HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օծվեցին Օձունի եկեղեցու գմբեթի և հարավ-արևելյան զանգակատան խաչերը

Նախօրեին օծվեցին Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու գմբեթի և հարավ-արևելյան զանգակատան խաչերը: Օծման արարողությունը կատարեց  Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս  Չուլջյանը: «Սուրբ խաչը կօգնի հատկապես մոլորված նրանց, ովքեր իրենց պատմական հիշողությունը կկորցնեն: Եվ 6-րդ դարից եկող այս հիասքանչ տաճարը մեզանից շատ շատերին մեծամեծ պատգամներ է տալիս, թե ովքեր ենք եղել մենք, որտեղից ենք գալիս և դեպի ուր ենք գնում»,- իր օրհնանքում ասաց Սրբազանը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ դեռ 2010թ. ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է Օձունի եկեղեցու վերականգնման  նախագծման և անհրաժեշտ գիտահետազոտական աշխատանքներ, որոնք որոշ ժամանակ անց շարունակվել են: «Այդ աշխատանքները իրականացնելու համար 2011թ.-ից ստորագրվել է եռակողմ համաձայնագիր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի , ՀՀ մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի հիմնադիր Մովսես Ձավարյանի միջև»,- ասաց  Ա. Սամուելյանը:

Վերջինս եկեղեցու վերականգնման աշխատանքներում հատուկ ընդգծեց «Լևկուք» շինարարական կազմակերպության և վերջինիս տնօրեն Լևոն Ղուկասյանի ու վերականգնման աշխատանքները վերահսկող ճարտարապետ Միշա Հակոբյանի դերը: «Արվել են շուրջ 6 գիտամեթոդական նիստեր, սովորաբար մի հուշարձանի վերականգնման աշխատանքների ընթացքում միջինը 2 նիստ է լինում:  Բազմաթիվ մասնագիտական, այդ թվում նաև բաց քննարկումներ են եղել Օձունի վերաբերյալ»,- հայտնեց նախարարի տեղակալը:

Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքները վերահսկող ճատարապետ, նախագծի հեղինակ  Միշա Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ այս հուշարձանի վերականգնման աշխատանքների բարդությունն այն էր, որ վերականգնման ընթացքում պահպանվի ամբողջ շերտագրումը: Ըստ ճարտարապետի ուսումնասիրությունների` հուշարձանն ունեցել է մոտավորապես  8-9 վերականգնողական շրջաններ, որոնցից առանցքայինը եղել է 4-6-րդ դարերում: Միշա Հակոբյանը հայտնեց, որ եկեղեցու գմբեթի խաչը օծելուց հետո վերականգնողական աշխատանքները աստիճանաբար վեղարից կիջնեն ներքև. «Այս տարի նախատեսվում է ավարտել ծածկերը և ծածկասայլերի բոլոր սալերի տեղադրումը, ավարտվելու  է նաև հարավարևելյան աշտարակի վերականգնումը: Այնուհետև կան որոշակի հատվածներ ճակատներում, որտեղ շարի աշխատանքները պետք է ամբողջականացվեն: Կվերականգնվեն հյուսիսային սրահի կամարաշարը, որմնակամարները և որմնասյուները:  Ներսում կատարվելու են նաև ավանդատների կրկնահարկերի ծածկերի վերականգնման, հարդարման և սալապատման աշխատանքներ»,- հայտնեց վերահսկող ճարտարապետը:

Ըստ Միշա Հակոբյանի` Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքներն այս տարի չեն ավարտվի: Տաճարի  և կոթողի վերականգնումը, ամենայն հավանականությամբ, կավարտվեն 2015թ.: Այս պահին եկեղեցու վերականգնման համար բարերարի կողմից արդեն 300մլն դրամից ավել գումար է հատկացված: Միշա Հակոբյանը դրական  գնահատեց եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքը: Օծման արարողությանը ներկա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ դեռ 15 տարի առաջ մարզում եղել է գործող 5 եկեղեցի, այս պահի դրությամբ դրանց թիվը անցնում է 30-ը: «Մեզ ոգևորում է մարզի պատմական հուշարձանների  վերականգնման  նկատմամբ հայ բարերարների սրտացավությունը»,- ասաց մարզպետը:

Օձունի եկեղեցու քահանա Տեր Վրթանես Բաղալյանի ջանքերով եկեղեցու բակում կազմակերպել էր Օձունի  դպրոցների աշակերտների նկարների ցուցահանդես: Նրանք տոնի մասնակիցներին ներկայացրել էին Օձունի եկեղեցու իրենց անհատական նկարները: 

Մեկնաբանություններ (1)

Տեր Վրթանես
Հարգարժան Լ. Փարեմուզյան, Աստված օրհնի Ձեզ և Հետքի ամբողջ անձնակազմին պարբերական և հանգամանալից լուսաբանումների համար: Օրհնությամբ՝ Տեր Վրթանես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter