դե ասալ ըն, թա գանգրենա կարե նի: Էլ հինչ անի՞ս (Դե ասել էին, որ գանգրենա կարող է լինել: Էլ ի՞նչ անես:)»,- պատմում է կինը՝ շեշտելով, որ երկու երեխաներից մնաց միայն աղջիկը:

Աղջկա հետ կատարված դեպքից հետո, ըստ Ալվարդ տատի, ամուսինը հեռացել է: «Դե աղջկաս մարդն ասալ ա՝ ինձ կաղ պետք չի, ինձ սաղ ա պետք»,- նշում է տատը: Տեղի ունեցածից հետո էլ աղջկան և նրա երկու երեխաներին պահել էր պետք: « Ավուլը յերեմ կալա ու սկսալ փողոցները մաքրել: Ալ հի՞նչ անիմ: Սաղ ինձ յերա լա (Ավելը վերցրել եմ ու սկսել փողոցները մաքրել: Էլ ի՞նչ անեմ: Ամբողջն ինձ վրա է:)»,- ասում է նա: 20 տարի է՝ Կապանի փողոցներն ավլում է՝ առավոտը ժամը 8-ից մինչ կեսօր: Աշխատում է առանց ընդմիջման: Իսկ ամսական ստանում է 40.000 դրամ աշխատավարձ և 30.000 դրամ թոշակ: Ալվարդ տատի ասելով՝ այդ 70.000 դրամն է ընտանիքի ամբողջ եկամուտը: «Աղջիկս հաշմանդամության համար նպաստ չի ստանում: Քեցալըմ քաղաքապետարան, մարզպետարան, բողոքալ, ասալըն՝ հունվարից հետո կընի»,- ասում է նա:

Ալվարդ տատը կյանքի մասին իր գաղափարական մոտեցումն ունի: Ասում է՝ ով հարուստ է, ապրում է, ով աղքատ է, ընկնում-մեռնում է: «Տի ա աշխարհքս (Այդպիսին է աշխարհը:)»,-ասում է: «Հի՞նչ անիս: Կյանքն ա տի: Մի ծանոթ ալ չկա, վըր 500 դրամ յեր անիմ, ասիմ՝ էսօր տանիմ հաց առնիմ խոխեքի հետի: Հում բողոքի՞ս (Ի՞նչ անես: Կյանքն է այդպիսին: Մի ծանոթ էլ չկա, որ 500 դրամ վերցնեմ, ասեմ՝ այսօր տանեմ հաց առնեմ երեխաների համար: Ո՞ւմ բողոքես:)»,- եզրափակում է նա, հետո նորից սկսում է ավլել այնպես, կարծես ցախավելը հավաքում-տանում է իր բոլոր խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter