HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ինձ համար փողոցն արդեն բեմ է դարձել»

Հյուսիսային պողոտայով անցնելիս հաճախ կարելի է լսել Հասմիկին, ով այստեղ Կոմիտաս է երգում: Թվում է, թե նրա ձայնը, որ տարածվում է ամբողջ փողոցով մեկ, անսպառ է: Այստեղ նվագողներ շատ կան, բայց երգող միայն ինքն է:

«Երբ սկսեցի երգել դրսում, մարդիկ այնքան դրական արձագանքեցին, մտածեցի, որ եթե մարդիկ սիրում են, ինչու՞ չերգեմ», - ասում է Հասմիկը:

Հասմիկ Ղազարյանը փողոցում երգում է մոտ երկու ամիս: Այդ գաղափարը նրա մոտ ծագել է ոչ թե գումար վաստակելու անհրաժեշտությունից, այլ Կոմիտասի երգերը մարդկանց ճանաչելի և լսելի դարձնելու ցանկությունից: Երգչուհին մանրամասն ուսումնասիրել է Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը և առանձնացնում է նրան բոլոր երաժիշտներից: Նրան հաճախ են ասում, թե տխուր երգեր է երգում, բայց նա համարում է, որ դա բարձրակարգ երաժշտություն է:

«Ես երգում եմ այնպիսի երգեր, որոնք ինձ և բազմության մեծ մասին են հաճելի, - ասում է Հասմիկը:- Բայց երբ տեսնում եմ, թե հեռուստատեսությամբ ինչ են քարոզում, ես ինձ շատ վիրավորված եմ զգում. ինչո՞ւ այսօր Կոմիտասի երգերը չպետք է հնչեն, քարոզվեն: Ասում են՝ ժողովուրդն ինչ սիրում է, մենք դա ենք ցուցադրում: Հիմա ես հիմար եմ, դուք՝ խելոք. երբ ես դրսում երգում եմ, այդ նույն ժողովուրդը չէ՞, որ ինձ լսում է: Միգուցե Հյուսիսային պողոտայով անցնում է մի հատու՞կ ժողովուրդ, որը Հայաստանի ժողովրդին չի պատկանում»:

Ինձ նման շատերն են Հասմիկին հարցրել, թե ինչու նա բեմում կամ մեկ այլ տեղ չի երգում: Հասմիկն էլ բացատրում է, որ իր` երաժշտական կրթություն չունենալը դարձնում են պատճառ, իսկ երբ դիմում է անհատ մասնագետների, մեկը մյուսի մոտ է ուղարկում, մյուսը` մեկ ուրիշի:

«Եկել եմ այն եզրահանգման, որ ամեն մարդ` իր համար», - ասում է Հասմիկը:

Հասմիկը կարմիր դիպլոմով ավարտել է բժշկական ուսումնարանը, սակայն ընտանեկան խնդիրների պատճառներով չի կարողացել բարձրագույն կրթություն ստանալ: Երաժշտական կրթություն էլ չունի, չնայած 6 տարեկանից ինքնուս դաշնամուր է նվագում, հետագայում հաճախել է ժողովրդական երգարվեստի անհատական պարապմունքների: Այժմ էլ ինքն է աշակերտների հետ պարապում` օգնելով մշակել ձայնը:

«Միգուցե լավ կլիներ, որ ես ուրիշ տեղ երգեի, մարդիկ ինձ ավելի լավ պայմաններից ճանաչեին, կամ ովքեր որ ծաղրում են, այլևս չծաղրեին: Ո՞վ չէր նախընտրի բեմը փողոցից: Բայց ինձ համար այդ փողոցն էլ է բեմ դարձել, - ասում է Հասմիկը: - Այդ նույն մարդիկ են գնում թե́ համերգասրահ, թե́ անցնում փողոցով: Լավ երաժշտությունը, լավ կատարումը մնում է լավը: Հաճախ մարդիկ խմբերով հավաքվում են, ծափահարում, սպասում հաջորդ երգին: Այդ հատվածը վերածվում է համերգասրահի այն տարբերությամբ, որ չկա բեմ, իսկ տարածությունը բաց է»:  

Հասմիկի համար ամենակարևորը մարդկանց վերաբերմունքն է, գումարը երկրորդական է համարում: Սկզբում երգելիս իր կողքին պաստառ էր դնում` «փնտրում եմ հովանավոր», բայց այժմ մտածում է, որ եթե նման մեկը գտնվի, առանց այդ գրության էլ կաջակցի: Չնայած այս ընթացքում մի քանի առաջարկներ է ստացել, բայց դրանք այնքան էլ հարմար չեն եղել իրեն: Լինում են դեպքեր, երբ փողոցում երգելիս ոմանք ծաղրում, սուլում են, բայց ունկնդիրների մեծ մասը դրական է արձագանքում: Հասմիկին շատերն են ասել, որ նրա ձայնը լսելիս մտածել են, թե Լուսինե Զաքարյանի ձայնագրությունն է միացված:

«Երբ գնում եմ տուն, երբեմն մտածում եմ՝ եթե ես ոչինչ էլ չունեմ, ինձ նմանեցրին Լուսինե Զաքարյանին: Դա արդեն ամեն ինչ է, դա փոքր պատիվ չէ»,- ասում է Հասմիկը:

Երգչուհու ազատ ժամերն անցնում են ընթերցանությամբ, սիրում է նաև շախմատ խաղալ. այդ հոբբին փոխանցվել է հորից: Սակայն հայրը չի համակերպվում Հասմիկի` փողոցում երգելու որոշման հետ: Սկզբում Հասմիկը չէր ասել հորը դրա մասին, հետո երբ ուրիշից իմացել է, բարկացել է: Հոր կարծիքով` հասարակությունը կմտածի, թե աղջիկը մուրացկան է, որքան էլ որ լավ է երգում: Հասմիկի քույրերը նույնպես դեմ են, ասում են` պետք չէ:  

«Գուցե Եվրոպայում դրան այլ կերպ են նայում, բայց Հայաստանն ավանդապաշտ է: Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, վատ բան չեմ անում ու ոչ մեկին չեմ ստիպում, որ գան ինձ գումար տան: Կարող է գումար չտան, բայց շատ լավ խոսքեր ասեն, ես ինձ ավելի լավ կզգամ,- ասում է երգչուհին: - Այնքան էլ հեշտ չէ ապրել ընդհանուրի հետ և չլինել ընդհանուրի հետ»:

Մի անգամ Հասմիկի ծանոթներից մեկն ասել է, որ պետք չէ այդքան շատ Շեքսպիրի գործերը կարդալ, որպեսզի կյանքը Շեքսպիրի գրվածքների նման ծանր չընթանա: Բայց այդպես էլ եղավ. յոթ տարի է ամուսնացած է, բայց մինչ օրս իր ու ամուսնու ընտանիքները չեն ընդունում այդ միությունը: Իսկ ամուսինը գրեթե ամեն օր ուղեկցում է Հասմիկին երգելիս: Երգչուհին խոստովանում է, որ հեշտ կյանք չի ունեցել, բայց չի սիրում բողոքել, որովհետև գիտի, որ խնդիրներ բոլորն ունեն: Հավատքն է, որ օգնում է նրան ամուր մնալ, և երգն է, որ ուժ է տալիս: Այժմ ամուսինների մեծագույն երազանքն է երեխա ունենալ:

Մեկնաբանություններ (5)

Arusik
ՀԱՐԳԱՆՔ !
enia
shat lava ergum
Dave
мой Вам поклон Асмик
Gnel
Es lsel em Hasmiki kendani katarum@: Irakanum na shat aveli lav e ergum, qan ays videoum: Aysorva show astxeric qanis@ karox en ayspisi vorak cuyc tal bac erknqi tak ev aranc nvagakcutan? Hasmiki baxt@ berel e erevi, vor aysorva /hexinakavor/ hastatutyunnerum ir dzayn@ chi pchacrel ..Ev shat urax em, vor gone poxocum kareli e lsel vorakyal erajshtutyun:
[email protected]
միլիոներ կարելի է տալ Նունե եսայանին հայ երգը աղավաղելու համար , այս տաղանդավոր մարդուն չի կարելի հովանավորել սովորելու համար , ուր է մեծախոս երաժիշտ հասարակությունը , այդ փողոցով ինչէ չեն ճեմում : Հասմիկ Պողոսյանին պետք է հեռացնել մշակույթի նախարարությունից :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter