HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ-ի օրակարգում այս պահին Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց դրված չէ

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը վերջերս հայտարարություն էր տարածել այն մասին, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի` քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի հեռացումը: «Հետք»-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ եք պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ասաց. «Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն այսօր դրված չէ, ԲՀԿ-ն հիմա նման խնդիր չունի»:

Հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է, որ Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարցը քննարկման առարկա դառնա ԲՀԿ-ում: Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Ես նման խոսակցություններից տեղյակ չեմ»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ ԳՄ հայտարարությանը, թե Դաշնակցությունը մաս չի կազմի իշխող կոալիցիային, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե ինքը դատավոր չէ, որ գնահատի` ճի՞շտ են վարվել, թե՞ ոչ: «Դա իրենց որոշումն է, ես դատավոր չեմ, որ նման վերդիկտներ տամ»,- նշեց նա:

Մեր դիտարկմանը, թե ոչ իշխանական ուժերի քառյակը չպառակտվեց` ի հեճուկս շատերի կանխատեսումների, Լյովա Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Ես «քառյակ պառակտվել» հասկացություն չգիտեմ, ժողովուրդը վստահել է, թե հիմա քառյակ կլինի, եռյակ կլինի, տասնյակ կլինի` ինձ համար միևնույն է, դա ժողովրդի որոշելիքն է, կարևորը մարդկանց ձայնը տեղ հասնի, թե քանի հոգով դա կհասցնեն, տարբերություն չկա»:

Հարցին` հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ը, որը հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին, համալրի քառյակի շարքերը, նա պատասխանեց, թե դա պետք է որոշի ժողովուրդը, ոչ թե քառյակը:

Իսկ ՕԵԿ-ի` իշխող կոալիցիայից դուրս գալու որոշման մասին Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, որ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը դեռ պետք է արտահայտի կուսակցության պաշտոնական դիրքորոշումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter